Հոկտեմբեր 20, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ԵՄ-Ռուսաստան դիլեմայի մեջ որևէ մեկի պետք չէ դեմոնիզացնել: Հայ հանրությանը պետք է ռեալ պոլիտիկը ներկայացնել, ոչ թե այն քարոզչական փոշին, որը պատել է ողջ դաշտը: Եվրոպայում ոչ թե Հայաստանին չեն սպասում, այլ առհասարակ որևէ մեկի չեն սպասում: Եվրոպան չի ձգտում ընդլայնվել:
- Վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում տեղի ունեցող բողոքի զանգվածային շարժումները եվրոպական քաղաքական համակարգերի ճգնաժամի արդյունք են, որը դուրս է եկել փողոց: Եվրոպայում սոցիալական քաղաքականությունը փաստացի կրախի է ենթարկվել: Այո՛, աշակերտներն ու ուսանողները բողոքում են իրենց կրթության պայմաններից, դրան միացել են դասախոսներն ու ուսուցիչները, պրոֆմիությունները, հայտնի «Դեղին բաճկոնները», և խնդիրը տարածվել ու լայն զանգվածների է ներգրավել: Մարդիկ չեն տեսնում իրենց կանխատեսելի ապագան, կրթվողը տեսնում է, որ ֆրանսիական կրթական համակարգն իրենց համար էվոլյուցիայի հնարավորություն չի ապահովում, ծնողները հասկանում են, որ որակյալ կրթության համար երեխաներին պետք է տանեն մասնավոր կրթահամալիրներ, և սա բերել է մի ողջ սոցիալական կառուցվածքի փլուզման: Փաստացի ֆրանսիական սոցիալական քաղաքականությունը կոլապս է ապրել:
- Երկու շաբաթ Ֆրանսիայում ժողովրդական հուզումներին քաղաքական իշխանությունը չէր արձագանքում: Մակրոնը սկսեց դրան անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ սկսվեցին անկարգությունները: Այդ պահից քաղաքականությունը մտավ գործընթացի մեջ:
- Եվրոպական միությունը տարիներ շարունակ ահռելի միջոցներ է ծախսել մուլտիկուլտուրալիզմ կոչվող քաղաքականության վրա: Դա միտված է եղել նաև միգրացիոն քաղաքականությանը որոշակիորեն օգնելու համար: Դա շատ բարդ խնդիր է: Միգրացիոն քաղաքականությունը Եվրոպական մեծ տանն ամենաբարդ ընթացող պրոցեսներից մեկն է: Տարբեր եվրոպական մայրաքաղաքներ դրա վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն, և դրանք հաճախ բախվում են:
- Ամբողջ եվրոպական քաղաքական համակարգում այնպիսի վերափոխումներ են տեղի ունենում, որ Հայաստանի իշխանությունների՝ «եկեք, գնանք, ԵՄ անդամ դառնանք» քարոզչական տրամաբանությունն ուղղակի ջախջախվում է: Եվրոպական միությունը երկնքից ընկնող մանանա չէ: ԵՄ-ի տեսքն ու կերպն ապահովում են եվրոպացիներն իրենց աշխատանքով, գաղափարներով, իրենց՝ պետության ընկալումներով: ԵՄ-ի մասին խոսելիս պետք չէ իգնոր անել նաև եվրոսկեպտիցիզմ հասկացությունը, որն ազգային պետություններում ավելի կարևոր է դարձնում ազգային գաղափարախոսության պահպանումը, քան վերպետական կառույցների մոտեցումները:
- Էն քաղաքականությունը, որը որդեգրել է ՔՊ-ն, չի բացառում, որ մենք նույնպես միգրացիոն խնդիրներ կունենանք: Եթե մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների միջից հանում ենք կոնֆլիկտի բաղադրիչը, այո՛, չի բացառվում, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացինով սպանող Սաֆարովը կարող է գալ Հայաստան ու հանգիստ շրջել: Եթե ադրբեջանցի զինվորը 20 կմ խորացել է Հայաստանի տարածքի մեջ, ու պետական համակարգը դրան արձագանքել է միայն այն ժամանակ, երբ հայ կինը հակազդել է դրան՝ վնասազերծելով և փրկելով իր երեխաներին, ապա միայն այդ փաստն անգամ խոսում է Հայաստանում առկա խոր խնդիրների մասին: Ես չեմ ուզում վախեցնել, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, երբ ադրբեջանցի այդ զինվորը մեկը չլինի, այլ շատերը լինեն… Երբ երկրի քաղաքականությունը զոհաբերվում է «խաղաղություն» բառին, ապա ես չեմ բացառում, որ տարբեր վտանգավոր սցենարներ կարող են հողի վրա տեղ գտնել…
- Շաքի գյուղի կինը քարուքանդ արեց ՔՊ-ի ողջ քարոզչական նարատիվը մեկ բնատուր ու բնազդային արարքով: Մենք բոլորս ենք քարոզչական պրեսինգի տակ. Խնդիրն այն է, թե ում վրա է դա աշխատում:
- Եվրոպան մեծ վերափոխումների մեջ է այնպես, ինչպես ողջ համաշխարհային հասարակությունը: Ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների հասարակությունները տրանզիտի մեջ են դեպի AI հասարակություններ: Ես չգիտեմ՝ ինչպիսի՞ Եվրոպա կլինի 10 տարի հետո: Եվրոպայում շահերի շատ մեծ բախումներ կան, որոնք գալիս են եվրոպական պետությունների ֆինանսական, տնտեսական հնարավորություններից:
- Հակառուսական դաշնակիցները հակառուսական քաղաքական ֆրոնտում ունեն բացարձակ տարբեր շահեր ու հակասություններ: Երբ Թրամփն ասաց՝ Զելենսկի, քեզ փոխելու ժամանակն է, նշանակում է, որ արևմտյան բլոկում առկա կոնսենսուսն Ուկրաինայի վերաբերյալ կարող է ավարտվել, և դրա ավարտը շատ ցավոտ կարող է լինել հենց Ուկրաինայի համար:
- Փաշինյանը որոշում պիտի ընդունի. Ռուսաստան կգնա այն ժամանակ, երբ որոշում կունենա: Ավելին, նրան Մոսկվայում կընդունեն միայն այն ժամանակ, երբ նա որոշում կունենա: Վստահ եմ, որ քաղաքական ժամանակի ձգձգումը լինելու է նրա հիմնական քաղաքական վարքաբանությունը: Փաշինյանը բոլորից ավելի լավ է տեղյակ, թե իր որոշման գինն ինչպիսին է լինելու իր իսկ իշխանության համար: Ռազմաբազայի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը ևս մեկ քայլ էր, որ Փաշինյանին ստիպեն ամբողջովին բացվել:
- Հայաստանի գործող իշխանությունն իրեն այնպիսի կախվածության մեջ է դրել արտաքին ազդեցությունից և միևնույն ժամանակ այնքան բարձր է գոռում ինքնիշխանության մասին, որ այս երկու երևույթներն իրար հետ դիսոնանսի մեջ են: Փաշինյանը Սահմանադրություն փոխելու պահանջի կատարման առաջ է Ալիևի և Պուտինի կողմից. Այստեղ ինքնիշխանության բարձր դեցիբելը որտե՞ղ է: Երբ տեսնեք, որ ՔՊ-ն շատ է խոսում ինքնիշխանության մասին, վստահ եղե՛ք, որ դա վտանգի տակ է:
- Ես համոզված եմ, որ Փաշինյանը լրջագույն խնդիրներ ունի այսօր: Այս ընտրությունները ոչ մի առումով ոչ մի հանգուցալուծում և պատասխան չեն տվել իր իշխանության ամրության համար: Չկա խաղաղության պայմանագիր, որը նրա նախընտրական կապիտալն էր: Խնդիրը մինչև 2031թ. տեղափոխելը խնդրի ոչ թե լուծման, այլ երկարաձգման մասին է խոսում՝ քանի կամ ես, ակտուալ է խաղաղությունը:
- Ալիևը մեծացնում է իր մարտավարական խորությունը: Փաշինյանի համար պարզ է, որ Ալիևն իր ձեռքից վերցրել է իր նախընտրական միակ կապիտալը՝ խաղաղության պայմանագրի օրակարգը, որովհետև չի ստորագրելու: Մնում է մի հնարավորություն՝ կապել մանդատի երկարաձգման ժամանակի հետ՝ քանի կամ ես, խաղաղություն կլինի: Լավ քարոզչության պայմաններում հասարակությունը դա կարող է ընդունել: Դրան հակազդելու գործիքներն ու քարոզչությունը համահունչ չեն: Փաշինյանն այդքան ձայն է հավաքել, որովհետև նա կարողացել է իր ընտրողին համոզել, որ ինքը չունի մեղավորություն այն ամենի մեջ, ինչ մեզ հետ տեղի է ունեցել:
- Քաղաքացուն Փաշինյանի վայրենի պրոպագանդայի հետ մենակ թողնել չի կարելի: Քաղաքացուն ես սուվերեն միավոր չեմ դիտարկում: Եթե թողնենք, որ քաղաքացին ինքը որոշում ընդունի, ՔՊ-ն կվերցնի ու նրանց կտանի իր մոտ: Ընդդիմությունը շատ խնամքով և թանկ պիտի վերաբերվի իր ընտրազանգվածին, որն ընտրություններից առաջ իրենն էր, բայց ընտրություններից հետո կարող է իրենը չլինել: Այդպես է նաև լինում իշխանության ընտրազանգվածի հետ: Ընդդիմությունը շատ լուրջ պետք է կոմունիկացվի իր ընտրազանգվածի հետ՝ գոնե իր ընտրազանգվածին չկորցնելու համար: Քաղաքական գործիչը լավ քաղաքական վերլուծություններ անել չի կարող, նա պետք է քաղաքականությամբ զբաղվի, գործողություններ անի: Սպասել, որ Փաշինյանի սխալից հասարակությունը կըմբոստանա, միամտություն է: Ես չեմ կարծում, որ հայ հասարակության համար ավելի մեծ աղետ, քան Արցախի կորուստն է, եղել է: Չի եղել:
- 2027թ. օգոստոսի 2-ն է մոտենալու. այս ժամանակն ինչ-որ բան ասո՞ւմ է. ավարտվում է Փաշինյանի անձեռնմխելիության ժամանակահատվածը: Կա՞ տնային աշխատանք, ինչ-որ բան արվո՞ւմ է ԱԺ ընդդիմության կողմից: Կա՛մ ինչ-որ բան կձեռնարկվի, կա՛մ մենք պետք է սպասենք 2031 թվականին:
- Ոչ միայն իշխանությունն է պարտավոր ընդդիմանալ պետության հանդեպ եկող մարտահրավերներին, այլև ընդդիմությունը:
- Որքան էլ Փաշինյանը փորձի ցույց տալ, որ իր իշխանությունն ամուր է և անվտանգ, դա այդպես չէ: Նա շարունակում է վճարել իր ընտրության գինը, բայց ոչ թե ներսում, այլ դրսում:
- Քաղաքական երկընտրանքը սովորական մրցակցային չէ: Մենք խոսում ենք այն մասին, որ կործանվում է Երրորդ Հանրապետությունն ու ստեղծվում է Չորրորդը: Կոնտրաստն այս երկու երկընտրանքի մեջ է՝ կամ գնում ենք Փաշինյանի հետ, կա՛մ պահում ենք ինչը որ կա:
- Եթե գոյություն ունի որոշակի կոնստրուկտ՝ ի դեմս Փաշինյանի, դրան հնարավոր է դիմադրել միայն կոնստրուկտի ձևավորմամբ:
- Մարտահրավեր է նետված Եկեղեցուն, սահմաններին, արժեքային համակարգին, բազմակարծությանը, դպրոցին, տարածքային ամբողջականությանը: Դրանց կանխման համար ընդդիմադիր հատվածի կոնստրուկտի առկայության պարագայում դուք պիտի իմանաք՝ ինչ անել:
Մանրամասները՝ տեսանյութում:
—