Հոկտեմբեր 13, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Տիգրան Ավինյանի հայրը ժողովրդին ասում էր՝ «օպելով համբալներ», Ավինյանի Աջափնյակի թաղապետն էլ մարդկանց ասում է ՝ բուդկըչի, մեզ էլ՝ բուդկըչիների պաշտպան: Այո՛, ես ժողովրդին կօգնեմ, ժողովրդին կպաշտպանեմ օրենքի շրջանակում։
Մարդիկ ունեն սեփականության վկայական, գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրենց, հողը եղել է վարձակալությամբ։ Մի մասի վարձակալությունն ավարտվել է, մյուս մասն ունի վարձակալություն։ Էս մարդիկ ասում են՝ լա՛վ, անգամ եթե դուք ճանաչում եք գերակա շահ, գոնե փոխհատուցումը տվեք, հաշվեք մեր գույքի արժեքը, տվեք, մենք դուրս գանք, դուք քանդեք։ Ավելին, կային մարդիկ, ովքեր դատարան էին դիմել։ Դատարանի համապատասխան որոշում կա, որով ասվում է, որ քաղաքապետարանն իրավունք չունի այդ մարդկանց սեփականությունը քանդելու։
Այո՛, ես նաև պաշտպանում եմ այն մարդկանց, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ էլ են հասկացել, որ սխալվել են իրենք, որ այս իշխանությունների միակ նպատակն իրենց վատություն անելն է, թալանելը: Ավինյան Տիգրանի աշխատավարձը 2 միլիոնից ավելի է դարձել։ Գույքահարկը Երևանում նախկինում եղել է 6 միլիարդ, հիմա դարձրել են շուրջ 30 միլիարդ։ Քաղաքացիներից տարեկան 30 միլիարդ գումար են հավաքում գույքահարկով։
Ավինյան Տիգրանը կարմիր գծերի գործով մտել է քաղաքացու գրպանը, թալանում է քաղաքացուն։ Դատական 2 տարվա որոշում կար, վարձավճարը թանկացնելը դատարանն ապօրինի ճանաչեց, ապացուցեց, որ իրենք թալանել են, մի ներողություն անգամ չխնդրեցին, մարդկանց գումարները հետ չտվեցին։
ՔՊ-ի թաղապետը ինձ ասում է՝ աներձագի բենզալցակայանի պաշտպան է ձեզ ասում։ Այո՛, աներս այդտեղ բենզալցակայան ունի, բայց նա սեփականության վկայական ունի, օրինական բոլոր փաստաթղթերն էլ ունի, աշխատում է, հարկեր է վճարում։ Եվ, ի դեպ, երբ այդ բենզալցակայանը կառուցվել է, ես ոչ իմ աներոջն եմ ճանաչել, ոչ էլ իմ կնոջն եմ ճանաչել։ Այդ բենզալցակայանը կառուցվել է 1993 թե 1994 թվականին։ Այդքան հին է։ Դա քաղաքացիների բողոքի հետ ի՞նչ կապ ունի, մարդիկ ահազանգել են, գնացել եմ, կանգնել նրանց կողքին:
- Երեկ Ազգային ժողովում խոսում էինք, թե կոռուպցիայի շրջանակում ոնց են թալանում պետական բյուջեն, միլիարդավոր դրամներ ոնց են սրանք մսխում…
ՔՊ-ականները, փոխանակ պատասխանեին, թե այդ միլիարդավոր գումարները ո՞նց են ծախսել, ո՞նց է ստացվել, որ մի հատ սովորական բեյջ, որի շուկայական արժեքը 55 դրամ է, իրենք, օրինակ, 1700 դրամով են ձեռք բերել՝ աստղաբաշխական տարբերությամբ, կամ՝ թերմոսներն ինչ գներով են ձեռք բերել՝ թալանելով պետական բյուջեն, ամբիոն էին բարձրանում ու գոռում՝ Կալուգա, նախկիններ… Այսինքն՝ երբ առարկայական փաստարկ չունեն, սկսում են՝ «նախկիններ, նախկիններ, նախկիններ», սկսում են սուտ բաներ ասել։ Դառնում են իրենց ստի հաճախորդը, ստի կլիենտն են դառնում, այդ իրենց թրոլինգի զոհն են իրենք դառնում։
