Հոկտեմբեր 11, 2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ՝ հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան, հեռախոսազրույց են ունեցել։ ԱՄՆ նախագահը հետախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հաջող հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներին։
Այս զրույցը տևել է մեկուկես ժամ, որից հետո Թրամփը գրառում էր կատարել և շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին՝ այս գործարքի համար։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի բնորոշմամբ՝ ամեն ինչ շատ պարզ է, թաքնված որևէ բան չկա։
«Պատժամիջոցները, որոնք դրված էին ՌԴ-ից արտահանվող վառելիքի և գազի վրա բավականին լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացրել և՛ եվրոպական երկրներում, և՛ Միացյալ Նահանգներում։ Հատկապես Միացյալ Նահանգներում, որտեղ մեծաքանակ մեքենաներ կան, որոնք աշխատում են դիզելային վառելիքով, կա նաև նավատորմ, որն օգտագործում է դիզելային վառելիք։ Պատժամիջոցների հետևանքով Միացյալ Նահանգները զրկվել էր ռուսական բավականին հարմար գնվող ներկրվող դիզելային վառելիքից, և սա շղթայական մեծ թանկացումներ էր առաջացրել Միացյալ Նահանգների գրեթե բոլոր ոլորտներում, օրեցօր աճում էր սոցիալական դժգոհությունը Թրամփի վարչակարգի նկատմամբ։
Նոյեմբերին էլ տեղի են ունենալու Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, փորձագետների ու վերլուծաբանների մեծ մասը նշում է, որ սոցիալական նման լարվածության պահպանության պայմաններում հանրապետականները շատ քիչ շանս կունենան հաղթելու։ Իսկ այս ամենի հետևանքը լինելու է այն, որ Կոնգրեսը կանցնի Դեմոկրատների վերահսկողության տակ և օբյեկտիվ հիմքեր կստեղծվեն Թրամփի պաշտոնազրկումը՝ իմպիչմենտն իրականացնելու համար»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը։
Նրա խոսքով՝ սա էլ դարձել է այն կարևոր ազդակը, որը ստիպել է Թրամփին գնալու նման քայլի։ Երկրորդ ազդակն էլ ձգվող պատերազմն է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Ըստ էության այնպես է ստացվել, որ նույնիսկ ժամկետի երկարաձգումը և ԵՄ երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմատեխնիկական և տնտեսական օգնությունը չի փոխում իրավիճակը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ամենը շատ վատ է անդրադառնում Թրամփի վարչակարգի վրա, որովհետև 2024 թվականի նախընտրական ամբողջ արշավի ընթացքում նա խոստացել էր, որ իշխանության գալուց հետո շատ արագ կերպով կավարտի բոլոր պատերազմները։
«Հիմա հակառակ պատկերն է ստացվում, ոչ միայն չի հաջողվել ավարտել պատերազմն Ուկրաինայում, այլ ավելին՝ Թրամփն արկածախնդրորեն մխրճվեց Իրանի դեմ պատերազմի մեջ։ Այս պատկերը պետք է փոխվեր, հակառակ պարագայում Թրամփի ամբողջ նախընտրական արշավի բովանդակությունը կարող է հօդս ցնդել և անբարենպաստ վիճակ ստեղծել նոյեմբերին կայանալիք ընտրություններում»,- հավելեց Գարիկ Քեռյանը։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ Թրամփը նաև շատ լավ հասկանում է, որ եթե պատերազմը շարունակվի, ինչ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, որովհետև վերջերս Պուտինի նախագահությամբ ընթացած Անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությունները պարզ ազդակ էին եվրոպական երկրներին, Միացյալ Նահանգներին, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի դիմելու նաև միջուկային հարվածների, ինչը կարող էր բերել Եվրոպայի ու Միացյալ Նահանգների երաշխավորված ոչնչացման, իհարկե, նաև Ռուսաստանի գլոբալ աղետի։
«Համադրելով այս ամենը, տեսնում ենք, որ Թրամփի հետնահանջը ՌԴ-ի հետ դիմակայունությունից ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքական ու էքզիստենցիալ լուրջ նախադրյալներ։ Պատժամիջոցների վերացումը կարող է փոխել նաև ընդհանուր միջազգային իրավիճակը, որովհետև միլիոնավոր տոննաների դիզվառելիքի վաճառքի թույլտվությունը, նաև պատժամիջոցների հանումը կամ մեղմացումը կհզորացնի Ռուսաստանի տնտեսական պոտենցիալը։ Սա էլ իր հերթին՝ կնպաստի Ռուսաստանի գերակշիռ դերի բարձրացմանը։
Փորձագիտական շրջանակներում առկա կարծիքը, թե՝ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև նոր գլոբալ համաձայնության, կամ, ինչպես ես եմ հաճախ նշում՝ փաստացիորեն աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի՝ նոր բաժանման և գլոբալ ազդեցության գոտիների սահմանագծման»,- ասաց Գարիկ Քեռյանը։
Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ այս ամենը չպետք է անտարբեր թողնի հարավկովկասյան երկրներին, հատկապես Հայաստանի իշխանությանը, որովհետև ուշադրությամբ պետք է հետևեն նման գործընթացներին։
«Այստեղ շատ կարևոր է, թե նոր Յալթայի գործընթացներում Հարավկովկասի, մասնավորապես մեզ խիստ անհանգստացնող Հայաստանն այդ եռաբևեռ աշխարհի հսկաներից որի ազդեցության գոտում կարող է հայտնվել։ Պետք է լինել շատ զգույշ և խուսափել կտրուկ շրջադարձերից ընդդեմ Ռուսաստանի կամ ընդդեմ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի, սպասել ու ընտրել ավելի անվտանգային կայուն տարբերակը»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։
—