X
    Categories: News

168: Հերթական խոշոր պարտքն են կախում պետության վրա

Հոկտեմբեր 12, 2026

Ընտրություններից հետո կառավարությունն ակտիվացրել է նոր պարտքերի ներգրավումը։ Օրերս համաձայնություն տվեցին հերթական խոշոր վարկային համաձայնագրին։ Խոսքը 250 մլն եվրոյի կամ ավելի քան 280 մլն դոլարի մասին է, որը նախատեսում են վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։

Դրանից կարճ ժամանակ առաջ էլ 200 մլն դոլար վերցրել էին Համաշխարհային բանկից, 150 միլիոն դոլար՝ Ասիական զարգացման բանկից։

Մեկ այլ վարկային ծրագրերով էլ ներգրավեցին շուրջ 100 մլն դոլար ու կրկին բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։

Հիմա հերթը Զարգացման ֆրանսիական գործակալության 250 մլն եվրոյինն է։

Կարդացեք նաև

  • Կոլապսի վտանգը մեծանում է. «ֆեյք» արտահանումների անվան տակ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը
  • Ի՞նչ է սպասվում բնակարանային շուկային. Դեռ ինչքա՞ն կբարձրանան գները
  • Հայաստանին Եվրոպա տանող ճանապարհը․ երկար ճանապարհ, բարձր գին և անորոշ վերջնակետ

Ընդ որում՝ այս նույն վարկային ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի մասնակցությունը կարող է հասնել ևս 250 մլն դոլարի։ Այսինքն՝ այն դեռ կարող է ավելանալ։

Բյուջետային աջակցության այսպիսի վարկերը սովորաբար  կառավարությունում արդարացանում են պետական ֆինանսների, հարկաբյուջետային համակարգի, պարտքի կառավարման, ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման հետ կապված հիմնավորումներով։ Բայց փաստն այն է, որ դրանք գալիս են ծանրանացնելու պետական բյուջեի բեռը։ Խոսքը բոլորովին էլ նոր ճանապարհի, ջրամբարի կամ գործարանի կառուցման համար ներգրավվող նպատակային վարկի մասին չէ։ Հերթական 250 մլն եվրոն պատրաստվում են ուղղել այս տարվա պետական բյուջեի դեֆիցիտը փակելուն։ Դրանով ոչ թե ապագայում արդյունք ապահովող որևէ նպատակային ծրագիր են ֆինանսավորելու, այլ առօրյա խնդիրներն են լուծելու։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցների ժամանակին ստացումը կարևոր է պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն ապահովելու համար։ Մի կողմից՝ բարձրագոչ հայտարարություններ են անում բյուջեի հարկային եկամուտները կատարել-գերակատարելու վերաբերյալ, մյուս կողմից՝ ահա այսպիսի խոշոր վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան իրականացնել բյուջեով նախատեսված ծախսերը։ Պարտք են վերցնում, որպեսզի թոշակ ու աշխատավարձ վճարեն։

Կապիտալ ծախսերը, որոնք ունեն երկարաժամկետ տնտեսական նշանակություն, նպաստում են տնտեսության պոտենցիալի բարձրացմանը, կրճատում են, ընթացիկ ծախսերն ավելացնում։ Երբ պետությունը պարտք է վերցնում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար, ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ։ Իսկ երբ հարյուրավոր միլիոններով այսպիսի պարտքեր են ավելացնում՝ զուտ այն պատճառով, որ բյուջեով նախատեսված ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորելու համար փող չկա, դա լուրջ հարցեր է առաջացնում դրանց սպասարկման հետ կապված։

Հաշվի չեն առնում անգամ այն, որ վարկի պայմանները բավական ծանր են։ Ոչ միայն տոկոսադրույքն է բարձր, այլև դրված են բազմաթիվ այլ ֆինանսական պահանջներ. Միանվագ գնահատման վճար` վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, որը ենթակա է վճարման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, 15 օրվա ընթացքում, պարտավորության վճար` կրկին տարեկան 0.5 տոկոսի չափով, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, որը պետք է վճարվի նախքան վարկի ուժի մեջ մտնելը, տույժ՝ ժամկետանց վճարումների գծով, որը լինելու է տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5 տոկոս սպրեդի չափով, և այլն։

