Հոկտեմբեր 15, 2026
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները հանելուց հետո, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում նկատվում է լարվածություն։
Երկու երկրներից փոխադարձաբար տարբեր հայտարարություններ են հնչում, երեկ նույնիսկ Ադրբեջանը Թուրքիային ու Իրանին մեղադրել է իր դեմ տեղեկատվական պատերազմ տանելու մեջ։
Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշում է, թե վերջին օրերին բացահայտորեն նկատվում է արտասահմանյան երկրներում գործող հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների և նույնիսկ պաշտոնատար անձանց ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի դեմ ուղղված նպատակային տեղեկատվական արշավներին։
«Մենք Իրանի և Թուրքիայի կողմից նպատակային տեղեկատվական հարձակումների ակտիվացումը, հատկապես՝ X, Telegram և TikTok հարթակների միջոցով, գնահատում ենք որպես տեղեկատվական անվտանգության պաշտպանության, միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և ապատեղեկատվության դեմ պայքարում միջազգային համագործակցության սկզբունքներին անհամատեղելի երևույթ և վճռականորեն դատապարտում ենք այն։ Ադրբեջանի վերաբերյալ անհիմն և կողմնակալ նյութերի, ադրբեջանական պետության և ժողովրդի հասցեին սպառնալիքների, վախեցնելու փորձերի ու վիրավորանքների տարածումն այդ երկրների լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում սովորական երևույթի վերածվելը, ինչպես նաև այդ կապակցությամբ իշխանությունների կողմից որևէ միջոց չձեռնարկելը մեր հասարակության մեջ անհանգստություն և լուրջ դժգոհություն են առաջացնում»,- նշել է Մեդիայի և հեռարձակման խորհուրդը։
Ադրբեջանում հիջաբ կրել-չկրելու հարցն ինչո՞ւ սրեց թուրք-ադրբեջանական հարաբերությունները, խորքում իրականում ի՞նչ խնդիր կա թաքնված։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, նշեց, որ Ալիևը փորձում է Ադրբեջանի դիրքերն այս աշխարհում վերաձևակերպել և ինչպես հայտարարել է՝ Ադրբեջանը դարձնել միջին պետություն։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում ձգտում է նրան, որ Հայաստանն ու Վրաստանը միջին պետություն չեն, այլ փոքր, նրանց նկատմամբ ունենա գերակայություն։ Այսինքն՝ մեր տարածաշրջանում այս երեք պետությունների մեջ Ադրբեջանը լինի գերակա։ Թուրքիան էլ իր հերթին՝ ինչպես գիտենք, Արցախի վերջին պատերազմից հետո, Հարավային Կովկասում սեփական դիրքերն աշխարհաքաղաքական առումով ուժեղացրել է Ռուսաստանի դիրքերի թուլացման հետևանքով։ Եվ այս ամենն աշխարհաքաղաքական հարթության վրա ստեղծում է դիրքորոշումների տարբերություն։ Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանում իր դիրքերն ավելի ցցուն դարձնել, իսկ Թուրքիան, որն իր դիրքերն ուժեղացրել է՝ հավանության չի արժանացնում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով՝ Ալիևը փորձում է ադրբեջանցիներից ստեղծել, որպես հաղթող ժողովուրդ, որ միայնակ ինքն է հասել հաղթանակի վերջին պատերազմում։ Թեպետ բոլորի համար էլ հասկանալի է, թե այդ պատերազմում որքան մեծ է եղել Թուրքիայի դերը։ Նաև բոլորն են հիշում, թե Արցախի պատերազմից հետո ինչպես էին Ադրբեջանում բոլորը գովաբանում Թուրքիային, որ օգնության ձեռք է մեկնել, և այլն։
Հիմա Ալիևն այս ամենը մոռացության է տալիս և փորձում է ադրբեջանցիների ինքնության վրա ազդել՝ կերտել որպես հաղթող ժողովուրդ։
«Այստեղ մեկ հանգամանք էլ կա, որն արդեն Ալիևի անձնականն է, կարծում եմ՝ Ալիևը պատմության մեջ ուզում է մտնել՝ որպես հաղթող նախագահ, ոչ թե Թուրքիայի օգնությամբ հաղթած ղեկավար։
