Նոյեմբեր 5, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հաղթող չեն ունեցել: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ միջավայր ձևավորել՝ արտաքին պարտավորությունները կատարելու համար, և փակուղում հայտնված Փաշինյանը փորձեց ռեպրեսիվ միջոցներով լուծել իր խնդիրները, ընդդիմությանը դրդել չհաշվարկված քայլերի, ինչը չի ստացվելու:
- Ընդդիմադիր կոնսոլիդացիան ձևավորելու այս գործընթացը մեկ ամիս էր՝ ընթացքի մեջ էր, այսօր՝ ժամը 12:00-ին, Սամվել Կարապետյանի հետ պետք է հանդիպեինք իր առանձնատանը: Եվ միգուցե Փաշինյանի հաշվարկն այն էր, որ մենք խուճապի կմատնվենք ու մեր պլանավորածը չենք անի… Այս անգամ ընդդիմադիր ուժերը կարողացան ասիմետրիկ պատասխան տալ Նիկոլ Փաշինյանին. չնայած Սամվել և Նարեկ Կարապետյանների առանձնատներում վաղ առավոտից սկսված խուզարկություններին, կալանքին, երեկոյան 1.5 ժամում 13 քաղաքական ուժեր միավորվեցին մի սեղանի շուրջ: Ֆիքսվել են 4 կետեր՝ առանց պաթոսի ու բարձրագոչ հայտարարությունների: Բուրգ չենք ձևավորել, այլ ազատ կուսակցությունների միասնական համագործակցություն: Սկզբունքն այն է, որ գործում ենք հանդարտ, բայց հաստատուն: Փաշինյանի միակ շանսը մեր՝ փակուղում հայտնվելն է: Մենք նրան այդ հնարավորությունը չենք տա: Մենք այս 4 կետերն առաջ մղելով՝ պետք է գանք երկրում որակապես նոր իրավիճակի ստեղծմանը: Շատ կարճ ժամանակ է պետք, որ այս 4 կետերը համաձայնեցնենք:
Ներկայացնենք ընդդիմադիր ուժերի երեկ երեկոյան ընդունած հայտարարության տեքստը.
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝
հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։
- Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի թիրախում հայտնվել է խորհրդարանական ընդդիմությունը, որովհետև նրանց վրա պետք է ճնշում բանեցնեն՝ 6 ձայնը կորզելու համար, որպեսզի կարողանա ունենալ սահմանադրական մեծամասնություն և կատարի Ալիևի հերթական պահանջը, այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը: Մենք պետք է թիկունք կանգնենք խորհրդարանական ընդդիմությանը: Մենք գնում ենք ոչ թե «ոչ»-ի շտաբ ձևավորելու ճանապարհով, այլ ընդհանրապես որևէ սահմանադրական հանրաքվե թույլ չտալու համար: Իշխանության ողջ ներկայացուցիչներն իբր մտահոգված չէին, բայց ողջ երեկո թթված էին ընդդիմադիր ուժերի հանդիպման վրա:
- Ընդդիմությունը չունի Փաշինյանի գռեհկությունն ու ցինիզմը, որ Վեհափառ հորը մասնակից դարձնի քաղաքական գործընթացներին՝ ստորադասելով նրա կարգավիճակը:
- Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզ է՝ մի կողմից ուզում է իշխանությանը կոնսոլիդացնի, մյուս կողմից՝ ընդդիմությանը մղի չհաշվարկված քայլերի: Ամեն անգամ Եվրամիության չինովնիկության հետ հանդիպելուց հետո այստեղ ռեպրեսիաների ալիքը սաստկացնում է, որովհետև այնտեղից էլ են իրեն ճնշում:
- Մենք Արևմուտքի գլոբալիստական կենտրոնների համար հետաքրքրական ենք ճիշտ այնքանով, որքանով կարող ենք գլխացավանք ստեղծել Ռուսաստանի համար: Մենք մինչև 2018թ. Եվրամիության հետ շատ լուրջ հարաբերություններ ենք ունեցել: Մենք ԵԱՏՄ միակ երկիրն ենք, որ 2017 թվականին CEPA էինք ստորագրել: Վիզաների ազատականությունն էլի CEPA-ով ենթադրվող գործընթաց էր. Նիկոլ Փաշինյանը վիզաների ազատականացման հարցում կապ չունի, բայց ինքը նոր, ցածր մակարդակի է իջեցրել ԵՄ-ի հետ Հայաստանի՝ նախկինում ձեռք բերված հարաբերությունները:
- Վրաստանը մերժել է դառնալ երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ բացելու ֆորպոստ: Իսկ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է՝ վտանգելով մեր երկիրը:
- Արտաքին քաղաքականության ավելի կեղծ օրակարգ, քան ԵՄ-ին անդամակցությունն է, ես վերջին 8 տարվա մեջ չեմ հիշում: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2027-ին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին Բրյուսելում «Եվրոնյուզի» հարթակից արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են, և տոքսիկ բաղադրիչը՝ խորացել:
- Եվրամիության չինովնիկությունը ոչ թե ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր բովանդակություն են առաջարկում նոր փաստաթղթով, այլ հրաժարվում են CEPA-ի Արցախյան քեյսից և փաստաթղթավորում հակառուսականությունը:
- Պուտինի ասածից տպավորություն էր, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը սեղմ ժամկետներում է տեղի ունենալու, բայց, փաստորեն, ճգնաժամը հաղթահարելու լուծումներ չեն գտնվել:
- Փաշինյանը տեղյակ չէ, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն անջատ կազմակերպություններ չեն: Երկուսն էլ հայ-ռուսական հարաբերությունների հարթակներ են: Ռուսաստանը պարտավոր չէ ֆինանսավորել քո եվրաինտեգրման պատրանքները. Իրենք դա շատ պարզ ասել են: Էնքան տխմար են, որ չեն հասկանում՝ ուժային բալանսն է որոշում՝ քեզ ինչ-որ կառույցում կթողնե՞ն ոտատեղ ունենա՞ս, թե՞ չէ: Հայ-ռուսական հարաբերությունները սիմետրիկ չեն, որ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար իրավունքներ ունենան: Եթե Ռուսաստանը չուզի, Հայաստանը ԵԱՏՄ-ում չի մնա: Նիկոլ Փաշինյանի հույսն այլ տեղ էր. նա իր իջևանյան շուստրիությամբ հույս ուներ խաղալ ռուս-ղազախական հարաբերությունների հակասությունների վրա և նաև Ղազախստանի միջոցով կարողանար դիմակայել ԵԱՏՄ-ի ճնշումներին. Երկաթուղին էլ կուտ էր: Բայց Տոկաևը հմուտ գործիչ է, էդքան խելք ուներ մի գեղջուկ ենոքավանցու պատկերացումներին կամ գայթակղություններին չտրվելու համար: Եվ Նիկոլ Փաշինյանի շուստրիական մանևրը ավարտվեց ԵԱՏՄ 4 պետությունների կոնսոլիդացված զեկույցից հետո: Նրա գեոքաղաքական հաշվարկները հերթական անգամ բախվել են պրագմատիկ իրականությանը:
- Ես կարծում եմ՝ Պուտին-Փաշինյան հանդիպում կարող է առհասարակ տեղի չունենալ: Մեզ բարդ փուլ է սպասվում: Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը մեզ հասցրել է այնտեղ, որ մեզ կարող են դուրս թողնել եվրասիական ինտեգրման գործընթացներից: ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ուզում է՝ մեզ հեռացնեն, որ պատասխանատվությունը տեղավորի Ռուսաստանի գրպանում:
- Նիկոլ Փաշինյանից բացի, անհատականացված բոլոր պաշտոնյաների, հատկապես ուժային կառույցների, իրավապահ մարմինների ղեկավարների պատասխանատվության հարցը պետք է հետո դրվի, որ որևէ մեկը չկարողանա պատասխանատվությունը դնել միայն Նիկոլ Փաշինյանի վրա: Օրվա «հերոսներին» հասարակությունն անուն առ անուն պետք է ճանաչի: Դա մեր ամոթի պատը պետք է լինի: Նիկոլ Փաշինյանը միայնակ բռնապետություն հաստատել չի կարող. Նրան օգնում են կոնկրետ անուն-ազգանուն ու պաշտոն ունեցող մարդիկ: Չե՞ս կարող դիմադրել, հրաժարական տուր: Հիշենք, որ Սամվել Կարապետյանի առաջին ձերբակալության ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենը հրաժարական տվեց, բայց չարեց այն, ինչ իրենից պահանջվում էր:
- Ռուսաստանի տակտիկական նահանջն անգամ Հայաստանից իր հետևանքների առումով նույնը կլինի, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում: Մեդվեդևն իր հայտարարությամբ նկատի ուներ ոչ միայն տնտեսական սանկցիաները, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակմանը ենթարկվելու ռիսկը: Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ այս պատմությունը 1918-20 թվականների նման չէ ավարտվելու. Բա որ մեր կորցրած տարածքները մեզ չվերադարձնեն… Զսպման որևէ գործիք ու երաշխիք չկա:
- Եթե որևէ երկիր որևէ երկրում դրոշ է տեղադրում, բազա է տեղակայում, դա ոչ թե ֆիզիկական անվտանգությունն ապահովելու գործիք է, այլ հակառակորդ երկրի համար պատերազմի գինը բարձրացնելու գործիք: Թուրքիան Հայաստանի վրա հարձակման նպատակ ունենալու դեպքում միշտ մտածելու է, որ կա Ռուսաստանի միջամտության սցենար, ինչի պարագայում պատերազմ սկսելու նրա գայթակղությունը զսպվում է:
- Դեգրադացված, բայց հիմար չեն նաև Եվրոպայի գլոբալիստական էլիտաները: Օրինակ՝ Գերմանիայի Դաշնային կառավարությունում, անշուշտ, ռազմավարական հաշվարկ կար, որ եթե գնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի, ինչի հետևանքով հրաժարվում են ռուսական էներգակիրներից, դա տորպեդահարելու է իրենց տնտեսությունը, և սկսվելու է ռեցեսիա: Այն, ինչ հիմա կատարվում է Եվրոպայում, դրա հետևանքն է: Եվրոպական երկրների հասարակություններն ասում են՝ հերիք է, բոլ է, զզվեցրել եք: Նիկոլ Փաշինյանի հաշվարկը շատ չի տարբերվում իր պատրոնների՝ արևմտյան գլոբալիստների հաշվարկներից: Նա էլ է հայ հասարակությանը կերակրում հակառուսականությամբ, բայց հույս ունի, որ Ալիևի կոմպենսացիան կփրկի իրեն, բայց չի ստացվելու: Վախենամ՝ վերջում ինքը ստանա հայկական նոր հեղափոխություն՝ շատ ավելի տարերային: Նիկոլ Փաշինյանը դարձել է Ալիևի վասալը և եվրոպական գլոբալիստների պատանդը:
- Կարծում եմ՝ կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ ստանա այդ 6 մանդատը: Բայց Նիկոլ Փաշինյանն իր հաշվարկում սխալվում է: Նա չունի 2018-ի վստահության ռեսուրսը, դրա 10 %-ն էլ չունի: Նա պարտադրանքով կարող է մարդկանց տեղամաս տանել, բայց փողոց չի կարող հանել, որովհետև ով էլ մնաց փողոցում, ինքը չի կարող նրանց վերահսկել: Բևեռացված հասարակություններում հասարակական կոնսոլիդացված ճնշում չի լինում:
- Նիկոլ Փաշինյանը երկիրը մտածված տանում է քաղաքացիական բախումների: Տեղով ծաղրի առարկա է, ծաղրում է ընդդիմությանը. Թող գնա, իր փակուղուց դուրս գա: Վստահ եմ՝ ռեպրեսիաները շարունակվելու են, Պառլամենտ էլ են մտնելու ընդդիմադիր պատգամավորների հետևից, բայց այդ 6 մանդատը չեն ստանալու: Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «կանցավիկի» հոգեբանությամբ: Բայց մեր հանդարտ, ոչ ցայտնոտային պահվածքն իրեն ներվայնացնում է: Բա որ իմանա՝ քանի այլընտրանքային սցենար ունենք, ընդհանրապես կներվայնանա:
- Իրանում դասական իմաստով իշխանություն-ընդդիմություն գոյություն չունի: Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հեղինակավոր գործիչ է, և ինչքան էլ նախկին լինի, արտահայտում է գործող քաղաքական համակարգի սեգմենտների մտահոգությունները: Այո՛, Վելայաթին շատ ճիշտ է նշում, որ հայ-իրանական սահմանը կարող է աշխարհաքաղաքական մրցակցության թիրախ դառնալ: Թեհրանում չեն կարող մոռանալ իրենց կարմիր գծերը: Նրանք չեն կարող թույլ տալ, որ Իրանի սահմանների մոտ ամերիկյան ներկայություն ունենա, ուզում է Հայաստանի իշխանությունները 15 անգամ TRIPP-ը վավերացնեն: Կա՛մ այդ փաստաթղթում հաշվի կառնվեն Իրանի ու Ռուսաստանի շահերը, կա՛մ TRIPP-ը չի գործի: Սա կարող է դառնալ ամենածեծված, բայց չիրականացված նախագիծը: Հույս ունեմ, որ մեր իշխանության կամքից անկախ, այնպիսի ռեգիոնալ ստատուս-քվո կհաստատվի, որ մենք փոքր կորուստներով դուրս կգանք այս իրավիճակից:
Հիշեցնենք. Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է գրել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որում զգուշացրել է.
