X
    Categories: News

Կգնա Մոսկվա՝ կհանձնվի… իսկ եթե ոչ, ա՛յ ապոկալիպսիսն այդ ժամանակ կլինի. Դավիթ

Հոկտեմբեր 30, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Համաձայն եմ Անուշ Սեդրակյանի հետ՝ երեկվա Ազգային ժողովի ծեծկռտուքն ավելի շատ վկայում է ճգնաժամի մասին: Բացարձակ կարևոր չէ՝ ով առաջինը հարվածեց: Դա ճգնաժամ է: Երեկ արձանագրեցինք, որ ԱԺ-ն ոչ միայն այն մարմինը չէ, որտեղ քաղաքական խոսույթ գոյություն չունի, այլև դա այն մարմինը չէ, ուր պետականամետ ու ազգային նպատակներից ելնելով՝ որոշումներ են կայացվում, որովհետև կա մի խումբ՝ իշխող ուժը, որն ազգային ու պետական շահով չի առաջնորդում, և կան ընդդիմադիր երկու ուժեր, ովքեր առավելագույնն են անում հակազդելու համար: Դա մի վայր է, ուր կա հակազդեցությունների ճգնաժամ:
  • Հաջորդիվ բերելու են Սահմանադրության փաթեթը… Բաներ կան, որ այս իշխանություններն ամեն կերպ պետք է անցկացնեն: Երեկվա ծեծկռտուքը դրա նախապատրաստության փուլն էր: Քանի որ համընդհանուր, հանրային հակազդեցություն էս պահին գոյություն չունի, Փաշինյանը բաց ասում է՝ ինչ է անելու: Բացեիբաց հայտարարում է, որ մեր Սահմանադրության նախաբանը հակապետական է: Ինչ ուզում, ասում է, որովհետև չկա դիմադրություն: 
  • Կան տեսակետներ, որ ԵԽԽՎ-ից լեգիտիմություն ապահովելու ճնշում կա: Այդ եզրահանգմանը քաղաքագետները հանգում են՝ ելնելով ԵԽԽՎ զեկույցից, որում ԲՀԿ-ի գողացված ձայների մասին դրույթ կար: Հիմա, ըստ էության, Փաշինյանն ասում է՝ Սահմանադրության նախագիծը կբերեմ ԱԺ, և եթե ինձ այդ 6 ձայնը պակասի, հանրային ճնշում կկազմակերպեմ Խորհրդարանի վրա, և եթե դա էլ չօգնի, կգնամ արտահերթ ընտրությունների: Նա բաց տեքստով ասում է իր մտադրությունների և անելիքների մասին:

Կարդացեք նաև

  • Ինչո՞ւ Ալիևը բոյկոտեց Էրդողանի հրավերը
  • Ահաբեկումը թափ է առնում. երբ թույլատրում ես լինել ագրեսիվ, անել ինչ ցանկանում են՝ ջարդել, փշրել, հավաստիացնում ես՝ իրենք դրա համար չեն պատժվելու. Նալչաջյան
  • Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան
  • Փաշինյանը հիմա բաց տեքստով ասում է՝ այո՛, Ադրբեջանի պահանջն եմ կատարում, բայց դա համընկնում է նաև մեր շահերի հետ: Հանրային հակազդեցության բացակայության պայմաններում ինքն ըստ էության «ազնվորեն» հանրության առաջ դնում է իր ծրագրերը: Ինքը մի քանի քայլ ընդդիմությունից առաջ է գնում: 
  • Ընդդիմության օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն:
  • Լյուդովիկոս 14-րդի փոշին նստել է իր վրա՝ պետությունը ես եմ: Հիմա էլ Հայաստանի հարատևության հարցն է իր հետ կապում:
  • Ցավոք, պիտի արձանագրենք, որ Ալիևը շատ լավ պատկերացնում է աշխարհաքաղաքական իրողությունները և կարողանում է հաշվարկելով իր երկրի շահերի օգտին ծառայեցնել: Իսկ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի միակ օրակարգն իրենց քաղաքական կյանքը ցանկացած գնով երկարաձգելն է, հետևաբար իրենք չեն էլ հետևում՝ նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններում ինչ կլինի, Թրամփի դիրքերն ինչպես կփոխվեն, Ուկրաինա-Ռուսաստան ճակատում ինչ վիճակ է՝ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որն ուշիուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը և դիրքավորվում համապատասխան կերպով:
  • Եթե մենք խոսում ենք Սյունիք մուտք ու ելքի մասին, այո, ես համաձայն եմ, որ TRIPP-ի վավերացմամբ մենք Սյունիքի վրա այլևս վերահսկողություն չունենք, բայց դա վերջը չէ: Եթե մեզ հաջողվի իշխանափոխություն անել, առկա կոնֆիգուրացիան փոխելու հնարավորություն միշտ կա: Իրան-ԱՄՆ հակամարտության ավարտից հետո Իրանն իր խոսքն ասելու է TRIPP-ի մասին: Եթե մենք աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներին բերենք ու մասնակիցը դարձնենք այդ հանգույցին՝ որպես Միջին միջանցքի մեծ հանգույցի մաս, փոխենք դրա նշանակությունը, մենք միշտ կարող ենք խաղալ: Այսօր արձանագրենք՝ ոչ թե կորցրեցինք Սյունիքը, այլ այսօր ունեցանք կորուստներ, որոնք վերականգնելու հնարավորություն՝ շատ բարդ ճանապարհով, բայց ունենք, որովհետև դու նախ և առաջ սեղանի տակից պիտի դուրս գաս ու սեղանի մոտ նստես: Եթե դու կարողանաս ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և ամենակարևորը՝ Իրանի շահերը բերես ու համադրես այստեղ, դու հնարավորություն միշտ ունենալու ես:
  • Այո՛, ԱՄՆ-ը պետք է նաև հաշվի նստի տարածաշրջանային այլ խաղացողների շահերի հետ, որոնք համընկնելու են մեր շահերի հետ: Իրանի ռազմավարական շահերը համընկնելու են մեր շահերի հետ: Աշխարհի առաջնահերթությունները բաշխելու գործընթացում տարբեր բաներ են քննարկելու: Բանակցային փաթեթի մեջ Իրանի շահն առնվազն Չինաստանն ու Ռուսաստանը կարող են ներառել: Ցավոք, մենք շատ մեծ ճիգեր պետք է գործադրենք, որ դառնանք բանակցային կողմ ու վերականգնենք մեր սուբյեկտայնությունը, բայց Իրան-Իսրայել, Իրան-ԱՄՆ թնջուկների մեջ Իրանի շահերը կարելի է համադրել մեր շահերի հետ: Հանգուցալուծումն ազգային ուժերի երևան գալն է, իշխանափոխությունը:

  • TRIPP-ի համաձայնագիրը միջազգային պայմանագրի ստատուս չունի և իր բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության առջև ֆինանսական պատասխանատվություն չունի: Բայց բերեցին Ազգային ժողով, որպեսզի կոլեգիալ պատասխանատվություն դնեն բոլորի վրա, արտաքին խաղացողներին ցույց տան: Ճիշտ է, ընդդիմությունը դիմադրեց, դեմ քվեարկեց TRIPP-ի նախագծին, բայց ՔՊ-ի 63 ձայնը բավարար եղավ այն վավերացնելու համար:
  • Ժողովուրդը ՔՊ-ին ձայն չի տվել, որ իրենք գնան, Կաթողիկոս փոխեն: Այդ 600 000 ձայնը, որ իրենք ստացել են, իրենց ձայն չեն տվել Կաթողիկոս փոխելու կամ Սյունիքը հանձնելու համար: Մարդիկ տարբեր շարժառիթներ են ունեցել իրենց ընտրելու համար, բայց ժողովուրդը մանդատ չի տվել նշվածն իրականացնելու համար:
  • Դիմադրության ճակատ ձևավորելը ոչ միայն պարտադիր է, այն հրամայական է: Քաղաքական դաշտը բազմազան է բայց իրական ընդդիմադիր դաշտում կան ուժեր, ովքեր կարող են համախմբվել օրակարգային մի քանի հարցերի շուրջ: Պետք է ձևակերպել ազգային-գաղափարախոսական հարցերն ու դնել սեղանի շուրջ: Կհորդորեի նախաձեռնել ընդդիմության համախմբման գործընթացը: Համախմբումը նաև ուժի ցուցադրություն է:
  • ԵԱՏՄ զեկույցի մեջ նշված 69-70% գազի գնի թանկացման թվի տակ հաշվարկներ ներկայացված չեն: Ստացվում է՝ ուղիղ 300 դոլարի հաշվարկից հետհաշվարկ են կատարել, որ ստացել են 177.5 դոլար: Հնարավոր է՝ գազի գինը դառնա 300 դոլար: Եթե սահմանի վրա գազի գինը դառնա 300 դոլար, մենք պետք է գումարենք ևս 100 դոլար, ու գազի գինը կլինի մոտ 400 դոլար: Մենք բոլորս գազ ենք սպառում: Ստացվում է՝ մեր աշխատավարձը նույնն է մնալու, բայց մեր ծախսերն ավելանալու են 70%-ով, էլեկտրաէներգիան՝ նույնպես, ամեն ինչ… Մեր գնողունակությունն ընկնելու է: Դա նշանակում է՝ մեր սպառման ծավալներն ընկնելու են: Գազի գնի թանկացումը կունենա նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ այն ապրանքների վրա, որոնք մենք արտադրում ենք՝ սննդամթերք, և այլն: Մենք հիմա արտահանման անկում ունենք: Նունիսկ էն արտահանելի ապրանքները, որոնց մեջ գազն ու էներգիան ինքնարժեքի հոդված էին, մրցունակ չեն լինելու դրսում: Այսինքն՝ ոչ միայն սահմանափակումներն են մեզ վրա ազդելու, այլև մեր արտադրած ապրանքներն էլ մրցունակ չեն լինելու: Պատահական չէ, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, որ եթե գազի գինը թանկանա, դա կլինի ապոկալիպտիկ սցենար, իսկ Մարտին Գալստյանը ոչ միայն տնտեսությունից ու հանրային ֆինանսների կառավարումից է հասկանում, այլև դրամավարկային քաղաքականության լավագույն մասնագետներից է: Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում, դա կոմպլիմենտ է ԿԲ նախագահի հասցեին:

  • Այո՛, Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, բայց ես չեմ բացառում, որ Փաշինյանի կողմից դեպի Ռուսաստան դեռ ռևերանսներ կլինեն: 
  • Ռուսաստանի նկատմամբ ռևերանսներ կլինեն նաև եվրոպական պետությունների կողմից: Հենց հիմա Գերմանիայում ռուսական գազից հրաժարվելու ապոկալիպտիկ սցենարի իրագործումն ենք տեսնում:
  • Եվրոպան կարողացավ ռուսական գազի այլընտրանքը գտնել, այն է՝ ԱՄՆ-ը ու Ադրբեջանը կարողացան այդ և այլ եվրոպական երկրների վրա թանկ գներով ռուսական գազը վաճառել:
  • Ռուսաստանի վարքագիծն էլ այդքան ազնիվ չէ մեր նկատմամբ: Ճիշտ է, մենք էլ մի բան չենք, անհուսալի ենք և ոչ վստահելի: Աշխարհում բոլորը շարժվում են իրենց շահով: Ոչ մեկը մեր տեղը չի կռվելու, ոչ մեկն իր առաջնահերթությունները թողած՝ չի ընկնելու մեր հետևից, բայց դա չի նշանակում, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջը չենք կարողանալու ասել՝ ինչո՞ւ քո պարտավորությունները չարեցիր: Մենք կարող ենք հակադրվել այս կամ այն երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի շահի հետ, եթե այդ շահը մեր շահի հետ չի համադրվում, բայց այդ ժամանակ Ռուսաստանն էլ կհասկանա, որ մենք իր շահի հետ հակադրվում ենք, որ մեր պետության շահերն առաջ տանենք, այլ ոչ թե առաջ տանենք իր թշնամու շահը: Ռուսաստանի այսօրվա պահանջը հասկանալի է, բայց այն զուտ քաղաքական է: Այո՛, ես համաձայն եմ Արարատ Միրզոյանի այն մտքի հետ, որ ՌԴ պահանջը մեր նկատմամբ քաղաքական է, բայց հենց այդպես էլ պետք է լինի: Երբ դու համագործակցում ես Ռուսաստանի թիվ 1 թշնամու՝ Եվրոպայի հետ, ինքը լեգիտիմ իրավունք ունի քեզ հարցեր ուղղելու: Ռուսաստանն էլ որոշ դեպքերում մեր շահերի դեմ բանակցությունների է գնացել մեր թշնամիների հետ: Ռուսաստանը սա էլ պետք է հասկանա ու հաշվի նստի այն փաստի հետ, որ մենք էլ իրեն հարցեր ունենք:
  • Պուտին-Փաշինյան հավանական հանդիպման ամսաթիվ չկա: Ընդ որում, ռուսական կողմն է ասել՝ կգաս Մոսկվա, կխոսենք: Սա էլ սպասում է՝ երբ իրեն կկանչեն Մոսկվա: Բայց ռուսական կողմն ակնկալում է, որ սա իրենց հարցերի հստակ պատասխաններով պետք է գնա Մոսկվա: Ենթադրվում է՝ մինչև հանդիպման անոնսավորումը բազմաթիվ իրադարձություններ կարող են տեղի ունենալ:

  • Եթե գնա Մոսկվա ու ասի՝ գնում եմ Եվրամիություն, ինչ ուզում եք՝ արեք, արդեն ոչ թե ապոկալիպտիկ սցենարի հետ գործ կունենանք, այլ հենց ապոկալիպսիսի հետ: Հայաստանը դառնում է անպաշտպան մի տարածք, մենք մնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի բաց երախի առաջ մեն մենակ: Մենք այս պահին ռազմական, արտաքին-անվտանգային այլընտրանք չունենք: Տարբեր երկրներից կարող ես զենք ձեռք բերել, բայց դու ոչ մի պայմանագիր ու համաձայնագիր չունես որևէ երկրի հետ, որը գալու է ու քո արտաքին անվտանգային բացերը փակի: Հիմա, լավ թե վատ, ՀԱՊԿ-ը կա, եթե դա էլ չլինի, 102-րդ ռազմաբազան ու սահմանապահներին էլ հանես, ի՞նչ ես անելու: Մնում ես միայնակ, և թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ կվարվի այնպես, ինչպես կթելադրի իր քաղաքական նպատակահարմարությունը: Կարող է լինել նաև տնտեսական և ժողովրդագրական ինտերվենցիա: Անպայման չէ՝ տանկերով մտնեն, կամաց-կամաց… այդ 300 000 ադրբեջանցիներն էլ կգան Հայաստան, տներից կհանեն, կհիմնավորվեն…
  • Այո, համոզված եմ, եթե Իրանը մտավ Սյունիք, կյանքում չի գնա այդտեղից: Իրանը մեզ բարեկամ ու դաշնակից երկիր է, բայց նույն իրանցու հետ եթե դու զրուցում ես, ինքն է ասում՝ ի՞նչ եք կարծում, եթե մենք գանք, հետո դուրս կգա՞նք էդտեղից… Իհարկե, չէ: 
  • Ես կարծում եմ, որ Մոսկվայի հանդիպումը լինելու է մի քիչ ավելի ուշ և լինելու է հակառակը. գնալու է՝ հանձնվի: Բայց ոչ մի սցենար մեզ համար լավը չէ: Իր քայլերի արդյունքում՝ երկու կողմերն էլ իրեն դեմ են տվել պատին… Որևէ ընտրություն մեզ համար ցավալի է լինելու: Մեկը՝ մեծ ծավալներով, մյուսը՝ որոշակիորեն փոքր ծավալներով: Նախկինում կոմպլեմենտար քաղաքականություն էինք վարում, որպեսզի ունենայինք բալանսավորված քաղաքականություն, հիմա դու եկել, պատին ես դեմ առել, որ կա՛մ էս պիտի ընտրես, կա՛մ էն: Երկուսն էլ չարիք են: Մեկին ընտրելը չարիք է մյուս կողմից: Սրան ընտրելը չարիք է էս կողմից: Մենք եկել ենք այն իրավիճակին, որ մեր ղեկավարն ընտրություն պիտի անի չարիքներից վատի ու վատագույնի մեջ: 
  • Ցանկացած օրակարգ, որ Փաշինյանն այսօր սպասարկում է, անձամբ իր և ՔՊ-ի քաղաքական կյանքը երկարաձգելու համար է արվում: Այո՛, ինքը խաղում է ժամանակի վրա: Ու դրա համար ինքը պետք է քաղաքական դաշտը մասնատի, ժողովրդին ավելի անտարբեր դարձնի… Կարծում եմ՝ ունի հետազոտություններ, որ եթե 3-4 ամիս հետո գնա արտահերթ ընտրությունների, ինքը կունենա այդ սահմանադրական մեծամասնությունը:
  • Եթե ՔՊ-ն ՏԻՄ-երի իրական պատկերն է ուզում տեսնել, պետք է նայի մասնակցությանը: Այն 5 տեղերում, ուր ՔՊ-ն մրցակից չի ունեցել և հավաքել է 92-97 % ձայներ, եղել է մոտ 39% մասնակցություն: Իրենք պետք է սրա մասին մտածեն, որ որտեղ ՔՊ-ն եղել է միակ առաջադրվածը, ժողովուրդն ընտրության չի գնացել: Փաշինյանը պայքարի նոր ասպարեզ է դնում քաղաքական դաշտում, ուզում է ունենալ իր ուզած ընդդիմությունը:

  • Այսօր Հայաստանում ընտրապայքարի դաշտը քաղաքական առումով գրավիչ չէ, բայց վտանգավոր է: Այսօր մարդիկ ընտրությունների գնալը համեմատում են արկածախնդրության հետ: Իշխանությունը միտումնավոր այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ ՔՊ-ն լինի մրցակցությունից դուրս:
  • Պատմությունը ցույց է տալիս, որ սրանց ընտրություններով հեռացնելը հեռանկարային առումով իրագործելի չէ, կա՛մ պետք է ժողովրդական զարթոնք լինի, կա՛մ ընտրությունները և ժողովրդական զարթոնքը՝ միասին: Իմ կարծիքով՝ լավագույն սցենարը երկուսն իրար հետ իրագործումն է: Դրա համար պետք է ոչ թե քաղաքական ուժերի միավորվելու, այլ համախմբման առաջարկ, ու դա միակ ելքն է: Կարողությունների ու ռեսուրսների համախմբումը ժողովրդին պետք է ոտքի հանի: Պետք է համախմբվել գաղափարի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Ara Felekian:
Related Post