X
    Categories: News

Փաշինյանի քաղաքականությունն անկախության պատրանք է՝ ճնշման տակ… Երևանը չպետք է

Նոյեմբեր 14, 2026

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման հյուրը իրանցի քաղաքական վերլուծաբան Էհսան Մոհավեդիանը:

– ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները լուրջ հարված հասցրին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին։ Ավելին, նոյեմբերի 10-ին հրապարակված Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների 71 տոկոսը ցանկանում է, որ Կոնգրեսն օրենք ընդունի Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու համար։ Արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ Թեհրանի ռազմավարական հաշվարկը, թե ամերիկյան հանրային կարծիքը, ի վերջո, կշրջվի ձգձգվող պատերազմի դեմ, ճիշտ է։

– Այս ընտրական զարգացումների համատեքստում Թեհրանի ռազմավարական հաշվարկը, թե ամերիկյան հասարակական կարծիքն, ի վերջո, դեմ կլինի երկար պատերազմին, մեծ մասամբ ճիշտ դուրս եկավ։ Միջնաժամկետ ընտրությունների արդյունքները, որոնց հետևանքով հանրապետականները կորցրեցին վերահսկողությունը երկու պալատների նկատմամբ, և «Reuters/Ipsos»-ի հարցումն այն նշաններն են, որ պատերազմը ծանր ներքաղաքական արժեք է դարձել Թրամփի համար։ Թեհրանին հարկավոր չէր ստիպել ամերիկացիներին սատարել Իրանին. բավական էր նրանց համոզել, որ պատերազմի շարունակությունը ծախսատար է, անպտուղ և Թրամփի վրա իսրայելական ճնշման արդյունք: Ընտրությունները ցույց տվեցին, որ այս համոզմունքը մեծ մասամբ ձևավորվել է, և, որ ամերիկյան ժողովուրդն այս պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճնշումների պատճառով՝ այլևս համաձայն չէ դրան։

Կարդացեք նաև

  • Մեղրիի հանձնում՝ հոկտեմբերի 27-ին
  • ԱՄՆ-ի ձախողումը Եմենում․ հութիները մոտենում են Ադենի գրավմանը
  • «Կոնկրետ իմ հողամասում Ադրբեջանը զորանոց է սարքել, այդ հողը հե՞տ են տալու. Հայաստանը հանել են աճուրդի…». Մասիս Զեյնալյան

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմի համար պատերազմի ներքաղաքական գինը բարձրացնելու հարցում Իրանի հաջողությունը չպետք է նույնացնել այն «անտանելի» դարձնելու հետ։ Ընտրություններից հետո Թրամփը պատերազմը չներկայացրեց որպես պարտության հիմնական պատճառ. հակառակը, նա փորձեց այն ներկայացնել որպես անվտանգային անհրաժեշտություն, որը կարող է շարունակվել։ Սա նշանակում է, որ Իրանին հաջողվել է պատերազմը վերածել ընտրական բեռի Թրամփի և հանրապետականների համար, սակայն դեռևս չի կարողացել ստիպել նրան հիմնարար փոփոխություն մտցնել նպատակների մեջ կամ ամբողջությամբ դադարեցնել ճնշումները։ Հետևաբար, Թեհրանի հաշվարկը ճիշտ է եղել, բայց դրա ազդեցությունը չի հասել «Վաշինգտոնի վարքագիծը փոխելու» մակարդակի։

Ընդհանուր առմամբ, Իրանը հաջողության է հասել «քաղաքական գնի գեներացման» հարթությունում, բայց այս հաջողությունը հարաբերական է ու խոցելի։ Եթե պատերազմը շարունակվի, և դրա տնտեսական ու մարդկային ծախսերն Ամերիկայի համար աճեն, ներքաղաքական ճնշումը կարող է ուժեղանալ։ Բայց եթե Թրամփին հաջողվի կառավարել պատերազմը «հաղթանակի» կամ «հրադադարի» նարատիվով, այս քաղաքական գնի մի մասը կչեզոքացվի։ Ուստի Թեհրանը պետք է տարբերակի «քաղաքական ցավ ստեղծելու հաջողությունը» և «քաղաքական կամք պարտադրելու հաջողությունը»։

