X
    Categories: News

168: Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվե

Նոյեմբեր 3, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանը փորձում է թաքցնել իրողությունները, այն է՝ իր իշխանությունը պահելու համար նա սպասարկում է տարբեր պետությունների շահերը մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում: ԱՄՆ-ի շահերը սպասարկում է TRIPP-ով, մեր հանքանյութերը նրան տալով, արտաքին քաղաքական կոմպոնենտով, իսկ Հավաքական Արևմուտքի շահերը՝ հակառուսականությամբ: Փաշինյանը սպասարկում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Հակոտնյա է Իրանի ու Ռուսաստանի շահերին:
  • ԱՄՆ-ը կարող է հայտնվել TRIPP-ի, այսինքն՝ Իրանի սահմանի տարբեր հատվածներում: Երբ մի պետության տարածքով ճանապարհ է անցնում, և Փաշինյանն ասում է, որ TRIPP-ը տարածք չունի, ուրեմն դա Միջանցք է, և ինքն իր բերանով դա խոստովանում է: 
  • Վաղը Ադրբեջանն ասելու է՝ իմ Մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, Հայաստանի 2/3-ն իմն է, հիմա ես այն պետք է վերցնեմ: Եվ երբ դու դուրս ես եկել Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններից, դու մնում ես միայնակ Թուրքիայի ու Ադրբեջանի դիմաց:
  • Գունավոր հեղափոխության գործիքակազմով 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ իշխանության բռնազավթում՝ սահմանադրական կարգի տապալմամբ: Եվ որպեսզի որևէ մեկը գլխի չընկնի, որ օտար երկրների հատուկ ծառայություններն են արել այդ իշխանափոխությունը, ժողովուրդը պետք է լցվեր փողոց: Ժողովուրդը գործիք էր: Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր: Կայացվեց խորագետ որոշում՝ արյուն չպիտի՛ թափվի:

Կարդացեք նաև

  • Սարսափելի սցենար կա՝ Իսրայելի միջուկային հարվածը… ԱՄՆ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել. Լանա Ռավանդի-Ֆադայի
  • ԱՄՆ-Իրան հակամարտության ընդլայնման ռիսկերը. Տարածաշրջանային անվտանգությունը և TRIPP-ի ապագան
  • ԹՊԿ-ն՝ Թուրքիայի ազդեցության գործիք Հարավային Կովկասում․ ինչո՞ւ է Բաքուն կարոտով հիշում Չավուշօղլուին և անհանգստանում Ֆիդանից
  • Երբ 2018թ. ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան, ասաց՝ ինչ պետք է արվի, և այդպես էլ եղավ, ընդհուպ՝ Արցախի հանձնումը: Բայց այդ ծրագրի բոլոր կետերը չեն, որ կատարվել են…
  • Երբ Ուկրաինայում՝ Մայդանում, իշխանափոխության գործընթաց էր գնում, Յանուկովիչի քաղաքական թիմն ուզեց Դոնեցկից հանքափորներ բերել, որ ժողովրդի դեմ ժողովուրդ հանեն: Յանուկովիչը չգնաց այդ քայլին, և Մայդանը թուլացավ: Երբ արդեն Մայդանի վրանային ճամբարներում մարդկանց քանակը նվազագույնի էր հասել, ուկրաինական 5-րդ հեռուստաալիքի 3 տեսախցիկների առաջ Բերկուտը գիշերը հարձակվում է վրաններում գտնվող ուսանողների վրա: Ու այդ բոլորը՝ ուղիղ եթերում: Սա անտրամաբանական էր, ո՞վ կարող էր տալ Բերկուտին այդ հրամանը, բնականաբար, նրա ղեկավարը՝ ՆԳ նախարարը: Սկսվում է հետաքննություն, պարզվում է՝ ՆԳ նախարարը չի տվել հրամանը, այլ Յանուկովիչի անունից հրամանը տվել է նրա աշխատակազմի ղեկավարը՝ նրա իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Սերգեյ Լյովոչկինը, ով հետո հեղափոխությունից հետո դառնում է Ուկրաինայի օլիգարխներից մեկը: Դրանից հետո ողջ Ուկրաինան փոթորկվեց: 100 հոգի սպանվեց, որը, պարզվեց՝ ընդդիմությունն է կազմակերպել դիպուկահարներով: Սա պատմում եմ, որ պարզ լինի՝ առանց 5-րդ, 6-րդ շարասյունի՝ իշխանափոխություն չի լինում: Միշտ իշխանության մեջ լինում են պաշտոնյաներ, ում ավելի բարձր պաշտոններ են խոստանում, ու նրանք իշխանությունը փլուզում են ներսից: 

