Հոկտեմբեր 21, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Լրահոսում տեսա, որ եվրոպացիներն ինչ-որ ֆորմատ են առաջարկել ռուսներին՝ Ուկրաինայի տարածքների որոշակի կորստով, բայց պայմանով, որ Ուկրաինայի մնացած մասը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Սա արդեն իսկ դատապարտված նախաձեռնություն է, որովհետև ռուսներին Ուկրաինայի տարածքները չեն հետաքրքրում, այլ նրա չեզոքությունը: Ակնհայտ է, սակայն, որ Ուկրաինայում խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ լուրջ տեղաշարժեր կան: Տեսանելի է՝ Ուկրաինային շատ դաժան ձմեռ է սպասում: Ռուսները կենտրոնացել են Ուկրաինայի նյարդային համակարգը՝ տնտեսությունը, էներգետիկան և լոգիստիկան կործանելու վրա, և դրանում լուրջ հաջողություններ են գրանցում, ճգնաժամը խորացել է…
Հիշեցնենք, այսօր FOXNEWS-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ Ուկրաինայի տարածքների 25%-ի կորստի պայմանով.
Լրագրողը հարցրել է Զելենսկուն՝ կընդունե՞ք խաղաղության համաձայնագիրը, որը կսառեցնի ամեն ինչ ներկայիս վիճակով, երբ դուք դեռ կպահպանեք ձեր երկրի տարածքի 75%-ը կամ ավելին։ Անկախ նրանից, թե ինչպես է ամեն ինչ սկսվել՝ կընդունե՞ք ստեղծված իրավիճակը։ Զելենսկին պատասխանել է՝ այո։
- Շուրջ 2 շաբաթից ԱՄՆ-ում ներքին ընտրություններ են, և լուրջ կանխատեսումներ կան, որ հանրապետականները կորցնելու են ոչ միայն Կոնգրեսը, այլև Սենատը, և դրա պատճառն ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գներն են: ԱՄՆ-ի ողջ տնտեսությունը դիզվառելիքի վրա է հիմնված, և այն ԱՄՆ-ի համար նույնն է, ինչ մարդու համար արյունը: Թրամփը հուսահատ ճիգեր է գործադրում ինչ-որ բան անելու համար, որ էներգիայի գներն իջնեն:
- Էներգիայի գնի բարձրացմամբ ԱՄՆ-ում շատ անհանգիստ են նաև նոր տեխնոլոգիաների մագնատները, որովհետև դատա-կենտրոնների համար ահռելի մեծ քանակի էներգիա է ծախսվում:
- Միացյալ Նահանգները չի կարելի դիտարկել զուտ որպես Թրամփի իշխանություն: Այստեղ լուրջ խնդիրներ կան, ներքին պայքար, և Ուկրաինայի հարցում կոշտ գծի կողմնակիցները ճնշումներ են գործադրում Թրամփի վրա:
- Հին քաղաքականության կողմնակիցներն ԱՄՆ-ում համարում են, որ աշխարհը պետք է իրենց դիկտատով առաջնորդվի, հաշվի նստի Արևմուտքի հետ: Այդ մարդիկ լավ չեն հասկանում իրավիճակն աշխարհում: Գերմանիայի տնտեսությունը էքսպորտի վրա է նստած, էներգիայի գներն այնտեղ 11 անգամ թանկացել են: Որևէ տնտեսություն դրան չի կարող դիմանալ՝ տնտեսությունը փլուզվում է, հազարավոր աշխատատեղեր են կրճատվում… Այսօր Գերմանիայում լուրջ տնտեսական անկում կա, գործազրկություն ու խորը դժգոհություն իշխանությունների քաղաքականությունից: Եվրոպայում բավականին երկար ժամանակ կա սոցիալական դժգոհություն, և այն, ինչ տեղի է ունենում հիմա Եվրոպայում, չի կարելի վերագրել զուտ միգրանտներին:
- Եթե ԱՄՆ-ը առաջնորդվեր Թրամփի կամքով, Զելենսկին 5 րոպե էլ չէր դիմանա:
- Ռուսաստանը արդեն 5 տարի կռվում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ հավաքական Արևմուտքի դեմ: Եթե Զելենսկին դեռ դիմադրում է, և կարողացավ այնքան լկտի լինել, որ Թրամփի խնդրանքից հետո հարվածեց Ռուսաստանի նավթավերամշակման կայանին, ապա միայն այն պատճառով, որ ունի ԵՄ էլիտաների և ԱՄՆ խորքային պետության աջակցությունը:
- Ես Զելենսկու կողմնակիցը չեմ, և համարում եմ, որ Զելենսկին, ուկրաինացի ֆաշիստները և առավելապես Ուկրաինայի արևմտյան սպոնսորները Ուկրաինային փուռը տվեցին: ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը մի քանի անգամ ասել էր՝ այդ պատերազմը մեզ վրա էժան է նստում, որովհետև այնտեղ ամերիկացի զինվորները չեն զոհվում, այլ ուկրաինացիները…
