X
    Categories: News

COP17․ Բաքվի հեռավար քաղաքական պահանջներն ու Երևանի ուղիղ լռությունը Շիկահողո

Հոկտեմբեր 19, 2026

COP17-ի մեկնարկից օրեր առաջ Բաքուն, որը ներկայացված չէ համաժողովին, փորձել էր Հայաստանի դեմ օրակարգ պարտադրել՝ Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր:

Եվ այս օրերին, երբ արդեն ընթանում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է առաջ մղել Մեծամորի ատոմակայանի, հայկական հանքավայրերի, օկուպացված Արցախի անտառների համատարած իբր հատումը, գետերի աղտոտվածության հարցերը, Սևանա լճի հետ կապված խնդիրը, նշելով, որ Սևանի տարածաշրջանը «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին մոտ է, ուստի այնտեղ առկա խնդիրները, դեգրադացիան իրենց ազդեցությունն են թողնում նաև Ադրբեջանի սահմանամերձ էկոհամակարգի վրա»:

«Կենսաբազմազանության հարցերով գագաթնաժողովը ստեղծվել է էկոհամակարգերի վիճակի ազնիվ գնահատման, այլ ոչ թե ընդունող պետության իմիջը «փայլեցնելու» համար։ Եթե Հայաստանը հայտարարում է միջազգային բնապահպանական երկխոսության պատրաստակամության մասին, ապա Սևանի, Արարատյան դաշտի, Ալավերդիի, Սյունիքի, Ամուլսարի և Մեծամորի խնդիրները պետք է հնչեն ամբիոններից, և ոչ թե մնան կուլիսներում։ Նույնը վերաբերում է նաև Ղարաբաղի անտառների, արգելոցների և գետերի ճակատագրին, որոնք ոչնչացվել են երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում։ Սրանք մեկ շղթայի օղակներ են՝ տարածաշրջանի կորցրած կենսաբազմազանության»,- գրել են ալիևյան ռեժիմի խոսափող հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը պաշտոնապես շահագործման է հանձնվել հոկտեմբերի 10-ին, որից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվացրեցին ահազանգը, թե մտահոգություն է առաջացնում Ամուլսարի աշխարհագրական դիրքը, և, որ գետերը պետական սահմաններ չեն ճանաչում։

Կարդացեք նաև

  • Նախկինների աշխատանքով հպարտանալու արվեստը․ Որքա՞ն կորցրեց Հայաստանի տնտեսությունը Ամուլսարի պատճառով
  • Վերջում վճարելու է Հայաստանի Հանրապետությունը. Մասնագետները՝ ՀԷՑ-ի պետականացման իրավական ռիսկերի ու ներդրումային միջավայրի վրա ազդեցության մասին
  • Աննա՛ Վարդապետյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դատվում հետամտելու հոդվածով

Ըստ այդմ՝ Բաքվում շեշտում են, որ տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ բնապահպանական վերահսկողությունը պետք է լինի շարունակական և անկախ, այլ ոչ թե սահմանափակվի թույլտվությունների տրամադրումից առաջ իրականացվող առանձին ստուգումներով։

Ամուլսարի շահագործումը որոշակի մտահոգություն է առաջացնում նաև ՀՀ-ում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը, ամեն դեպքում, ազդեցություն ունենալու է շրջակա միջավայրի վրա:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի շահագործումը շրջակա միջավայրի վրա շատ փոքր ազդեցություն կունենա։ Հանքի շահագործման վերաբերյալ նախապես շրջանառվող բացասական պատմությունները հետազոտություններով առնվազն չեն հաստատվել։ Հանքն արդեն գործում է, թողարկում և արտահանում ունի։ Այս պահի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրում 1600 աշխատող կա, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել։ Ամուլսարի հանքը հաջորդ տարի առնվազն մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե։ Այս հանքի շահագործումը Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշում 1,5-2 տոկոս ազդեցություն է ունենալու»,- նշել է նա՝ շարունակելով, որ, եթե ուզում ենք կենսաբազմազանության հարց լուծել, պետք է փողի հարց լուծել:

«Երբ այդ շատ փողը վերցնենք ու դնենք սերունդների կրթության, առողջության, անտառների տնկման, ջրամբարների կառուցման վրա, Սևանից քիչ ջուր բաց թողնելու վրա, հանրային առողջության պահպանման վրա, այդ ժամանակ մեր և՛ երկրի, և՛ կենսաբազմազանության, և՛ սերունդների համար լավ կլինի»,- հանքերի շահագործման անհրաժեշտությունը հիմնավորել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ինչ վերաբերում է Բաքվի պահանջներին, ապա աբսուրդ է, երբ նման պահանջներ դնում է մի երկիր, որը մշակել է հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարերի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիր, որով նախատեսվում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործում. խոսքը Քելբաջարի (Քարվաճառ), Մարտակերտի և Զանգելանի (Կովսականի), շրջանների ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի մասին է։

Ավելին, 2024 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացված COP29-ի օրերին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր. 

