Նոյեմբեր 9, 2026
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է.
Նոյեմբերի 6-7-ին եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվել տվյալների խոշոր մշակման կենտրոնների (Data Center) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը՝ որպես հիմնական խնդիրներ մատնանշելով էլեկտրաէներգիայի սպառման աճը, էլեկտրացանցերի թողունակության պակասը և ջրային ռեսուրսների օգտագործումը։
Ուշագրավ է Իռլանդիայի օրինակը, որտեղ 2025 թվականին տվյալների կենտրոններին բաժին է ընկել երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 23 տոկոսը։ Փաստացի ձևավորվում է խոշոր արդյունաբերական սպառողների նոր կատեգորիա, որի զարգացումն արդեն սկսում է ազդել ազգային էներգետիկ քաղաքականության վրա։
Հայաստանի համար այս հարցը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով Հրազդանում NVIDIA-ի հաշվողական տեխնոլոգիաների հիման վրա Firebird նախագծի իրականացումը։
Ներկայում հայտարարվում է համալիրի հզորությունը մինչև 300 ՄՎտ ընդլայնելու ծրագրի մասին։ Ամբողջ հզորությամբ և անընդհատ աշխատելու դեպքում նման օբյեկտը տեսականորեն կարող է տարեկան սպառել շուրջ 2,63 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Դա համարժեք է 2025 թվականին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 26 տոկոսին։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան։ Գործող էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է շարունակել մինչև 2036 թվականը։ Միևնույն ժամանակ, նոր ատոմակայանի պարամետրերը դեռևս հստակեցված չեն։ Փոքր մոդուլային ռեակտորների անցնելու վերաբերյալ քննարկումները պահանջում են պատասխանել մի կարևոր հարցի՝ արդյոք դրանք ի վիճակի՞ կլինեն ոչ միայն փոխարինել շահագործումից հանվող ատոմային հզորությունները, այլև բավարարել նոր էներգատար արտադրությունների լրացուցիչ պահանջարկը։
Ոչ պակաս կարևոր է նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքների խնդիրը։ Մի քանի հարյուր մեգավատ հզորությամբ սպառողի միացումը ենթադրում է համապատասխան ներդրումներ ենթակայաններում, էլեկտրահաղորդման գծերում և պահուստային հզորությունների ապահովման ուղղությամբ։
Այս պայմաններում հարց է առաջանում՝ որքանո՞վ են փոխկապակցված էներգետիկ և արդյունաբերական-տեխնոլոգիական քաղաքականությունները։
Մի կողմից՝ պետությունն աջակցում է խոշոր հաշվողական կենտրոնի ձևավորմանը։ Մյուս կողմից՝ հանրությանը ներկայացված չէ դրա ազդեցության համապարփակ գնահատականը՝ երկարաժամկետ էներգետիկ հաշվեկշռի, նոր արտադրող հզորությունների անհրաժեշտության և էլեկտրամատակարարման արժեքի տեսանկյունից։
Արևային էներգիայի արտադրության աճն էլ իր հերթին չի լուծում բազային բեռնվածության ապահովման խնդիրը, քանի որ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ՝ պահուստային հզորությունների ապահովման և էներգահամակարգի հավասարակշռման ուղղությամբ։
Բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերից ելնելով է ձևավորվում Հայաստանի էներգետիկ նոր ճարտարապետությունը։
Եթե պետությունը պատրաստ է ազգային էներգահամակարգը հարմարեցնել օտարերկրյա կորպորացիաների պահանջներին, սակայն միաժամանակ չունի գործող ատոմակայանի փոխարինման հաստատված ծրագիր, ապա դժվար է խոսել էներգետիկ ինքնիշխանության հետևողական քաղաքականության մասին։
Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրումային շահերի սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքի։
Սակայն, դատելով ամենից, հենց այդ ուղղությամբ է ընթանում Երևանի ներկայիս էներգետիկ քաղաքականությունը։
—