X
    Categories: News

168: Իսկ Վտանգը Վերացե՞Լ Է… Ալիևին տրված նվերներն անվճար չէին. Թուրքիան և Իսր

Հոկտեմբեր 17, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աշխարհում խաղի կանոնները փոխվել են ոչ միայն քաղաքականության, այլև պատերազմի մեջ։ Այսօր պատերազմներն ընթանում են միանգամայն այլ տրամաբանությամբ։ Դրանց երբեմն տարբեր անուններ են տալիս՝ պրոքսի պատերազմ և այլն, բայց երբեմն արդյունավետություն կարող են ունենալ ոչ միայն գերժամանակակից զենքերը, այլև գաղափարի շուրջ համախմբված զինված կառույցները։ Այդ համատեքստում երբեմն այս կամ այն երկրների միջև ստորագրվող դաշինքները, որոնք կոչված են պաշտպանելու նրանց շահերը, կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։ Ակնհայտ է, որ լայն պատերազմի՝ Իրան-Արևմուտք պատերազմի համատեքստում Իրանը պետք է օգտագործի ոչ միայն իր զարմանք պատճառող հրթիռները, այլև, ըստ նպատակահարմարության, իր լայն զինանոցի այլ տարրերը:

Կարող ենք արձանագրել, որ Մեքքայի համաձայնագիրը, որը ստորագրվել է երեք պետությունների՝ Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև, այս պահին դեռևս չի կարողանում կանխել Սաուդյան Արաբիայի նկատմամբ իրականացվող ռազմական և գաղափարական հարձակումը։ Սա նաև ենթադրում է, որ տարբեր բարձրահունչ պայմանագրեր երբեմն կորցնում են իրենց արդյունավետությունը։ Օրինակ՝ մենք շատ ենք խոսում ՀԱՊԿ-ի անգործության մասին։ Նույնը, փաստորեն, կարող ենք տեսնել նաև մեկ այլ համաձայնագրի համատեքստում։ Կարող ենք տեսնել նաև Թրամփի հիասթափությունը ՆԱՏՕ-ից. նա դժգոհում է, թե ինչու ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն պաշտպանում իրենց Իրանի դեմ պատերազմում, և այլն։

Կարդացեք նաև

  • «Իրական Հայաստան»-ով ամրապնդում է պարտությունը. ո՛չ խաղաղություն կունենաս, ո՛չ ապագա․ Վահան Զանոյան
  • Այս իշխանության ասածները պարզ խաբեություն ու անմտություն են, Արցախը հնարավո՛ր էր և պե՛տք էր պահել․ Ալեքսան Հակոբյան
  • Հավսա՛ր, զգա՛ստ դեպի… բարեփոխո՞ւմ, թե՞ վիզուալ փոփոխություններ․ ո՞ւր ենք տանում հայկական բանակը

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ քաղաքականության և պատերազմի ժամանակակից խաղի կանոններն ունեն իրենց տրամաբանությունը, և այդ տրամաբանությունը տեսնելն ու հասկանալը շատ կարևոր են ընդհանուր պատկերն ամբողջացնելու համար։

  • Մենք՝ արևելագետներս, վաղուց եկել ենք այն համոզման, որ Մերձավոր Արևելքում երբեք հանգիստ վիճակ չի եղել։ Երբ նայում ենք տարբեր դարաշրջանների, տեսնում ենք, որ այնտեղ միշտ անհանգիստ իրավիճակ է տիրել։ Մերձավոր Արևելքն ինքնին անհանգստության տարածք է։ Այդ անհանգստությունները կարող են տարբեր բնույթ ունենալ։ Դրանք կարող են լինել ներպետական՝ հեղափոխություններ, պետական կարգերի փոփոխություններ, ինչպես նաև արտաքին քաղաքական բնույթի, քանի որ աշխարհի մեծ տերությունների և ընդհանրապես աշխարհի խոշոր խաղացողների շահերը շատ հաճախ խաչվում են հենց Մերձավոր Արևելքում։

Ի տարբերություն, օրինակ, ավելի հանգիստ տարածաշրջանների, որտեղ շահերի բախումներն ավարտվել են, և շահերի բաշխումն արդեն տեղի է ունեցել, Մերձավոր Արևելքում այդ շահերի անընդհատ փոփոխությունը շարունակական գործընթաց է։ Հետևաբար՝ Մերձավոր Արևելքում ակնկալել այնպիսի քաղաքական անդորր, ինչպիսին կարելի է ակնկալել սկանդինավյան երկրներում կամ մեկ այլ վայրում, տեղին չէ։ Եվ հիմա, փաստորեն, մեր տարածաշրջանը գտնվում է արտաքին ու ներքին լարվածության հերթական փուլի մեջ։ Արտաքին լարվածությունը մենք տեսնում ենք Իսրայելի և Իրանի պատերազմի տեսքով, որն այս պահին ժամանակավոր դադար է վերցրել, բայց ամեն պահի կարող է վերսկսվել։

