X
    Categories: News

Ինչպե՞ս արծվաշենցիները ջախջախեցին թուրքական 5000-անոց զորքին 1905-1906 թվական

Նոյեմբեր 1, 2026

Արծվաշենը՝ պատմական Հայաստանի բնակավայրերից մեկը, իր աշխարհագրական դիրքով, պատմությամբ և ճակատագրով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց պատմության մեջ։ Խորհրդային տարիներին այն վարչականորեն պատկանում էր Հայկական ԽՍՀ Կրասնոսելսկի շրջանին:

Գտնվելով Գետաբեկի և Թովուզի շրջանների հարևանությամբ՝ Արծվաշենը պահպանել է իր հայկական դիմագիծը, պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը։ Գյուղի սկզբնավորման և ծագումնաբանության մասին հետաքրքիր մանրամասներ է հայտնում երջանկահիշատակ պատմաբան, ճարտարապետ Սամվել Կարապետյանը, որն Արծվաշենի մասին մի կարևոր ուսումնասիրություն է տպագրել 2004 թվականին իր «Հյուսիսային Արցախ» կոթողային աշխատությունում: Նա, մասնավորապես, գրում է.

Կարդացեք նաև

  • Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու. Էդգար Ղազարյան
  • Իվան չլինի, Ռաշիդ լինի…Մարզպետին հարցրե՛ք…Մեր թիմից ոչ ոք Ռուսաստանի ու ռուս ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունք չունի. Սարիկ Մինասյան
  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան

«Արծվաշենցիների նախնիները ԺԸ դարի վերջին Արցախի Ջրաբերդ գավառից նախ տեղափոխվել են ՀԽՍՀ Շամշադինի շրջանի (այժմ՝ Տավուշի մարզի Շամշադինի ենթաշրջան) Չորաթան գյուղ, ապա ԺԹ դարի կեսերին վերաբնակվել Փառաքերտ-Փարագյուղ (Փարաքյանդ) լքված հայկական գյուղատեղիում և հիմնել Արծվաշենը (Բաշգյուղը): Վերաբնակեցման տարեթվի վերաբերյալ առկա տեղեկությունները միանշանակ չեն, բայց դա տեղի է ունեցել 1845-1859 թթ. միջակայքում. «Գյուղը հիմնադրվել է 1845-ին» կամ «Գիւղը հիմնուած է 1852 թուին. գաղթել են Ներքին Չորաթանից…», կամ «Չորաթանից եկած 39 ընտանիքները… 1854 թվականին հիմնում են Արծուաշէնը…», նաև՝ «Գյուղը հիմնադրվել է 1859 թ.»: (Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան, 2004, էջ 530):

 

Գյուղի հիմնադրման և արդեն իսկ այդ պահին հայ-թուրքական բախումների մասին կա մի ուշագրավ պատմություն.

«Արծուաշէնցիների եւ դաշտաբնակ թուրքերի միջեւ՝ սկսւում է մարտավէճ: Թուրքերը հայերից պահանջում են հեռանալ իրենց հարազատ, իրենց համար արօտավայր հանդիսացող տարածքից: Արծուաշէնցիները պնդում են, որ իրենք իրենց հարազատ հողում են: Այս վէճը վճռւում է ըմբշամարտի եւ ցլամարտի միջոցով: Հայերի ըմբիշը՝ Արզուման Դալլաքեանը և Սահականց Ծաղիկ ցուլը յաղթող են դուրս գալիս, եւ տարածքային վէճը լուծւում է յօգուտ հայերի»: (Նույն տեղում, էջ 530):

 

Արծվաշենում հիմնադրման պահից ի վեր և դրա հետագա ընթացքում մեկ տասնյակից ավել են հասնում հայ-թուրքական, իսկ 1918 թվականից հետո հայ-թաթարական բախումները: Այդ մեծաթիվ բախումների ցանկում կանդրադառնանք մասնավորապես 1905-1906 թվականների հայ-թուրքական բախումներին, որի ընթացքում արծվաշենցիները ջախջախիչ հարված են հասցրել թուրք հրոսակներին, իսկ թշնամին կրելով մեծաթիվ կորուստներ կարողացել է ճողոպրել մարտի դաշտում թողնելով մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

«Թուրքերն Արծվաշենի վրա հարձակվել են 13 անգամ: 1906 թ. հունվարի 19-ին (հին տոմարով հունվարի 6-ին) տեղի է ունենում Ղազախի, Գանձակի, Բայազեդի թուրքերի առաջին հարձակումը: Այդ դեպքերի մասին մամուլը նշել է.

