X
    Categories: News

168: Ո՞ւմ հաշվին է Նիկոլ Փաշինյանը խաղում այս խաղը, և ո՞վ է լինելու վճարողը

Հոկտեմբեր 31, 2026

Նիկոլ Փաշինյանի համար միևնույն է, թե իր արկածախնդրության հետևանքով ինչ գին կարող է վճարել Հայաստանը։ Երբ ժողովրդի ինչ-որ հատվածին հաճոյանալու համար, բռնաճնշումներով սրա-նրա ունեցվածքն է խլում ու հայտարարում «համաժողովրդական սեփականություն», շատերը ծափահարում են։

Դեռ չեն պատկերացնում, որ գալու է դրա համար պատասխան տալու ու մարդկանց կրած վնասները վերականգնելու ժամանակը։ Դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը չի վճարելու, վճարելու է ժողովուրդը։ Վճարելու է պետական բյուջեից։ Այն պետական բյուջեից, որը համարում է «բոլորիս գրպանը»։ Իր արածների համար «բոլորիս գրպանից» են վճարելու։ Կտրելու են քաղաքացու բերանից, փակեն Նիկոլ Փաշինյանի արածների հետևանքները։

Տուժողն այդ ամենից լինելու է քաղաքացին ու հատկապես շարքային քաղաքացին։

Իր անհավասարակշիռ պահվածքով Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բերել-կանգնեցրել է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ու սոցիալական կոլապսի ռիսկի առաջ, փորձում է ժողովրդին մոլորեցնել ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ կեղծ սոփեստություններով։ Ուզում է համոզել, որ ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի։

Կարդացեք նաև

  • Թանկացումների ահագնացող վտանգը
  • Օղակը սեղմվում է. Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան
  • «Ունենք ոչ կառավարելի գնաճ, որը նորմայից ավելին է. Որոշ բաներ իներցիայով են թանկանում, քանի որ պետությունն իրական քայլեր չի ձեռնարկում». Բաբկեն Պիպոյան

Այնինչ՝ ժողովրդին ոչ մեկը չի հարցրել՝ ի վիճակի՞ է, թե՞ ի վիճակի չէ կրել, ասենք՝ գազի թանկացման բեռը։

Առանց պատկերացնելու հետևանքները, ասում են՝ գազը թանկացնում են, թող թանկացնեն, մեր ժողովուրդը դրան էլ կդիմանա։ Այնպիսի հանգստությամբ են ասում, կարծես ժողովրդին միլիոններ են բաժանել՝ գազի համար մի քիչ ավել, մի քիչ պակաս վճարելով՝ մեծ բան չի փոխվում ժողովրդի կյանքում։ Իրենց դեպքում հաստատ այդպես է։ Իրենք վաղուց արդեն այլ իրականության մեջ ու այլ պայմաններում են ապրում։ Գազը կթանկանա՞, թե՞ չի թանկանա, ինչքա՞ն կթանկանա, էական չէ։ Մի քանի միլիոն աշխատավարձի մեջ մի քանի հազար կամ տասնյակ հազար դրամը եղանակ չի փոխում։

Ուրիշ բան, որ դա անելանելի խնդիր է լինելու շատերի համար, որոնք միլիոններ չեն ստանում, ինչպես նրանք, ովքեր վճռում են մի քանի տասնյակ հազար դրամ ստացող շարքային քաղաքացու ճակատագիրը։

Շարքային քաղաքացին է զգալու Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության ամբողջ ծանրությունը։ Զգալու է ամենուրեք՝ տանը, դրսում, խանութների ցուցափեղկերին, կոմունալները վճարելուց, հաց գնելուց, ձու գնելուց, կաթ ու մածուն, ցանկացած այլ ապրանք  գնելուց, լոլիկի, վարունգի, պղպեղի, մրգերի համար վճարելուց ու այդպես շարունակ։

Գազի թանկացումը տնտեսության մեջ, առօրյայում բերելու է գների համատարած բարձրացումների։ Ու դրանից ամենաշատը տուժելու է այն շարքային քաղաքացին, ում եկամուտներն այսօր էլ չեն բավարարում՝ սպառողական նվազագույն կարիքները հոգալու համար։ Այդ քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը լավ հույս է տալիս. ասում է՝ չկա երաշխիք, որ գազը չի թանկանա։ Չկա, որովհետև այլընտրանք չեն թողել։ Ոչ թե տարբերակ չկա, ու գազը պարտադիր պիտի թանկանա, այլ որովհետև իրենց անհեռատես քաղաքականությամբ բերել-հասցրել են դրան։