  • Փոխվում են նաև պատկերացումները։ Օրինակ՝ պատկերացնում էին, որ Իրանը շատ արագ կփլուզվի, բայց դա տեղի չունեցավ։
  • Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում տեղի են ունենում շատ հետաքրքիր գործընթացներ։ Ընդ որում, գործընթացներ են տեղի ունենում նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Դրանք կարևոր է դիտարկել թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ այդ երկրների տեսանկյունից։
  • Հիջաբը՝ կանացի իսլամական գլխաշորը, ունի ոչ միայն իսլամական կրոնից բխող որոշակի արմատներ։ Ըստ այդ կրոնական պատկերացումների՝ կինը, իսկ ավելի կոնկրետ՝ 12 տարեկանից բարձր աղջիկը, պետք է սկսի կրել այդ գլխաշորը՝ դրա տարբեր ձևերով։ Սակայն հիջաբը վաղուց վերածվել է նաև քաղաքական իսլամի խորհրդանիշի։ Այսինքն՝ գլխաշորը պարզապես սովորական հագուստի ատրիբուտ չէ։ Դա քաղաքական իսլամի խորհրդանիշն է, և այդ խորհրդանիշի նկատմամբ ցանկացած քայլ կարող է շատ լուրջ զարգացումների հանգեցնել։ Թուրքիայի պարագայում պետք է հաշվի առնել, որ այսօրվա Թուրքիայում իշխող ուժը՝ Էրդողանի գլխավորությամբ, իշխանության է 2002 թվականից։ Նրա քաղաքական պայքարը, կարելի է ասել, հենց սկզբից ընթացել է այս քաղաքական խորհրդանիշների պաշտպանության լոզունգներով։ Այսինքն՝ այսօրվա Թուրքիայի իշխող ուժը քաղաքական իսլամին հարող և իսլամը կրող ուժ է։ Հիջաբը կամ կանացի գլխաշորը՝ որպես խորհրդանիշ, նրանց համար շատ կարևոր նշանակություն ունի։ Էրդողանը և նրանից առաջ եղած իսլամամետ քաղաքական ուժերը տարբեր տարիներին անընդհատ հանդես են եկել կանացի գլխաշորի պաշտպանության դիրքերից։ Նույն Էրդողանի կինը գլխաշոր է կրում, նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը նույնպես գլխաշոր էր կրում։ Այստեղ հարցը շատ ավելի հայեցակարգային պայքարի մասին է՝ աշխարհիկության և իսլամականության։

  • Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայում արգելել էր կանացի գլխաշոր կրել՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա Իլհամ Ալիևն է արգելում այն կրել Ադրբեջանում։ Թուրքիայի՝ 20-րդ դարի սկզբին՝ հանրապետության ձևավորումից հետո, 1920-ական թվականներին ընդունված օրենքների համաձայն՝ պետական հաստատություններում, այդ թվում՝ կրթական հաստատություններում և դպրոցներում, իրավունք չկար գլխաշոր կրելու։ Ավելին՝ աշակերտներին անգամ թույլ չէին տալիս մտնել դպրոց, եթե գլխաշոր էին կրում։ Այս թեման տեղ է գտել նաև թուրքական գրականության մեջ։ Նույնիսկ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի վեպերում է դրա մասին խոսվում։ Փաստորեն, Էրդողանը պայքարում էր այս ամենի դեմ և հանդես էր գալիս Աթաթուրքի սկզբունքների դեմ։ Հետևաբար, սա նրանց քաղաքական իմիջի կարևոր տարրերից մեկն է։ Անհնար էր, որ Թուրքիան չարձագանքեր Ադրբեջանում, թեկուզև եղբայրական Ադրբեջանում, այս հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև, ինչպես արդեն նշեցի, իրենք իրենց դիրքավորում են՝ որպես գլխաշորի և այդ քաղաքական խորհրդանիշի պաշտպաններ։
  • Երկրորդ հանգամանքը վերաբերում է Իրանին, որտեղ նույն խնդիրը կա, բայց մի փոքր այլ տեսանկյունից։ Իրանում նախորդ՝ շահական ռեժիմը, որը տապալվեց 1979 թվականին, արգելում էր կրոնական գլխաշոր կրելը։ Իսկ արդեն 1979թ. հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետության ձևավորումից հետո, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. կանացի գլխաշորը դարձավ պարտադիր։ Հիմա էլ Իրանում, ինչպես կհիշեք վերջին ցույցերի ժամանակ, այդ հարցն էր քննարկվում՝ կանանց ազատության և այլնի համատեքստում։ Խոսքը գլխաշորը հանելու թույլտվության կամ հանրային վայրերում դրա կրելու կանոնները որոշակիորեն մեղմացնելու մասին էր, որպեսզի կանայք կարողանան գլխաշորի այլ տարրեր կամ այլ ոճեր կրել, այլ ոչ թե պարտադիր կերպով ամբողջությամբ ծածկող գլխաշոր։ Փաստորեն, տեսնում ենք, որ թե՛ Թուրքիայում, թե՛ Իրանում այդ գլխաշորը քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկն է։ Հիմա նույն հարցը ծագում է Ադրբեջանում, որտեղ պատկերը մի փոքր խառն է։
  • Ադրբեջանն աշխարհիկ պետություն է։ Միևնույն ժամանակ, հատկապես Ղարաբաղյան հարցի համատեքստում, Ադրբեջանն իրեն դիրքավորում էր՝ հղում անելով իսլամական համերաշխության սկզբունքներին։ Փորձում էր համոզել, որ իսլամադավան երկրները պետք է արտահայտվեն ընդդեմ Արցախի հայկական լինելու, և այլն։ Այսինքն՝ փորձում էր խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն՝ հայերի և ադրբեջանցիների միջև քրիստոնեության ու իսլամի պայքար։ Ադրբեջանական կողմը նաև պնդումներ էր ներկայացնում, թե Արցախում մզկիթներ են քանդվել, պղծվել և այլն։ Հիմա, փաստորեն, Իլհամ Ալիևը բախվում է մի երևույթի, երբ իր հասարակության մեջ կրոնական տրամադրությունները որոշակիորեն աճել են։ Այդ աճը հասել է այն մակարդակին, որ հասարակության տարբեր շերտեր կանացի գլխաշորի նկատմամբ ունեն շատ սկզբունքային վերաբերմունք։ Այդ շերտերի մեջ են աշակերտները, ուսանողները, ուսուցիչները և այլք։
  • Ադրբեջանը շիա բնակչությամբ երկիր է, այսինքն՝ բնակչության մեծամասնությունը շիա դավանանքի հետևորդ է։ Շիայականությունը նաև Իրանում իսլամի ամենատարածված ուղղությունն է։ Այդ պատճառով Ադրբեջանում մեղադրանքներ են հնչում, թե այս հարցում Իրանը որոշակի քաղաքական և հոգևոր ազդեցություն ունի։ Այսինքն՝ երբ Ալիևն ասում է, որ արտաքին ազդեցություն կա, դա առաջին հերթին Իրանին է ուղղված, ոչ թե միայն Թուրքիային։ Իրանի և Ադրբեջանի բնակչության մեծամասնության դավանանքային ուղղությունը նույնն է՝ շիայականությունը։ Թուրքիայի պարագայում, ընդհակառակը, Թուրքիան հիմնականում սուննի մահմեդական երկիր է, բայց գլխաշորի նկատմամբ այնտեղ նույնպես հատուկ վերաբերմունք կա։ Ուստի Թուրքիան ևս անդրադառնում է այս խնդրին։ Սա հարցի կրոնական և պատմական ասպեկտն է։

