X
    Categories: News

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ “սուրբ” Գալյանին

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով:


«Հուզվելը խտրական չպետք է լինի:

Ծուռ հայելիների երկրում ենք ապրում։ Արդարադատության նախարարը հուզվում է, երբ իր երեխայի հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչեցվում, բայց բացարձակ անհաղորդ է, երբ այդ նույն անթույլատրելի երևույթը կատարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հանդեպ։

Տիկի՛ն նախարար, և՛ մարդկայնորեն, և՛ որպես մայր անկեղծորեն հասկանում եմ ձեր ապրումները, բայց ո՞ւր էիք, երբ երկու անգամ՝ վաղ առավոտյան, երբ իմ անչափահաս դուստրն իր անկողնում հանգիստ քնած էր, ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները բռի կերպով ներխուժեցին մեր բնակարան։ Ո՞ւր էիք, երբ իմ երեխայի աչքի առաջ ինձ՝ բոլորովին անհիմն, նախ բերման ենթարկեցին և հետո առանց որևէ ապացույցի՝ մեղադրական եզրակացություն «կարեցին» ու կալանավորեցին զուտ այն բանի համար, որ չգնացի ձեր կեղտոտ համակարգի հետ համագործակցության և կեղծ ցուցմունք չտվեցի Անդրանիկ Թևանյանի դեմ։


Իսկ ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին մոր հետ անգամ քրեակատարողական հիմնարկից հեռախոսազանգ ունենալուց, իր 14-ամյակն էլ նա դիմավորեց կալանավայրում, երբ բարձրացված հանրային մեծ աղմուկից հետո միայն նրան թույլատրվեց ընդամենը մի քանի ժամով այցելել կալանավայր, որպեսզի ճաղերի հետևում մայրը կարողանա շնորհավորել իր դստեր ծննդյան տարեդարձը։ Իսկ ո՞ւր էիք, երբ իմ անչափահաս դստեր մոտ մոր նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման հետևանքով փսիխոսոմատիկ խնդիրներ են առաջացել, և մինչ օրս էլ նա այցելում է հոգեբանի։

Ո՞ւր էիք նաև, երբ Անդրանիկ Թևանյանին կառավարության փաստացի պետի ապօրինի հրահանգով կալանավորեցին նրա անչափահաս որդու Վերջին զանգի օրը, և ոչ միայն հայրը չկարողացավ մասնակցել այդ հիշարժան միջոցառմանը, այլ նաև նրա որդին։ Ո՞ւր էիք, երբ Թևանյանի երեխաներին ամիսներով արգելում էիք տեսակցել հորը կամ կալանավայրից հեռախոսով զրուցել նրա հետ։

Իսկ ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց երեխաներին, թոռներին, հարազատներին, որոնց անասելի տառապանք եք պատճառում։
Հուզվելը լավ բան է, ճիշտ եք անում, որ հուզվում եք։ Անթույլատրելի է երեխաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ատելության խոսք տարածելը՝ անկախ նրանց ծնողների ով լինելուց։ Բայց ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հասցեին սոցիալական ցանցերում ամենավերջին անեծքներն, ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենաստոր սպառնալիքներն են հնչեցվում։ Թե՞ երեխաներին վիրավորելու անթույլատրելիության հարցում էլ եք խտրական։ Ձեր երեխաներին չի կարելի վիրավորել, մեր երեխաներին կարելի՞ է։

Չէ՛, տիկին Գալյան, այսպիսի երկակի ստանդարտներ չեն լինում։ Սա ձեր իշխանության սերմանած ատելության մթնոլորտի հետևանքն է, հիմա դուք քաղում եք ձեր ցանածի թունավոր պտուղները։ Եվ սա այն դեպքում, երբ 2018 թ․ իշխանության եկաք սիրո և հանդուրժողականության կեղծ թեզերով։ Փաստորեն, հերթական անգամ խաբեցիք։

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ատելության խոսքն անթույլատրելի է՝ լինի չափահաս, թե անչափահաս, ընդդիմադիր գործիչ, թե իշխանության ներկայացուցիչ։ Բայց այս մթնոլորտը ստեղծել եք դո՛ւք՝ ձեր իշխանությունը, իր փաստացի պետի անմիջական խրախուսմամբ, և սրա վերացման բանալին էլ է ձեր ձեռքում։

Վե’րջ տվեք այս ատելությանը, այս կեղտոտ միջավայրին, հասարակությանը պառակտելու ձեր քաղաքականությանը, այլապես այս ամենը լավ ավարտ չի ունենա որևէ մեկի և հատկապես մեր երկրի համար”։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post