Իհարկե, այս ամենը Թուրքիային դուր չի գալիս, և դա միանգամայն հասկանալի է։ Լավ գիտենք՝ Իսրայելի դերը կա, որ Թուրքիան Իսրայելի հետ առերևույթ լարված հարաբերություն ունի, գիտենք՝ նաև առևտրային ու տնտեսական հարաբերություններ կան Իսրայելի հետ։ Ամեն դեպքում Իսրայելը Թուրքիայի համար հանդես է գալիս շատ ցցուն թշնամի պետություն։ Ադրբեջանն այդ երկրի հետ սերտ հարաբերություններ ունի, սա ևս Թուրքիային դուր չի գալիս, և սրան ավելացավ հիջաբի խնդիրը։
Ըստ իս, սա Ադրբեջանի ղեկավարի մտավախությունն է արտահայտում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ այսօր ադրբեջանական էլիտան կենտրոնացած է Ալիևի շուրջ, նրանք հիմնականում ձևավորվել են խորհրդային շրջանում, իսկ այդ շրջանում Ադրբեջանն ուժեղ աթեիստական պետություն էր, իսկ իսլամը հետապնդվում էր։
Թեպետ վերջին շրջանում տեսանելի է, որ Ալիևն ու իր մերձավորները փորձում են տպավորություն ստեղծել, որ իրապես հավատացյալ մահմեդականներ են, բայց իրականում լուրջ չեն վերաբերվում Իսլամին։
«Այս պայմաններում, երբ Ադրբեջանը փորձում է իր դերը մի քիչ ընդլայնել, որը հավանության չի արժանանում Թուրքիայի կողմից։ Իրանի գործոնն այստեղ ևս պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանում մտավախություն կա, որ Իրանը կարող է իսլամական այս զգացմունքները, որոնք կան, Ադրբեջանում օգտագործել։ Դրա համար փորձում են ճնշել հիջաբի հարցը, որն էլ առաջացնում է դժգոհություններ։ Գիտենք, որ Էրդողանի ընտրազանգվածը հիմնականում իսլամամետ զանգվածն է, մյուս կողմից՝ նրա կուսակցությունն է իսլամամետ»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա հիշեցրեց, որ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակ ևս լարվածություններ կային Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Երբ Հեյդար Ալիևը եկել էր իշխանության, Թուրքիայում դա դժկամությամբ էին ընդունել, քանի որ Հեյդարի անունը կապվում էր ադրբեջանական ԿԳԲ-ի հետ՝ երկար տարիներ դրա ղեկավարն էր եղել, իսկ այդ կառույցի երկար տարիների գաղտնի աշխատանքը կապված է եղել Թուրքիայի ու Իրանի հետ։ Այսինքն՝ Թուրքիան վստահությամբ նրան չի ընդունել։ Հետո, տարիներ անց Հեյդար Ալիևի մոտ մտավախություն էր առաջացել, որ այն սպաները, որոնք գտնվում էին Ադրբեջանում և դասավանդում են ադրբեջանական ռազմական հաստատություններում, կարող էին իր դեմ գործել։ Դրա համար էլ վերջնագիր էր ներկայացրել, որ այդ թուրք սպաները մի քանի օրում լքեն Ադրբեջանը։
«Նկատի ունեմ, որ այդ երկու երկրներում նման լարվածություն եղել է, պարզապես այսօր ԶԼՄ-ի դերը շատ է մեծացել, այդ ամենը ավելի ցայտուն է դարձել ու լայն շրջանակներին է հասու դառնում։
Հատկանշական է, որ այս հակերային հարձակումների, որոնք եղել են ադրբեջանական կայքերի վրա, պատասխանատվությունը ստանձնել են պրո իրանական հակերական խմբավորումները»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հարցին՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարված իրավիճակը հայկական կողմն ինչպե՞ս կարող է օգտագործել ի շահ իրեն, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ այս ամենը 90-ականներից հայկական կողմին հետաքրքրել է։
«Այն ժամանակ ես աշխատում է նախագահականում, ռազմավարական վերլուծությունների վարչության պետի տեղակալն էի։ Այդ ժամանակվանից սա հետաքրքրել է մեզ, որ հնարավո՞ր է նման իրավիճակն օգտագործել, թե՞ ոչ։ Չեմ կարծում, որ այս իրավիճակը կարող է ավելի սրվել, իրականում սա փոքր բան է։ Թուրք-ադրբեջանական դաշինքը շատ խորն է, և երկուսն էլ շահագրգռված են, որ այս դաշինքը պահպանվի։ Պարզ է, որ նրանք չեն գնա այնպիսի քայլերի, որ վտանգեն այդ դաշինքը։ Հատկապես, որ տեսնում ենք՝ Թուրքիայի կողմից որոշակի հայտարարություններ են հնչում, որ այս ամենին պետք է վերջ տալ, և այլն»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։
—