- Ընտրություններից առաջ ՔՊ-ն տարբեր ձևերով կաշառք բաժանեց՝ էլ վարորդական վկայականները վերականգնեց, էլ ապօրինի շինությունների փաստաթղթեր օրինականացրեց, էլ շինություններ սեփականաշնորհեց… Դրա համար Շինարարների փողոցում բողոքի դուրս եկած քաղաքացիները զարմացած էին, Ավինյանին ասում էին՝ 3 ամիս առաջ եք թույլտվությունը տվել, օրինական փաստաթղթերը ստացել ենք, հիմա ի՞նչ եղավ, որ քանդում եք, դո՛ւք եք բոլոր շինթույլտվությունները տվել, օրինականացրել… Հիմա էլ եկել, ասում են՝ նոր հանգամանք է ի հայտ եկել, պիտի քանդենք… Ասում ենք՝ ո՞րն է այդ նոր հանգամանքը։ Ասում է՝ չափագրել ենք, մի մետր ծուռ է։ Բա երեք ամիս առաջ դա չե՞ք չափագրել, ի՞նչ հիմքով եք դուք տվել այդ տարածքը 3 ամիս առաջ։
- Նիկոլ Փաշինյանի պես խայտառակ ձևով ընտրությունները կեղծող չկա։ Նա այսօր լեգիտիմության խնդիր ունի, դրա համար էլ նա քաղաքացիներից վրեժ է լուծում։ Ինքը գիտի, որ քաղաքացին իրեն չի ընտրել, ինքը գիտի, որ ինքը լեգիտիմ ընտրված չէ։ Նման խայտառակ պատկեր ընտրություններին երբևէ չի եղել։ Եվ գագաթնակետն էլ հասավ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանի ձայները մի ստորագրությամբ գողացան, մի ստորագրությամբ։ Նման կեղծիք պատմության մեջ չի եղել։
- Նախկինների մասին են խոսում, այնինչ այսօր սրանք թալանում են ավելի մեծ գումարներով։ Կարմիր գծերի վերացում խոստացավ 2018-ին: Վճարովի ավտոկայանատեղիներ մտցրեցին, ու հիմա քաղաքացին ավելի շատ է վճարում՝ 160 հազար դրամ։ Եվ դա անօրինական էր, վերջում փորձեցին օրենքի տեսք տալ։ Իրենց ձեռագիրն է։
- Այսօր միանշանակ համակարգային կոռուպցիա կա՝ խայտառակ դրսևորումներով: Օրինակները բազմաթիվ են՝ կարմիր գծերի թալան, շահագործման համար անհամապատասխան, պարամետրերին չհամապատասխանող, թանկ ավտոբուսներ:
- Ձեր տաղավարում առաջին անգամ մի նոր բացահայտում անեմ՝ ցույց տալով՝ ինչպես է գործում համակարգային կոռուպցիան, ինչպես են հայտարարում մի բան, հետո պարզվում է, որ իրականությունը չի համապատասխանում իրենց իսկ հայտարարություններին, իսկ վերջում ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Թղթաբանությունն էլ վերջում են կարգի բերում։
2022թ. ոստիկանությունը պարեկային մեքենաների համար շարժական համակարգեր է ձեռք բերել՝ 756 միլիոն դրամով։ Դրանք պետք է տեղադրվեին պարեկային ավտոմեքենաներում։
Հաշվեքննիչ պալատը, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել են, որ 125 համակարգ չի տեղադրվել, սակայն դրանց համար վճարվել է։ Խոսքը մոտ 210 միլիոն դրամի մասին է։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Եվ ի՞նչ են անում պատասխանատուները։ Փորձում են կոծկել այս ամենը։
Հատկանշական է, որ խախտումն արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։ Տարին ավարտվել է, հաշվեքննությունն իրականացվել է, խախտումն արձանագրվել է, իսկ դրանից հետո Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածում՝ ասելով, որ համակարգերը ստացել են և պահեստում են պահում։
Բայց մի հարց կա․ եթե այդ համակարգերը պահեստում պահելու համար են գնվել, ապա ինչո՞ւ են պետական միջոցներն այդպես վատնվել։ Իսկ եթե դրանք պետք է տեղադրվեին մեքենաներում, ապա ինչո՞ւ չեն տեղադրվել։ Խնդիրը հենց սա է։Այս իրավիճակում տվյալ ընկերությունը, փոխանակ պատասխանատվության ենթարկվի, շարունակում է պետական մրցույթների մասնակցել։
