X
    Categories: News

Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք. գլխից գնդակահարես՝ արտահերթի չ

Հոկտեմբեր 27, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների։ Այդ մասին նա լրագրողներին ասաց իր գործով դատական նիստից առաջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր Սահմանադրության ընդունման համար։

«Փաշինյանին գնդակահարես էլ, չի գնա արտահերթ ընտրության. մեկ միլիարդ դոլար ծախսելով` հազիվ կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել։ Մեզ պետականամետ, լոյալ իշխանություն է պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է ու ազգասեր»,- նշեց նա։

Սամվել Կարապետյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն ընդդիմության համար այնքան լավ չեն անցել` հաշվի առնելով ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։

«ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների, կարելի է ասել, քաղաքական պանիխիդան էր, մի քանի ամսից կսկսվի թաղման պրոցեսը»,- վստահեցրեց նա։

Հարցին` մյուս համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» կունենա՞ իր թեկնածուները, Սամվել Կարապետյանը ժպիտով արձագանքեց.

«Բոլորը ձերբակալված են, էլ մարդ չունենք, որ առաջադրենք, ո՞ւմ առաջադրենք։ Օրինակ` հիմա Սպիտակում առաջադրել ենք, ինձ թվում է` շուտով իրեն էլ կձերբակալեն»։

Նա անդրադարձավ նաև ռուսական գազի գնի հնարավոր բարձրացմանը` վստահեցնելով, որ այդ հարցն ամբողջովին կախված է Փաշինյանի խելքից ու շնորքից, ապա հեգնանքով ավելացրեց.

«Ինքն ուժեղ բանակցող է, ես վստահ եմ, որ ինքը կգնա ու կխնդրի, որ թանկացնեն գազը։ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդին աղքատացնելն է։ Այն համանյքներում, որտեղ աղքատության շատ բարձր մակարդակ կա, Փաշինյանը շատ բարձր ձայեր է հավաքում, իսկ համեմատաբար ավելի բարեկեցիկ համայնքներում` ոչ»։

Ինչ վերաբերում է TRIPP–ի գործարկմանը, ապա Կարապետյանի կարծիքով` այն շատ մեծ վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար։

«Օրինակ` կարող են TRIPP–ը որպես միջանցք բացել ու մեզ ցտեսություն ասել, ու նույն վտանգները կախված կմնան մեր երկրի գլխին»,- ընդգծեց նա։

—

Vorskanian Yeghisabet:
Related Post