Նոյեմբեր 10, 2026
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը գրում է. «Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։
Որոշեցի հավաքել այն պետությունների և կազմակերպությունների ցանկը, որոնք 2026 թվականին պաշտոնապես շնորհավորել են Բաքվին։
Թուրքիա (նախագահ, ԱԳՆ, Պաշտպանության նախարարություն, ՆԳՆ, ազգայնական MHP կուսակցություն և «Նոր կուսակցություն»)
Պակիստան (նախագահ և վարչապետ)
Սաուդյան Արաբիա (թագավոր և թագաժառանգ)
Ղրղզստան (նախագահ)
Ուզբեկստան (նախագահ)
Ղազախստան (նախագահ)
Սիրիա (ԱԳՆ)
Ուկրաինա (Ադրբեջանում դեսպան)
Իսրայել (Ադրբեջանում դեսպանություն)
Օկուպացված «Հյուսիսային Կիպրոս» (ԱԳՆ)
Կազմակերպություններից՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն, Իսլամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն, Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողով, Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամ, Թյուրքական ներդրումային հիմնադրամ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Մշակույթների մերձեցման միջազգային կենտրոն։
Այսինքն՝ սեփական օրակարգն առաջ մղելու նպատակով Ադրբեջանը շարունակում է օգտագործել թյուրքական և իսլամական բազմակողմ հարթակները, Թուրքիայի դաշնակիցների ցանցը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում անձնական կապերը։
Հատկանշական է, որ 2025 թվականին այս ցանկն ավելի կարճ էր և չէր ներառում Սիրիան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքական ներդրումային հիմնադրամը։ Հետևաբար, 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր է գործադրել՝ ավելի մեծ դիվանագիտական արդյունքի հասնելու համար։
Սակայն առավել հետաքրքիր է, թե ովքեր ՉԵՆ շնորհավորել Ադրբեջանին։ Հարևան երկրներից ոչ մեկը շնորհավորանք չի հղել (Ռուսաստան, Իրան, Վրաստան)։ Ցանկում բացակայում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող մեծ տերությունները (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Եվրոպական միությունը»:
—