X
    Categories: News

«Թրամփի երթուղին»՝ Հայաստանի հարավի բնական պաշարների նշանառությամբ

Հոկտեմբեր 28, 2026

Մինչ Բաքվում դժգոհում են ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի»՝ Սյունիքի հատվածում որևէ երթևեկության բացակայությունից, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Թրամփի երթուղին՝ հանուն խաղաղության և բարգավաճման» (TRIPP) համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որը կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի ծայրահեղ հարավով կապելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև՝ Թուրքիայի հետ:

Չնայած TRIPP նախաձեռնության նկատմամբ ընդդիմադիր պատգամավորների չեզոք կամ բացասական վերաբերմունքին՝ գործընթացի դրական արդյունքի վերաբերյալ կասկածները բացառված են, և շինարարական աշխատանքները, այնուամենայնիվ, կսկսվեն նոր՝ 2027 թվականի գալուստով, կամ նույնիսկ ավելի շուտ, խոստանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ երթուղու բացումը կհեշտացնի Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ սահմանների հատումը: Բացի ավտոմոբիլային ճանապարհից և երկաթուղուց՝ Սյունիքի մարզով կարող են անցկացվել նավթագազային զարկերակներ։ Միևնույն ժամանակ Հայաստանը կպահպանի սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ պարտավորվելով արդյունավետ կառավարել սահմանները, և իրավասու է պահպանել ֆիզիկական ներկայությունը սահմանային հսկողության բոլոր կետերում:

«Մեր և Ադրբեջանի միջև կա նաև ընկալում, որ արգելված բեռներ չեն տեղափոխվի, օրինակ՝ զենք-զինամթերք կամ վտանգավոր քիմիական նյութեր»,- վստահեցրել է Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում գովազդելով TRIPP պայմանագրի նախագիծը: Նրա խոսքով՝ առկա է բեռների և ապրանքների հստակ ցանկ, որոնք համաձայնեցված են համապատասխան փաստաթղթերում Երևանի և նրա գործընկերների միջև, և Ադրբեջանն այդ առումով, իբր, բացառություն չի լինի, հասկացրել է հայկական դիվանագիտության ղեկավարը: Կան նաև ապրանքների կատեգորիաներ, որոնց տեղափոխումը պահանջում է նախնական համաձայնեցում։

Կարդացեք նաև

  • Դիկտատորը՝ ուղիղ եթերում   
  • Վազգեն Սարգսյանը երբեք Մեղրին հանձնելուն կողմ չի եղել. Իրանի դեմ օգտագործվելու պրիզը՝ Սյունիքը՝ Ալիևին, միլիոնները՝ Թրամփի ընտանիքին, մեր առաջ էլ մի ոսկոր կնետեն. Լևոն Զուրաբյան  
  • Աննա Հակոբյան, բա կրթեք ձեր նշանակած վախեցնողներին․ Անուշ Պողոսյան

Բացի այդ, Հայաստանի կառավարության օրակարգում է դեպի Կապան և Մեղրի երկաթուղային երթուղու վերականգնումը: Ենթադրվում է, որ դա կօգնի այնտեղի հանքերի աշխատանքին։ Հայաստանի իշխանությունները «շահագրգռված են, որ երկրում մոտ ապագայում աշխատի նաև Մեղրիի երկաթգիծը, ինչպես նաև այդ ճյուղի շարունակությունը մինչև մետալուրգիական Կապան և Զանգեզուրի կոմբինատ»,- հոկտեմբերի 7-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդային տարիներին երկաթուղին Երևանից Երասխով և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունով անցնում էր մինչև Մեղրի, ապա արդեն Ադրբեջանական ԽՍՀ տարածքից (Մինջիվան կայարանից)՝ «Անդրկովկասի Տրանսսիբից» ճյուղը մեկնում էր հայկական Կապան (գրեթե 40 կմ): Այս գիծը չի աշխատում 1990 թվականից։