2027 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը։ Դրա համար անհրաժեշտ են հատուկ նկարահանող սարքավորումներ։ Ավելի պարզ ասեմ՝ երբ վազքի մրցում է անցկացվում, պետք է հնարավոր լինի ֆիքսել մարզիկների՝ վերջնագծին հասնելու նույնիսկ ամենափոքր ժամանակային տարբերությունները։Մրցույթի պահանջներում նշված են համապատասխան տեխնիկական պարամետրերը։ Այդպիսի սարքավորումներ արտադրող հայտնի ընկերություններից են Omega-ն և Seiko-ն։ Մրցույթի արժեքը երկու միլիոն եվրոյից ավելի է։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը․ մրցույթին մասնակցում է նույն «Ալիկանտ» հայկական ընկերությունը, որը, իմ գնահատմամբ, նախորդ դեպքից հետո պետք է առնվազն լուրջ ստուգման ենթարկվեր։ Ընկերությունը ներկայացնում է Lynx Vision Pro համակարգը՝ հայտարարելով, որ այն համապատասխանում է մրցույթի բոլոր պահանջներին։ Սակայն մրցույթի պայմաններով նախատեսված են շատ հստակ տեխնիկական չափանիշներ, այդ թվում՝ նկարահանման և ժամանակային տարբերությունների ճշգրիտ արձանագրման հնարավորություններ։ Նման պահանջներին կարող են համապատասխանել միայն որոշակի սարքավորումներ արտադրող ընկերություններ։
Մինչդեռ, եթե ուսումնասիրում ենք այս ընկերության առաջարկած սարքավորումները, հարցեր են առաջանում՝ արդյո՞ք այն ընդհանրապես ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։ Ընկերության ամենաթանկ սարքավորումն անգամ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, 200 հազար դոլար արժողության չէ։ Եվ, այնուամենայնիվ, այս ընկերությունը 696 միլիոն դրամով շահում է մրցույթը։
Բայց ինչպե՞ս է այս ընկերությունը կատարելու պայմանագիրը, եթե անհրաժեշտ սարքավորումները չունի, և կասկածներ կան, որ տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել պահանջվող չափանիշները։
Հիմա հարց եմ տալիս՝ սա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։Օրինակ՝ մրցույթի պահանջներից մեկն այն է, որ վերջին երեք տարիներին ընկերությունը պետք է համապատասխան սարքավորումներ տեղադրած լինի միջազգային լուրջ մրցումների ժամանակ։ Սա ընդամենը մեկ պահանջ է, որը հեշտ է հասկանալ և ստուգել։
Ի՞նչ է տեղի ունենում այս դեպքում։ Հնարավո՞ր է, որ վերջում կրկին ինչ-որ որոշում ընդունվի կամ փաստաթղթերը համապատասխանեցվեն, և ասվի՝ այո՛, որոշ անհամապատասխանություններ կային, բայց Ֆրանկոֆոնիայի խաղերը չտապալելու համար պետք է աչք փակել դրանց վրա։Այսինքն՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվում։ Ընկերությունը, որը, ըստ առկա տվյալների, նախորդ պետական պայմանագրի շրջանակում չի կատարել իր պարտավորությունների մի մասը, շարունակում է մասնակցել միլիոնավոր դոլարների հասնող պետական մրցույթների։
Նախորդ պայմանագրի հետ կապված խախտումներն արձանագրել են երկու կառույցներ։ Բայց, իմ ունեցած տեղեկություններով, դրա հետևանքով ընկերությունը չի հայտնվել սև ցուցակում, և դրա նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը մնում է բաց։
Կրկնում եմ՝ փոխանակ այս ընկերությունը սև ցուցակ ընկնի, հաջորդ տարի Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառման տեսանկարահանման համար տենդերը շահում է նույն «Ալիկանտե» ընկերությունը: Ու վաղը Պետրոս Ղազարյանի կինը մի հիմնավորում կտա…
