Նոյեմբեր 2, 2026
ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ-ին և նշել, որ գործնականում արդեն սկսել են այս նախագծի իրագործումը:
«Մինչև հետագա գործընթացների կազմակերպումը՝ ՀՀ-ն իր նախաձեռնությամբ կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերի պատվիրումը, որպեսզի ժամանակ չկորցնենք և սկսենք ԹՐԻՓՓ-ի շուրջ աշխատանքները: Եվ որ պահին ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին կատարված աշխատանքները ՀՀ կառավարությունը կփոխանցի նրանց:
ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով: Սակայն այս բոլոր ուղղություններով ապաշրջափակումն ամենևին չի նշանակում, որ ամբողջ ենթակառուցվածքը կդառնա ԹՐԻՓՓ նախագծի մաս։ Այս պահին հստակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի մաս կկազմեն Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ինչպես նաև՝ էլեկտրահաղորդման գծերն ու ավտոճանապարհը։ Գազամուղի և նավթամուղի հարցերը կքննարկվեն ավելի ուշ»,- շարունակել է նա:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հարկ է համարել ընդգծել՝ ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր:
«Եթե մի օր ՀՀ տարածքով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այն անցնելու է Հայաստանի հարավով: Կամ՝ երբ ՀՀ-ով անցնի նավթամուղ, փաստ չէ, որ այն անցնելու է Հայաստանի հարավով: Իհարկե, չի կարելի բացառել, բայց գոնե մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է՝ բոլորովին այլ երթուղիով կանցնի: Էլ չեմ ասում, որ երկարաժամկետ հեռանկարում ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ-ում միջազգային նշանակություն ունեցող միայն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում են երկաթուղի կամ երկաթուղիներ գործելու»,- մանրամասնել է նա՝ նշելով, որ արևելք-արևմուտք ամենակարճ կապն անցնում է ՀՀ հյուսիսով՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով:
Այս համատեքստում Փաշինյանը կարևոր է համարել Իջևան-Հրազդան և Վանաձոր-Գյումրի երկաթուղային գծերի միացումը:
Մանրամասները՝ տեսանյութում
—