Նոյեմբեր 11, 2026
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՔՀԿ-ներում կալանավորների, մասնավորապես՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մահվան դեպքերը չպետք է արժանանան հասարակության կույր անտարբերությանը, քանի որ այն բերում է անպատժելիության։
«Երբ հասարակությունն անտարբեր է, դա բերում է ոչ միայն անպատժելիության, այլև նման դեպքերի կրկնության: Լավ ճանաչելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում, ես կյանքում չեմ մոռանա, այդ ամենի հետ կապված՝ ինքս ինձ վրա ինչ-որ մեղք եմ զգում։ Մենք չկարողացանք համապատասխան ձևով պահանջել և հասնել նրան, որ անպայման լինեն պատասխանատուներ և կրեն պատասխանատվություն, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով նոյեմբերի 10-ին ՔՀԿ-ում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան և դրան նախորդած այլ մահվան դեպքերի մասին, որոնք գրանցվել են ՔՀԿ-ներում։
Նա հիշեցրեց, որ ժամանակին Եվրոպական դատարանը դիտարկել էր Թուրքիայի բողոքը, ըստ որի՝ իրենց հարազատը մահացել է բանտում՝ պնդելով, որ անձը ոչ թե ինքնասպան է եղել կամ հիվանդություն է ունեցել, այլ նրան բանտում անուղղակի սպանել են։ Եվրոպական դատարանը քննելով բողոքը՝ նյութական մասը չէր դիտարկել, հստակ վճիռ էր կայացրել, որ եթե մահը վրա է հասել պետական հիմնարկում, անպայման պետք է մի քանի քայլ տեղի ունենա։ Առաջին քայլը նախատեսում է պատիժ պատասխանատու անձանց համար։
«Նախատեսվում է նաև փոխհատուցում ընտանիքին այդ կորստի համար։ Այսինքն՝ Եվրոպական դատարանը դիտարկում է, որ ցանկացած պարագայում պետության կողմից պետական հիմնարկում վրա հասած մահվան համար պետք է կրեն պատասխանատվություն պետական այրերը։
Սրտիցս արյուն է գնում, երիտասարդ, առողջ տղամարդը մահանում է բանտում, անհասկանալի, չապացուցված մեղքի համար։
Վերջապես Հայաստանում պետք է հասկանան, որ խափանման ձևը կալանավորումն ընտրելը խոսում է այս իշխանությունների հայատյացության մասին և այն մասին, որ որտեղ չի հասնում Ալիևի ձեռքը, այնտեղ գործում է օրվա իշխանությունը՝ ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր ազնիվ ու բարոյական կերպար ունեն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունների այս քայլերը հստակ, նպատակային ու հրեշավոր ծրագիր է, որն իրականացվում է հասարակության ոչ համարժեք գործողությունների պայմաններում։
Ինչ վերաբերում է այդ խնդրի համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանի անելիքներին, Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ մի կողմ թողնելով հարցը, թե ինչ պետք է անի կամ չպետք է անի ՄԻՊ-ը, փաստ է, որ ՄԻՊ-ն ունի հզոր գործիք։
«Այդ գործիքը հետևյալն է՝ սեփական նախաձեռնությամբ, այսպիսի դեպքերում, իրավունք ունի ուսումնասիրություն սկսի ու հրապարակի արտահերթ հատուկ զեկույց։ Սա նորմ է։ Այս տարիների ընթացքում՝ Արմեն Գրիգորյանի մահից սկսած, հստակ հիմք են, կասեի՝ նաև հասարակական պահանջ, որ պետք է լինի հատուկ զեկույց և հատուկ այս դեպքերի վրա ուշադրություն դարձնելու պահանջ։
Ամոթ է, մենք գործ ունենք մարդու կյանքի հետ, նման վերաբերմունքն արդեն այս իշխանությունների բարոյական անմեղսունակության մասին է խոսում»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
Նշենք, որ առավոտյան Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված է.
«Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում: Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն, ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր:
Ողբերգական մահվան մասին՝ ըստ մեր ստացած տվյալների.
1/Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թէ բժիշկ է նրան զննել,այլ բուժակ:
2/Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո:
3/ բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո»:
—