X
    Categories: News

Ո՛չ մի պարտություն չի կարող հիմք լինել մարդու իրավունքներն անտեսելու համար. Ի

Հոկտեմբեր 20, 2026

Մինչ Երևանը հոկտեմբերի 19-30-ը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17), միջազգային այս հեղինակավոր հարթակի կուլիսներում և հայաստանյան հանրության շրջանում բողոքի ու վրդովմունքի մեծ ալիք է բարձրացել․ համաժողովի պաշտոնական օրակարգից լիովին դուրս է մնացել Արցախի և ավելի քան 150,000 բռնի տեղահանված արցախցիների իրավունքների հարցը։

Ակտիվիստները, իրավապաշտպաններն ու արցախյան հանրային գործիչները սա որակում են որպես բացահայտ կեղծավորություն և հումանիտար աղետի միտումնավոր անտեսում։

Կենսաբազմազանություն՝ առանց բնիկ ժողովրդի. ՄԱԿ-ի պարադոքսը

COP17-ի առանցքային թեմաներից մեկը բնիկ ժողովուրդների և իրենց պատմական հողերի միջև եղած անքակտելի կապի պահպանումն է՝ որպես էկոհամակարգերի գոյատևման երաշխիք։ Սակայն, ինչպես 168․am-ի հետ զրույցում  նշում է արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը, ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ. համաժողովն անցկացվում է մի երկրում, որտեղ ապաստանել են սեփական հողից զրկված ու էթնիկ զտման ենթարկված հարյուր-հազարավոր բնիկ հայեր, սակայն նրանց մասին՝ ոչ մի խոսք։

Կարդացեք նաև

  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • Բոլորը լավ հասկանում են, որ խաղաղություն չի լինելու. Եթե TRIPP ճանապարհը չլինի, ճանապարհ, միևնույն է, կլինի. Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր առջև դրված խնդիրների կատարումից. Ադրբեջանի նախկին արտգործնախարար
  • Հայ-իրանական երկխոսությունը՝ խաչմերուկում. ինտենսիվ շփումներ՝ նոր մարտահրավերների ֆոնին

Նարե Սիմոնյանը նաև թյուր է համարում տեսակետը, թե պարտությունից հետո իշխանություններն ի վիճակի չեն նման հարցեր բարձրաձայնել․ «Ո՛չ մի պարտություն չի կարող հիմք լինել մարդու իրավունքներն անտեսելու համար։ Ոչ ոք չի ասում՝ Ադրբեջանին պատերազմ հայտարարեք․  ասում ենք՝ խոսեք մեր բազային իրավունքների մասին, այն նվազագույն իրավունքների մասին, որով աշխարհի երեսին ցանկացած մարդ օժտված է, և այդ իրավունքներից է նաև իր հողում բնակվելու իրավունքը, վերադարձի իրավունքը, հավաքական վերադարձի իրավունքը, որ միջազգային բոլոր կոնվենցիաներով ֆիքսված է»։

Արցախցիներին արգելվել է նույնիսկ տաղավար ունենալ

Այս լրջագույն խնդրի կոծկման ամենախոսուն ապացույցը դարձավ այն, որ արցախյան կազմակերպությանը մերժեցին տաղավար տրամադրել համաժողովի «կանաչ գոտում»․ դիմումը մերժվել էր առանց որևէ պատճառաբանության։

Նարե Սիմոնյանն այս դրվագը պատահական չի համարում՝ հիշեցնելով իշխանությունների վերաբերմունքի մասին․ «Ամեն օր կա ատելության քարոզ բռնի տեղահանված և առանց այդ էլ հոգեբանական շատ դժվար կացության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ։ Պետք է հնարավորինս նամակներով լինի, բողոքի ակցիաներով լինի, տարբեր հայտարարություններով լինի հասկացնել, որ հայ ժողովուրդը հաշտ չէ այս իրավիճակի հետ։

Ցավոք սրտի, ակնկալիքն այս պահին ավելի շատ միջազգային հանրությունից է և ոչ թե՝ իշխանություններից, այնինչ, պետք է լիներ ճիշտ հակառակը։  Միջազգային հանրությունը տարբեր ձևաչափերով՝ ոչ բավականաչափ, բայց հիշում է արցախցիների իրավունքների մասին, գիտենք, որ կան հարթակներ, որտեղ պարբերաբար խոսում են անգամ վերադարձի իրավունքի մասին՝  օրինակը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված Լեռնային Ղարաբաղի խաղաղության հարթակն է, որտեղ պարբերաբար բարձրացվում են այդ հարցերը, և նաև մեր պարտքն է՝ նվազագույնը հիշեցնել այդ ամենի մասին և հնարավորինս թույլ չտալ, որ միջազգային հանրությունն օրակարգից հանի Արցախի հետ կապված խնդիրները»։

—

Jagharian Tania:
Related Post