X
    Categories: News

168: ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կասեցումը. Ֆորմալ արարողակարգ՝ դե ֆակտո խզման ֆ

Նոյեմբեր 7, 2026

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետագա ճակատագիրը մտել է հանգուցալուծման վերջնական փուլ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի վերջին հայտարարություններն այն մասին, որ Երևանի հետ անվտանգային հարաբերություններն «ըստ էության չկան», իսկ անդամակցության հարցը կորոշվի կառույցի առաջիկա քննարկումներում, միայն արձանագրում են ձևավորված իրողությունը: Երևանի ֆորմալ «սառեցված» կարգավիճակը և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի հետ կապված հետաքրքրությունները սպառված են, Մոսկվային ստիպել են դիմել կանոնադրային ընթացակարգերին:

Մոսկովյան գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանին ձայնի իրավունքից և քվոտային պաշտոններից զրկելու վերաբերյալ, ընդամենն իրավական ձևակերպում է տալիս արդեն իսկ գոյություն ունեցող դե ֆակտո խզմանը:

Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը կամ նույնիսկ դաշինքից հնարավոր վերջնական դուրսբերումը երկրորդական նշանակություն ունեն՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Երևանի համար:

Կարդացեք նաև

  • Ինչպես են էժան գազը թանկ գնով ծախում ժողովրդի վրա
  • Հայաստանի «զինաթափվող» անվտանգությունը՝ Նախիջևանի հզորացող ռազմական ներուժի դիմաց․ ո՞ւր են տանում ԱԽ քարտուղարի հաշվարկները
  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան

Ռազմաքաղաքական հարթակում կողմերն արդեն վաղուց սպառել են փոխադարձ պարտավորությունների ու ակնկալիքների շրջանակը. Ձայնի իրավունքից զրկելու ընթացակարգը պարզապես  քաղաքական արարողակարգ է, որը չի փոխում ուժերի դասավորությունը: Ռուսաստանի համար իրական մարտահրավերը Հարավային Կովկասում ռազմական ներկայության կորուստը չէ, այլ Երևանի աշխարհաքաղաքական վեկտորի ամբողջական շրջադարձը դեպի Արևմուտք:

Հենց այս պատճառով էլ Ռուսաստանն իր ազդեցության հիմնական կենտրոնը վաղուց տեղափոխել է տնտեսական հարթություն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տիրույթ: Գիտակցելով, որ ռազմական դաշինքի լծակներն այլևս արդյունավետ չեն, Մոսկվան Հայաստանի առջև դնում է հստակ «կամ-կամ»-ի ընտրություն՝ ԵԱՏՄ կամ Եվրոպական միություն: Ռուսական կողմի համար ԵԱՏՄ-ն, սակայն, զուտ տնտեսական ինտեգրացիոն նախագիծ չէ, այլ քաղաքական հավատարմության  ցուցիչ և Հայաստանին ազդեցության ուղեծրում պահելու հուսալի գործիք:

Երևանի համար այս ընտրությունը պարունակում է էքզիստենցիալ և կառուցվածքային ռիսկեր: Հայաստանի տնտեսությունը խորապես կապված է ռուսական շուկայի, էներգետիկ համակարգի և էժան ռեսուրսների հետ, իսկ ԵԱՏՄ շրջանակում առևտրաշրջանառությունը կազմում է արտահանման առանցքային մասը: Դեպի ԵՄ կողմնորոշումը պահանջում է տնտեսության արմատական դիվերսիֆիկացիա, ինչը կարճաժամկետ կտրվածքով կարող է հանգեցնել լուրջ ցնցումների: Մյուս կողմից, ԵԱՏՄ-ում մնալը՝ արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք թեքելու ֆոնին, ստեղծում է անհամատեղելի հակասություն։

Այս համատեքստում խնդիրը միայն տնտեսական ինտեգրացիոն երկու համակարգերի միջև ընտրություն կատարելը չէ։ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հիմնական խոցելիությունն այն է, որ ռազմավարական վերակողմնորոշումն իրականացվում է առանց դրա համար անհրաժեշտ տնտեսական, անվտանգային և դիվանագիտական նախադրյալների ձևավորման։ Արևմտյան ուղղությամբ քաղաքական հայտարարություններն ու գործընկերության ընդլայնումը դեռևս չեն նշանակում, որ Հայաստանը կարողացել է ստանալ այնպիսի տնտեսական այլընտրանքներ, որոնք թույլ կտան նվազեցնել ռուսական ուղղությունից կախվածությունը՝ առանց պետական համակարգի համար ծանր հետևանքների։

Ավելին, Մոսկվայի հետ հարաբերությունների հետևողական ապամոնտաժումը՝ առանց փոխարինող ռազմավարական մեխանիզմների, ոչ թե ընդլայնում է Հայաստանի մանևրելու հնարավորությունները, այլ կարող է ավելի խորացնել ՀՀ-ի խոցելիությունը տարածաշրջանային մրցակցության պայմաններում։

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ այս արտաքին քաղաքական գիծը հետևողականորեն վնասում է նաև հայ-իրանական օրակարգին։ Իրանի համար Հայաստանը ոչ միայն հարևան պետություն է, այլև Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության, տարածաշրջանային հաղորդակցությունների և իր հյուսիսային սահմանների անվտանգության տեսանկյունից կարևոր հանգույց։ Թեհրանի համար զգայուն են հատկապես Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ արտաքին վերահսկողության հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանում արևմտյան ռազմական ու հետախուզական ներկայության ընդլայնման հեռանկարները։

Հետևաբար, Երևանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը, եթե այն ուղեկցվում է Իրանի ռազմավարական մտահոգությունների անտեսմամբ, կարող է աստիճանաբար սահմանափակել հայ-իրանական վստահությունը, ինչն արդեն նկատվում է իրանական մեդիաքաղաքական տիրույթում։

Սա հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ Իրանը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ու տարանցիկ գործընկեր է, այլև տարածաշրջանային այն սուբյեկտներից մեկը, որի հետ շահերի համընկնումը կենսական նշանակություն ունի Սյունիքի և Հայաստանի հարավային սահմանների անվտանգության համար։ Արդյունքում Երևանը վտանգում է միաժամանակ թուլացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բարդացնել հարաբերություններն Իրանի հետ և չստանալ Արևմուտքից այնպիսի երաշխիքներ, որոնք կփոխհատուցեն կորուստները։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Հայաստանի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները միայն այս մեծ ու բարդ գործընթացի տեսանելի, սակայն երկրորդական մասն են: Հիմնական մարտահրավերը վերաբերում է ոչ թե ձևական ռազմական դաշինքից դուրս գալուն, այլ անվտանգային և տնտեսական նոր հավասարակշռություն ձևավորելու ունակությանը:

Առանց հուսալի այլընտրանքների, տնտեսական անվտանգության բարձիկների և տարածաշրջանային առանցքային դերակատարների հետ վստահելի հարաբերությունների՝ արտաքին քաղաքական կտրուկ վերակողմնորոշումը պարունակում է լուրջ ռիսկեր, որոնք ջրի երես են դուրս գալիս օրեցօր:

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post