Նշենք, որ 2014 թվականի իշխանափոխությունից հետո շարունակել է Լյովոչկինը քաղաքական գործունեությունը՝ որպես պատգամավոր։ 2026 թվականի նոյեմբերի դրությամբ հասանելի տեղեկություններով՝ նա շարունակում է մնալ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ Խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ նա ընդգրկված է «Կյանքի և խաղաղության հարթակ» պատգամավորական խմբում։ Հիմնականում բնակվում է Ուկրաինայից դուրս։ Լրագրողական հետաքննություններում նրա գտնվելու վայրի հետ կապված հիշատակվել են Ֆրանսիան, Նիսը և Վիեննան։ 2022-ին՝ ռուսական լայնածավալ ներխուժման նախօրեին, նա մեկնել էր Ուկրաինայից։ Նրա ֆրանսիական անշարժ գույքը շարունակում է մնալ լրագրողական ուշադրության կենտրոնում։ 2026-ի մարտի 23-ին Hromadske-ն, հղում անելով ֆրանսիական Le Figaro-ին, հայտնել է, որ Ֆրանսիայում դատելու են Լյովոչկինի առանձնատան կառուցապատման հետ կապված կապալառուին։

  • Երբ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունեցող Փաշինյան Նիկոլը հրապարակային ընդիմությանը պարտադրում է իրեն 7 մանդատ տալ՝ 2/3 ստանալու համար, որը, կարծում եմ, չի ստանալու, սպառնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ կա՛մ 7 մանդատը տալիս եք, կա՛մ մյուս խորհրդարանում ես կորոշեմ՝ ով կլինի ընդդիմություն, դուք չեք մասնակցի ընտրություններին ու կստանաք զրո մանդատ: Արտահերթի ժամանակ նկարիչն ահավոր մեծ թվեր է նկարելու. ՔՊ-ին 85-90% են տալու, իսկ դրանից հետո սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՔՊ-ն կստանա 99% կողմ ձայն:

  • Արևելքի ժողովուրդները, այդ թվում՝ մենք, ընտրությունների ժամանակ ծրագրերին ձայն չեն տալիս, ձայն տալիս են անհատներին, լիդերներին: Այս ՏԻՄ ընտրություններում անհատներ չկային: Ընդդիմությունը 10%-ով է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որովհետև անհատներ չկային:
  • ՔՊ-ն հետևություն էր արել Գյումրիում ու Փարաքարում ՏԻՄ ընտրություններում իրենց պարտությունից: Եվ հասկացան, որ հաջողություն ունենալու համար պետք է գլխատել նախընտրական շտաբները: Զանգվածային ձերբակալություններ եղան, և շտաբները չկարողացան իրենց գործունեությունն իրականացնել: Իշխանությունը գտել է ընդդիմության աքիլեսյան գարշապարը. Ընտրությունից 4-5 օր առաջ սկսվեցին զանգվածային ձերբակալություններ: Սա կիրառել էին նաև հունիսի 7-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ: Ընդդիմությունն ինչո՞ւ հետևություններ չէր արել, 2-րդ, 3-րդ ստվերային շտաբներ ինչի՞ չէին ստեղծել:
  • Երկրում հաստատված է ավտորիտար ռեժիմ, որը հակում ունի վերածվելու տոտալիտար ռեժիմի: Տոտալիտար ռեժիմի ժամանակ իշխանությունը չի հանդուրժելու որևէ ընդդիմադիր ուժ ու լրատվամիջոց, բոլորի հետևից ընկնելու է:
  • Փաշինյան Նիկոլի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իմաստը գետնի վրա հետևյալն է՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից, հեռացնել Իրանից: Իսկ Իրանի ռազմական դոկտրինում փոփոխություն է եղել. Իրանն այլևս պաշտպանվող չէ. վտանգի դեպքում կարող է նախահարձակ լինել տարբեր կետերում:
  • Ուկրաինայում այս պահին քաղաքացիական պատերազմ է գնում, անունն ինչ ուզում եք դրեք՝ Հատուկ ռազմական գործողությո՞ւն, թե՞ պատերազմ:
  • Իսրայելի ներկայիս վարչակազմը 3 ուղղությամբ պատերազմ է վարել, 3-ում էլ պարտվել է՝ Գազա, Հորդանանի արևմտյան ափ՝ Լիբանանի Հըզբոլլահի շիա մահմեդականացված կառույցի հետ պատերազմ և Իրանի դեմ 2 պատերազմներ: Եթե նոր իշխանություն գար, դրանց պատասխանատու Բենիամին Նեթանյահուն իր թիմով կհայտնվեր բանտում: Որպեսզի դա տեղի չունենա, նա անդադար, պերմանենտ ընտրություն է անում երկրում: Դա կոնկրետ մեթոդ է: Մարդիկ, ընդդիմությունն անընդհատ պարտվում են, մաշեցնում ռեսուրսները:

Հիշեցնենք. Բենիամին Նեթանյահուի օրոք՝ 4 տարում Իսրայելում տեղի ունեցան 5 խորհրդարանական ընտրություններ՝ 2019թ. ապրիլի 9, 2019թ. սեպտեմբերի 17, 2020թ. մարտի 2, 2021թ. մարտի 23, 2022թ. նոյեմբերի 1: Երբ հասարակությանը երկար ժամանակ իշխանությունները պարտադրում են ապրել ընտրական ճգնաժամի պայմաններում, քաղաքական օրակարգն աստիճանաբար կենտրոնանում է ոչ թե պետական քաղաքականության, այլ այդ իշխանության պահպանման շուրջ։ Ընդ որում, ընտրությունների կրկնությունը պարտադիր չէ, որ մեծացնի իշխանության լեգիտիմությունը, սակայն այն խորացնում է հասարակական բևեռացումը։

  • Ադրբեջանը շտապեցնում է Փաշինյանին: Ադրբեջանը որոշակի նոր կարգավիճակ է ստանում: Նրա կշիռը նոր մակարդակի է բարձրացել: Մեծ Թուրանի շահառուները Բրիտանիան ու Թուրքիան են: 2013թ. 3 սյան վրա կառույց ստեղծեցին՝ Թուրքական պետությունների կազմակերպություն, որն անընդհատ զորավարժություններ է անում: Թուրքիայի ներկայիս իշխանությունը հիմա ոչ թե պանթուրանիզմի, այլ պանիսլամիզմի գաղափարախոսության հետևորդ է: Այսինքն՝ Թուրքիայի ստրատեգիական ուղղությունը որոշակի առումով փոփոխություն է կրել:
  • Ալիևը ոչ մի Խաղաղության պայմանագիր էլ չի ստորագրելու. Փաշինյանից փորձելու է ստանալ առավելագույնը՝ առանց լրացուցիչ պայմանագրային պարտավորությունների:
  • Մեծ Թուրանի աշխարհագրական-քաղաքական ճանապարհին միայն Սյունիքը չէ, ամբողջ Հայաստանն է: Մեզ՝ Հայաստանը, սեպ են համարում, և այդ սեպը հանելու խնդիր ունեն: Երկու պետություն են խոչընդոտում այդ սեպը հանելուն՝ իրենց շահերից ելնելով՝ Ռուսաստանը և Իրանը:
  • Որ պահին ռուս սահմանապահները դուրս եկան Հայաստան-Թուրքիա սահմանից, Թուրքիան պահանջելու է այդ սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև Կարսի պայմանագիրը չի գործում, և ուժի մեջ կմտնի դրանից առաջ եղած Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ Հայաստանի 9800 ք/կմ տարածքով: Ու այդ ժամանակ Ալիևն ասելու է՝ մի րոպե, Երևանն իմն է: Այդ վտանգը դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է:
  • Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս դնելու խնդիր չկա. Հայաստանը ՀԱՊԿ-ի ներսում հիմա եղած-չեղած մի հաշիվ է: Եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր իրեն ԱՄՆ-ի ու Թրամփի հանդեպ պահեր այնպես, ինչպես Փաշինյանն է իրեն պահում Ռուսաստանի դեմ, խցանի պես մի վայրկյանում դուրս կթռչեր այդ կառույցից: Բայց Ռուսաստանը դեռ ձգում է: 
  • ԵԱՏՄ-ում Հայաստանի նկատմամբ, չեմ բացառում, որ սկսեն օգտագործել որոշակի պատժամիջոցներ, որին ես դեմ եմ եղել ի սկզբանե: Գյուղմթերքի շուկան մեր առաջ փակելով՝ տուժեց մեր երկրի քաղաքացին, ոչ թե Փաշինյան Նիկոլն ու իր վարչակազմը:
  • Որոշ մտքի գիգանտների թվում է՝ գազը խանութից գնվող ապրանք է՝ էս խանութից չեն գնի, մյուսից կգնեն: Գազը «Գազպրոմով» է գալիս. Սրանք չեն հասկանում, որ եթե Ռուսաստանին պետք լինի, թույլ չի տա, որ «Գապրոմի» խողովակներով Ադրբեջանից անգամ գազ գա: Եթե գազը թանկացավ, տնտեսական կոլապս է լինելու, մարդիկ բռնելու են արտագաղթի ճանապարհը: Ռուսաստանն էլ թույլ չի տալու երկիր մտնել, ի՞նչ են անելու: Իսկ եթե մեր հայրենակիցներին էլ հանե՞ն Ռուսաստանից…. Այդ մարդիկ այնտեղ աշխատում, իրենց հարազատներին այստեղ օգնում են: Ահռելի են Ռուսաստանից տրանսֆերները: Եթե ձմռան շեմին գազը թանկացավ, մեր վիճակը վիճակ չի լինելու:
  • Մեր թվացյալ տնտեսական աճի պատճառը Ռուսաստան-հավաքական Արևմուտք Ուկրաինայի տարածքում պատերազմն է, ոչ թե մեր իշխանությունների փայլուն աշխատանքը: Եթե եկած ռուս ռելոկանտները, տուրիստները հետ գնացին, մենք կանգնելու ենք մի մեծ կոտրած տաշտակի առաջ:

  • Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը շատ մեծ փորձության առաջ է կանգնած. Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Հանրապետականները պիտի պարտվեն: Միակ բանը, որում Թրամփը հաջողել է, Վենեսուելայի նախագահի առևանգումն է: ԱՄՆ-ում դեմոկրատներն առ այսօր բավականին ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում Պետդեպում, Հետաքննությունների դաշնային բյուրոյում, Պենտագոնի մի հատվածում: Իմ գնահատականներով՝ այսօր Մարկո Ռուբիոն սպասարկում է դեմոկրատների շահերը: Թրամփը դրան հակակշռում է Վենսով: Եթե տեսականորեն Թրամփը պարտվի ու տեսականորեն չկրողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեմ բացառում, որ ԱՄՆ-ում ցույցեր ու բախումներ կլինի, անկայունությունը կբերի ճգնաժամի, ու կսկսվի քաղաքացիական պատերազմ: Իսկ մեր իշխանությունները պատրանք ունեն, որ ԱՄՆ-ը պիտի երաշխավորի մեր խաղաղությունը:
  • 300 000 ադրբեջանցիների թիվը քարոզչական թիվ է: Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից 1 միլիոն թիվ է հնչեցրել՝ Հայաստանից դուրս եկած 300 000 ադրբեջանցիներն ու նրանց ժառանգները: Էս վտանգը խիստ առարկայական է: Ադրբեջանը կարող է հարվածել, ու այդ հարվածները մի քանի ուղղություններով են լինելու՝ Սյունիք, Սևանի ավազան, Նախիջևանից՝ Վայք-Եղեգնաձորի ուղությամբ, Արարատ: Եվ այդ դեպքում ոչ ոք, այդ թվում՝ մեր բարեկամ Իրանը մատը մատին չեն խփելու: 
  • Մեր ընդդիմությունը պիտի միավորվի: Այսօր Հայաստան պետությունում մեր ապրելու իրավունքն է վտանգվելու: Եվ խոսքս միայն խորհրդարանական ընդդիմության մասին չէ, այդ թվում՝ արտախորհրդարանական ընդդիմության:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Albert Nalbandian:
Related Post