«Հայ ժողովրդի շահերի դեմ ուղղված բացասական գործողությունների շարքը կարելի է ամփոփել մեկ բառով, այն է՝ Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի, Ամերիկայի և Անգլիայի գործողություններին ենթարկվելու ինտենսիվացումը՝ լիբերալ-դեմոկրատական իշխանությունը շարունակելու գործում, որն ի սկզբանե չունի ոչ լիբերալիզմ, ոչ էլ դեմոկրատիա։
Հաշվի առնելով Փաշինյանի բարդ անցյալը՝ այս վարքագիծը թշնամանքի և լարվածության նոր էջ է բացում Հարավային Կովկասում։
Նա ավելի քան ութ տարի սերտ և բաց հաղորդակցության մեջ է եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ովքեր հավակնում են պահպանել կամ խաթարել անվտանգությունը։
Նրա հարաբերություններն Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և, հնարավոր է, ապագայում Վրաստանի հետ այժմ անկայուն են և անկանխատեսելի։
Նրա վերջին գործողությունը «Հազար երես ունեցող մարդու» (Թրամփի) անհիմն և չմտածված առաջարկի հաստատումն է՝ «Զանգեզուրի միջանցքը», «Թրամփի» կամ «ԹՐԻՓՓ» երթուղի վերանվանելու վերաբերյալ։ … Ես Հայաստանի դեսպանին վերջնական խոսքն ասացի՝ հստակորեն, որ եթե Թրամփը և նրա դաշնակիցները ցանկանան հատել իրանական այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը։
Անցյալ շաբաթվա վերջին Հայաստանի խորհրդարանը հաստատեց այս միջանցքի կառուցումը։ Ի՞նչ է սա նշանակում։
Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների այս ապարդյուն արարքը մի գործողություն է, որն իսկապես կամաչեցնի Հայաստանի ազնիվ ժողովրդին՝ իր չափավոր և իմաստուն քաղաքական պատմությամբ»,- գրել է Վելայաթին:
- Վելայաթին ակնհայտորեն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը կարմիր գիծ է հատել՝ Հայաստանը դարձնելով ֆորպոստ իրենց թշնամիների համար: Սա Թեհրանի պաշտոնական դիրքորոշումն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժելու Հայաստանի վերածումն ամերիկյան կամ արևմտյան ֆորպոստի և դրա համար ունի բավարար իրավապայմանագրին բազա՝ 1828թ. Թուրքմենչայի պայմանագիրը: Եթե TRIPP-ի անվան տակ ամերիկյան ինտիտուցիոնալ ներկայության ամրապնդում լինի Սյունիքում՝ հայ-իրանական սահմանին՝ այդ 42 կմ տարածքի վրա, և Իրանի համարի դա իր կարմիր գծերի հատում, այդ տարածքը թիրախավորվելու է ճիշտ այնպես, ինչպես թիրախավորվում էին Ծոցի երկրների ամերիկյան ենթակառուցվածքները:
- Այսօրվա ընդդիմությունն ամենախաղաղության կուսակցությունն է, իսկ Փաշինյանն իր արկածախնդրությամբ նոր, ավելի աղետալի պատերազմ է հրահրում տարածաշրջանում: Հայաստանում խաղաղության ու պատերազմի կռիվ է:
- Ռուսաստանի դեմ առաջին ոտնձգության համար մենք վճարեցինք Արցախով: Հիմա Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ արկածախնդրության մեջ է, ինչը սպառնալու է մեզ հայկական պետականության կորստով:
Մանրամասները՝ տեսանյութում:
—