Հոկտեմբեր 22, 2026
Եվրոպական մի քանի երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և Ալբանիայում, բողոքի ակցիաներ են ընթանում։ Ամենազանգվածային ցույցերն ընթանում են Ֆրանսիայում, որին մասնակցում են հազարավոր ցուցարարներ, Ֆրանսիայում բողոքի ակցիաներն արդեն վերածվել են անկարգությունների՝ ակցիայի մասնակիցները շենքեր են հրդեհում, բրենդային խանութներ թալանում, նրանք նույնիսկ ներխուժել էին Լիոնի քաղաքապետարան։
Ի սկզբանե բողոքի ակցիա էին իրականացնում ուսանողները՝ բողոքելով կրթական պայմաններից, հետո արդեն բողոքի ակցիաները վերածվել են թանկացումների դեմ մասշտաբային ցույցերի:
Այս պահին էլ Ֆրանսիայում իրավիճակը լարված է, և զուգահեռ իշխանություններն ավելի են ուժեղացնում անվտանգության միջոցառումները։
Կարծիքներ են հնչում, որ Եվրոպայում ընթացող ցույցները, մասնավորապես Ֆրանսիայում, մեծ կապ ունի մուսուլմանների հետո, որոնք ահռելի մեծ թիվ են կազմում։
Միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը խոսելով այս թեմայի շուրջ, ասաց՝ որպես քաղաքական գործոն, Եվրոպայում ավելի շատ շեշտվում էր գաղթյալների ներհոսքի ավելացումը։ Թեպետ Եվրոպայում միշտ եղել են գաղթյալներ, սակայն այսպես քաղաքական շղարշ դրան չէր տրվել։
«Ավելի շատ խոսվում էր որոշ իսլամիստական խմբավորումների մասին, որոնք ավելի ծայրահեղական կողմնորոշում են ունեցել կամ ժխտել են ինտեգրումը Ֆրանսիային և առհասարակ արևմտյան հասարակության։ Ավելի իզոլացված իսլամիստական կենտրոնների են վերածվել։ Այս անգամ իսլամիստների գործոնը մտնում է բազմահազարանոց ցույցերի մեջ։
Բողոքի մասնակիցներն ուսանողներ են և միջին խավի ներկայացուցիչներ, որոնք բողոքում են թանկացումների դեմ։ Սա զուտ իսլամիստների բողոքը չէ, այլ իսլամիստները մեկ մաս են կազմում այդ ամենին՝ որպես քաղաքացիներ։ Չպետք է նաև մոռանանք իրենց կողմից անվանված ձախակողմյան ռադիկալ ուժերին, նրանք փորձում նաև դերակատարում ունենալ։ Այսինքն՝ ցուցարարներին ամենաշատ օժանդակողները ձախակողմյան ուժերն ու իսլամիստներն են, սակայն ուղիղ ներկայություն չեն ցուցաբերում, այլ ներկայանում են որպես աջակից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արարատ Կոստանյանը։
Ըստ մեր զրուցակցի, կա մեկ կողմ ևս, որը բողոքի ակցիայի ընթացքում անկարգություն ու թալան է իրականացնում, ինչը որևէ առնչություն չունի բողոքի ակցիայի մասնակիցների հետ։
«Այստեղ մի քանի դրդապատճառներ կան, նախ՝ ակցիան կապ ունի տնտեսական ու սոցիալական իրավիճակի հետ։ Նաև՝ գաղափարաբանական առճակատում կա, այսինքն՝ ռադիկալ ձախերի ու ռադիկալ աջերի մրցակցություն, երկու կողմն էլ ձգտում են Ֆրանսիայի նկարագրի մեջ ավելի շատ դերակատարություն ունենալ։ Երրորդը՝ գաղթյալների խնդիրն է, որը կարծես թե իսլամիստները նաև փորձում են ներկայացնել որպես բողոք։ Այնպես որ, այս բողոքն ունի ավելի խոր դրդապատճառներ՝ սոցիալ-քաղաքական, այսինքն՝ զուտ իսլամիստների բողոք չէ»,- շեշտեց Արարատ Կոստանյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե Եվրոպայի մի քանի երկրներում բողոքի ալիք է բարձրացել, գուցե ոչ արևմտյան մի քանի երկրներում ևս նման ալիք բարձրանա՝ նոր աշխարհակարգի մուտք գործելուց առաջ, քանի որ տարբեր երկրներում դժգոհության ալիք կա, թեպետ ոչ տեսանելի ու ոչ փողոցում, սակայն առկա է։
«Ամենևին չեմ պնդում, որ բողոքի այս ալիքը կտարածվի, սակայն նախադրյալներն առկա են։
Կարծում եմ՝ Ֆրանսիայում կոմպրոմիս կլինի, եթե կոմպրոմիսի չգնան, ապա ներկայիս իշխանությունները գուցե չկարողանան կանխել աջակողմյան ուժերի առաջ գալը՝ Լը Պենին սատարող ուժերը։ Այնպես որ, ըստ իս՝ ներկայիս իշխանությունները Մակրոնի գլխավորությամբ պետք է կոմպրոմիսի գնան, որպեսզի այդ սցենարն՝ ուղղված իրենց դեմ, իրականություն չդառնա»,- ընդգծեց Արարատ Կոստանյանը։
—