Հոկտեմբեր 17, 2026
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի հերթական հանդիպումն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելու առաջարկը կրկին ուշադրության կենտրոնում է պահվում։
Օրերս Ադրբեջան կատարած այցին հաջորդած բրիֆինգում Լավրովն ասաց՝ հանդիպումը նախ կարող է անցկացվել Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում, սակայն Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության գան հաջորդ նիստի կազմակերպման շուրջ։ Այս իրավիճակում առանցքային հարցը ոչ միայն այն է, թե որտեղ կհավաքվեն մասնակից երկրների արտգործնախարարները, այլև այն, թե ինչու է տարածաշրջանային համագործակցության համար նախատեսված հարթակը շարունակում մնալ նախարարական մակարդակում չգործարկված:
«3+3» ձևաչափի վերջին՝ երրորդ նախարարական հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ Դրան մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Վրաստանը, թեև նախատեսված է որպես ձևաչափի մասնակից, չի միացել հանդիպումներին՝ Ռուսաստանի հետ իր հակամարտության և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերի պատճառով։
Ստամբուլի հանդիպման համատեղ հաղորդագրությամբ կողմերը կարևորել էին պարբերական նախարարական հանդիպումները, տարածաշրջանային վստահության ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների ու կապակցվածության ոլորտներում։ Հաջորդ հանդիպման վայրը և ամսաթիվը պետք է համաձայնեցվեին դիվանագիտական ուղիներով։ Սակայն 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ նախարարական հաջորդ հանդիպումը դեռ չի կայացել։
Այսպիսով, գրեթե երկու տարվա ընթացքում ձևաչափի մասնակիցները չեն կարողացել իրականացնել անգամ այն նվազագույն պայմանավորվածությունը, որն անհրաժեշտ էր հարթակի կանոնավոր աշխատանքը շարունակելու համար։
Փակուղու պատճառները հասկանալու համար կարևոր է դիտարկել ոչ միայն Լավրովի հայտարարությունը, այլև կողմերի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշումները։ 2025 թվականին Հայաստանի արտգործնախարարությունից հայտարարում էին՝ հանդիպման անցկացման վայրի շուրջ քննարկումները շարունակվում են՝ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու նպատակով։
Այդ ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ դրան հաջորդողը՝ Հայաստանում։ 2026 թվականի հուլիսին Բայրամովը կրկին հաստատել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ընդունելու հերթական նիստը։ Նույն ժամանակ Լավրովը հույս էր հայտնել, որ Երևանն ու Բաքուն շուտով կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը, որից հետո կորոշվի՝ առաջինը նիստը կանցկացվի Բաքվո՞ւմ, թե՞ Երևանում։
Այս փաստերը ցույց են տալիս, որ առաջարկի առկայության և հրապարակային պատրաստակամության պայմաններում համաձայնություն այդպես էլ ձեռք չի բերվում այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն շարունակում են երկկողմ շփումները տարբեր մակարդակներում ու ֆորմատներում։ Սակայն այս հարցի համաձայնեցումն արգելակվել է երկար ժամանակ։ Ստեղծված իրավիճակն ինքնին չի ապացուցում, թե կողմերից որն է միանձնյա արգելակում գործընթացը. դրա համար անհրաժեշտ է իմանալ նաև դիվանագիտական բանակցությունների բովանդակությունը։
Այնուամենայնիվ, հանդիպման վայրի շուրջ երկարատև անհամաձայնությունն ունի ակնհայտ քաղաքական նշանակություն։ «3+3»-ը պարզապես հերթական միջազգային միջոցառման ձևաչափ չէ․ այն տարածաշրջանի երեք պետություններին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, ինչպես նաև նրանց հարևաններ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային մեկ հարթակում ներգրավելու փորձ է։
Դրա հիմնական գաղափարը տարածաշրջանային խնդիրները հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ քննարկելն է՝ առանց արտաքին ուժերի միջնորդությունը դարձնելու բոլոր գործընթացների պարտադիր բաղադրիչ։ Սա չի նշանակում, որ տարածաշրջանային պետությունների շահերը համընկնում են, կամ, որ արտաքին դերակատարների մասնակցությունը միշտ վնասակար է, պարզապես այս հարթակի կենսունակությունը հատկապես կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար, թեև նրանց շահերը նույնական չեն։
Մոսկվան ձգտում է պահպանել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասի անվտանգության, տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության հարցերում։ Թեհրանի համար առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի սահմանների անփոփոխելիությունը, Հայաստանի հետ սահմանի պահպանումը և այնպիսի հաղորդակցությունների զարգացումը, որոնք չեն սահմանափակի Իրանի կապերը Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի հետ։
Հետևաբար, «3+3»-ը երկու երկրների համար տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու և իրենց անվտանգության մտահոգություններն անմիջականորեն ներկայացնելու լրացուցիչ հնարավորություն է։
Միաժամանակ, ուշագրավն այն է, որ ձևաչափի նախաձեռնությունը ժամանակին եղել է թուրք-ադրբեջանական կողմից, սակայն ներկայումս Ադրբեջանն ու Թուրքիան առանձնակի հետաքրքրություն այս հարթակի կայացման կամ աշխատանքների շարունակության հարցում չեն ցուցաբերում։
Հենց այս հանգամանքներն են թույլ տալիս «3+3»-ի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։ Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև ԱՄՆ-ի և Եվրամիության համար՝ հաղորդակցությունների, էներգետիկ անվտանգության և քաղաքական ազդեցության տեսանկյունից։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խորացումը, ինչպես նաև արևմտյան դերակատարների ներգրավվածության աճը տարածաշրջանում փոխում են քաղաքական միջավայրը։
Այն, ինչ կարելի է հստակ փաստել, հետևյալն է՝ երբ տարածաշրջանային համագործակցության սեփական մեխանիզմը չի գործում, արտաքին ուժերի հետ երկկողմ հարաբերությունները և այլ միջազգային հարթակները ձեռք են բերում ավելի մեծ կշիռ։ Դա կարող է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի՝ տարածաշրջանային օրակարգի վրա ազդելու հնարավորությունները՝ անկախ նրանից՝ ձևաչափի կանգը որևէ արտաքին կենտրոնի նպատակային քաղաքականության հետևա՞նք է, թե՞ հենց տարածաշրջանի երկրների միջև անվստահության արդյունք։
Այս պայմաններում գլխավոր պատասխանատվությունը, այնուամենայնիվ, մնում է հենց ձևաչափի մասնակիցների վրա։ Եվ եթե հանդիպման վայրի շուրջ վեճը շարունակում է ձգձգվել, այն վերածվում է ավելի խոր խնդրի ցուցիչի։ Ռուսաստանի և Իրանի շահերից է բխում, որ ձևաչափը վերածվի գործող քաղաքական մեխանիզմի, բայց դրա զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն Մոսկվայի կամ Թեհրանի հայտարարություններով։ Անհրաժեշտ են մասնակից բոլոր երկրների գործնական քայլերը, այդ թվում և գլխավորապես՝ Երևանի և Բաքվի պատրաստակամությունը:
Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, դրական միտումների մասին հայտարարությունների ֆոնին կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել մի պարզ հարցի՝ ռեգիոնալ հարթակի հանդիպման վայրի շուրջ։ Հստակ եզրակացությունն այն է, որ խնդիրն ամենևին հանդիպման վայրը չէ, այլ աշխարհաքաղաքական զարգացումներն ու մրցակցությունը ռեգիոնում։
—