«Շամշադինի հայ գիւղերէն Բաշքեանդի մէջ ալ տեղի ունեցած են ընդհարումներ, բայց շնորհիւ տեղացիներու խելամիտ կարգադրութեան եւ դաշնակցական քաջ երիտասարդներու հերոսական ինքնապաշտպանութեան, թուրքերը պարտուած են: Առաջին յարձակումը տեղի ունեցած է յունւարի 6-ին 4-5000 թուրքերու կողմէ, որոնք մեծ կորուստներ տալով յետ մղուած են»: «Հայրենիք», 10.05.1906: Նաև՝ «Յառաջ», 24.01.1906: Այդ դեպքերի մասին չափազանց արժեքավոր են Մ. Աստվածատրյանի հուշերը.

 

«1906 թ. հունվարի 19-ին հեռվից երեւաց թուրքերի ղոշունը (խառնամբոխը): Նրանք գալիս էին սայլերով, զինված ձիավորներով, առջեւում էր Սեիդ-մոլլան…: Ամբոխը մոտենում էր միանգամայն հանգիստ, համոզված, որ դիմադրություն չի լինի: Այդ համոզմունքն առավել ամրապընդվեց, երբ մոտիկից տեսան մեռյալ գյուղն ու մի քանի անտեր անասուններ: Իրենց հրետանային համազարկին պատասխան չստանալով թուրքերն ընդհուպ մոտեցան գյուղին…: Բաշքենդի մարտիկներն անհամբեր սպասում են Հայկի ազդանշանին:

Նա հրամայել էր խնայել փամփուշտները, թույլ տալ, որ թշնամին մոտենա դիրքերին մինչեւ 50-60 քայլ…: …Դիրքերում դրությունը հասնում է ծայրահեղ լարվածության: …Առաջին իսկ համազարկը շփոթեցնում է թուրքերին: …Շշմած թուրքերը ետ են քաշվում տալով մեծ թվով սպանվածներ ու վիրավորներ: Իսկ երբ որոտում է թնդանոթը, նրա արտառոց որոտից սարսափահար փախչում են՝ խուճապի մատնվելով: Հետո, ուշքի գալով, նորից են անցնում հարձակման: Մարտերը տևում են երկու օր: Պարտված թուրքերը սպանվածներին բարձում են սայլերին ու հեռացնում անառիկ Բաշքենդից: Սա առաջին հարձակումն էր Բաշքենդի վրա»:  (Նույն տեղում, էջ 531):

Արծվաշենի պատմությունը հայ ժողովրդի՝ հայրենի հողի հանդեպ ունեցած նվիրումի, տոկունության և ինքնապաշտպանության վառ վկայություններից է։ Գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ ստիպված են եղել պայքարել իրենց բնակավայրի, ընտանիքների և ազգային ինքնության պահպանման համար։

Սակայն Արծվաշենի պատմությունը չի սահմանափակվում միայն XIX դարի և XX դարասկզբի իրադարձություններով: Թշնամու հետ բախումներն ու ինքնապաշտպանական մարտերը շարունակվել են նաև հետագա տասնամյակներում։ Հաջորդիվ կանդրադառնանք 1918 թվականից հետո մինչև Արցախյան առաջին պատերազմն Արծվաշենում տեղի ունեցած մարտերին և գյուղի բնակիչների հերոսական պայքարին։

Զ. Շուշեցի




—

David Nargizian:
Related Post