Հայաստանում 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, ծնելիությունը կրճատվել է 3,8%-ով, մահացությունը՝ 4,8%-ով։
Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ծնելիություն
2026 թ.-ի 9 ամսում երկրում ծնվել է 22 759 երեխա, այնինչ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 23 653 նորածին։ Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մահացած ծնվածների 253 դեպք, ինչը 13,1%-ով ցածր է, քան 2025 թ.-ի համանման ժամանակահատվածում։ Բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների հարաբերակցությունը մահացածներին, 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 124,9%՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 123,6%-ի դիմաց, իսկ նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111 տղա՝ 100 աղջկա հաշվով (1000 կենդանածինների և մահացած ծնվածների հաշվարկով)։
Մահացություն
Ընթացիկ տարվա 9 ամսում Հայաստանում մահացել է 18 223 մարդ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 19 142-ի դիմաց։ Մարդկանց գրեթե կեսը (49,9%-ը կամ 9 086 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից. այս ցուցանիշը 7,7%-ով պակաս է, քան 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերին։
Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում նորագոյացություններն են (22,6%-ը կամ 4 123 մարդ, աճը՝ 8,4%)։ Մահվան այլ պատճառների թվում նշված են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,8%-ը կամ 1 779 մարդ, նվազումը՝ 9,6%), մարսողական օրգանների հիվանդությունները (5,4%-ը կամ 987 մարդ, աճը՝ 9,5%), դժբախտ պատահարները, թունավորումներն ու վնասվածքները (3,8%-ը կամ 697 մարդ, նվազումը՝ 0,6%), ներզատական համակարգի հիվանդությունները (2,1%-ը կամ 389 մարդ, նվազումը՝ 3,5%), վարակիչ և մակաբուծային հիվանդությունները (0,6%-ը կամ 102 մարդ, նվազումը՝ 60,3%)։ Դժբախտ պատահարների, թունավորումների և վնասվածքների հետևանքով մահվան դեպքերից 25-ը (մահերի ընդհանուր թվի 0,1%-ը) բաժին է ընկնում ռազմական գործողությունների հետևանքով մահվան դեպքերին։
Վիճակագրական կոմիտեում նշել են, որ խոսքը Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցած դեպքերի մասին է, մահացածները Հայաստանի քաղաքացիներ են եղել, նրանց մահվան փաստերը գրանցվել են ՔԿԱԳ-ում։
—