  • Ինչ վերաբերում է հարցի մյուս շերտին՝ արդյո՞ք թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ անամպ են եղել, և արդյո՞ք դրանցում երբևէ խնդիրներ չեն ծագել, պետք է ասել, որ իրականում այդպես չէ։ Եթե դիտարկենք նույն հանրապետական շրջանը, ապա թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն եղել է նաև 1990-ական թվականներին։ Ընդհուպ մինչև այն աստիճան, որ Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանում հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։
  • Լարվածության հաջորդ փուլը եղել է ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ Թուրքիայի նախագահն այցելեց Հայաստան, իսկ Հայաստանի Երրորդ նախագահն այց կատարեց Թուրքիա։ Այդ ժամանակ Ադրբեջանում անգամ իջեցվեցին թուրքական դրոշները, հնչեցին շատ ավելի կոշտ հայտարարություններ։ Մոտավորապես այնպես, ինչպես Զելենսկին հիմա դժգոհում է Թրամփից, այն ժամանակ էլ Ադրբեջանում դժգոհում էին, որ Թուրքիան իրենց դավաճանում է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ֆուտբոլային դիվանագիտության հաջողությունը, ըստ իրենց պատկերացումների, ուղղակիորեն առնչվում էր Ադրբեջանի շահերին։ Իլհամ Ալիևը դա շատ լավ գիտակցում էր և ամեն ինչ անում էր, կարծես թե բացահայտ հայտարարելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ գործընթացը չիրականանա։ Այդ ժամանակ նույնպես թուրք-ադրբեջանական հարաբերությունները գերլարված էին։ Նույնը տեղի էր ունենում նաև Թուրքիայում։ Օրինակ՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք ոստիկաններն արգելում էին մարզադաշտ ադրբեջանական դրոշներ տանել, երբ խաղում էր Հայաստանի հավաքականը։
  • Այսօր լարվածության այս փուլը մի փոքր տարբերվող է։ Ինչո՞ւ։ Որովհետև այստեղ կան իրական քաղաքական իրողություններ, բայց կան նաև եղբայրության մասին կենացային հայտարարություններ։ Առաջին իրողությունը հետևյալն է. Թուրքիան բացահայտորեն օգնել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմում՝ թե՛ դրանից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո։ Այսինքն՝ Թուրքիան՝ որպես մեծ եղբայր, ներգրավվել է այդ հակամարտության մեջ։ Իհարկե, դա տեղի է ունեցել նաև Հայաստանի ապաշնորհ քայլերի և դիվանագիտության բացակայության պայմաններում, բայց ակնհայտ է, որ առանց Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի օգնության՝ Ադրբեջանը միայնակ դժվարանալու էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին պարտադրել այն իրողությունները, որոնք այսօր ունենք։ Ընդհակառակը, մեծ հարցական էր, թե ուղիղ բախման պայմաններում Արցախի պաշտպանության բանակն ինչպիսի՞ արդյունքներ կարող էր արձանագրել։ Հայտնի է նաև, որ թուրք գեներալներն անմիջական մասնակցություն են ունեցել։ Այդ հայտնի գեներալներից մեկը՝ Բախտիյարը, որն այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն է, նույնպես համարվում է 44-օրյա պատերազմի ճարտարապետներից մեկը։ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի դերակատարությունն էլ է հիշատակվում այս համատեքստում։ Այսինքն՝ Թուրքիայի մասնակցությունն ակնհայտ է։ Այս ամենից հետո, երբ հնչել են կենացներ եղբայրական պետությունների մասին, երբ խոսվել է հաղթանակի, Արցախի և այլնի մասին, գալիս է նաև վճարելու պահը։ Թուրքիան, լինելով պրագմատիկ երկիր, պահանջում է, որ Ադրբեջանում ունենա ավելի բարձր ներկայություն և ավելի մեծ դերակատարություն Ադրբեջանի հետ կապված հարցերում։ 
  • Իսրայելն արցախյան ողբերգության դերակատարներից է՝ դրանից բխող հետևանքներով, և հիմա Ադրբեջանից իր բաժինն է ուզում դրանից:
  • Ադրբեջանին թվում է, որ ինքնուրույն է հասել Արցախի, այսպես ասած, հաղթանակին, և Իլհամ Ալիևն իրեն դիրքավորում է՝ որպես այլ ոճի քաղաքական գործիչ, որպես տարածաշրջանի ամենահաղթանակած գործիչներից մեկը։ Նրա անձնական ու պետական ամբիցիաները բախվում են Թուրքիայի պետական ամբիցիաներին։ Հիմա Ալիևն ու Թուրքիան, փաստորեն, վիճարկում են այն հարցը, թե ով է հասել այդ արդյունքին։ Միասի՞ն են հաղթել, թե՞ Ալիևը միայնակ է իրականացրել Արցախի օկուպացիան, և այլն։ Ահա այստեղ են ի հայտ գալիս խնդիրները։ Դրանք ոչ միայն կուլիսային բնույթ ունեն, այլև երբեմն դուրս են գալիս ավելի հրապարակային մակարդակ։Եվ հիմա, երբ դիտարկում ենք, թե ովքեր են հայտարարություններ անում հիջաբի՝ կանացի գլխաշորի հետ կապված հարցի վերաբերյալ, տեսնում ենք, որ Էրդողանի անմիջական շրջապատից՝ նրա խորհրդականների մակարդակով, պաշտոնական հայտարարություններ են հնչում։ Ընդ որում՝ քննադատվում են Ալիևի քայլերը՝ գլխաշորն արգելելու վերաբերյալ։ Սակայն այդ ամենի հիմքում միայն գլխաշորի հարցը չէ, այլև փոխադարձ ամբիցիաների խնդիրը։ Իսկ ինչո՞ւ հիմա։ Ալիևի համար, հավանաբար, ակնհայտ է դարձել, որ հասարակության մեջ իսլամական տրամադրությունները գուցե աճի միտում ունեն, ինչը նրա համար խնդիր է։