– Ինչպե՞ս կանդրադառնա ընտրական այս պարտությունը պատերազմի ընթացքի վրա։ Հնարավո՞ր է, որ Թրամփն այժմ ստիպված լինի հակամարտությունից դուրս գալու ուղի փնտրել, թե՞, ընդհակառակը, կփորձի ռազմական վճռորոշ արդյունքների հասնել մինչև հունվար նոր Կոնգրեսի պաշտոնավարման մեկնարկը։

– Ընտրական պարտությունը Թրամփին դրել է դժվարին կացության մեջ։ Մի կողմից՝ 2027 թվականի հունվարից Կոնգրեսի նկատմամբ դեմոկրատների վերահսկողությունն ավելի կդժվարացնի լայնածավալ ռազմական գործողությունների բյուջետավորումը և Թրամփին կդրդի հասնելու ինչ-որ տեսակի համաձայնության, հրադադարի կամ հաղթանակի հռչակման և դուրսբերման։ Մյուս կողմից՝ մինչև նոր Կոնգրեսի լիազորությունների ստանձնումն ընկած ժամանակահատվածում Թրամփը կարող է ձգտել խորհրդանշական ռազմական ձեռքբերման կամ սահմանափակ էսկալացիայի՝ իր բանակցային դիրքերը բարելավելու նպատակով։ Այսպիսով, ընտրությունների արդյունքը ստեղծել է ինչպես պատերազմից դուրս գալու դրդապատճառ, այնպես էլ պատերազմի սահմանափակ սրման խթան։

Այնուամենայնիվ, լայնածավալ և վճռական էսկալացիայի հավանականությունն ավելի ցածր է։ Մինչ այժմ պատերազմն ուղեկցվել է ոչ ամերիկյան ռազմական հաղթանակով, ոչ էլ քաղաքական լուծմամբ, և նոր Կոնգրեսը որևէ շարժառիթ չի ունենալու ֆինանսավորելու անվերջանալի պատերազմը։ Ճակատամարտ փնտրելու փոխարեն՝ Թրամփը, հավանաբար, փնտրում է մի վերջակետ, որը կարող է «վաճառել» հասարակական կարծիքին. կամ հաղթանակ հռչակելու միջոցով, կամ սահմանափակ համաձայնագրի միջոցով, կամ էլ՝ հակամարտության մակարդակը նվազեցնելու միջոցով։

Արդյունքում, միջնաժամկետ ընտրությունները մեծացնում են լարվածության թուլացման հավանականությունը, սակայն այս դէսկալացիան պարտադիր չէ, որ նշանակի տևական խաղաղություն։ Մինչև նոր Կոնգրեսի հավաքվելը Թրամփը կարող է իրականացնել սահմանափակ և ցուցադրական ռազմական գործողություն՝ ավելի ուժեղ դիրքերից դուրս գալու համար։ Հետևաբար, առավել հավանական համադրությունը «պատվավոր դուրսբերման նպատակով կարճաժամկետ մարտավարական էսկալացիան» է, այլ ոչ թե «ռազմական հաղթանակի հասնելու նպատակով ռազմավարական էսկալացիան»։ Իրանը նույնպես պետք է լրջորեն վերաբերվի այս սցենարին. դէսկալացիան հնարավոր է, բայց այն ուղեկցվում է «ցուցադրական հարվածի» վտանգով։

– Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը զգալիորեն փոխվել է։ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն ընդլայնել են իրենց ներկայությունը, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդել են իրենց դիրքերը։ Իրանն այդ ընթացքում ձգտում է պահպանել իր ավանդական շահերը և կանխել տարածաշրջանային հավասարակշռության հետագա փոփոխությունները։ Ինչպե՞ս է Թեհրանը գնահատում իր ներկայիս դիրքերը Հարավային Կովկասում։ Արդյո՞ք Իրանը կարծում է, որ կորցնում է իր ռազմավարական դիրքերը։