- Դրանից հետո նույն ընկերությունը մասնակցում է մեկ այլ՝ միլիոնավոր դոլարների հասնող մրցույթի։ Իմ գնահատմամբ՝ այստեղ մոտ 1,8 միլիոն դոլարի խնդիր կա։
Նորից հարց եմ տալիս՝ եթե սա համակարգային կոռուպցիայի խնդիր չէ, ապա ի՞նչ է։Մեկ այլ օրինակ բերեմ՝ Երևանի այգիների վերանորոգումը։ Հաղթանակի 40-ամյակի այգու բարեկարգման համար ծախսվել են մի քանի հարյուր միլիոն դրամներ, բայց երբ գնում ես այգի, տեսնում ես դրա իրական վիճակը։ Եվ այդ նույն ընկերությունը, փոխանակ պատասխանատվության ենթարկվելու հարցի առաջ կանգնի, հաղթում է նաև Դավթաշենի և Նոր Նորքի այգիների բարեկարգման մրցույթներում։
Ինձ էլ ասում են՝ չե՞ս վախենում, որ դրա դեմ խոսում ես, ԱԱԾ փոխտնօրեններից մեկի քրոջ որդունն է: Բոլորին փա՞յ եք տալիս, որ ոչ մեկը ձայն չհանի:
Ես առաջին անգամ եմ այս մասին խոսում, բայց չեմ պատրաստվում լռել։
- Երևանն արդեն մի քանի տարի գլխավոր հատակագիծ չունի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի ժամանակ Երևանը մի քանի տարի գլխավոր հատակագիծ չունենար, Տարոն Մարգարյանին ի՞նչ կանեին: Նույն Սերժ Սարգսյանն ի՞նչ կաներ: Իսկ հատակագիծ չկա, որովհետև հողերը մեջ-մեջ են անում գլխավոր հատակագծի բացակայության պարագայում:
- Լսե՞լ եք՝ մեկիս 1 տոկոսով վարկ տան: Տեսե՛ք, պետության համար շատ կարևոր միջոցառում է COP17-ը, և շատ լավ է, որ այն Հայաստանում է անցկացվում։ Բայց եկե՛ք քննարկենք նաև ծախսերը։ Ինչպե՞ս է ստացվում, որ պետությունը որոշում է կայացնում մասնավոր ընկերության օգտին։
Նախ՝ կառավարության որոշմամբ այդ ընկերությանը տրամադրվում է 1,8 միլիարդ դրամի պետական վարկ՝ ընդամենը 1 տոկոս տոկոսադրույքով։ Հարց եմ տալիս՝ լսե՞լ եք, որ պետությունը մասնավոր ընկերությանը նման ցածր տոկոսադրույքով՝ 1 տոկոսով, 1,8 միլիարդ դրամի վարկ տրամադրի։ Բացի այդ, պետությունը մի քանի միլիարդ դրամի ներդրում է կատարում այդ ընկերության ենթակառուցվածքներում։
Առաջին հարցը, որ ուզում եմ տալ, հետևյալն է՝ ինչո՞ւ է պետությունն այդ ներդրումները կատարում մասնավոր ընկերության տարածքում, այլ ոչ թե պետական հիմնարկում։
Օրինակ՝ նույն Մարզահամերգային համալիրում կարելի էր կատարել այդ ներդրումները։ Նախկինում այնտեղ գումարներ են ներդրվել նաև ձյուդոյի աշխարհի առաջնության և այլ խոշոր միջոցառումների անցկացման համար։ Եթե այդքան գումար է ծախսվում, ինչո՞ւ այն չներդնել պետական ենթակառուցվածքների բարելավման մեջ, այլ ներդրումներ կատարել մասնավոր ընկերության տարածքում՝ հետագայում դրանց օգտագործման և ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ հարցեր չառաջացնելու համար։
Հիմա մի հետաքրքիր հանգամանք ներկայացնեմ։ Ո՞րն է այս ծախսերի հիմնավորումը։
Ասվում է, որ պետությունը, այդքան գումար ներդնելու դիմաց, առաջիկա 8 տարիների ընթացքում իրավունք է ունենալու 400 օր անվճար օգտվել այդ տարածքի տաղավարներից՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար։