  • Իրանը շիայական պետություն է, Թուրքիան՝ սուննիական, և Ադրբեջանը հայտնվել է նրանց արանքում: Ալիևն աշխարհիկ գործիչ է, իսկ շիայական ավանդական աշխարհայացք ունեցող քաղաքացիների համար այն, որ Ալիևը դասական մահմեդական գործչի կերպար չունի, արդեն խնդիր է: Ինչքան Ադրբեջանում աճեն իսլամական պահպանողական հայացքներով շերտերը, այնքան Ալիևի իշխանության դիրքերը կթուլանան: Ալիևի քայլերն ուղղված են նաև իշխանության պահպանությանն ու հնարավոր փոխանցմանը:
  • Ադրբեջանում կա հետևյալ խոսույթը՝ Արցախում այդքան մուսուլման շեհիդներ նահատակվեցին, որ այսօր Ադրբեջանում հնարավոր չլինի՞ հիջաբ կրել: Բայց սրա հիմքերն էլ է Ալիևը դրել, որովհետև կրկնեմ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը հենց այդպես էր դիրքավորվում, որ սա հավատի համար պատերազմ է:
  • Հիմա ևս մեկ անգամ պետք է հետհայացք նետենք «ֆուտբոլային դիվանագիտությանը» անկողմնակալ, առանց որևէ էմոցիայի, կտեսնենք՝ ինչ նուրբ խաղ էր այն ժամանակ գծել նախագահ Սերժ Սարգսյանը, որ այդ քայլով լարվածություն առաջացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
  • TRIPP-ի վավերացումն արագացնելը ճիշտ քայլ չէ հենց միայն այն պատճառով, որ վաղն այդ փաստաթուղթը կարող է խանգարել ապագայում հայկական դիվանագիտությանը տարբեր հարցերում ավելի ազատ գործել: Հիշենք՝ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ հարգելի աշխարհի ներկայացուցիչներ, Ղարաբաղյան հարցը փակված է, քանի որ Հայաստանի ղեկավարությունն արդեն ասել է այդ մասին: Չեմ ասում՝ կոնֆլիկտը ձգելը լավ է, բայց դու ինչպե՞ս ես փակում մի հարց, որը վերաբերում է արցախահայերի հազարամյակների բնակավայրին, որովհետև այդ հարցը փակելով՝ փակում ես մնացած բոլոր հարցերը: Բացի դրանից, աշխարհն այնքան անկայուն է, որ այս փոփոխվող աշխարհում նման պարտավորություն վերցնելը ձեռնտու չէ: Ինքը չի կրող ԱԺ-ում չվավերացնել այդ փաստաթուղթը, որովհետև «ինքնիշխան» իշխանությանը դա պարտադրում են Բաքվից և Անկարայից:
  • Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, հայ ժողովուրդը պատմությունից դասեր առնելու համար ամենածույլ աշակերտն է: Մենք մեր աչքի առաջ ունենք Ուկրաինայի օրինակը՝ Մայդան, ավերված երկիր և թշնամական հարաբերություններ երկու եղբայրական ժողովուրդների միջև: Նույնը մենք տեսանք Հայաստանում 2018թ. և դրանից հետո: Արևմտյան ցինիկ քաղաքականությունը շատ օրինակելի է: Մենք դա տեսել ենք նաև ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ ռուսական զորքերն արդեն հասել էին Գորի, իսկ Վրաստանին օգնությունը եղավ այն, որ Բուշը զանգեց Սահակաշվիլուն: Փաշինյանն, իհարկե, պատմության լավագույն աշակերտը չէ, բայց քաղաքական իր վայրիվերումներով, մի օր արթնանանք ու տեսնենք, որ ինքը դարձել է ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի ջերմ երկրպագուն, և դա անելու է ոչ թե ելնելով երկրի շահերից, այլ իր անձնական շահից:
  • Իլհամ Ալիևը և Ադրբեջանը ևս մի հարված ունեն իրենց իմիջին. Դա նրանց ջերմ հարաբերություններն են Իսրայելի հետ: Ալիևը և Ադրբեջանը՝ որպես իսլամական համերաշխության ջատագովներ, իրենց իմիջը լուրջ կասկածի տակ են դրել: Ալիևին տրված նվերներն Արցախն օկուպացնելու համար անվճար չեն. եկել է դրանց համար վճարելու պահը: Ալիևը հիմա չի կարող Իսրայելի հետ հարաբերություններում անել այն դեմարշը, ինչ անում է Ֆիդանը: Ադրբեջանցի պաշտոնյան չի կարող իսրայելցի պաշտոնյայի ելույթի ժամանակ լքել դահլիճը:

  • Փաշինյանն ու իր թիմն ունեն քաղաքական հավատամք՝ ամեն ինչ իրենց իշխանությունը պահելու համար, և այդ «ամեն ինչը» սահմաններ չունի: Հիշում եք՝ երբ նոր էր իշխանության եկել, Պուտինին չէր իջնում դիմավորելու: Ինքնիշխանության կորը մի քիչ շատ է ներքև իջել. Հիմա այդ «ինքնիշխան» Փաշինյանից մնացել է Ռուսաստանից զանգի սպասող Փաշինյանը, թե երբ են իրեն կանչում Պուտինի մոտ: Փաշինյանի քաղաքականությունը բացարձակ անսկզբունքայնությունն է՝ թալեյրանիզմը: Թալեյրանի քաղաքական գիծը բացարձակ անսկզբունքայնությունն էր, Փաշինյանի իդեա ֆիքսը՝ իշխանություն պահելը: Բացի դրանից, մեր հասարակության մեջ կա մի հատված, որ եթե Փաշինյանը ասի՝ մածունը սպիտակ չէ, այլ մուգ թանաքագույն, նրանք կհավատան՝ ի՞նչ աներ խեղճ հարիֆը, ու далее по тексту: Դրսում դրա համար է շատերի համար տարակուսելի՝ ինչպե՞ս կարելի է այսքան բան անել ու մնալ իշխանության: Դրա մասին խոսել են թե՛ Ալիևը, թե՛ ամերիկյան շատ լուրջ պաշտոնյաներ:
  • Դրսի ուժերը նրա համար են, որ աշխատեն տարբեր երկրների ու նրանց հասարակությունների վրա: Ո՞ր երկրները կարող են Հայաստանի ներսում ունենալ թիրախներ, որ ոչնչացվեն ոչ միայն կենդանի, այլև մեռած հեղինակությունները, որ հայ հասարակության միջից դուրս գա Արարատ Սարի, Սասունի, Մուշի գաղափարը: Շատ հանգիստ կարելի է գտնել՝ որոնք կարող են լինել այդ պետությունները: Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը լիովին անպաշտպան է արտաքին հարձակումների հանդեպ, և դա ոչ այնքան հասարակության մեղքն է, որքան այն կառույցներինը, որ պետք է հասարակության հանդեպ զանազան «անօդաչու տարբեր սարքերի» հարձակումների դեմ հակաօդային պաշտպանություն ապահովեին: Հասարակության մեջ մի հատված էլ այդ հարձակումների դեմ այնքան հեռու է գնում, որ սկսում է Թուրքիայում ապրող մի բլոգերի հավատալ, որը գովերգում է Ալիևին և փնովում Հայաստանի նախկին նախագահներին, կամ իր տունն ու երեխաներին ադրբեջանցուց պաշտպանող կնոջն ասում՝ չջղայնացնեիր՝ չաներ:
  • Փաշինյանը գնաց Ամուլսարը փակեց, 10 տարի հետո բացեց, և զրո ընդվզում: Հիմա Ադրբեջանը կբերի Սահմանադրության փոփոխության հարցը, և կրկին հասարակությունը չի ընդվզի:
  • Փաշինյանի ուղերձն արտաքին խաղացողներին հետևյալն է՝ մինչև իմ պաշտոնավարման ավարտը՝ 2031թ., ես ամեն ինչ անելու եմ՝ փոխելու եմ Սահմանադրությունը, վավերացնելու եմ TRIPP-ը, օգնեք ինձ ամեն ինչով: Փաշինյանի հայտարարության երկրորդ հասցեատերը Հայաստանի ներքին հասարակությունն է, որին նա խոստանում է հավիտենական խաղաղություն: Մյուս կողմից՝ մինչև 2031 թիվ Մավրը կանի իր գործը, Մավրը կարող է հեռանալ:
  • Դուք տեսեք՝ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ինչ ակնածանքով են խոսում Ալիևի ու Հաջիևի մասին, և ինչպես են խոսում Վեհափառի ու սրբազանների մասին: Վեհափառի անունը որ տալիս են, ձեզ մոտ ինչի՞ են կատաղության նոպաներ ի հայտ գալիս:
  • Գունավոր հեղափոխությամբ իշխանության եկած «ժողովրդավարներն» իրենց առանց պաշտոնի չեն պատկերացնում և վերածվում են բռնապետի, իսկ իրական ժողովրդավարները 1-2 ժամկետ պաշտոնավարելուց հետո հեռանում են:
  • Նախ, Ռուսաստանի մահվան մասին լուրերը չափազանցված են։ Ասել, որ Ռուսաստանը լիովին դուրս է եկել Հարավային Կովկասից, այնքան էլ մոտ չէ ճշմարտությանը։

