Նոյեմբեր 10, 2026
Նոյեմբերի 5-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել էր մի խումբ մտավորականների հետ՝ քննարկելու երկրում առկա խնդիրները, միասնական ուժերով դրանց լուծմանը հասնելու համար։
Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ ցանկացած իրավիճակ փոխելու համար առաջին նախապայմանը լայն, համընդհանուր կոնսոլիդացիան է, և այդ հույսով էլ տեղի է ունեցել մտավորականների հետ հանդիպումը։
«Նմանատիպ հանդիպումներ նախկինում կրկին ունեցել ենք տարբեր առիթներով, ցավոք, այդ ամենն ընթացք չի ունեցել։ Մենք այդ հանդիպմանը ներկա էինք 2 տասնյակ մտավորականներով, բայց չէ՞ որ մենք շատ մտավորականներ ունենք, հիմնական մասն անտարբեր է, էլ չասեմ, որ մի շերտ էլ կա, որ իշխանության կողքին է կամ այդպես է ձևացնում։ Իհարկե, վերջին մի քանի տարիների ընթացքում շատ բաներ տեսանք, բայց շատերիս համար խորթ է ու չենք կարող համակերպվել, որ մտածող ու գիտնական մարդը, գրողը, արվեստագետը որևէ աղերս կարող է ունենալ այս ռեժիմի հետ։
Իհարկե, մտավորականության դերն առհասարակ շատ մեծ է, ու այդպես պետք է լինի, մտավորականը պետք է առաջամարտիկ լինի, պատասխանատվություն վերցնի իր վրա, մեզ այդպես են սովորեցրել՝ սկսած Առաջին հանրապետությունից։ Նայեք Անկախության շրջանին, հիմնական դերակատարները գրողներն ու արվեստագետներն են եղել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարո Վարդանյանը։
Նրա խոսքով, այս շրջանում շատ մտավորականներ մղված են հետին պլան, բայց այդ ընտրությունը նրանցն է եղել, այսինքն՝ իրենք են մղվել հետին պլան։ Ավելին՝ նման մտավորականները գտել են «հեշտ բանաձևը», մշտապես հայտարարում են՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», կարծես թե երկրին տեր կանգնելը համարվում է քաղաքականությամբ զբաղվել։
Ճիշտ նույն կեցվածքը որդեգրել են նաև ուժային կառույցները, որոնք թույլ են տալիս, որ իրենց օգտագործեն որպես դագանակ, ճնշել բոլոր շարժումները, իսկ ճնշումն էլ վերածվում է մարդկանց կալանավորումների՝ ընդամենը մեկ մարդու քմահաճույքով ու ճնշումով։
«Քիչ թե շատ խելամիտ մարդու հետ որ զրուցում եմ, ովքեր իրավապահ համակարգում են աշխատում, ասում են՝ «դե, հրամանի տակ ենք, ի՞նչ անենք, կանոնադրությունն այդպիսին է», և այլն։
Այդուհանդերձ, իմ հույսն առհասարակ մեծ չէ, որ այս փուլում կարող է մեծ կոնսոլիդացիա տեղի ունենալ՝ թե՛ հասարակության, թե՛ մտավորականության»,- հավելեց Կարո Վարդանյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի օրերս արված հերթական հայտարարության մասին, որ՝ «Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից», Կարո Վարդանյանը նկատեց՝ թեպետ ցեղասպանագետ չէ, բայց բավականին երկար ուսումնասիրել է հարցը, քանի որ այսօր չկա որևէ հայ, ում նախնիներից որևէ մեկը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ զոհ չի եղել։
Նույնիսկ օտար ցեղասպանագետները հետաքրքիր բան են նկատել, որ հայ ազգը շերտավորված է, ու չի հաջողվում նրան համախմբել ինչ-որ գաղափարների շուրջ, բացի Հայոց ցեղասպանության հիշողության գաղափարի շուրջ։
«Ինչպես ասում է ֆրանսիացի պատմաբան, ցեղասպանագետ Իվ Տերնոնը, եթե հայերին կարելի է համախմբել, ապա միակ գաղափարը ցեղասպանված լինելու հիշողությունն է։ Այս մեկ բանն է, որ համախմբում է հայությանը, պարզ վկայությունը ապրիլի 24-ն է, որևէ հիմք չկա այդ ամենը ժխտելու։ Սա խանգարող հանգամանք չէ, դրա համար են մերժում, վստահ եմ, որ թուրքական պահանջ է, այդ թվում՝ Առաքելական եկեղեցին քայքայելը։
Պատկերացրեք, եթե այդ սև ուժերին հաջողվի իրենց հրեշավոր ծրագիրն իրականություն դարձնել, դրանով հայկական գործոնը չի ոչնչացնում, կա Հայոց ցեղասպանության խնդիր, որն Արևմուտքը երբեմն-երբեմն օգտագործում է Թուրքիայի դեմ, որը լավ գիտի, որ դա իր խնդիրներից մեկն է։ Հիմա Թուրքիան ուզում է մեր պատասխանատուների ձեռքով խաչ քաշել խնդրի վրա՝ հետագայում մեկընդմիշտ ազատվելու համար այդ խնդրից։ Նույն կերպ նաև եկեղեցին, որը կրկին ուզում են ներսի ձեռքով քանդել, որը մշտապես համախմբողի դերն է կատարել մեր պետությունում»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։
—