«Նավթը, գազը, քամին, արևը, ոսկին, արծաթը, պղինձը՝ այս ամենը բնական ռեսուրսներ են։ Չի կարելի երկրներին մեղադրել այդ ռեսուրսներն ունենալու համար։ Նույնպես չի կարելի նրանց մեղադրել այն բանի համար, որ այդ ռեսուրսները հանում են շուկա, քանի որ շուկան դրանց կարիքն ունի։

Ուստի իմ ուղերձը հետևյալն է․ որպես COP29-ի նախագահող երկիր՝ մենք, անշուշտ, վճռականորեն հանդես ենք գալու «կանաչ» անցման օգտին, և մենք դա անում ենք։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է իրատես լինենք»:

Իսկ այս օրերին Բաքուն հեռավար կարգով նաև ոչ բնապահպանական թեմաներ է պարտադրում COP17-ին:

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան ունի հստակ մանդատ, որի շրջանակում հումանիտար խնդիրներն ուղղակիորեն չեն ներառվում։ Սակայն կան թեմաներ, որոնք գտնվում են բնապահպանության և մարդու իրավունքների հատման կետում, և դրանք անհրաժեշտ է բարձրացնել Երևանի համաժողովի մասնակիցների առջև։

– Զանգվածային գերեզմանների կոորդինատները։ Սա հազարավոր անհետ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու հարց է՝ հումանիտար պարտավորություն, որի կատարումը տասնամյակներ շարունակ ձգձգվում է։

– Ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։ Ականները ոչ միայն մարդկանց համար սպառնալիք են, այլև բնապահպանական լուրջ ապակառուցողական գործոն։ Ականապատ հողը մեռած է․ դրա վրա անհնար է վերականգնել անտառները, զբաղվել գյուղատնտեսությամբ կամ վերադարձնել կորցրած կենդանական աշխարհը։ Քարտեզների փոխանցումն ուղիղ քայլ է դեպի տարածաշրջանի էկոլոգիական վերականգնում:

– Իրական համագործակցությունը։ Մինչդեռ այս հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցության փոխարեն առայժմ ականատես ենք լինում դրա խափանմանը»,- գրել է caliber.az-ը:

2024 թվականի նոյեմբերին Բաքվում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովի՝ COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս չի խորշել քաղաքական հարցեր բարձրացնել, այդ թվում՝ Հայաստանի հասցեին մեղադրանքներ՝ մոտ 1 միլիոն փախստականների հարցից մինչև Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի չկատարում:

Իսկ այսօր լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք COP17–ի շրջանակներում Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել այն հարցը, որ ադրբեջանցիները ներխուժելով Շիկահողի արգելոց, այնտեղ ծառահատումներ են իրականացնում, նա արձագանքել է.

«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կմ է, մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29743 քկմ տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը։

Այդ սահմանագծումից ներս կլինի Հայաստան, և մենք բոլոր աշխատանքները կկատարենք կենսաբազմազանության պահպանման համար, իսկ այդ սահմանից դուրս կլինի Հայաստանի Հանրապետությունից դուրս, հետևաբար՝ նաև մեր հետաքրքրությունից դուրս կլինի։ Ամեն երկիր ինքն իրավունք ունի որոշի, թե իր տարածքում ինչ է անում։

Կրկնում եմ, որ Հայաստանի տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է, այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ, որովհետև մենք չենք պատրաստվում 29.743 քառակուսի կիլոմետրից դուրս տարածքների համար որևէ գործողություն իրականացնել»:

Այստեղ լրագրողները հիշեցրեցին, որ խոսքը ՀՀ օկուպացված տարածքի մասին է, այսինքն, առանց սահմանազատման փաստացի որոշվում է դրա հայաստանապատկան լինել-չլինելը: Սա՝ առաջին: Եվ երկրորդ, Ադրբեջանը մինչև հիմա Հայաստանին մեղադրում է «օկուպացված տարածքներում ծառահատումների համար», խոսում վնասներից, այս դեպքում ինչո՞ւ Բաքվին ՀՀ իշխանությունները չեն պատասխանում, որ մեղավորներ չփնտրի և այսուհետ պատասխանատու լինի, որ «անտառներ չվերացվեն» օկուպացված Արցախի տարածքում:

Ի դեպ, ամիսներ առաջ Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցում, ծառերի հատման հարցը լրագրողները բարձրացրել էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ զրույցում:

«Երբ ինժեներական ամրաշինական կառույց է ստեղծվում այնտեղ, որտեղ պետք է ծառ կտրել, այն հատվում է։ Այնտեղ, որտեղ պետք է արհեստական, ոչ պայթուցիկ պատնեշ կառուցել ծառահատմամբ, դա իրականացվում է»,- ասել էր Էդվարդ Ասրյանը:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ նման գործողությունների անթույլատրելիության մասին հրապարակային հայտարարություններ չեն հնչում հայկական կողմից, քաղաքական խողովակներով փոխանցվո՞ւմ են արդյոք Ադրբեջանին, Ասրյանն առաջարկել էր դիմել համապատասխան կառույցներին: Եվ հիմա, փաստորեն, Հայաստանը նաև այս իրավունքից չի օգտվում:

Ավելին, ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։ Եվ անգամ այս ձևակերպմամբ, ադրբեջանական գործողությունների մասին չի խոսվում:

Նիկոլ Փաշինյանն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը, իհարկե, խոսել է պատերազմի հետևանքներից կենսաբազմազանության վրա, և խաղաղության արդյունքներից, բայց առանց կոնկրետացումների: Իսկ քաղաքական հարցերը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանագծման գործընթացին և տարածաշրջանում ապաշրջափակմանը: Բայց սա՝ Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը, իսկ բուն միջոցառմանը միայն բնապահպանական հարցեր են բարձրացվել՝ շրջանցելով Ադրբեջանին, ինչն Ալիևը COP 29-ին չի արել:

Առանձին հարց է Երևանում անցկացվող «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի անդամ եվրոպական երկրների առաջնորդների բացակայությունը COP 17-ին:

COP 29-ի ժամանակ բարձր մակարդակով ներկայացված էր Իտալիան, Հունաստանը, Խորվաթիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Լեհաստանը, Մոլդովան և այլն: Իհարկե, կային եվրոպական երկրներ, որոնց առաջնորդները չէին մեկնել Բաքու: Ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ նման նրբություններն արժանի են ուշադրության, քանի որ տողատակում մեսիջային բան ունենում են:

—

Karapet Navasardian:
Related Post