Եկե՛ք մի փոքր թվաբանություն անենք։ Նախ՝ պետք է ուսումնասիրել, թե վերջին 8 տարիների ընթացքում պետությունն այդ տարածքում քանի՞ միջոցառում է անցկացրել և արդյո՞ք առաջիկա 8 տարիների համար նախատեսված 400 օրվա օգտագործումն իրատեսական է։ Բայց նույնիսկ եթե պետությունն օգտագործի բոլոր 400 օրերը, ստացվում է, որ մեկ օրվա հաշվով այդ տարածքի օգտագործումը պետության վրա ավելի քան 11 միլիոն դրամ է նստելու։Այսինքն՝ հարցը միայն այն չէ, թե պետությունն ինչ իրավունքներ է ձեռք բերում իր ներդրումների դիմաց։ Հարց է նաև՝ արդյո՞ք այդ ներդրումները տնտեսապես հիմնավորված են, արդյո՞ք պետության համար ավելի շահավետ տարբերակներ կային, և ինչպե՞ս են հաշվարկվել այդ ծախսերը։
Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ծառայություններ է տրամադրելու «Մերիդիան»-ը, ինչ արժեք ունեն դրանք, և արդյոք պետական միջոցների օգտագործման այս ձևն իսկապես արդյունավետ է։
- Իմ գնահատմամբ՝ ՔՊ-ի թալանած գումարները ներդրված են կրիպտոարժույթներում: Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո շատ բան է բացահայտվելու:
- Այսօր Երևանի պես կեղտոտ օդով քաղաք չկա, չես կարող գտնել, և դրա ուղիղ մեղավորը ՔՊ-ն է: Կասկադի աջ կողմում իբր շինարարություն են անում, երբ դա կարող էր անտառ լինել, Երևանի թոքերը, մարդիկ մաքուր օդ ունենային:
- Ջենիֆեր Լոպեսի համերգից գոյացած հասույթի մի մասը պետք է մուտքագրվեր պետական բյուջե, բայց այդ գումարը մինչ օրս չի վերադարձվել։
Տոմսերը վաճառվել են, գումարը հավաքվե՞լ է։ Ո՞ւր է այն։ Այս հարցն ուղիղ եթերում տալիս եմ Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւր է այդ գումարը։
Կարելի է նույնիսկ Ջենիֆեր Լոպեսին նամակ գրել։ Բայց նա էլ կարող է պատասխանել․ «Ախպե՛ր ջան, դուք տոմսերը վաճառել եք, ես ի՞նչ կապ ունեմ։ Իմ հասանելիք գումարը ստացել եմ, եկել եմ, երգել եմ, իսկ մնացած գումարը դուք եք հավաքել»։ Հիմա ո՞ւր է այն։
Մինչև հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ գումարը։ Թող պատասխանատուները կանգնեն ու ասեն՝ գիտե՞ք ինչ, այսպես է եղել, այսքան գումար ենք հավաքել, այսքանն ենք ծախսել, իսկ մնացածն այս պատճառով չի փոխանցվել։ Այսպիսի հարցերն այնքան շատ են, որ արդեն չափ ու սահման չկա։ Օրերս Ազգային ժողովում ասացի՝ դուք արդեն պետք է հարմարվեք այն մտքի հետ, որ ձեր նկատմամբ հասարակության մեջ ձևավորվել է թալանչու կերպար։ Նստեք ձեր աթոռներին ու շարունակեք ճոճվել, բայց մի բան իմացեք՝ որքան էլ փորձեք թաքնվել ստվերում, ձեր մասին այդ պատկերացումը ձեզ հետապնդելու է։
Եթե նայում ենք նախկին իշխանությունների կատարած աշխատանքին, որոշակի ժառանգություն տեսնում ենք։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աղետի գոտու վերականգնման աշխատանքների շուրջ 90 տոկոսն արդեն ավարտին էր հասցվել։
2017-2018 թվականներին Սերժ Սարգսյանն ասում էր, որ մնացել է վերջին փուլը, և շենքերը կկառուցվեն ու կավարտվեն։ Սակայն այս իշխանությունն արդեն ութ տարի է՝ կառավարում է երկիրը, բայց աղետի գոտում նույնիսկ մեկ շենք չի կառուցել։ Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ինչ էին խոստանում։ Ասում էին՝ լուծելու են տնակների հարցը։ Բա ի՞նչ եղավ այդ խոստումը։
Նայե՛ք՝ ութ տարի է՝ իշխանության են, միլիարդավոր դրամների պարտք են վերցրել։ Եկեք գնահատենք նաև այդ տարիների ընթացքում ստեղծված արդյունքը։