Երկրորդը. Ռուսաստանի նախագահը, փաստորեն, Հայաստանի վարչապետին երկու հարցի առաջ է կանգնեցրել։ Առաջինն այն է, որ ասում է՝ եթե ուզում եք Եվրամիություն գնալ, խնդրեմ, եթե դա հայ ժողովրդին ձեռնտու է, գնացեք, հանրաքվե արեք և որոշեք։ Ի՞նչ է պատասխանում Փաշինյանը։ Նա ոչ թե ինքնիշխան տոնով ասում է՝ այո՛, գնալու ենք հանրաքվեի, ոչ էլ ինքնիշխան տոնով ասում է՝ դուք մի՛ խառնվեք մեր գործերին, մենք կորոշենք՝ գնո՞ւմ ենք հանրաքվեի, թե՞ ոչ։ Նա այլ պատասխան է տալիս, ասում է՝ նման հարց դրված չէ, քանի որ դեռ Եվրամիությանն անդամակցելու հարց չկա։ Էլ ի՞նչ հանրաքվե։ Այսինքն՝ կոպիտ ասած՝ Պուտինի այս առաջարկի արդյունքում Փաշինյանի մանիպուլյատիվ խաղի հնարավորությունները, փաստորեն, փոքրացել են։

Մյուս առաջարկն էլ կրկին Պուտինն առաջ քաշեց՝ ասելով, որ՝ եթե ուզում եք, ռուսական ռազմաբազան կարող ենք հանել։ Այսինքն՝ հետո Հայաստանի պաշտոնյան ասում է, որ մենք նման բան չենք ասել։ Բայց Պուտինը, ենթադրում եմ, այդ հայտարարությունն ինչ-որ հիմքով է արել՝ պատկերացնելով, թե ձեր մտքի հաջորդ թռիչքն ինչ է լինելու՝ ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Հիմա, քանի որ Փաշինյանի մոտ կարող է արագ կողմնորոշման փոփոխություն լինել՝ հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության ծանրության կենտրոնների փոփոխությունը, դեպի Ռուսաստան, այո՛, կարող է, օրինակ, ես այս պահին հիպոթետիկ եմ ասում, գուցե մի քիչ էլ սարկազմով, ոչ թե ռազմաբազան հանելու հարց ծագի, այլ Փաշինյանն առաջարկի Հայաստանում ևս 5 ռազմաբազա ավելացնել՝ որպես հայ-ռուսական եղբայրության նշան։ Այսինքն՝ նրա համար կարևորն իշխանության պահպանումն է։ Միգուցե սարկազմով եմ ասում, բայց նա ոչ թե կասի՝ բազան հանե՛ք, այլ կասի՝ իսկ ի՞նչ կլինի, եթե ևս մի քանի բազա տեղադրենք։

