Հոկտեմբեր 10, 2026
Կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում սուս ու փուս հաստատեց 2027թ. պետական բյուջեի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Չի եղել երբևէ, որ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կառավարության նիստում չներկայացվի։ Բայց այս անգամ հենց այդպես էլ վարվեցին։ Դրա համար, անշուշտ, պատճառներ ունեին։ Հավանաբար չուզեցին մեկ անգամ էլ հայտարարել, որ հաջորդ տարվա պետական բյուջեն լինելու է պաշտոնյաների գրպանները լցնելու մասին։
Ինչպես հայտնի է, 2027թ. հունվարի 1-ից նախատեսել են կտրուկ բարձրացնել պետական ծառայողների ու առաջին հերթին՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Որոշ պաշտոնյաների միլիոնների հասնող աշխատավարձերն ընդհուպ կկրկնապատկվեն։
Դրա համար կառավարությունը պատրաստվում է հարկատուների վճարած հարկերի հաշվին բավական խոշոր գումար հատկացնել։ Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը պետական բյուջեի վրա կնստի լրացուցիչ շուրջ 80 մլն դոլար։
Ի տարբերություն պետական ծառայողների ու բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացման, կկտրեն մի շարք սոցիալական ծախսեր, այդ թվում՝ անապահովության ու թաղման նպաստները։
Անապահովության գնահատման նոր չափանիշներ են դրել ու տասնյակ-հազարավոր նպաստառուների արդեն հասցրել են դուրս թողնել նպաստառուների համակարգից։
Որոշել են վերանայել նաև թաղման նպաստները։ Հաջորդ տարվանից թաղման նպաստ կտան միայն անապահով ընտանիքներին։ Նրանց, ովքեր համատարած կրճատումից հետո կմնան անապահովության համակարգում։ Խոսքը լինելու է մի քանի հազար ընտանիքի մասին։
Որպեսզի արդարացնեն թաղման նպաստների կրճատումը, որոշել են ձև անել, թե ազատված գումարներով թոշակ են բարձրացնում։ Ուզում են տպավորություն ստեղծել, որ ոչ միայն իրենց աշխատավարձերն են բարձրացնում, այլև թոշակները։ Բայց եթե իրենց միլիոնների աշխատավարձերը միլիոններով են բարձրացնում, թոշակները՝ 1000 դրամով։
Նվազագույն թոշակը 46 հազարից պատրաստվում են դարձնել 47 հազար։
Թե այդ 1000 դրամն ի՞նչ է փոխում թոշակառուի կյանքում՝ այս համատարած թանկացումների պայմաններում, դժվար չէ պատկերացնել։ Սա միջոց է, որպեսզի մեկ անգամ ևս հայտարարեն, թե թոշակները բարձրացրել են։
Թոշակառուի թոշակը կբարձրանա 1000 դրամով, իսկ նախարարի աշխատավարձը՝ 1 միլիոնով։
Նախարարի աշխատավարձի բարձրացումը 1000 անգամով կգերազանցի թոշակառուի թոշակի բարձրացմանը։ Դրա համար էլ պետական 18-20 հազար ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար բյուջեի լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 30 մլրդ դրամ, իսկ ավելի քան 680 հազար թոշակառուի թոշակի բարձրացմանը՝ ընդամենը 5.6 մլրդ դրամը։ Թոշակառուներն անգամներով ավելի շատ են, իսկ նրանց հատկացված գումարները՝ անգամներով ավելի քիչ։
Անխոս՝ «արդար» բաժանում են արել։ Հետո էլ կհպարտանան, որ միջին աշխատավարձն ավելացել է։ Ու քանի որ ավելացել է, նշանակում է՝ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Էլ չեն ասի, թե ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին է ավելացել միջին աշխատավարձը։