1970-ականների վերջին ԽՍՀՄ Միջխորհրդարանական միությունում հավանության արժանացած նախագիծ էր առաջարկվում՝ Կապանից մինչև ադրբեջանական Աղդամ կայարան (մոտ 130 կմ երկարությամբ) գիծը Գորիս, Լաչին և այն ժամանակվա Ստեփանակերտ (ԼՂԻՄ վարչական կենտրոն) տարածքով երկարացնելու համար։

Սակայն նախագիծը չիրականացավ՝ հիմնականում այդ գծի կառավարման շուրջ Բաքվի և Երևանի վեճի պատճառով։ Բաքվում պնդում էին, որ այն պետք է կառավարվի ադրբեջանական երկաթուղիների կողմից, ինչպես դա վերաբերում էր Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ընկած հատվածին՝ Մեղրիի շրջանում՝ Հայաստանի հեռավոր հարավում (մոտ 40 կմ երկարությամբ)։ Երևանում առաջարկում էին ապագա գծի համատեղ կառավարում, ինչին Բաքվում չէին համաձայնում։

Փաշինյանի կարծիքով՝ մինչև Կապան շարժումը վերականգնելը «միանգամայն իրատեսական է այն բանից հետո, երբ վերջնականապես խաղաղություն հաստատվի Ադրբեջանի հետ։ Երկաթուղին կարևոր է նաև Զանգեզուրի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների լիարժեք աշխատանքի համար՝ հաշվի առնելով նաև այնտեղ ավտոճանապարհների ներկայիս ծանրաբեռնվածությունը»: Հատկանշական է, որ Փաշինյանը նկատի ունի Կապանի շրջանի հետ Ադրբեջանի տարածքից հաղորդակցության «սովետական» տարբերակի վերսկսումը… 

Նա նաև պարզաբանել է, որ դա «միանգամայն հնարավոր կդառնա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին համաձայնագրերի հիման վրա, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից։ Այդ ժամանակ Ադրբեջանը հնարավորություն կստանա Նախիջևանի հետ հաղորդակցվելու Սյունիքի տարածքով, իսկ Հայաստանը՝ Արարատի և Սյունիքի մարզերի միջև՝ Նախիջևանի տարածքով»:

Հաղորդվում է, որ Հայաստանի կառավարությունն արդեն մրցույթ է հայտարարել Երասխից մինչև Նախիջևանի սահման՝ սահմանային երկաթուղային հանգույցի վերականգնման համար:

Ինչ վերաբերում է նշված մետալուրգիական օբյեկտներին, ապա հարկ է հիշեցնել, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը վաղուց է Կապանի մոտակայքում շահագործում Շահումյանի խոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Հանքավայրին կից գործող այս լեռնահարստացման կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան ևս վերամշակում է ոսկի պարունակող հանքաքարը՝ Մեղրիի շրջանի հյուսիսում գտնվող Լիճքվազ-Թեյ հանքավայրում տարբեր «հազվագյուտ քարերի» և այլ մետաղական հումքի արդյունահանմամբ: 

Կապանի մոտակայքում բազմամետաղային հանքաքարերի ընդհանուր հետախուզված պաշարները  ներկայումս գնահատվում են մոտ 20 մլն տոննա, պոտենցիալ պաշարները՝ առնվազն 28,5 մլն տոննա: Այստեղ հանքաքարը պարունակում է պղինձ (միջին պարունակությունը՝ մոտավորապես 1,55%), ոսկի (միջին պարունակությունը՝ 0,0945-4,3 գ/տ՝ կախված տեղանքից), արծաթ (մոտ 8,02 գ/տ), ինչպես նաև ցինկ, բիսմութ, մոլիբդեն, տարբեր «հազվագյուտ նյութեր»։ Հաշվի առնելով Անդրկովկասի համար «Թրամփի երթուղու» դերի մասին Փաշինյանի հայտնի կարծիքը՝ չի բացառվում, որ նշված շտեմարաններն առարկայորեն հետաքրքրում են ամերիկյան կորպորացիաներին այնպես, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի այլ շրջաններում։ 

ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Karakhanian Suren:
Related Post