– Թեհրանը մտահոգությամբ և մանրակրկիտ հաշվարկով է հետևում Հարավային Կովկասում իր դիրքերին, սակայն դրանք «կորսված» չի համարում։ Թեհրանը ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես «պաշտպանական խաղ». սա դիրքերի լիակատար փլուզում չէ, այլ ռազմավարական տարածքի աստիճանական էրոզիա։

Իրանի հիմնական մտահոգությունը ոչ թե պարզապես վերացական «ազդեցության» պահպանումն է, այլ Հայաստանի հետ 44-կիլոմետրանոց սահմանի պահպանումը։ Այս սահմանն Իրանի միակ ցամաքային ուղին է դեպի Կովկաս, Ռուսաստան և Եվրոպա, և Թեհրանի տեսանկյունից այն համարվում է «կենսական զարկերակ»։ Յուրաքանչյուր զարգացում, որը կարող է փոխել այս սահմանի քաղաքական կարգավիճակը՝ լինի դա զուգահեռ միջանցքների միջոցով, Սյունիքում ամերիկյան տնտեսագործառնական ներկայությամբ, թե հայկական ինքնիշխանության թուլացմամբ, Թեհրանի կողմից ընկալվում է որպես ուղղակի անվտանգային սպառնալիք։ Հետևաբար, Իրանը կարծում է, որ լիովին չի կորցրել իր դիրքերը, բայցևայնպես գին է վճարում իր ռազմավարական նվազագույն շեմը պահպանելու համար։

Արդյունքում, Հարավային Կովկասի վերաբերյալ Թեհրանի գնահատականը «դառը իրատեսության» և «ակտիվ դիմադրության» համադրություն է։ Իրանը գիտի, որ Ռուսաստանն այլևս վստահելի երաշխավոր չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն առաջ են շարժվում, և, որ Արևմուտքն ազդեցություն է գործադրում։ Բայց Թեհրանը դեռևս ունի գործիքներ՝ ընդհանուր սահման, էներգետիկա, տարանցում, քաղաքական ազդեցություն: Հետևաբար, Իրանն իրեն չի տեսնում «դիրքերը կորցնողի» դերում, այլ տեսնում է «ազդեցության հետագա թուլացումը կանխելու համար պայքարողի» դերում։

– Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի է կենտրոնացել ԱՄՆ-ի և Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացման վրա: Միևնույն ժամանակ, Երևանը շարունակում է Իրանին բնութագրել որպես ռազմավարական հարևան: Ինչպե՞ս է Իրանը գնահատում Փաշինյանի արտաքին քաղաքականությունը:

– Ես Հայաստանի գործող կառավարության մոտեցումը չեմ համարում կայուն և երկարաժամկետ։ Իմ կարծիքով՝ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռման քաղաքականություն չէ, այլ կողմնորոշում դեպի Արևմուտք, ինչը հիմնավորվում է Հայաստանի տնտեսական ու անվտանգային շահերի շեշտադրմամբ։ Ես լիովին չեմ մերժում այս շեղումը, բայց քանի որ շահագրգռված եմ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության պահպանմամբ, մտահոգված եմ, որ գործնականում ռազմավարական որոշումներ կայացնելիս, Հայաստանը՝ Ամերիկայի ու Եվրոպայի, իսկ ապագայում՝ նաև Բաքվի ու Թուրքիայի ճնշման ներքո, բավարար չափով հաշվի չի առնի Իրանի անվտանգային շահերը:

Ես Հայաստանը չեմ դիտարկում որպես մի երկիր, որը կարող է գործել լիովին անկախ և հավասարակշռված. ավելի շուտ տեսնում եմ այն որպես մի պետություն, որն աշխարհաքաղաքական ճնշումների ներքո թեքվել է դեպի Արևմուտք ու Թուրքիա: Այս ուղով ընթանալիս՝ ստիպված է կառավարել Իրանի սպասելիքները: Թեհրանը հատկապես զգայուն է TRIPP նախագծի և Արևմուտքի հետ Հայաստանի անվտանգային ու տնտեսական փոխգործակցության ընդլայնման նկատմամբ, քանի որ հավատում է, որ այս նախագծերը կարող են հանգեցնել Սյունիքում երկարաժամկետ ամերիկյան ռազմավարական ներկայության: Հետևաբար, Փաշինյանի քաղաքականությունը ես չեմ դիտարկում որպես «անկախ», ավելի շուտ այն համարում եմ «ճնշման տակ անկախության պատրանք»:

Այնուամենայնիվ, Թեհրանը երբեք չի փակի Փաշինյանի հետ փոխգործակցության դռները։ Իրանը գիտի, որ Հայաստանը չունի Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների լիարժեք այլընտրանք, և, որ առանց Թեհրանի հետ գործուն հարաբերությունների՝ Հայաստանի անվտանգությունն ու անկախությունն առավել խոցելի կդառնան։ Հետևաբար, Իրանը հավասարակշռություն է պահպանում «ռազմավարական մտահոգության» և «հարաբերությունների պահպանման» միջև, նա զգուշացնում է, բայց չի թուլացնում հարաբերությունները: Արդյունքում, Փաշինյանի քաղաքականությունը ես չեմ համարում ո՛չ կայուն, ո՛չ էլ լիովին անընդունելի. այն կառավարելի է, բայց ռիսկային հայ-իրանական հարաբերությունների համար:

– Նոյեմբերի 5-ին Իրանի նախկին արտգործնախարար և միջազգային հարցերով Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հրապարակել էր խիստ ձևակերպումներով հոդված՝ ուղղակիորեն քննադատելով Փաշինյանին TRIPP նախագծի և Հայաստանի՝ Արևմուտքի հետ աճող հարաբերությունների համար: Հաշվի առնելով Վելայաթիի դիրքն իրանական վերնախավում՝ որքա՞ն քաղաքական կշիռ ունեն նրա հայտարարությունները:

– Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունները չպետք է դիտարկել որպես զուտ «անձնական կարծիք» կամ «անհատական միջամտություն»։ Իսլամական Հանրապետության քաղաքական կառույցում նրա զբաղեցրած դիրքը՝ հատկապես որպես նախկին արտգործնախարար և առաջնորդության ավագ խորհրդական, նրա խոսքին տալիս է զգալի քաղաքական կշիռ։ Նրա հոդվածի հրապարակումը սուր տոնով, հանրային քայլ է, ուղերձ, որը չի կարող տեղի ունենալ առանց համակարգման կամ առնվազն առանց վերին իշխանական շրջանակների տեսակետը հաշվի առնելու։ Հետևաբար, այս խոսքերն արտացոլում են Իրանի ղեկավարության ազդեցիկ շրջանակների մի մասի տեսակետը, թեև դրանք պարտադիր չէ, որ լինեն Իսլամական Հանրապետության «պաշտոնական դիրքորոշումը»։

Այնուամենայնիվ, «քաղաքական կշիռը» նույնը չէ, ինչ «պաշտոնական դիրքորոշումը»։ Իրանի որոշումների կայացման համակարգում տարբեր անհատներ կարող են հանդես գալ տարբեր տոնայնությամբ՝ միաժամանակ և՛ ճնշում գործադրելու, և՛ դիվանագիտական երկխոսությունը շարունակելու նպատակով։ Վելայաթին՝ որպես իշխանությանը մոտ կանգնած գործիչ, որը չի զբաղեցնում որևէ գործադիր պաշտոն, կարող է կարմիր գծերն ավելի բացահայտ արտահայտել՝ առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելու կամ ԱԳՆ դիրքորոշումները կրկնելու: «Դերերի այսպիսի բաժանումը» նախադեպեր ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Ավելի սուր հռետորաբանություն ունեցող գործիչը զգուշացումներ է հնչեցնում, մինչդեռ դիվանագիտական ապարատը միաժամանակ պահպանում է հաղորդակցության ուղիները։