Այսպես են պատրաստվում բաժանել հաջորդ տարվա բյուջեի փողերը։ Այն բյուջեի, որի դեֆիցիտը կգերազանցի 468 մլրդ դրամը։ Պատրաստվում են 468 մլրդ դրամ պարտք վերցնել, որպեսզի բյուջեի ծախսերը կարողանան կատարել։ Այսօրվա փոխարժեքով խոսքը գրեթե 1.3 մլրդ դոլարի մասին է։
Բյուջեում այդքան մեծ գումարի ճեղք կա, բայց կրկնապատկում են իրենց աշխատավարձերը։ Ժամանակին հայտարարում էին, թե պատրաստ են անվճար աշխատել՝ հանուն ժողովրդի, հիմա ժողովրդից կտրում են, որ ավելի շատ աշխատավարձ ստանան։
Բյուջեի եկամուտները կավելանան, բայց ոչ այնքան, որպեսզի փակեն բոլոր ծախսերը։ Հաջորդ տարի պլանավորում են ստանալ 3 տրիլիոն 603,8 մլրդ դրամի եկամուտ ու կատարել 4 տրիլիոն 72 մլրդ դրամի ծախս։
Ինչպես միշտ, եկամուտների հիմնական մասն ակնկալվում է հարկերից ու տուրքերից. Նախատեսում են 3 տրիլիոն 462 միլիարդի հարկային եկամուտ։
Առաջին հայացքից հարկային եկամուտների բավական բարձր նշաձող են դրել։ Բայց երբ հարկային եկամուտների հավաքման դինամիկան դիտարկում ենք երկարաժամկետում, տեսնում ենք, որ էական շարժեր չկան։ ՀՆԱ-ում հարկերի հավաքման մակարդակը շատ դանդաղ է բարելավվում։ Այդքան խոսում են հարկային եկամուտների հավաքման բարձր կատարողականների մասին, բայց 2023-2025թթ. բացարձակ առաջընթաց չի գրանցվել ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման առումով։
Ունենք այն, որ այդ տարիներին հարկեր-ՀՆԱ-ն ինչպես եղել, այնպես էլ մնացել է 24 տոկոս։
Դեռ չենք ասում, որ այդ ընթացքում տնտեսության մի շարք հատվածներում բավական մեծ հարկային բեռ են ավելացրել, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի վրա։ Ու դրանով հանդերձ, հարկեր-ՀՆԱ-ն մնացել է նույնը։ Այսինքն՝ ստվերի կրճատման առումով ոչ մի առաջընթաց չի գրանցվել։
Ակնկալում են, որ գոնե այս տարի կհաջողվի որոշ տեղաշարժ ապահովել և ՀՆԱ-ում հարկերի մակարդակը կհասնի 24.8 տոկոսի։ Բայց դեռ հարց է, թե դա որքանո՞վ կհաջողվի։ Անգամ, եթե հաջողվի, նախորդ կառավարության դրած թիրախին չեն հասնի։ Մի պահ խոստանում էին մինչև 2026թ. ՀՆԱ-ի մեջ հարկերի մակարդակը հասցնել 25.7 տոկոսի։ Հետո սահուն իջեցրեցին 25 տոկոսի, բայց ինչպես տեսնում ենք, հույս չունեն, որ դա էլ կկարողանան ապահովել։
Հաջորդ տարվա համար էլ ակնկալիքը 25.4 տոկոսն է, իսկ հետագա 2 տարիներին՝ ընդամենը 25.7 տոկոս։
Նվազեցրել են նաև տնտեսական աճի ակնկալիքը։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի սպասելիքը 6 տոկոսից ցածր է։ Ընդ որում, այս տարվանն ավելի ցածր է։ Տարեվերջին տնտեսական աճը գնահատել են 5.6 տոկոս։ Անհամեմատ ավելի ցածր, քան անցած տարի էր։ Անցած տարի 7.1 տոկոս էր։
Հաջորդ տարի էլ տնտեսական աճի տեմպը բարձր չի լինի՝ կանխատեսումը 5.8 տոկոս է։
Սպասվում է, որ էապես կթուլանա այս տարվա տնտեսական աճի վրա ազդած 2 հիմնական ոլորտների՝ շինարարության ու ծառայությունների ազդեցությունը։ Դրանք կշարունակեն աճել, բայց աճի տեմպերը մեծապես կդանդաղեն։
Այս տարի սպասվող հերթական անկումից հետո, ակնկալում են, որ հաջորդ տարի գյուղատնտեսության մեջ այնուամենայնիվ որոշ աճ կլինի։ Բայց վերականգնման հույսեր չկան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
https://168.am/2026/10/10/2495545.html?fbclid=IwY2xjawU4DBpleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR6Td9eeXRwXZ0wA7IG7WXiwFU82jFm_tojqdPtuhLi1QVMnZRO4UZvOuUUe0w_aem_q3JkLcSQhOoychVZzbQtAw
—