Հոկտեմբեր 23, 2026
Վերջերս բավական պատկառելի թվով՝ հարյուրից ավելի գիտնականների ստորագրությամբ բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Դրանում նույնքան պատկառելի գիտնականները զգուշորեն դժգոհություն են հայտնում հաջորդ տարի գիտության ոլորտի պետական ֆինանսավորման չափի առիթով: Ոչ ակադեմիական լեզվով ասած՝ բողոքում են փողի պակասից:
Կրթության նախարարը նախօրեին հանդիպել է մի քանի գիտնականի հետ, իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հասցրել է մուննաթ գալ գիտնականների նամակի առթիվ՝ հայտարարելով, որ նման նամակները չի կարդում, «իգնոր է անելու» և ջնջելու է։ Գիտնականները դեռևս չեն հրապարակել իրենց դիրքորոշումը՝ իրենց նամակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից «թքած ունենալու նուրբ» արվեստը ոճով անդրադարձի կապակցությամբ: Երևի դեռ մտածում են: Ի վերջո, գիտնական մարդիկ են: Հարյուրից ավելի: Մեկը մյուսից պատկառելի:
Իրականում այս պատմությունը քիչ կապ ունի իրական գիտության ու ակադեմիականության հետ՝ հասկացության հանրային ու քաղաքացիական իմաստով: Ճիշտ հակառակը՝ սա պատմություն է Հայաստանում գիտնականների նոմինալ գոյության ու առատության, բայց միևնույն ժամանակ՝ ակադեմիական ազատության, գիտական մտքի ազատության չգոյության մասին:
Գիտնականները միայն գիտական արդյունք ստեղծող մարդիկ չեն, ավելի խոր ու լայն իմաստով՝ նրանք մարդիկ են, ում համար ազատությունը, առաջին հերթին՝ մտքի, գաղափարական, խոսքի ազատությունը պետք է ամեն ինչից վեր լինի: Առանց մտքի ազատության չի կարող իրական ու ազնիվ գիտություն ստեղծվել, որքան էլ պատահում են նաև հակառակի մասին վկայող դեպքեր:
Գիտնականները՝ որպես հավաքականություն, որպես մտավոր շերտի վերնախավ, նորմալ հասարակությունում ազատության, ազատամտության ու ինտելեկտուալ համարձակության մարմնավորողն ու էտալոնն են:
Հայաստանում, չհաշված առանձին վերցրած գիտնականների, գիտական համայնքն իրենից ներկայացնում է իշխանությանը լոյալ, վախվորած, հաճախ կամազուրկ, դրամաշնորհների սպասող մարդկանց միավորում, որոնց անդամների մեծ մասը պատրաստ է խոնարհվել միջին մակարդակի ցանկացած չինովնիկի առաջ, իսկ բարձրաստիճան պաշտոնյային մոտ գտնվելու համար անգամ ուրանալ սեփական ազգանունը:
Ասվածը բառացի տեղի չի ունեցել, իհարկե: Բայց բովանդակային առումով գիտնականների հավաքական լռությունն անցած 6 տարիներին՝ Արցախի կորստից, Հայաստանին պատուհասած աղետներից հետո, նույնն է՝ ինչ ազգանվան կամ հավատամքի ուրացումը:
Չհաշված էլի մի քանի անհատների, անցած տարիներին գիտական համայնքը՝ որպես միասնական շերտ, գրեթե լուռ է մնացել բոլոր ողբերգությունների ժամանակ, հանցավոր անտարբերությամբ հետևել է պետական ինստիտուտների դեգրադացմանը, ազգային ինքնության, հիշողության, պատմության դեմ վարվող քաղաքականությանը, սակայն այսօր միասնաբար դժգոոհում է… փողի պակասից:
Գիտնականների պահանջն իրականում չի վերաբերում գիտության ֆինանսավորմանը: Դա պահանջ է իշխանության կողմից իրենց հավաքական լոյալության, լռության դիմաց վճարի մասին:
Գիտնականները նամակում չեն գրում, բայց հասկացողը հասկանում է, որ նրանք բողոքում են սեփական ազատության դիմաց իշխանության վճարի չափից:
Ասվածը, բնականաբար, չի վերաբերում բոլոր գիտնականներին, այդ թվում՝ այդ նամակը ստորագրած: Նրանց թվում ևս կան բազմաթիվ իրապես պատվարժան ու քաղաքացիական հստակ կեցվածք ունեցող գործիչներ, որոնց լինելիությունը, սակայն, չի ազդում որպես հավաքականության՝ գիտնականների խոսուն լռության վրա, որը Նիկոլ Փաշինյանը, լսելու փոխարեն՝ «իգնոր է անում»:
Հարություն Ավետիսյան
—