Նոյեմբեր 1, 2026
Կառավարությունը 39 միլիոն 750 հազար դրամով կավելացնի 2026 թվականի պետական բյուջեի ծախսերը․ Արդարադատության նախարարության կողմից չզեկուցվող հարցերի փաթեթով նախագիծ էր ներկայացվել, որի նպատակն էր լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվճարունակության գործերով կառավարիչներին՝ իրենց մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար:
Հիմնավորումից տեղեկանում ենք, որ 2026 թվականի պետական բյուջեով «Սնանկության գործերով կառավարչական ծառայությունների ձեռքբերում» միջոցառման համար սկզբնապես նախատեսվել էր 85 միլիոն դրամ 1133 սնանկության գործի հաշվարկով, սակայն տարվա ընթացքում գործերի փաստացի քանակն արդեն գերազանցել է սպասումները. Արդարադատության նախարարությունն արդեն իսկ վճարել է 1166 գործի գծով փոխհատուցում․ օգոստոսի 17-ի դրությամբ բյուջեից ծախսվել է 84.5 մլն դրամ, իսկ սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար մնացել է ընդամենը 500 հազար դրամ մնացորդ:
Մինչդեռ, սեպտեմբերի 25-ի դրությամբ կառավարիչներից արդեն ստացվել են դիմումներ ևս 243 գործի համար (որոնց ֆինանսավորման պահանջը կազմում է 17.7 մլն դրամ), իսկ մինչև տարեվերջ կանխատեսվում է ևս 287 նոր գործի ավելացում: Ընդհանուր առմամբ, բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար անհրաժեշտ է դարձել ապահովել ևս 530 գործի ֆինանսավորում:
Որտե՞ղից են ներգրավվելու միջոցները
Լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գծով գանձված պետական տուրքերի հաշվին: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից այս տուրքերն ուղղվում են պետական բյուջե:
—