Նոյեմբեր 16, 2026
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Ինչպես և ենթադրվում էր ավելի վաղ, Հայաստանին զրկել են ձայնի իրավունքից, բայց միավորումից չեն հեռացրել։ Լիիրավ մասնակցությունը կվերականգնվի պարտքի մարումից և պետությունների ղեկավարների որոշումից հետո, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
2024 թվականին դադարեցնելով կազմակերպության բյուջե կատարվող հատկացումները՝ պաշտոնական Երևանը ոչ մի ակտիվ գործողություն չի ձեռնարկել իր դուրս գալու կամ, ընդհակառակը, աշխատանքը վերսկսելու ուղղությամբ։
Մինչդեռ, ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, «անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում Խորհուրդը որոշում է ընդունում կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»։
«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է ՀԱՊԿ փակ փաստաթղթերին պաշտոնական Երևանի հասանելիության սահմանափակման նպատակահարմարության և անխուսափելիության մասին, քանի որ զգայուն տեղեկությունները կարող են օգտագործվել ի վնաս մյուս մասնակիցների։ ՆԱՏՕ-ի այնպիսի ակտիվ անդամների հետ դինամիկ զարգացող փոխգործակցության համատեքստում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լիտվան և Լեհաստանը, դա ավելի քան տրամաբանական է։
Փաշինյանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի երկրների հետ և մասնակցում դաշինքի գործընկերային ծրագրերին՝ միաժամանակ անցնելով պաշտպանական ոլորտի նոր չափանիշների։ Ստորև բերված են ընդամենը մի քանի օրինակներ։
Հունիսին «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել են զորավարժություններ Կանզասի ազգային գվարդիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի մասնակցությամբ, որոնց նպատակը հայտարարվել է միջազգային խաղաղապահ առաքելություններում ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումը։
Ս.թ. հոկտեմբերի կեսերին Հայաստանի և Լիտվայի ռազմական գերատեսչությունները Երևանում ստորագրեցին 2027 թվականի «պաշտպանական համագործակցության» ծրագիրը, որը նախատեսում է կովկասյան երկրի հետագա մերձեցումը ՆԱՏՕ-ի ռազմական և տեխնիկական չափանիշներին՝ դեռևս 2004 թվականին դաշինքին միացած մերձբալթյան երկրի օգնությամբ։
Ավելի վաղ՝ 2026 թ. մայիսի 19-ին, Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիլնյուսում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որով նախատեսվում է նախևառաջ Վիլնյուսի աջակցությունը ԵՄ-ի հետ Երևանի արագացված մերձեցմանը։ Պաշտպանական համագործակցության ծրագրի կոնկրետ միջոցառումները պաշտոնապես չեն բացահայտվում։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի անդամ Լիտվայի՝ այդ դաշինքի և դրա առանձին անդամների հետ Հայաստանի արագացված մերձեցմանն աջակցելու նպատակադրումն առանձնապես գաղտնիք չէ։
Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ շուտով Հայաստանում կհամաձայնեցվեն Լիտվայի հետ ռազմատեխնիկական հետազոտությունների և ռազմական կադրերի վերապատրաստման համատեղ ծրագրերը՝ ՆԱՏՕ-ի և դաշինքի հրահանգիչների համակարգմամբ։
Այդ ծրագրերի, համապատասխան ենթակառուցվածքային օբյեկտների և դրանց անձնակազմի խնդիրն է Հայաստանին «ծանոթացնել» ՆԱՏՕ-ի չափանիշներին, որոնց մերձբալթյան երկիրը հարմարեցված է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ (Բացի ՆԱՏՕ-ի «հովանոցից», Վիլնյուսում ձգտում են հասնել երկրում ամերիկյան ռազմական ներկայության անժամկետ ուժեղացման։ Ս. թ. հոկտեմբերի սկզբին Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին՝ նույնիսկ «վճարել երկրում ԱՄՆ մշտական ռազմակայանի ստեղծման համար», եթե Սպիտակ տունը համաձայնի դրան։ Իր հերթին՝ էքսցենտրիկ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պենտագոնն էլ «հետաքրքրությամբ է դիտարկում լիտվական առաջարկը»։
Ներկայումս Լիտվայի տարածքում տեղակայված են ԱՄՆ-ի (Կլայպեդա նավահանգստից ոչ հեռու) և Գերմանիայի ռազմական կոնտինգենտները։ Լիտվայում ԱՄՆ մշտական ռազմակայանի մասին որոշում դեռ չի կայացվել, սակայն, ըստ առկա տեղեկությունների, այն նախապատրաստվում է 2027 թվականի սկզբին)։
Փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վարշավա կատարած այցի շրջանակում Հայաստանն ու Լեհաստանը (նույնպես ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ) ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, որը հավանության է արժանացել նույն թվականի սեպտեմբերին։ Համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկված է նիստում հրապարակային քննարկման ոչ ենթակա փաստաթղթերի փաթեթում։ Կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ պաշտպանության ոլորտում հարաբերությունների հետագա զարգացումը. «Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին, իսկ դրա իրականացումը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու միջազգային համագործակցությունը»։