Նույն Երևանի բյուջեն, օրինակ, արդեն 400 միլիոն դոլար է։ Տարոն Մարգարյանը կերազեր, որ Երևանի բյուջեն 200 միլիոն դոլար լիներ։ Բայց նայեք՝ այդ տարիներին ինչ ճանապարհներ ու ենթակառուցվածքներ են կառուցվել, և համեմատեք այսօրվա արդյունքների հետ։
Կներեք, օրինակ՝ Կվարտալում՝ Սերվիսի խաչմերուկի հատվածում, շրջապտույտ են կառուցել, բայց այն էլ սխալ է նախագծվել։ Նախկինում նախատեսված էր էստակադա կառուցել, որպեսզի մեքենաները կարողանային անցնել առանց խցանումների։ Իսկ հիմա ի՞նչ ունենք․ այդ հատվածում գրեթե ամեն օր վթարներ են լինում, մարդիկ նյարդայնանում են և անընդհատ դժգոհում։
Մյուս հարցին անդրադառնամ։ Հիշո՞ւմ եք Տավուշի դեպքերը, այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մայիսի 20-ին՝ Սարդարապատում, և օգոստոսին, երբ նա ասում էր, որ մենք ունենք ամենամարտունակ բանակը, որ ցույց ենք տվել մեր ուժը և հակառակորդին հետ ենք մղել։ Սրանք հենց իր հայտարարություններն էին։
Բայց այսօր ի՞նչ իրավիճակ ունենք։ Մեր բանակի և սահմանների անվտանգության հետ կապված լուրջ հարցեր են առաջանում։ Ընդամենը մեկ-երկու օր առաջ մենք ցանկանում էինք պաշտպանության հարցերով հանձնաժողով հրավիրել՝ համապատասխան ուժային կառույցներից պարզաբանումներ ստանալու համար։
Հարցը հետևյալն է․ եթե տեղեկություն է ստացվում, որ սահմանը, հնարավոր է, հատել են դիվերսանտներ կամ հակառակորդի ներկայացուցիչներ, ի՞նչ գործողություններ պետք է իրականացվեն։ Եթե գյուղացիների հետ պետք է կապ հաստատել, ապա ո՞վ պետք է դա անի։ Գոյություն ունե՞ն համապատասխան արձանագրություններ։ Ոստիկանության անելիքը ո՞րն է, ԱԱԾ-ինը՝ ո՞րը, և մյուս կառույցներն ի՞նչ պարտավորություններ ունեն։
Սասուն Միքայելյանն ասել է, որ այդ հատվածում սահմանապահներ չեն եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր այնտեղ կանգնած։ Մինչ այդ խոսվում էր սահմանապահների մասին, իսկ հիմա պարզվում է, որ նրանք այնտեղ չեն եղել։ Եթե ԱԱԾ-ն պատասխանատու չէր, ապա ո՞ր կառույցն էր պատասխանատու այդ հատվածի համար։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Նախկինում մեր սահմանների պաշտպանությունն այլ իրավիճակում էր, իսկ Արցախը մեր անվտանգության համակարգում կարևոր պաշտպանական դեր ուներ։ Երբ Տավուշում փորձ արվեց սահմանային հարցերում փոփոխություններ իրականացնել, տեսանք, թե ինչ զարգացումներ եղան։
Իմ գնահատմամբ՝ նախկին իշխանություններից ժառանգած պաշտպանական համակարգը ներկայիս իշխանությունները քանդել են։
Բավական է նայել Բաքվի ռազմական ավարի պուրակին՝ հասկանալու համար, որ հայկական բանակն ունեցել է զենք ու զինտեխնիկա։
- Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, որ կա 830 000 գրանցված աշխատատեղ։ Դա ենթադրում է, որ եթե այսօր դուք աշխատում եք, ապա վճարում եք եկամտահարկ, 20 տոկոս սոցվճար և վճար։ Ես դիմել եմ ՊԵԿ-ին և հարցրել՝ քանի՞ մարդ է դրոշմանիշային վճար վճարում։ Ուզում էի տեսնել՝ քանի՞ գրանցված աշխատատեղ կա մեր երկրում։ Պատասխանը գալիս է՝ 760 000 մարդ։ Շուրջ 64-67 հազարով պակաս թիվ է։ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում ուղիղ հարց եմ տալիս, ասում եմ՝ Դուք ասում եք՝ 830 000, իսկ ձեր ՊԵԿ-ը տվել է 760 000 թիվը։ Եթե հաշվարկում ենք նվազագույնը՝ 75 000 դրամ աշխատավարձ ստացողի հաշվով, այդ մարդը վճարում է 20 տոկոս դրոշմանիշային եկամտահարկ, 5 տոկոս սոցվճար և դրոշմանիշային վճար։ Ստացվում է, որ բյուջե ամսական նվազագույնը 1,2 միլիարդ դրամ գումար մուտք չի գործում։ Չկա՛ այդ փողը, կորում է։ Եթե դուք ասում եք՝ միջին աշխատավարձը 300 000 դրամ է, ապա այս պարագայում այդ թիվը կդառնա 5 միլիարդ։ Տարեկան 150 միլիոն դոլար ուղղակի կորում է։ Հարցնում եմ՝ ո՞ւր է այդ փողը, այդ միլիարդներն ո՞ւր են, թալանչի՛, պատասխանի՝ ո՞ւր են այդ փողերը։
