X
    Categories: News

Եվրամիությունը փորձում է անգամ փոքր երկրներին ներառել Ռուսաստանի և Բելառուսի

Նոյեմբեր 9, 2026

Եվրոպական միությունը համակած զանգվածային բողոքի ցույցերի համապատկերին Բրյուսելում կայացավ, այսպես կոչված, 2026 թվականի ընդլայնման հարցերով գագաթնաժողովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հետխորհրդային մի շարք այլ երկրների քաղաքական գործիչների մասնակցությամբ։

Հերթական հարցազրույցում Երևանից հյուրն իրատեսական է համարել ԵՄ-ին երկրի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելը և նույնիսկ նշել է, իր կարծիքով, հարմար ժամկետը՝ 2028 թվականը։ «Կարևոր է, որ այս ամբողջ գործընթացն ուղեկցվի հենց այս հարցի շուրջ քաղաքական երկխոսությամբ»։

Երևանի և Բրյուսելի գործընկերությունը սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, որը ստորագրվել է 2017 թվականին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որը բավական կտրուկ արձագանք առաջացրեց Մոսկվայում։

2026 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իշխանությունները հայտարարել էին ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտի ներկայացումն արագացնելու ծրագրերի մասին՝ կառավարության 2026-2031 թվականների նոր ծրագրի շրջանակներում։

Կարդացեք նաև

  • Ընտրությունների արդյունքները և Հայաստանի ճակատագիրը՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ
  • Նույնը սպառնում է նաև Կալասին. այս մարդիկ ուղնուծուծով լինելով կաշառքի ու կաշառակերության մեջ՝ հիմա փորձում են մեզ ինչ-որ դասեր տալ. Գրիգոր Բալասանյան
  • «Փաշինյանի այս քաղաքականությունը հանգեցնելու է Արցախի կորստին». Հայկ Խալաթյան

2026 թվականի սեպտեմբերին ԵՄ խորհուրդը համաձայնեցրեց Երևանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները, իսկ դրանից քիչ առաջ չեղարկվեցին հայկական արտահանման ապրանքների մեծ մասի մաքսատուրքերը, ներդրվեցին լրացուցիչ առևտրային արտոնություններ և ակտիվացավ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է եվրաինտեգրման ճանապարհն անցնելու մտադրության մասին, սակայն այդ գործընթացի առանցքային արտաքին մարտահրավերներից են տարածաշրջանային լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև Բրյուսելի և Թբիլիսիի միջև երկխոսության սառեցված վիճակը։ 2020-ականների կեսերից «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը փաստացի դադարեցրեց եվրոպական ուղղությամբ ակտիվ քաղաքականությունը։ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց՝ իշխանությունները մինչև 2028 թվականի վերջն օրակարգ չեն մտցնի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվեն նաև ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։

Եվրոպացի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները բազմիցս քննադատել են Վրաստանում ընդունվող օրենքները՝ դրանք, ինչպես միշտ, համարելով «ժողովրդավարական բարեփոխումներից հետընթաց»։ Իսկ 2026 թվականի հոկտեմբերի կեսերին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել երկրի ղեկավարության դեմ։

Չնայած Բրյուսելի հետ երկխոսության փաստացի սառեցմանը՝ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերին կայացած գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, որ վրացական հասարակությունը պաշտպանում է երկրի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն Եվրահանձնաժողովին չի վստահում՝ նրա անարդար որոշումների պատճառով։ Նա Եվրահանձնաժողովին առաջարկել է հանրային քննարկումներ անցկացնել՝ վիճահարույց հարցերը քննարկելու նպատակով։

Հետխորհրդային որոշ երկրների եվրաինտեգրման ձգտումները զարմանալիորեն հակադրվում են աշխարհագրական Եվրոպայի որոշ միկրոպետությունների՝ Մոնակոյի, Սան Մարինոյի, Լիխտենշտեյնի և Անդորրայի՝ Եվրամիությանն անդամակցելուց վաղեմի հրաժարմանը։ Սույն թվականի հոկտեմբերի կեսերին այդ երկրները ձեռնամուխ եղան Բրյուսելի հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրմանը՝ բացառությամբ Ֆրանսիայի ափին գտնվող փոքրիկ իշխանապետության՝ Մոնակոյի, որը Բրյուսելի հետ նմանատիպ բանակցությունները դադարեցրել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։ ԵՄ-ից դուրս են մնում նաև Նորվեգիան, Իսլանդիան և Շվեյցարիան։

Եվրոյի արժութային գոտում նույնպես ընդգրկված չեն ԵՄ անդամ բոլոր երկրները, քանի որ Եվրամիությանն անդամակցությունը ենթադրում է ազգային տնտեսական և քաղաքական ինքնուրույնության, առավել ևս՝ ազգային առաջնահերթությունների սահմանափակում։ Դրա լավագույն օրինակը Եվրահանձնաժողովի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և նրա համախոհների ղեկավարությամբ իրականացվող հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունն է։ Ցավոք, այս բոլոր փաստարկներն ու ԵՄ-ին անդամակցությունից հրաժարվող երկրների օրինակը եվրոպական ինտեգրման հավակնություններ ունեցող երկրները նախընտրում են չնկատել…

Հոկտեմբերին Բրյուսելի կողմից Անդորրայի և Սան Մարինոյի հետ 10 տարվա բանակցություններից հետո ստորագրված Ասոցացման համաձայնագիրը նշանակում է այդ երկրներին անվանականորեն ներառել Եվրամիության առևտրային, մաքսային և սահմանային կանոնների շրջանակում և դե ֆակտո միանալ գրեթե երկու տասնյակ երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությանը (բացի Ռուսաստանից և Բելառուսից՝ Եվրամիության պատժամիջոցները վաղուց գործում են նաև Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սուդանի, Հարավային Սուդանի, Մյանմայի, Վենեսուելայի, Գվինեայի, Զիմբաբվեի, Սիրիայի, Էրիթրեայի, Հայիթիի, Լիբիայի և Եմենի նկատմամբ)։