Վերջապես, նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև պաշտպանության հարցերով խորհրդակցություններ։ ՀՀ ՊՆ հայտարարության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև պաշտպանական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ մանրամասն դիտարկելով երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները։
Նշվել է «մի շարք նոր ուղղություններով համագործակցության զգալի ներուժը», արտահայտվել է «պատրաստակամություն՝ այն գործնականում իրականացնելու ուղղությամբ, և ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»։ Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Մեծ Բրիտանիայի ՊՆ, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքականության տնօրեն Քրիս Քինգը ստորագրել են պաշտպանության ոլորտում 2026-2027 թթ. համագործակցության ծրագիրը։ Խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Երևանում։
Դեռևս 2020-ականների սկզբին հայկական իշխանությունները ծրագրել էին ազգային բանակը տեղափոխել նաև ՆԱՏՕ-ի ռազմական հանդերձանքի (այդ թվում՝ զինվորական համազգեստի)։ Այնուամենայնիվ, օգոստոսի կեսերին Սուրեն Պապիկյանի գերատեսչությունը հայտարարեց ՆԱՏՕ-ի նմուշի զինվորական համազգեստի ներդրման ժամկետները հետաձգելու մասին. «…Առայժմ պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա ամբողջ ծավալով»։
Միևնույն ժամանակ, նոր համազգեստին արդեն արժանացել են Հայաստանի զորքերի գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ, իսկ սեպտեմբերից փոխվել է դաշինքի չափանիշներով զինվորական ողջույնի կարգը։ Այժմ զինծառայողներին անհրաժեշտ է հանել գլխարկն ու ձեռքը մոտեցնել գլխին, հայտնում է իր քիչ թե շատ հավաստի աղբյուրներով հայտնի «Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ զինծառայողները զինվորական ողջույն էին տալիս՝ ձեռքը մոտեցնելով գլխարկին։ Պարբերականի աղբյուրը պնդում է, որ նոր կարգը դուր չի գալիս զինծառայողներին։ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում անցկացվել է առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց, հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ալյանսի հետ Հայաստանի արագացված մերձեցումը տեղի է ունենում ոչ միայն Լիտվայի, այլև Ֆրանսիայի ակտիվ աջակցությամբ։ Բավական է հիշեցնել Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման խոշոր պայմանագրերի մասին՝ ընդհուպ մինչև 2030-ական թվականների սկիզբը, ընդ որում՝ Երևանի համար արտոնյալ պայմաններով։ Խոսքը CAESAR բազմանպատակային ինքնագնաց հրետանային կայանքների, Mistral զենիթահրթիռային համալիրների, GM200 ռադիոլոկացիոն կայանների, Bastion զրահամեքենաների գնումների մասին է։ Վերջերս հաստատվել է վեց Airbus H145 ուղղաթիռների, արդիականացված ռադարների և հայկական հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված հատուկ միջոցների մատակարարումը։
Գործող զենքի պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 350 մլն դոլարը, ընդ որում՝ հետագայում դրանք նախատեսվում է երկարաձգել։ Իսկ մատակարարումներն իրականացվում են հիմնականում վրացական Փոթի նավահանգստով, որտեղից այդ բեռները Հայաստան են գալիս երկաթուղով։
…ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունները սրվում են։ Պատճառների թվում են ռազմական ծախսերի շուրջ վեճերը, ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունների վերաբերյալ տարբեր տեսակետները։ Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ դաշինքի առաջնորդների հանդիպումները կանցկացվեն միայն ըստ անհրաժեշտության։ Երիտասարդական բողոքի ցույցերով համակված Ալբանիայում գագաթնաժողովը կարող են ընդհանրապես հետաձգել մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Անկարայում հուլիսյան հանդիպումը կրճատել էին, որպեսզի թույլ չտան տարաձայնությունների սրում Եվրոպայում ԱՄՆ-ի ներկայության կրճատման մասին մտածող Թրամփի վարչակազմի և Ռուսաստանի հետ առճակատման ակնհայտորեն միտված եվրոպական երկրների միջև։
«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել էքսպանսիայի մասին, մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինան և Մոլդովան, իր ուղեծիր է ներքաշում Հայաստանին, ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն կուլ տվեց Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք՝ հակառակ դա չանելու խոստումներին։ Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդները Բրյուսելում դիտարկում են որպես ապագա եվրոպական զինված ուժերի «տուգանային գումարտակ»»,– հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը եվրասիական տարածքում ազգային անվտանգության խնդիրներին նվիրված վերջերս կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ։
Սա նշանակում է, որ Լա Մանշի երկու կողմերում գտնվող առավել հակառուսական տրամադրվածություն ունեցող եվրոպացի խաղացողների հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը կարող է նոր որակ ձեռք բերել և որքան առաջ գնա, այնքան ավելի մեծ ուշադրություն կգրավի։
ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ
vpoanalytics.com
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—