Գիտե՞ք՝ ինչ է պատասխանում։ Լուրջ դեմքով, քանի որ պատասխանը չուներ, նախ սկսեց ԱԺ ամբիոնից արտասանել։ Հետո լուրջ դեմքով ասաց՝ եթե մի մարդ աշխատում է երկու տեղ, ինքը մի տեղ է վճարում դրոշմանիշային վճարը։
Սո՛ւտ: Ո՞նց կարող է նման անգրագիտություն լինել։ Տենց բան չկա՛։ Ակնհայտ է՝ այդ փողը կորում է, թալանում են։ ԱԺ-ում այս հարցերը բարձրացնելով՝ ես ժողովրդի հետ եմ իրականում խոսում, ցույց եմ տալիս, ասում եմ՝ ժողովո՛ւրդ, այս մարդիկ, որոնք ուրիշներին մեղադրում են թալանի մեջ, հենց իրենք են թալանում։ Թալանն այսպես է լինում՝ ամսական միլիարդավոր դրամներ կորչում են։
Եվ ի՞նչն է աբսուրդը։ Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով նման սուտ է խոսում ու ՔՊ-ականները ծափահարում են…
- Մհեր Գրիգորյանն ինձ համար ամենամութ կերպարն է: Նիկոլ Փաշինյանը քննադատում էր բանկերին, էսօր ամենամեծ եկամուտն ունեն առևտրային բանկերը, և ըստ օդում կախված լուրերի՝ դրանց «կռիշություն» է անում Մհեր Գրիգորյանը: Պետությունը պիտի քաղաքացու կողքին լինի, բայց այս իշխանությունը կանգնած է բանկերի կողքին: Իսկ կարո՞ղ է առևտրային բանկերը ձեր գրպաններն ինչ-որ բան են դնում:
- ՔՊ-ից ում ձեռքն ինչ ընկնում է, գողանում, տանում են: Մայթերը մաքրում եք, իբր, որ լայնանա, քայլելու համար հարմար լինի, կաֆեներն են ավելանում… Էնքան մոտ են իրար այդ սրճարանները, որ արանքով չես կարողանում անցնել: Էդ էլ ձեր թաղապետերի փա՞յն է: Երևանցուց մուռ են հանում, գիտեն, որ իրենք ընտրված չեն: Իրենք ո՛չ Երևանն են սիրում, ո՛չ Հայաստանը, ո՛չ հային, ո՛չ հայի կերպարը, ո՛չ մեր ինքնությունը:
- Միակ տեղը, ուր Նիկոլ Փաշինյանը վստահաբար կարող է արդյունք գրանցել, ստախոսների աշխարհի առաջնությունն է: Առանց մրցույթը սկսելու՝ իրենք հաղթող են: 10 միլիոն ծառ պիտի տնկեին, Երևանի բյուջեից 4.9 միլիարդ դրամ կանաչապատման համար գումար են դուրս գրում, իսկ իրականում պարզվում է, որ տնկել են ընդամենը 5000 հատ ծառ: Ասում եմ՝ ո՞ւր է փողը, ասում են՝ ծաղիկ ենք տնկել: Ծաղիկն էլ, ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների, ուղիղ ասոցացվում է Տիգրան Ավինյանի հոր հետ:
- Ասում են՝ նախկինում համակարգային կոռուպցիա կար, քրեական գործեր են հարուցում, հետո 450 գործ կարճում են, ասում են՝ էս մարդիկ կոռուպցիոներ չեն: Ասում եմ՝ անունները տվեք, ասում են՝ գաղտնիք է, չեն տալիս այդ մարդկանց անունները, որոնց գործերը կարճել են: Ես գիտեմ՝ ինչի չեն տալիս, բայց եթե էդ գործերը կարճվել են, կարող ենք, չէ՞, ասել, որ նախկինում համակարգային կոռուպցիա չի եղել: Էլ գլուխ չհարդուկեք, կամ էլ հրապարակեք ցուցակները, թող մարդիկ իմանան՝ էդ արդարներն ովքե՞ր են:
- Ղարիբջանյան գյուղ եմ գնացել, Շիրակի մարզում է, «88» սուպերմարկետից առևտուր եմ անում, մի կին ինձ նախատում է՝ չե՞ս ամաչում, Աննա Հակոբյանի սուպերմարկետից առևտուր ես անում… Գյուղացի կինը որտեղի՞ց գիտեր՝ ում է պատկանում էդ սուպերմարկետը: Գնացեք, պատասխանեք մարդկանց:
- Ադրբեջանը Շաքիի դեպքով հասկացավ, որ իրենցից ցանկացած մեկը կարող է մեր երկրի խորք անխոչընդոտ 15 կմ գալ, ու իրենց ոչ ոք չի նկատի:
- Ցավալին այն է, որ ադրբեջանցի դիվերսանտին մեր իշխանությունը համեմատում է Ադրբեջան միամտաբար անցած մեր մոլորված զինվորի հետ: ԶՊՄԿ պահակին սպանած ադրբեջանցին դիվերսանտ էր, հետ տվեցին, բայց Ադրբեջանը մեր մոլորված հովվին մի օր էլ չթողեց, որ ապրի:
- Սասուն Միքայելյանն ասում է՝«կռված տղա» եմ, հայրենիք եմ սիրում: Էսօր տեսեք ինչ է ասում, ինչպես է արդարացնում ադրբեջանցի հանցագործին:
- TRIPP-ի ամբողջական փաթեթի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր կան, բայց նախևառաջ խնդրահարույց են անվտանգային և տնտեսական բաղադրիչները: Հայաստանը նոր թատերաբեմ չպետք է սարքես. Մեր հարևան Իրանի կարծիքը կարևոր է այս հարցով: Կամ ո՞վ է այդ Սոկոլովը. կասկածելի կերպար է, ի՞նչ գործ ունի այս պրոյեկտի հետ: Բոլորի շահը այս պրոյեկտում ակնհայտ է, բացի Հայաստանից: Մեր շահը ո՞րն է, սա չգիտենք:
- Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանի ամենախայտառակ պայմաններով խցերից մեկում են պահում, բայց 2-րդ նախագահն արգելել էր այդ մասին խոսել: Բնական լուսավորվածություն չկար, որ մարդ կարողանա գոնե ցերեկը կարդալ, օդափոխության համակարգ չկար ընդհանրապես… Եվրոպա էս ձևով ե՞ք գնում: Նաև Գագիկ Ծառուկյանի խցում էլ եմ եղել: Ինքը խցում չէր: Իմ այցելության պահին խցում խունկ էր վառվում, Աստվածաշունչն էլ կողքին դրված էր: Բայց Գագիկ Ծառուկյանի խուցն ավելի լուսավոր էր:
- Այստեղ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին ուզում եմ խոսել։ Նախկինում կատարված գնումները, որոնց մի մասը փոխանցվում էր Արցախին, պարտադիր չէ, որ ամբողջությամբ արտացոլված լինեին Հայաստանի պաշտպանության բանակի բյուջեում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին տարբեր ձևերով աջակցություն էր տրամադրում, և այդ ծախսերը կարող էին հաշվառվել այլ հոդվածներով։ Հիմա այս իշխանությունները, իմ կարծիքով, մանիպուլացնում են այդ տվյալները։ Քանի որ Արցախն այլևս հայկական վերահսկողության տակ չէ, նրանք նախկինում Արցախին տրամադրված աջակցությունը ներկայացնում են այնպես, կարծես այն Հայաստանի պաշտպանական համակարգի մաս չի եղել։ Բայց չէ՞ որ Հայաստանը տարբեր ձևերով աջակցել է Արցախին՝ տրամադրելով նաև ռազմական և այլ օգնություն։ Բնական է, որ այդ աջակցությունը կարող էր հաշվառվել այլ ձևերով և արտացոլվել բյուջետային տարբեր հոդվածներում։ Հետևաբար, երբ համեմատում են նախկին և ներկա տարիների ծախսերը, պետք է հաշվի առնել ամբողջական պատկերը, այլ ոչ թե առանձին թվեր ներկայացնել՝ առանց դրանց հաշվառման առանձնահատկությունները բացատրելու։ Իմ գնահատմամբ՝ այս իշխանությունների կառավարման տարիներին երկիրը թալանվում է, և դրա հետևանքները տեսնում ենք տարբեր ոլորտներում՝ աղետի գոտու վերականգնումից՝ մինչև ենթակառուցվածքներ ու ազգային անվտանգություն։
Մանրամասները՝ տեսանյութում:
—