X
    Categories: News

Հայ վրիժառուներն ապշեցուցիչ են. ԱՄՆ ԿՀՎ գաղտնի զեկույցը հայ վրիժառուների մասի

Հոկտեմբեր 25, 2026

1983 թվականի հուլիսի 15-ին Ֆրանսիայի Օռլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը դարձավ ASALA-ի պատմության ամենաաղմկահարույց միջադեպերից մեկը։ Պայթյունը տեղի ունեցավ Turkish Airlines-ի գրանցման սեղանի մոտ՝ խլելով 8 մարդու կյանք և վիրավորելով շուրջ 55 մարդու։ Զոհերի թվում էին տարբեր ազգությունների քաղաքացիներ։

ASALA-ն հայտարարեց, որ հարձակումը կապված էր Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի դեմ իր պայքարի հետ։ Սակայն գործողության հետևանքով զոհվեցին նաև քաղաքացիական անձինք: Այդ ամենը միջազգային լայն քննարկման առարկա դարձավ ո՛չ միայն մամուլում, այլ նաև գերտերությունների քաղաքական կուլիսներում: Հարձակման գործով ֆրանսիական դատարանը Վարուժան Կարապետյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։ 2001 թվականին նա ազատ արձակվեց և արտաքսվեց Հայաստան։

Նույն թվականի օգոստոսին այդ հարցը չվրիպեց նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից: 1983 թվականի օգոստոսի 30-ին կազմված երկարածավալ զեկույցում ներկայացվում է, թե հայ վրիժառուներն ինչ գործողություններ են իրականացնում, ովքեր են հատկապես թիրախավորվում և ինչ արդյունքներ են գրանցել: Հարկ է նշել, որ ԱՄՆ ԿՀՎ զեկույցի հեղինակը չի թաքցնում իր հիացմունքը, հատկապես, թե ինչպիսի կայացած ու պրոֆեսիոնալ կառույց է ASALA-ն: Ստորև ներկայացնում ենք զեկույցից վերցված հատվածը.

Կարդացեք նաև

  • Սփյուռքը չե՛ք լռեցնի. մենք չենք լսում՝ ինչ են ասում Փաշինյանը, Բաքուն կամ Թուրքիան, մենք մեր գործն ենք անում. Եղիսաբեթ Չուլջյան
  • 35 տարվա ընթացքում չեմ տեսել խաղաղության որևէ գործընթաց՝ պատանդների առկայությամբ. Հրայր Բալյան
  • Գժանոց է. նա անգամ ակնարկեց, որ Ռուսաստանն է մեղավոր Հայոց ցեղասպանության մեջ. Արթուր Խաչիկյան

 

«Ճամպրուկի մեջ տեղադրված ռումբը, որը հուլիսի 15-ին Փարիզի Օռլի օդանավակայանում սպանեց Թուրքական ավիաուղիների ինքնաթիռ նստելիս սպասող յոթ մարդու, ստիպել է արևմտյան հետախուզության և հակաահաբեկչության փորձագետներին թերթել իրենց արխիվները՝ տեղեկություններ որոնելու այն հայկական խմբավորման մասին, որը ստանձնել է մահաբեր պայթյունի պատասխանատվությունը:

Հարձակումը, որը հայերի՝ ընդդեմ Թուրքիայի անզիջում պայքարի ամենաարյունալի դրվագներից մեկն է, պարտադիր չէ, որ նշանակի բռնության սրում, ասում են փորձագետները, սակայն նրանք մտահոգություն են հայտնում առնչվող երկու հիմնական խմբավորումների ռեսուրսների և հնարավորությունների մասին հիմնական տեղեկությունների բացակայության կապակցությամբ:

Նրանք նաև անհանգստացած են հայկական ահաբեկչական գործունեության բնույթի որակական փոփոխությամբ՝ առանց խտրականության թիրախավորելու: Չնայած նրանք համեմատաբար նորեկներ են միջազգային ահաբեկչության մութ աշխարհում, հայերն ունեն քաղաքական բռնության տպավորիչ «ցուցանիշներ»:

Ըստ Թուրքիայի կառավարության տվյալների՝ վերջին տասնամյակի ընթացքում նրանք աշխարհով մեկ սպանել են ավելի քան 30 մարդու, հիմնականում՝ թուրք դիվանագետների: Անցյալ շաբաթվա Օռլիի պայթյունին նախորդող օրը Բրյուսելում գտնվող իր տան մոտ գնդակահարվել էր ևս մեկ թուրք պաշտոնյա: Հարձակումների աշխարհագրական ընդգրկվածությունը նույնպես ապշեցուցիչ է: Արևելյան և Արևմտյան Եվրոպան, Կանադան և Ավստրալիան բոլորն էլ տուժել են հայկական բռնություններից:

Ըստ (FBI) տվյալների՝ 1982 թվականին Միացյալ Նահանգներում գրանցվել է պաշտոնապես սահմանված հայկական «ահաբեկչական» հինգ միջադեպ՝ երկու ռմբակոծության փորձ, մեկ ռմբակոծություն և երկու սպանություն:

Հայերն ասում են, որ իրենք վրեժ են լուծում օսմանյան թուրքերի կողմից 1896-1915 թվականներին իրենց 1,5 միլիոն հայրենակիցների կոտորածի համար, սակայն թուրքական հաջորդական կառավարությունները հրաժարվել են ընդունել սպանությունների պատասխանատվությունը կամ հայերի նշած թվերը: Հայտնի երկու խմբերից ամենահայտնին և խոշորը Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակն է (ASALA):

Դրա գաղափարախոսությունը մարքսիստական է և հետևաբար տեսականորեն ինտերնացիոնալիստական, բայց թվում է, թե այն իրական հետաքրքրություն չունի, բացի թուրքերին թիրախավորելուց: «Քաղաքական տեսության նրանց ըմբռնումը մոտավորապես չորրորդ դասարանի մակարդակի վրա է, բայց նրանք անկասկած շատ նվիրված են»,- ասել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը:

«Կարելի է ասել, որ այս խմբերն ամենամահաբերն են շրջապատում, և եթե նրանք ամենամահաբերները չեն, ապա անկասկած դրանց թվում են»: Հովարդ Բեյնը, ԿՀՎ-ի (CIA) հակաահաբեկչության տնօրենը մինչև 1980 թվականը, ASALA-ն բնութագրել է որպես միջազգային բոլոր ահաբեկչական խմբերից «հավանաբար ամենատպավորիչը՝ արդյունավետության առումով»: «Նրանք դաժան են»,- ասել է նա: «Նրանք պատանդներ չեն վերցնում բանակցելու համար: Սա ուղղակի սպանություն է»:

Հիմնադրված լինելով Բեյրութում 1975 թվականին՝ ASALA-ն դաշնակցել է պաղեստինցիների և լիբանանցի մուսուլմանների հետ երկրի քրիստոնյաների դեմ նրանց դառը քաղաքացիական պատերազմում:

Նրանք սերտ կապեր են հաստատել պաղեստինյան արմատական խմբավորումների հետ, ինչպիսին է Ջորջ Հաբաշի «Ազատագրության պաղեստինյան ժողովրդական ճակատը»: Անցյալ ամառ, երբ Իսրայելը ներխուժեց Լիբանան և դուրս մղեց պաղեստինցիներին ու նրանց դաշնակիցներին Բեյրութից, ASALA-ն կորցրեց իր հենակետը: Դրանից հետո, փորձագետների կարծիքով, խումբը կարող է վերատեղակայվել Դամասկոսում: Դրա ապացույցներից մեկն այն է, որ խմբի վերջերս ձերբակալված մի քանի անդամներ հայկական ծագումով սիրիացիներ են:

Գարպիճյանը ստանձնել է Օռլիի պայթյունի պատասխանատվությունը, սիրիական ծագում ունի, ինչպես նաև ASALA-ի այն անդամը, որը դատապարտվում է Լոնդոնում՝ Բրիտանիայում թուրք դեսպանի դեմ սպանության դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Բայց որոշ վերջին հայտարարություններ արվել են Աթենքից: Ըստ փորձագետների՝ ASALA-ն չի վարանում սպանել ոչ թուրք պատահական անցորդներին, որոնք գտնվում են թուրք մարդու թիրախների մոտ, և նախընտրում է ռմբակոծությունները հրաձգություններից»: (Տես՝ ARMENIAN GROUP REPORTS SLAYINGS):

ԿՀՎ-ի 1983 թվականի զեկույցը կարևոր պատմական փաստաթուղթ է՝ հասկանալու, թե ինչպես էին ԱՄՆ հետախուզական շրջանակները գնահատում ASALA-ի կազմակերպվածությունը, գործելակերպը և քաղաքական ազդեցությունը։

Այն միաժամանակ վկայում է, թե ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական արդարության պահանջը միջազգային քաղաքականության մեջ առնչվեց զինված պայքարի ու քաղաքացիական զոհերի ողբերգական հետևանքներին։ Քանի որ աշխարհն այդպես էլ չէր ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ արդարության վերականգնման միակ ճանապարհը մնացել և մնում է վրեժը:

Զ. Շուշեցի




—

Bedik Zaminian:
Related Post