Սակայն բրյուսելյան քաղաքական գործիչները դժգոհությամբ նշում են, որ ամենևին էլ երաշխավորված չէ, որ դա իրականում տեղի կունենա։ Նշված միկրոպետությունները ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Բացի այդ, Անդորրան, Մոնակոն և Սան Մարինոն, ինչպես նաև փոքրիկ Լիխտենշտեյնն այն երկրների թվում են, որտեղ վաղուց թույլատրված են օֆշորային բիզնեսը, վերաարտահանման պայմանագրերն ու գործարքները (1921 թվականից Լիխտենշտեյնը գտնվում է Շվեյցարիայի հետ մաքսային և տնտեսական միության մեջ։ Անդորրան դեռևս XIII դարի երկրորդ կեսից գտնվում է Իսպանիայի և Ֆրանսիայի հովանավորության ներքո՝ միաժամանակ պահպանելով արտաքին քաղաքականության և առևտրի ոլորտներում սահմանափակ ինքնուրույնություն։

Մոնակոն 1918 թվականից մաքսային և տնտեսական միության մեջ է Ֆրանսիայի հետ։ Փաստացի նմանատիպ միություն 1950-ական թվականների կեսերից գործում է նաև Սան Մարինոյի և Իտալիայի միջև։ Սան Մարինոն և Մոնակոն այն երկրների թվում էին, որոնք համակազմակերպել էին Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով պատմական Հելսինկյան միջպետական խորհրդաժողովը (1975 թվականի օգոստոս)։ Հետաքրքրական է նաև, որ 1980-ական թվականների կեսերին Սան Մարինոն, Ալբանիայի և Հարավսլավիայի հետ միասին, հանդես եկավ Ադրիատիկ և Հոնիական ծովերի հարակից ավազաններում առանց միջուկային զենքի գոտի (ռազմաքաղաքական վստահության գոտի) ստեղծելու նախաձեռնության…)։

Հետևաբար, շահագրգիռ կողմերն օգտագործել են Եվրոպայի միկրոպետությունները՝ պատժամիջոցները փոխշահավետ կերպով շրջանցելու համար։ Մասնավորապես, Սան Մարինոյի միջոցով վերաարտահանվել են այն ապրանքները, որոնց ուղղակի մատակարարումն արգելված է Արևմուտքի պատժամիջոցներով։ Նույնը կարելի է ասել նաև Անդորրայի մասին։ Ըստ 2020 թվականի «Քաղաքական արդիականության ատլասի»՝ այս երկրի տնտեսական բարեկեցությունը «կապված է զբոսաշրջության և առևտրի, ինչպես նաև օֆշորային բիզնեսի հետ։

Անդորրայի արտահանման հիմնական մասը կազմում են արտասահմանյան ծագում ունեցող ապրանքները, այսինքն՝ դրանք հիմնականում վերաարտահանվող ապրանքներ են»։ ՌԴ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ «Ռուսաստանի համար Անդորրան հուսալի գործընկեր է այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՔԶԱԿ-ը, ԱՀԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՈՒՆՏՕ-ն և այլն։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել է՝ «մեր երկրներին հաջողվել է հասնել փոխվստահության բարձր մակարդակի և զգալիորեն առաջ շարժվել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ճանապարհով»։

Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Եվրոպայի բոլոր միկրոպետությունները շարունակում են մնալ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի գործընկերները հարկային տեղեկատվության փոխանակման ոլորտում, ինչը թույլ է տալիս համատեղ հետևել հարկային և հարակից վճարումների անդրսահմանային շարժին։

«Եվրոպական փոքր պետությունները հաճախ ավելի հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններում, քան ԵՄ խոշոր երկրները։ Դրա օրինակներից մեկը Սան Մարինոն է։ Չնայած իր փոքր չափերին՝ այս հնագույն հանրապետությունը պահպանում է ինքնիշխանության ավանդույթները։ Սան Մարինոն մեր նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառում, և այդ առումով ամեն ինչ լավ է»,- հարցազրույցներից մեկում պատմել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ Անդրեյ Կլիմովը՝ հավելելով, որ «կան երկրներ, որոնք, թեկուզ փոքր, բայց պահպանում են իրենց ավանդույթները և բաց սրտով համագործակցություն են կառուցում Ռուսաստանի հետ»։

Եվրամիության երկրներում ավելի ու ավելի մեծ թվով ձեռնարկություններ աճող վնասներ են կրում Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Պետք է ենթադրել, որ կորցրած կապերը գոնե շրջանցիկ ճանապարհով վերականգնելու փորձերը կհանդիպեն աճող դիմադրության։ Կարելի է չկասկածել, որ նմանատիպ պահանջներ կներկայացվեն նաև հետխորհրդային «նորեկներին»։ Դրա վառ օրինակն է Կուլևիում գտնվող Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանի դեպքը, որը 2026 թվականի ամռանը հրաժարվել է ռուսական նավթ ընդունել։ Պետք է ենթադրել, որ հարևան Հայաստանի համար «եվրաինտեգրման» հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն, քանի որ այդ գործընթացն անխուսափելիորեն կնշանակի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դադարեցում։

ԴՄԻՏՐԻ ՆԵՖՅՈԴՈՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Greg Madatian:
Related Post