- Ես աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ «Հյուսիսային հոսքի» գազատարների պայթեցումը ուկրաինացիներն են արել: Եթե բավարար պրոպագանդիստական ռեսուրսներ կան, կարող են համոզել, որ ռուսներն են պայթեցրել իրենց իսկ կառուցած գազամուղը:
Հիշեցնենք. 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարների պայթեցման գործով Գերմանիայում ընթանում է պաշտոնական դատավարություն։ Գերմանիայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի քաղաքացիների, որոնք, ըստ քննության, գործել են Ուկրաինայի իշխանությունների, պետական մարմինների հանձնարարությամբ: 2026թ. հոկտեմբերին Համբուրգի դատարանում մեկնարկել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա, 50-ամյա Սերգեյ Կուզնեցովի (Կուզնիեցով) դատավարությունը: Նրան մեղադրում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման և պատերազմական հանցագործության մեջ: Կուզնեցովը ձերբակալվել էր Իտալիայում 2025-ին և արտահանձնվել Գերմանիային։ Ըստ գերմանական քննության՝ մեղադրյալը ղեկավարել է 6-7 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որը «Անդրոմեդա» (Andromeda) զբոսանավով մոտեցել է դանիական Բորնհոլմ կղզուն: Այնտեղ պրոֆեսիոնալ սուզակները 80 մետր խորության վրա տեղադրել են հատուկ ժամացուցային մեխանիզմով պայթուցիկներ:
- Միայն Ուկրաինան չէ, մեր հարևան Վրաստանն էլ փորձանքի ենթարկվեց Արևմուտքի կողմից: Հայաստանի գործող իշխանությունների կողմից այս ամենը չտեսնելը և հետևություններ չանելը ես չգիտեմ ինչ է… Նայել այս ամենին ու հույս ունենալ, որ Արևմուտքը մեզ հետ այլ կերպ կվարվի, և երկիրը կողմնորոշել դեպի Արևմուտք, երբ դրանով կշարժենք Ռուսաստանի ցասումը, չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է լինես, որ այդպես վարվես, ի՞նչ երևակայություն պիտի ունենաս…
- Երկար ժամանակ ռուսների դիրքորոշումը Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ կոշտ չէր, շատերը զարմանում էին, որ Ռուսաստանից կոշտ պահանջներ չկան: Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է, և հստակ դրվել է ընտրություն կատարելու հարցը, պահանջ է դրվել՝ ընտրություն կատարել, կողմնորոշվել: Պահանջ դնելը շատ վատ է: Երբ դու անում ես մի բան ոչ քո կամքով, այլ՝ որովհետև դա քեզնից պահանջել են, դու չես կարող ստանալ այն, ինչ կարող էիր մինչ այդ ակնկալել, դու կորցնում ես: Բայց այդ ընտրության պահանջը մեր առջև միայն Պուտինը չի դնում: Եվրոպայի, Արևմուտքի վարքագիծը նույնական է: Հայաստանը հստակ, չոր հաշվարկ պիտի անի, թե առաջին հերթին ո՞ր կազմակերպությանն անդամակցությունն է բխում Հայաստանի նյութական շահերից՝ ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի:
- Հայաստանի այս իշխանություններին սատարող մարդիկ, ովքեր Ռուսաստանի անունը լսելիս նյութափոխանակության խանգարումներ էին ունենում, այսօր արդեն ասում են՝ բայց ո՞վ է ասել, որ Ռուսաստանի հետ պետք է վատ լինենք… Դա բավականին հետաքրքիր շրջադարձ է նրանց կողմից: Թե՛ իշխանության, թե՛ նրանց աջակիցների աղմկոտ բանակի հռետորաբանությունից հստակ զգացվում է, որ հետքայլ կա իրենց դիրքորոշումներից: Ժամանակին Փաշինյանը, ՔՊ-ականները դնում էին երկաթուղին ռուսական կոնցեսիայի տակից պարտադիր դուրս բերելու պահանջը, իսկ հիմա այդ պահանջն արդեն չեն դնում… Կամ դեռ ամիսներ առաջ խոսում էին մոդուլային ատոմակայանների մասին, հիմա պարզվում է՝ պատրանքներ էին դրանք, մեծ հզորության ատոմակայանից են խոսում… Նայեք՝ «Ռոսատոմի» և «Ռուսական երկաթուղիների» տնօրենների և Փաշինյանի հանդիպումներին… Բայց երբեք չի կարելի բացառել, որ ՔՊ-ն հարմար պահի նորից շրջադաձ կանի, ու նորից կփարվի Հայաստանը Ռուսաստանի «լծից» ազատելու իր մեծ իղձին… Դա նրանց քաղաքական թիմի և արևմտյան հովանավորների երազանքն է:
- Հայաստանի իշխանությունը ոչ թե չի հասկանում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու, լավ էլ հասկանում է, պարզապես այդ «խաղաղությունը» միջոց է Արևմուտքի հետ հարաբերությունները այլ մակարդակի վրա դնելու համար: Վստահ եմ՝ երբ իշխանության ներկայացուցիչները հանդիպում են եվրոպացիների հետ, կոնկրետ բաներ են պահանջում եվրոպացիներից, նույն անվտանգության ու տնտեսության վերաբերյալ երևի հարցեր են տալիս, նրանք էլ չեն կարողանում պատասխանել այդ հարցերին… Գուցե ՔՊ-ում հասկացել են, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար չարժե հայ ժողովրդին պարտադրել մի քանի ցուրտ ձմեռներ անցկացնել:
- Ռուսներն անհնար են դարձրել երկու աթոռի վրա նստելը, կոնկրետ ժամկետներ են նշել, և միևնույն ժամանակ եվրոպացիները կոնկրետ երաշխիքներ չեն տվել:
- Արևմուտքը 2008թ. չաջակցեց Հայաստանին, բայց նույն ժամանակաշրջանում աջակցեց Ուկրաինային ու Վրաստանին՝ միայն այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունը հրաժարվել էր հակառուսական դիրքորոշում որդեգրել: Իսկ ՔՊ-ական իշխանության պարագայում Արևմուտքը տեսնում է, որ գործ ունեն մի իշխանության հետ, որը պատրաստ է հակառուսական լինել, և դրա համար Արևմուտքը ոչինչ չի տեսնում՝ ո՛չ կոռուպցիան, ո՛չ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ո՛չ բռնությունները: Արևմուտքը տարատեսակ հասարակական ազատական շարժումներին, դեմոկրատիային աջակցել է միայն այն ժամանակ, երբ դրանք ունեցել են հակառուսական բնույթ:
- ԱՄՆ-ում կա նման ճնշում, որ գուցե ընտրություն պիտի կատարեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի միջև: Պատերազմը որ նոր էր սկսվել, ես ասացի՝ այս պատերազմը կարող է ավարտվել կա՛մ Ռուսաստանի հաղթանակով, կա՛մ աշխարհի կործանմամբ, որովհետև երբեք Ռուսաստանը չէր ընդունի իր պարտությունը և միջուկային զենք կկիրառեր: Ցավոք, մարդիկ սա չհասկացան, չհասկացան, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամենակարմիր գիծն էր ռուսների համար, որից պետք էր զերծ մնալ: Դա էքզիստենցիալ սպառնալիք էր ռուսների համար, և ռուսները երբեք դա թույլ չէին տալու:
- Ամերիկայի և Արևմուտքի հեգեմոնիան աշխարհում արդեն ավարտվել է, բայց Ամերիկյան վերնախավում շատերը դեռ գլխի չեն, որ այն ավարտվել է: Եվ այդ մասին ժամանակին ասել էր հենց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, երբ հայտարարեց՝ մենք ապրում ենք նոր, բազմաբևեռ աշխարհում: Ռուբիոն երկար ժամանակ կոշտ գծի կողմնակից էր, հիմա հռետորաբանությունը փոխել է:
- Իրանում ԱՄՆ-ի արկածախնդրությունը ծանրագույն հարված էր ԱՄՆ վարկանիշին, և հիմա ելքը չեն գտնում՝ ինչպես դուրս գան այդ արկածախնդրությունից:
- Ես չեմ ուզում, որ մենք Եվրոպայի և Ամերիկայի հետ էլ խնդիրներ ունենանք, չնայած մեզ որոշակի ընտրություն արդեն իսկ պարտադրված է: Հայաստանի կտրուկ շրջադարձը եվրոպացիների մոտ դառնահամ է թողնելու, ռուսներն էլ այլևս այս իշխանությանը չեն վստահելու: Սա շատ աղետալի բան է:
- Այո, միանշանակ է, որ հավաքական Արևմուտքը, Եվրոպան ուզում է պայթեցնել Հարավային Կովկասը և երկրորդ ֆրոնտ բացել ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի դեմ:
- Պարզ ասենք՝ ԱՄՆ-ը բացահայտ պարտություն է կրել Իրանի հետ պատերազմում: Միացյալ Նահանգները ռազմական օպցիա չունեն, կանգնած են կա՛մ իրենց պարտությունն ընդունելու, կա՛մ բարբարոսություն իրականացնելու առաջ: Այս պայմաններում խոսել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աճող ներկայության մասին, երբ Մերձավոր Արևելքում այլևս ոչ մի ներկայություն չունեն, Իրանն ավերել է ռազմաբազաները, և անգամ ամերիկյան ռազմանավերը չեն կարողանում մոտենալ Ծոցին, անլուրջ է: Այս ընթացքում Հայաստանի Ազգային ժողովում TRIPP-ի քննարկումներ են… Գուցե ինչ-որ տարբերակ կմտածեն, բայց այն նախնական տեսքով, ինչպիսին TRIPP-ը մտածել էին անել, այլևս հնարավոր չէ իրականացնել:
- Հենց այն փաստը, որ մենք չգիտենք TRIPP-ի աշխարհագրությունը, և այդ մանրամասները չեն հրապարակվում, արդեն իսկ մտահոգիչ է։ Եթե Հայաստանի իշխանությունները թաքցնելու բան չունենային, եթե դա մեզ համար որևէ վտանգ չպարունակեր, եթե այդ առումով հանգիստ լինեին, ինձ թվում է՝ այսքան երկար չէին թաքցնի մանրամասները։ Բայց արդեն իսկ այն փաստը, որ այդ մանրամասները խնամքով թաքցվում են, իսկ մեզ ընդամենը ընդհանուր դատողություններ են ներկայացվում, մտահոգության տեղիք է տալիս։ Խոսում են այն մասին, որ ամեն ինչ տեղի է ունենալու մեր ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով։ Համաձայն ենք, բայց միակ բանը, որ պահանջում ենք, մանրամասները ցույց տալն է, որ տեսնենք՝ արդյոք իսկապես հարգվո՞ւմ է մեր ինքնիշխանությունը, թե՞ ոչ։ Բայց այդ մանրամասները հստակ չեն, և դա ինքնին անհանգստացնող է։
Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը Սյունիքն է, այդ տարածքը, պետական սահմանը և դրա նկատմամբ վերահսկողությունը։ Գուցե կոպիտ հնչի, բայց Սյունիքի այդ փոքրիկ տարածքը ռազմավարական առումով շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանի մնացած 50 կամ, չգիտեմ, 80 տոկոսը։ Ինձ համար հայ-վրացական սահմանն էլ է շատ կարևոր։ Այդ սահմանով խաղալը, այն ռիսկի ենթարկելը նույնպես լուրջ խնդիր է։
Եվ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի՝ բազմապատկված ագրեսիվության պայմաններում։ Վերջին շրջանում նկատել եք, որ հակահայկական քարոզչությունն այնտեղ արդեն հիստերիայի մակարդակի է հասել, և նրանք դա նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այս պայմաններում խոսել, թե որևէ խնդիր չկա, և այս ամենը տեղի է ունենում մեր ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով, ուստի անհանգստանալու բան չկա, ճիշտ չէ։ Անհանգստանալու շատ բան կա։ Եվ եթե անհանգստանալու պատճառ չլիներ, ինձ թվում է՝ շատ ավելի շատ տեղեկատվություն կտրամադրվեր, և բոլորիս մտահոգությունները կմեղմվեին։
- Մոտ ապագայում Ադրբեջանի կողմից պատերազմը հավանական չէ, բայց տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի լուրջ փոփոխությունների դեպքում, եթե Ադրբեջանի համար ինչ-որ պատուհան բացվի, ես վստահ եմ, որ նրանք մտադրություն ունեն վերահսկողություն սահմանելու Սյունիքի՝ Զանգեզուրի նկատմամբ։ Ես դրանում կասկածներ չունեմ։
- Հաղթանակն Ալիևի գլուխն է ընկել, ամբարտավան են դարձել, անգամ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Փաստորեն, Ադրբեջանի մեծ եղբոր դերը Թուրքիայի փոխարեն ստանձնել է Իսրայելը: Ադրբեջանին Իսրայելը դիտարկում է որպես դաշնակից՝ Իրանը մասնատելու համար: Երբ պահը գա, Իրանը ապակայունացնելու համար ադրբեջանցիների ֆակտորը կշահարկեն: Թուրքիան այնքան էլ ոգևորված չէ այդ հեռանկարով, որովհետև դա կարող է հանգեցնել նաև քրդական պետության ստեղծման գաղափարին, ինչը Թուրքիան իր համար համարում է էքզիստենցիալ սպառնալիք: Ես մտավախություն ունեմ, որ մի օր արթնանալու եմ ու լսեմ, որ Ալիևը սպառնացել է Անկարայում թեյ խմել:
Մանրամասները՝ տեսանյութում:
—