X
    Categories: News

168: Համակարգային ռիսկերի կուտակումը խորանում է. Կենտրոնական բանկը գնում է խս

Նոյեմբեր 3, 2026

Ֆինանսական համակարգում և անշարժ գույքի շուկայում համակարգային ռիսկերի կուտակումը խորանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է գնալ բանկերի նկատմամբ ներկայացվող ֆինանսական պահանջների հերթական խստացման։

Վարկավորման բարձր աճի ու անշարժ գույքի շուկայի ակտիվացման ռիսկերի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով, անցած 3 ամսվա ընթացքում ԿԲ-ն երկրորդ անգամ է բարձրացնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը։ Վերջին անգամ բարձրացրեց հոկտեմբերին՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 2.25 տոկոսի չափով։

Մինչ այդ էլ բարձրացրել էր հուլիսի վերջին՝ 1.75 տոկոսից դարձնելով 2 տոկոս։

Հուլիսյան բարձրացումը նախատեսված էր կիրառել հաջորդ տարվա փետրվարից։ Բայց Կենտրոնական բանկը չսպասեց անգամ դրան ու շտապեց կրկին բարձրացնել՝ այս անգամ նախատեսելով այն կիրառության մեջ դնել հաջորդ տարվա մայիսից։ Վերջին բարձրացումից հետո, կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը գտնվում է պատմականորեն ամենաբարձր դիրքում։

Կարդացեք նաև

  • Օղակը սեղմվում է. Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան
  • Ե՞րբ կլինի իրակա՛ն հեղափոխությունը
  • Երբ ռեկորդները դառնում են խնդիր. ինչու են բենզինի գները Հայաստանում հասել պատմական առավելագույնի

Երեք ամսում կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափի կրկնակի փոփոխությունը վկայում է վարկային, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում կուտակվող ռիսկերի խորացման մասին։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Կենտրոնական բանկը հաճախ չի վերանայում այդ պահանջը։

Պատկերացնելու համար ասենք, որ մինչ վերջին 2 փոփոխությունները վերանայում տեղի էր ունեցել 2024թ. հոկտեմբերին ու կրկին խստացման ուղղությամբ։

Կապիտալի հակացիկլիկ բուֆերի բարձրացումը շարքային քաղաքացուն գուցե շատ բան չի ասում, բայց այն կարևոր ազդակ է վարկային ու անշարժ գույքի շուկայի մասնակիցների համար։ Դրանով, պարզ ասած՝ Կենտրոնական բանկը պարտադրում է բանկերին ավելի շատ ֆինանսական միջոցներ պահուստավորել, ավելի շատ ֆինանսական բարձիկներ ստեղծել՝ հնարավոր ցնցումներին ընդառաջ։ Վարկավորման ծավալների աճին զուգահեռ՝ ռիսկերի հավանականությունը մեծանում է՝ մեծացնելով ֆինանսական միջոցների կուտակման անհրաժեշտությունը։

Կապիտալի հակացիկլիկ բուֆերի բարձրացումը միջոց է մի կողմից՝ ցնցումների ժամանակ բանկային համակարգում անցանկալի երևույթները կանխելու, մյուս կողմից՝ բանկերի վարկային ախորժակը սահմանափակելու համար։

Վարկերի այսօրվա արագ աճն ու անշարժ գույքի ակտիվացումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում, վաղը կարող է Հայաստանը համակարգային խնդիրների առաջ կանգնեցնել։

Դրա հավանականությունը մեծանում է ոչ միայն վարկային ու անշարժ գույքի ակտիվությամբ պայմանավորված, այլև տնտեսական միջավայրում վերջին շրջանում ի հայտ եկած նոր ու առանձնահատուկ խնդիրների պատճառով։