  • Հայաստան-Թուրքիա սահմանը ոչ միայն հայ-թուրքական սահման է, այլև ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահման: Իսկ բազան հայտնվել է 90-ականներին՝ Հայաստանի դիմելուց հետո, որպես մեր անվտանգության երաշխիք։ Հիշեք՝ մեզ ի՞նչ վտանգ էր սպառնում, որ Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը դիմեց Ռուսաստանին՝ որպես անվտանգության երաշխավորի, և խնդրեց այստեղ ռազմաբազա տեղակայել։ Պետք է նաև հասկանանք՝ արդյոք այդ վտանգը վերացե՞լ է, որ հիմա մենք խոսում ենք 102-րդ ռազմաբազան հանելու մասին։ Հիշո՞ւմ եք Շապոշնիկովի հայտնի դեպքը։ Այո՛, Թուրքիան իսկապես պատրաստվում էր հարձակման։ Այդ մասին տեղեկություններ կան նաև ամերիկյան արխիվային փաստաթղթերում։ Բուշի և Թուրքիայի նախագահ Օզալի հեռախոսազրույցն արդեն գաղտնազերծված է, որտեղ, ըստ այդ տեղեկությունների, Բուշն ուղիղ ասում է՝ մի՛ հարձակվեք Հայաստանի վրա։ Կան նաև Թուրքիայի նախագահ Օզալի հայտարարությունները, թե ի՞նչ կլինի, եթե մի երկու ռումբ գցեն Հայաստանի վրա։ 
  • Իհարկե, Կարսի պայմանագիրը չեղարկելու և այլ հարցերի հետ կապված՝ ես իրավական հիմքեր չեմ տեսնում։ Բայց դա չեմ կապում նաև ռազմաբազայի հարցի հետ։ Եթե Հայաստանը լիովին հրաժարվի իր բոլոր զսպող մեխանիզմներից և միակ ուժը համարի խաղաղության լոզունգը, այսինքն՝ չունենա ո՛չ ռազմաբազա, ո՛չ բանակ, ո՛չ դիվանագիտություն, ո՛չ ատոմային զենք, ոչինչ, ապա ի՞նչ է մնում։ Նախկինում մեր միակ զենքը թղթե շերեփն էր, հիմա էլ՝ խաղաղության մասին թղթե հայտարարությունը։ 
  • Եթե Հայաստանը լիովին իր բոլոր զսպող մեխանիզմներից՝ բանակ, ատոմակայան, ռազմաբազա, դիվանագիտություն, հրաժարվի ու թողնի միայն խաղաղությունը, Թուրքիայի քաղաքականությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ չի բացառվում՝ ինչ-որ պահի Թուրքիան, այլևս չունենալով զսպող մեխանիզմներ, ասի՝ գիտե՞ք ինչ, եկեք վերանայենք Կարսի պայմանագիրը։ Եկեք հետ գնանք նախորդ պայմանագրին, օրինակ՝ Ալեքսանդրապոլի պայմանագրին, որով Հայաստանը մնում է շատ ավելի փոքր, բայց շատ ավելի մոբիլ, ինքնիշխան՝ մի 10 000 կմ² տարածքով։ Իսկ Ադրբեջանն առավոտից գիշեր տարածում է քարտեզներ, որտեղ անգամ Սևանա լիճը կիսով չափ ադրբեջանական է։ Կարծես թե այդ քարտեզները շատ նման են կամ մոտ են Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին վերապահված տարածքի քարտեզին։

Այնպես որ, սրանք, իհարկե, հիմա հիպոթետիկ վերլուծություններ են այն մասին, թե ինչ քայլեր կարող է անել Թուրքիան, եթե չլինեն զսպող մեխանիզմներ, և ինչ իրավական հիմնավորումներ կարող է ներկայացնել։ Կարող է ասել՝ գիտե՞ք ինչ, չեմ ուզում այս հարցով որևէ բան անել, քանի որ Կարսի պայմանագիրը ստորագրել է բոլշևիկյան, կոմունիստական Հայաստանը։ Եկեք գնանք դեպի ինքնիշխան Հայաստանի՝ 1920 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության ստորագրած պայմանագիրը։ Փաշինյանն էլ կարող է ասել՝ տեսե՛ք,  դաշնակցականներն այն ժամանակ այս պայմանագիրն են ստորագրել, և մինչև հիմա այդ նախկինները մեզ վնաս են տալիս… Այս ամենի մասին ուղղակի կիսասարկազմով և հիպոթետիկ ենք խոսում, բայց Աստված չանի՝ դրանք իրականանան… 

  • Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական հակամարտությունը, ավելի ճիշտ՝ լարվածությունը, հենց TRIPP-ի մասին է։ Բայց այն, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում կա մասնաբաժինների շուրջ վեճ, և լիովին պարզաբանված չէ, թե նրանց համատեղ, օկուպացիոն և այլ ծրագրերում ով ինչ մասնաբաժին է ունենալու, շատ մոտ է իրականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post