X
    Categories: News

Ֆրանսիա-Թուրքիա պաշտպանական մերձեցում․ ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանի շահեր

Հոկտեմբեր 10, 2026

Politico պարբերականը գրել էր, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության գործընթացը՝ երկկողմ տարաձայնությունների պատճառով, իսկ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ գործընկերությունը՝ պնդելով, որ երկու ծրագրերն էլ պետք է հաստատվեն միաժամանակ։

Առաջարկվող գործընկերությունները նախատեսում են ընդլայնել համատեղ զորավարժությունները, ռազմական վերապատրաստումն ու քաղաքական համագործակցությունը։

Գրեթե նույն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիան և Ֆրանսիան ստորագրել են ճանապարհային քարտեզ` ուղղված փոխադարձ շահերի հիման վրա պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը զարգացնելուն, ինչպես նաև՝ անվտանգային որոշ ուղղություններում արդեն գոյություն ունեցող համագործակցությանն առավել ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելուն։

Ի՞նչ է ենթադրում այս ճանապարհային քարտեզը, և ինչո՞ւ է դրա ստորագրումն ուշագրավ Հայաստանի համար։

Կարդացեք նաև

  • Ֆլորիան Էսկյուդիեի նշանակումը և Փարիզի անվտանգային օրակարգը Հայաստանում
  • Գերմանիան հետախուզական լուրջ բարեփոխման և Ֆրանսիայի հետ հետախուզական ինտեգրացիայի խորացման կարիք ունի. Ի՞նչ է Փարիզը պատրաստել Երևանի համար

Ճանապարհային քարտեզի համատեքստում  Թուրքիան և Ֆրանսիան  նախատեսում են պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, խորացնել համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի, հետախուզական տեղեկատվության փոխանակման և հակաօդային պաշտպանության ոլորտներում՝ միաժամանակ բարձրացնելով իրենց համակարգերի օպերատիվ համատեղելիությունը։

Փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ վարժանքների ընդլայնում, զինվորական ակադեմիաների միջև անձնակազմի փոխանակման ծրագրեր, ռազմածովային նավերի մուտք նավահանգիստներ, ինչպես նաև՝ ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ:

Բացի այդ, Թուրքիան և Ֆրանսիան  մտադիր են նաև զարգացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերն ու գործարար հնարավորությունները, խրախուսել տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակումը, ընդլայնել կապերը երկու երկրների պաշտպանական ընկերությունների միջև։

Ակնկալվում է, որ ճանապարհային քարտեզի շրջանակում հանդիպումները հերթագայությամբ կանցկացվեն Փարիզում և Անկարայում։ Առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի վերջին եռամսյակում՝ կողմերի միջև ձեռք բերվելիք պայմանավորվածության համաձայն։

Ֆրանսիա-Թուրքիա պաշտպանական հարաբերությունների համատեքստում հավելենք, որ ամիսներ առաջ տեղեկությունն էր շրջանառվել, թե Ֆրանսիան ավելի բաց և մեղմ դիրքորոշում է որոշել որդեգրել Թուրքիային SAMP/T համակարգի հնարավոր վաճառքի հարցում։ Իսկ Թուրքիային SAMP/T համակարգը պետք է իր՝ «Պողպատե գմբեթ» հակահրթիռային համակարգի համար:

SAMP/T-ը ֆրանս-իտալական համատեղ մշակված բազմաշերտ ՀՕՊ համակարգ է:

Ավելի վաղ Ֆրանսիան քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնությունների՝ այդ թվում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական գործողությունների պատճառով սահմանափակել էր Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը:

Երկու տարի առաջ, մասնավորապես, անդրադարձել ենք թուրքական SOM թևավոր հրթիռների շարժիչների հարցին: Այդ հրթիռներում օգտագործվել են ֆրանսիական Microturbo ընկերության TRI 40 տուրբոռեակտիվ շարժիչներ։ Ֆրանսիական շարժիչների արտահանման թույլտվության հարցի շուրջ առաջացած խնդիրները հաշվի առնելով, հետագայում թուրքական Kale Arge ընկերությունը մշակեց  KTJ-3200 ռեակտիվ շարժիչը՝ SOM թևավոր հրթիռների կիրառման համար։

Այս օրինակները ցույց են տալիս, որ Ֆրանսիա–Թուրքիա ռազմատեխնիկական հարաբերություններում առկա են՝ ինչպես համագործակցության հնարավորություններ, այնպես էլ՝ տեխնոլոգիական և քաղաքական սահմանափակումներ։ Հետևաբար, նոր ճանապարհային քարտեզի ստորագրումը դեռևս չի նշանակում, որ կողմերն արդեն համաձայնության են եկել սպառազինության համատեղ արտադրության կամ կոնկրետ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ։

Ամեն դեպքում, Ֆրանսիա-Թուրքիա պաշտպանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար ուշագրավ է նաև Երևանի և Փարիզի միջև ձևավորված պաշտպանական գործընկերության համատեքստում, հատկապես, երբ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի տրամաբանության մեջ են, ինչի մասին գրել եք:

Թուրքիա-Ֆրանսիա ճանապարհային քարտեզը, ինչը ենթադրում է նաև հետախուզական տվյալների փոխանակում, կարևոր է դիտարկել  նաև, եթե հաշվենք ֆրանսիական աղբյուրների հայտնած այն տեղեկությունը, որ  Ֆրանսիան կարող է ստանձնել  Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության կադրերի պատրաստումը, ընդ որում, այս տեղեկությունն այն ժամանակ  կապվում էր Ֆլորիան Էսկյուդիեի՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան նշանակվելու հետ, ով մասնագիտացած է ռազմավարական հարցերի, անվտանգության և կիբերանվտանգության ոլորտներում:

Մյուս կողմից, ֆրանսիական կողմը մեկ անգամ չէ, որ վստահեցրել է, թե Հայաստանի հետ ռազմավարական կամ պաշտպանական հարաբերությունները չի պայմանավորում այլ երկրների հետ իր հարաբերություններով: Ամեն դեպքում դեռ ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Ֆրանսիան կկարողանա միաժամանակ խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և շարունակել Հայաստանի զինված ուժերի արդիականացմանն աջակցությունը՝ առանց իր քաղաքական առաջնահերթությունները վերանայելու։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post