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ անդամությունից բխող տնտեսական ու ֆինանսական առավելություններից զրկվելու վտանգի առաջ, ինչը, օրերս հրապարակված Եվրասիակական միջկառավարական խորհրդի զեկույցի համաձայն, լուրջ իրարանցում կարող է առաջացնել ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ֆինանսական համակարգում։ Տնտեսական խնդիրները կահագնանան հատկապես գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում, որի հետևանքներին անդրադառնալով՝ ոչ վաղ անցյալում Կենտրոնական բանկի նախագահը չափազանց խիստ բնորոշում էր տվել։

Հնչող գնահատականների համաձայն, ԵԱՏՄ անդամությունից զրկվելը կարտահայտվի բավական խորը տնտեսական ակմամբ, դրսից եկող ֆինանսական միջոցների զգալի կորուստներով, գնաճային ճնշման կտրուկ ակտիվացմամբ, քաղաքացիների եկամուտների ու գնողունակության նվազմամբ, ինչպես նաև սոցիալական լարվածության խորացմամբ։

Սա ոչ այլ ինչ է, քան ճգնաժամային իրավիճակ։ Մի բան, ինչը մեծագույն ռիսկ է ֆինանսական համակարգի, վարկային ու անշարժ գույքի շուկաների համար։

Տնտեսական ու սոցիալական իրավիճակի վատացումը հանգեցնելու է քաղաքացիների եկամուտների նվազման, վճարունակության կորստին, ինչը մեծացնում է բանկային համակարգի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ռիսկը։ Վերջին տարիներին էապես ավելացել է քաղաքացիների վարկային ծանրաբեռնվածությունը՝ գերազանցելով նրանց եկամուտներին։ Տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ եկամուտների կորուստները շատերի համար կարող են դժվարություններ ստեղծել ֆինանսական պարտավորությունները ժամանակին կատարելու առումով։

Փլուզումը կարող է սկսվել հենց այդ պահից՝ իր հետ բերելով ծանր խնդիրների թե՛ բանկերի, թե՛ քաղաքացիների, ու թե՛ անշարժ գույքի շուկայի մյուս մասնակիցների համար։

Սա համակարգային ռիսկ է, որին Հայաստանը կարող է բախվել շատ մոտ ապագայում։ Սակայն այդ ռիսկն այսօր էլ շարունակում է խորանալ՝ մի կողմից՝ ագրեսիվ վարկավորման, մյուս կողմից՝ ներսից ու դրսից թելադրված անշարժ գույքի շուկայի ակտիվության, ինչպես նաև գների բարձրացման հետևանքով։

Չնայած հնչող զգուշացումներին ու կանխարգելող միջոցառումներին, բանկերը շարունակում են մեծ տեմպերով վարկավորում իրականացնել՝ խթանելով անշարժ գույքի շուկայի ակտիվությունն ու գների բարձրացումը։

Կասկած չկա, որ վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում արձանագրվող այս միտումները մեծապես պայմանավորված են եղել ոչ այնքան բնականոն զարգացումներով, որքան արհեստածին գործոններով։ Այն քիչ կապ ունի հասարակության իրական վճարունակության հետ։ Այս տարիներին քաղաքացիների եկամուտների աճն անհամեմատ ավելի դանդաղ է տեղի ունեցել, քան նրանց վարկային բեռի կուտակումը։ Աճել է նաև պարտքի սպասարկման բեռը, որը թելադրված է եղել մի կողմից՝ հիփոթեքային, մյուս կողմից՝ սպառողական վարկերի շուկայից։ Բայց այն կանգ առնելու մտադրություն չունի։

Այսօր էլ շարունակվում է ակտիվ վարկավորումն ու քաղաքացիների վարկային բեռի ծանրացումը։ Այս իրավիճակը պահանջում է մեծագույն զգուշավորություն։ Այլապես, տնտեսական միջավայրում կանխատեսող հնարավոր ցնցումների իրականանալու պարագայում մոտ ապագայում այն կարող է իսկական չարիք դառնալ՝ հանգեցնելով համակարգային փլուզումների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post