Արդյունքում, Վելայաթիի հայտարարությունները պետք է դիտարկել՝ որպես «ռազմավարական ազդանշան։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ TRIPP-ի և Հայաստանի արևմտյան կողմնորոշման վերաբերյալ մտահոգությունը լուրջ է Իրանի բարձրագույն ղեկավարության համար։ Բայց դրանք չպետք է մեկնաբանվեն որպես Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու վերջնական որոշում։ Դրանց կշիռն այնպիսին է, որ Երևանը պետք է լրջորեն վերաբերվի դրանց, բայց ոչ այնպես, որ դրանք համարի Արտգործնախարարության պաշտոնական դիրքորոշումներին փոխարինող։

– ՀՀ կառավարությունը պնդում է, որ TRIPP-ը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այնուամենայնիվ, հարցերը շատ են նույնիսկ Հայաստանում, թե ինչպես են կազմակերպվելու գործընթացները և ով է վերահսկելու: Արդյո՞ք Թեհրանը մտահոգված է, որ նախագիծը կարող է Սյունիքում ստեղծել երկարաժամկետ և վտանգավոր ամերիկյան ռազմավարական ներկայություն՝ նույնիսկ առանց ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման։

– Մտահոգությունս այն է, որ Հայաստանի երաշխիքները, թե TRIPP-ը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, ամերիկյան գործողությունների պատճառով չեն աշխատի։ Հիմնական խնդիրը «ձևական ինքնիշխանության» և «գործառնական վերահսկողության» միջև եղած տարբերությունն է։ Եթե նույնիսկ Հայաստանը պահպանի սահմանային, մաքսային և միգրացիոն հարցերի նկատմամբ ձևական վերահսկողություն, պայմանավորվածությունները կարող են հանգեցնել Սյունիքում երկարաժամկետ ամերիկյան ռազմավարական ներկայության ստեղծման։

Իմ մտահոգությունը միայն «ամերիկյան զինծառայողների տեղակայումը» չէ, այլ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող նախագծի միջոցով իրականացվող «գործնական և քաղաքական ազդեցությունը»։ Մի ընկերություն, որն ունի ամերիկյան սեփականություն՝ 74 տոկոս, մասնավոր օպերատորներ և Վաշինգտոնի կողմից սատարվող քաղաքական շրջանակ, Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ կարող է դառնալ երկարաժամկետ լծակ։ Այս նախագիծը, նույնիսկ առանց ամերիկյան զինվորների, կարող է աստիճանաբար դառնալ Ամերիկայի համար «ռազմավարական ներկայություն», որն ապագա ճգնաժամերում Հայաստանին կպարտադրի ամերիկյան շահեր և Իրանին դուրս կմղի տարածաշրջանի տարանցիկ ու անվտանգային հավասարումներից։

Հետևաբար, ես ընթացիկ երաշխիքները բավարար չեմ համարում, և անհրաժեշտ են գործառնական ու ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ ամերիկյան դերի հստակ սահմանափակումներ, սահմանահատման կետերի կառավարման թափանցիկություն, նախագծի չօգտագործում ռազմական կամ հետախուզական նպատակներով, և խախտումների դեպքում՝ վեճերի լուծման մեխանիզմ։ Առանց նման երաշխիքների՝ Թեհրանը TRIPP-ը կդիտարկի ոչ թե՝ որպես անվնաս տնտեսական նախագիծ, այլ՝ որպես «Սյունիքում երկարաժամկետ ամերիկյան ռազմավարական ներկայություն» վտանգավոր հետևանքներով:

 – Հստակեցնենք՝ եթե Հայաստանն առաջ մղի TRIPP-ն այնպես, որը Թեհրանը դա համարի իր ռազմավարական շահերին հակասող, ի՞նչ արձագանք պետք է ակնկալի Երևանը։

– Երևանը պետք է ակնկալի դիվանագիտական զգուշացումներից դուրս արձագանք, սակայն այդ արձագանքը, հավանաբար, կլինի փուլային և վերահսկելի։ Իրանը սովորաբար օգտագործում է համակցված գործիքներ՝ տնտեսական համագործակցության կրճատում, տարանցիկ կարողությունների նվազեցում, քաղաքական ճնշում, էներգետիկ լծակի կիրառում և մարտավարական համակարգում այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Ռուսաստանը։ Թեհրանը կարող է միջոցներ ձեռնարկել քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, բայց քիչ հավանական է, որ անհապաղ դիմի ռազմական տարբերակի, քանի դեռ ամերիկյան ներկայությունից բխող սպառնալիքը չի համարում էքզիստենցիալ:

Քաղաքական մակարդակում Իրանը կարող է օգտագործել իր կշիռը տարածաշրջանային հավասարումներում։ Տնտեսական մակարդակում Թեհրանը կարող է դանդաղեցնել կամ պայմանական դարձնել էներգետիկ, տարանցիկ և առևտրային համագործակցությունը։ Անվտանգային մակարդակում Իրանը կարող է վերանայել իր խորհրդատվական կամ հետախուզական ներկայությունը և, եթե սպառնալիքներն աճեն, մեծացնի իր ռազմական ներկայությունը Հայաստանի հետ սահմանին։ Բայց այս բոլոր միջոցները հասկանալի են «սահմանափակ հակաքայլերի» և «ծախսերի մեծացման» շրջանակում, այլ ոչ թե «հարաբերությունների թուլացման կամ խզման»։

TRIPP նախագծի պատճառով Իրան-Հայաստան հարաբերություններին լուրջ վնաս հասցնելու հավանականություն կա, բայց դա չի նշանակում հարաբերությունների փլուզում։ Երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են առևտրային շահերի, աշխարհագրական ընդհանրությունների, տնտեսական կարիքների և անվտանգային անհրաժեշտությունների վրա, և ոչ մի կողմ չունի միմյանց հեշտ այլընտրանք։ Հետևաբար, նույնիսկ վատթարագույն սցենարի դեպքում հարաբերությունները, հավանաբար, «ռազմավարական գործընկերությունից» կնվազեն մինչև «անհրաժեշտ, բայց անվստահ հարևանության», այլ ոչ թե լիովին կխզվեն։ Երևանը պետք է իմանա, որ Իրանի կարմիր գիծը հատելը գին ունի, բայց Թեհրանն էլ գիտի, որ Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանի իջեցումը ձեռնտու կլինի Իրանի տարածաշրջանային մրցակիցներին։

– Ներկայումս կա՞ արդյոք փոխըմբռնում Հայաստանի և Իրանի միջև, թե՞ Իրանն այժմ Հայաստանից երաշխիքներ է ակնկալում։

– Քանի որ TRIPP նախագծի վերաբերյալ մանրամասները չափազանց արժեքավոր են մեզ համար, և մենք չգիտենք, թե ինչպես են ամերիկացիները ցանկանում աշխատել: Ի վերջո, TRIPP նախագծի գլխավոր ներդրողը Կոնստանտին Սոկոլովն է՝ ազգությամբ հրեա, Թրամփի ընկերը, ով բազմաթիվ ոչ բարեկամական քայլեր է կատարել Իրանի նկատմամբ։ Սա նշանակում է, որ Իրանը չի կարող վստահել որոշ անձանց և կորպորացիաների, որոնք Թրամփի վարչակազմի աջակցությամբ աշխատում են Իրանի դեմ:

Հետևաբար, եթե նրանք ցանկանում են այստեղ աշխատել, մենք պետք է իմանանք, թե ինչ է տեղի ունենալու։ Կարծում եմ՝ Իրանի և Հայաստանի միջև համատեղ աշխատանքային խումբը կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Մենք կարող ենք խոսել և քննարկել մեր մտահոգությունները հայ բարեկամների հետ այս համատեղ աշխատանքային խմբում, որպեսզի նրանք տեղեկատվություն փոխանցեն մեզ, և մենք տեղյակ լինենք։

Գիտեք, մենք ցանկանում ենք այս նախագծի մասին լսել Հայաստանի կառավարությունից, այլ ոչ թե մեդիայից։ Մենք պետք է իմանանք, որ Կոնստանտին Սոկոլովը գալիս է Հայաստան, մինչև որ դրա մասին կսկսի խոսել մամուլը։ Սա կավելացնի Իրանի և Հայաստանի միջև վստահությունը TRIPP նախագծի շուրջ։

—

Hambardsumian Paul:
Related Post