Այսքանից հետո, վարկի տոկոսադրույքը գերազանցում է 5 տոկոսը, ինչը հերթական թանկ պարտքն է, որը գալիս է ծանրացնելու պետական բյուջեի բեռը։ Բայց դա էլ պատճառ չէ կառավարության համար հրաժարվելու դրանից։

Կառավարությունը փողի խնդիր ունի ու պատրաստ է անգամ նման ծանր պայմաններով գումարներ վերցնել, որպեսզի կարողանա կատարել բյուջեով նախատեսած ծախսերը, այդ թվում՝ սոցիալական այն ծախսերը, որոնք քաղաքական ակնկալիքներով անհամաչափ ավելացրել է հատկապես ընտրությունների նախօրյակին։ Առանց նախապես պլանավորելու՝ թոշակ ու նպաստ է բարձրացրել, ավելացնելով բյուջեի ֆինանսական բեռը։ Ընտրությունների նախօրյակին, քաղաքական ակնկալիքով, առողջության ապահովագրություն ներդրեցին, այլ սոցիալական ծրագրերով ընտրակաշառքներ բաժանեցին։ Ու հիմա ստիպված են ոչ միայն հարկադիր կրճատումներ անել, այդ թվում՝ սոցիալական ծախսերի գծով, այլև խոշոր պարտքեր վերցնել՝ այս ամենի տակից դուրս գալու համար։

Այս պարտքերի արդյունքում է, որ աստիճանաբար ավելի մեծ գումար են պահանջվում ոչ միայն պարտքերը վերադարձնելու, այլև դրանց տոկոսները վճարելու համար։ Որքան մեծանում է պարտքի գումարը, այնքան ավելի մեծ միջոցներ են անհրաժեշտ լինում դրանք սպասարկելու համար։ Առավել ևս, որ այսպիսի պարտքերը նպատակային ներդրումային  ծրագրեր չեն, որոնք հետագայում կարող են տնտեսական զարգացման հետ կապված որոշակի խնդիրներ լուծել ու պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական աղբյուրների հնարավորություններ ստեղծել։

Այսպիսի վարկերի տնտեսական ու ֆինանսական նշանակությունը չափազանց փոքր է, փոխարենը՝ մեծ է դրանց ազդեցությունը պետական պարտքի սպասարկման վրա։ Եթե նախկինում Հայաստանի պետական պարտքը մեծամասամբ ձևավորվում էր միջազգային զարգացման կառույցների ցածր տոկոսադրույքով վարկերից ու արտոնյալ ֆինանսական միջոցներից, վերջին տարիներին դրանք փոխարինվել են անհամեմատ թանկ, առևտրայինից գրեթե չտարբերվող վարկերով ու պարտքերով։ Պարտքի կառուցվածքի փոփոխությամբ և ներքին պարտքի մասնաբաժնի կտրուկ աճի հետևանքով էապես բարձրացել է պարտքի միջին տոկոսադրույքը։

Վերջին տվյալներով, կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքն անցնում է 7 տոկոսից։ Պետական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքներն անհամեմատ ավելի բարձր են։ Այլ գործոնների թվում նաև սա է պատճառը, որ ամեն տարի բյուջեից ավելի մեծ գումարներ են գնում՝ կուտակված պարտքերի տոկոսները փակելու համար։

Կառավարությունը խոշոր պարտքեր է վերցնում բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու, ընթացիկ ծախսերը կատարելու համար։ Դա պարտքի կուտակման վատագույն տարբերակն է, ինչն անում են այսօրվա իշխանությունները։ Պարտքն արդարացված է, երբ այն ուղղված է հեռանկարային ու զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Այլապես՝ դա բեռ է ոչ միայն վաղվա, այլև տասնամյակների բյուջեների վրա։ Ու այդ բեռը կրելու են ոչ թե այսօրվա իշխանությունները, այլ ապագա սերունդները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Babken Chilingarian:
Related Post