Հոկտեմբեր 13, 2026
Հոկտեմբերի 9-ին լրավամիջոցները գրել էին, որ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Կուրիս գյուղում բնակիչներից մեկը 3 ադրբեջանցիների է տեսել, նրանց հետ փորձել է զրուցել, սակայն նրանք անհետացել են։
Նույն օրն այս տեղեկատվությունը ԱԱԾ-ն 168.am-ի հետ զրույցում հերքեց, չնայած տեղի բնակիչները հակառակն էին պնդում։
Մեղրիի շրջանի Վարդանիձոր գյուղի նախկին վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանն այդ դեպքից մի քանի օր անց էլ պնդում է՝ իրավապահների ասածներին բնակիչները չեն վստահում։
«Ադրբեջանական լրատվամիջոցներին հետևում եմ, վերլուծում եմ, գիտեմ՝ Ադրբեջանի նպատակը որն է։ Եթե ադրբեջանցին կրակում է, ուրեմն՝ իմացեք, դրա հրամանը վերևից կա, եթե ադրբեջանցին մտնում է այստեղ, ուրեմն՝ դրա հրամանն էլ կա, մտնում են այստեղ փորձելու, ստուգելու։ Երբ բաներ են լինում, ես ահազանգում եմ, դրան որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։
Վստահ եմ, որ հաստատ մտել են ու ադրբեջանական հետախուզությունն է եղել, եթե ուզեին գտնել, դժվար թե կարողանային նրանց գտնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վլադիկ Գևորգյանը։
Ըստ նրա, ստացվում է, որ բնակիչներն ուղղակի Կուրիսում տեսի՞լք են տեսել, իհարկե տեսել են, հավանաբար հարցերից վախեցել են ադրբեջանցիները և փախել են, քանի որ, եթե նույնիսկ հայերեն խոսեին, ապա նրանց ակցենտից հաստատ կզգացվեր, որ ադրբեջանցիներ են։
«Իմ տեղեկություններով՝ այնտեղ հերթապահություն է սահմանված՝ Կուրիսում, այս գյուղի անմիջապես գլխին ադրբեջանցիները պոստ ունեն դրած և ամբողջ տարածքը բաց ափի նման տեսնում են։ Կարծում եմ՝ սրանով էլ մեր զգոնությունը փորձեցին ստուգեն, հասկանան՝ սթա՞փ ենք, թե՞ ոչ։ Չգիտեմ, գուցե սա իշխանություններին սթափեցնի։ Քնած են բոլորը, ամեն մեկը մտածում է՝ իր աշխատավարձը լինի, փորն էլ կուշտ լինի, ապրուստը լավ լինի։ Բայց մեր ժողովուրդը հասարակ բան չի հասկանում, այդ որտե՞ղ հարուստ չեն եղել՝ Վանում, Էրզրումում, Սուրմալուում, Նախիջևանում, ո՞ւր է հիմա այդ հարստությունը։ Այ սրա մասին է պետք նաև մտածել»,- հավելեց Վլադիկ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ պետք է ամրացնել պաշտպանությունը, ամրացնել դիրքերը, բարձրացնել զգոնությունը, քանի որ, եթե իսկապես ադրբեջանցիներ են հայտնվել Սյունիքում, նշանակում է՝ պաշտպանությունը թույլ է։
—