Հոկտեմբեր 23, 2026
Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու սցենարը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե չկարողանան ընդդիմությանը համոզել, որ ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի և ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա հնարավոր է գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Կփորձենք մեր ընդդիմադիր գործընկերներին համոզել, որ սա շատ սկզբունքային հարց է և սա ՀՀ պետության հարատևությունը որոշելու ու լուծելու հարցն է։ Կփորձենք համոզել, չստացվեց, ուրեմն՝ կգնանք ուրիշ սցենարով, այդ թվում՝ կարող ենք և արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է։
Ամեն դեպքում ինձ համար խնդիր է, որ ըստ էության ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ և Սահմանադրության փոփոխության, և խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման։ Կարծում եմ, եթե ՀՀ ժողովուրդն ուզում է այս հանձնառությունը տեսնել իրագործված, ուրեմն՝ մենք միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք։ Եթե ժողովուրդը չի տեսնում այդ առաքելությունն իրագործելու հանձնառությունը, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է։ Հետևաբար՝ սա ինձ համար չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն արտահերթ ընտրությունների գնալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունում որևէ զարմանալի բան չի տեսնում, տրամաբանական է, եթե նման բան տեղի ունենա՝ քաղաքական գործընթաց է։
«Թե այս ամենի բուն նպատակը որն է, հիմա մի կողմ թողնենք։ Նիկոլ Փաշինյանն այդ գիծն է առաջ տանում, որի արձագանքն «Ուժեղ Հայաստանի» կողմից արդեն կա, ասել են, որ դեմ են լինելու, այնպես որ, կարող է գնալ արտահերթ ընտրությունների։ Այսինքն՝ Փաշինյանն այս պահին իր նպատակին հասավ՝ նա իր ընտրողներին և չընտրողներից որոշներին հասկացնում է, թե՝ «տեսեք, ընդդիմությունը կառուցողական չէ, պետք է գնանք ընտրությունների, ինձ մի քիչ ավելի ձայն կտաք, որ ընտրվեմ, ու խուսափենք պատերազմից»։ Նիկոլ Փաշինյանն իր այդ առաջարկով քաղաքական հակառակորդներին հրավիրում է «բլիժնի բոյի»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունն ընդառաջ քայլ պետք է կատարի այս առաջարկին ու ասի՝ կողմ են Սահմանադրության փոփոխությանը, բայց ոչ այն տարբերակով, որը Նիկոլ Փաշինյանն է ուզում։ Ավելին՝ ըստ նրա, ընդդիմությունը պետք է ասի՝ այս-այս հոդվածների հետ կապված ունեն առաջարկություններ, եթե ՔՊ-ն կընդունի այդ առաջարկները, ապա կարող են ասել, որ կողմ կքվեարկեն փոփոխություններին, եթե չընդունի՝ չեն քվեարկելու։
Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ցանկությունն այն է, որ Սահմանադրությունը փոխի, իսկ Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք համաձայն չեն Սահմանադրության այս կամ այն հոդվածի հետ, բայց ամբողջ խնդիրն այստեղ Անկախության հռչակագիրը փոխելու նպատակն է։
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագիրը, քանի որ նա Ադրբեջանի հետ միասին կարծում է, որ այնտեղ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Բայց այդ խնդիրն ունի հասարակ լուծում, ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին կարող է ասել՝ եկեք մեկ պարբերույթ ավելացնենք, որտեղ հստակ կարող ենք արձանագրել, որ տարածքային պահանջ չունենք աշխարհի որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Այս ամենը գրենք, անցնենք առաջ, ի՞նչ գործ ունեք Հռչակագրի հետ»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։
Նա վստահ է՝ եթե ընդդիմությունը հանդես գա նման հայտարարությամբ, ապա շատ քաղաքացիների համակրանքը կշահի, բայց երբ ասում է, որ դեմ է՝ դրանից շահում է միայն Նիկոլ Փաշինյանը։
«Փաշինյանի ուզածը սա է, որ ընդդիմությունը դեմ լինի, վաղը-մյուս օրը պատերազմով կվախեցնի, ընտրություններ կանցկացնի, 7 մանդատ ավելին կտանի ու կանի իր ուզած փոփոխությունը։ Ըստ իս, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի մի 6 հոգի իրենով անել, ոչ մեկին չեմ կասկածում, բայց կանի։ Այդպես էլ չլինի, Նիկոլ Փաշինյանը զապաս տարբերակով գնում է առաջ։ Նա «Ուժեղ Հայաստանի» ակտիվին վնասազերծում է ու շարունակելու է այդպես անել և կարող է հասնել իր նպատակին, Աստված ոչ անի։ Իհարկե, ամեն ինչ պետք է անել, որպեսզի նա իր նպատակին չհասնի, բայց դեռ նրան հաջողվում է»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։
—