Իհարկե, առաջին անգամը չէ, որ գազը թանկանում է։ Գազը շատ անգամներ է թանկացել, բայց այս անգամ ուրիշ է, շատ ուրիշ։ Խոսքը շեշտակի թանկացման մասին է։ Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արտառոց ոչինչ չկա նրանում, որ գազը կարող է թանկանալ, վերջին 8 տարում 2 անգամ թանկացել է, բայց մարդիկ դա չեն զգացել, կրկին փորձում է մոլորեցնել ժողովրդին։

Վերջին 8 տարիներին Հայաստան ներմուծվող գազը 2 անգամ թանկացել է, սակայն ոչ երբեք այնքան, ինչքան կարող է թանկանալ հիմա։

Ներմուծվող գազի գինը բարձրացել է նախ 2019թ., երբ 150 դոլարից դարձավ 165 դոլար՝ թանկանալով 15 դոլարով։ Երկրորդ անգամ գազի գինը փոխվել է 2022թ., բայց այլ մեխանիզմով. սահմանին գազի վերջնական արժեքը ճշգրտվում է կալորիականությանը համարժեք։ Դրա արդյունքում էլ գազի գինը բարձրացավ 12-12.5 դոլարով։ Ընդհանուր 27-27.5 դոլար։ Սակայն այնպես չէ, որ դրա ազդեցությունը շարքային քաղաքացին չի զգացել։

«Գիտե՞ք, որ նախկինում էլ է գազի գինը թանկացել, դուք տեղյակ չեք եղել: 2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում՝ 23-ի՞ն, թե՞ 22-ին, ուղղակի կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի Հայաստանի ժողովրդի համար»,- փորձում է շարքային քաղաքացուն համոզել Նիկոլ Փաշինյանը։

Բայց շարքային քաղաքացին լավ գիտի՝ կրե՞լ է այդ ազդեցությունը, թե՞ չի կրել։ Նույնիսկ անգամներով ավելի շատ է կրել, քան կարող է պատկերացնել Նիկոլ Փաշինյանը։ Գազի սակագինը բնակչության համար բարձրացել է հազար խորանարդի դիմաց 4.7 հազար դրամով։ Բայց միայն դա չէ գազի թանկացման ազդեցությունը շարքային սպառողի վրա։

Եթե 8 տարի առաջ շարքային սպառողի համար գազի սակագինը համարժեք էր հազար խորանարդի դիմաց 286 դոլարի, այսօր համարժեք է 396 դոլարի։

Թանկացել է 100 դոլարով կամ շուրջ 35 տոկոսով։ Թաքնված է թանկացել։

Դոլարի արժեզրկմամբ պայմանավորված՝ իշխանությունները պիտի նվազեցնեին բնակչությանը վաճառվող գազի սակագինը, բայց հատուկ չեն նվազեցրել ու թողել են, որպեսզի մարդիկ շարունակեն վճարել բարձր գնով։

Դրա հետևանքով շարքային սպառողները տասնյակ-միլիարդավոր դրամներ են վճարել գազի դիմաց, որը չպիտի վճարեին։ Վճարել են, որպեսզի իշխանությունները լուծեն իրենց նորակառույց բնակարանների գազիֆիկացման հարցերը։

Հատուկ դրա համար չեն նվազեցրել քաղաքացիներին վաճառվող գազի սակագները, որը պարտավոր էին նվազեցնել։ Չնվազեցնելու հետևանքով այնպես է ստացվել, որ անհավանական մեծ շեղում է առաջացել քաղաքացիների ու այլ սպառողների սակագների միջև։ Քաղաքացին երբեմն մի քանի անգամ ավելի բարձր գին է վճարում գազի դիմաց, քան այլ սպառողները։

Այս կարևոր հանգամանքը Նիկոլ Փաշինյանը թաքցնում է, փոխարենը՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե կարողացել են այնպես անել, որ սպառողները չզգան գազի ներմուծման գների բարձրացման ազդեցությունը։

Ներմուծման թանկացում, անշուշտ, նախկինում շատ է եղել, բայց այլ բան է, երբ գինը բարձրանում է, ասենք՝ 15 դոլարով, այլ բան, երբ 8-9 անգամ ավելի շատ։

Այս անգամ խոսքը գազի գրեթե 70 տոկոսանոց, եթե ոչ ավելի թանկացման մասին է, որի ազդեցությունը շարքային քաղաքացին միայն սեփական բնակարանում չէ, որ զգալու է։ Զգալու է ամենուրեք ու իր անձնական բյուջեի համեմատ՝ շատ շոշափելի։ Ի տարբերություն այն պաշտոնյաների, ովքեր իրենց արշինով ու ստացած միլիոններով են չափում գազի թանկացման հնարավոր հետևանքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Frangulian Shushan:
Related Post