X
    Categories: News

«Կռիվ տալ ոչ մի քայլ հետ» կարգախոսով կապիտան Իշխան Պետրոսյանը կռվում էր, պատե

Հոկտեմբեր 10, 2026

Հոկտեմբերի 8-ին Արցախի 44-օրյա պատերազմում հերոսացած կապիտան Իշխան Պետրոսյանի Հիշատակի օրն էր։ Ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, կապիտանի հետ մարտական ուղի անցած տղաները հավաքվել էին մեկ վայրում՝ Իշխան Պետրոսյանի հայրենի գյուղի՝ Քասախի մշակույթի տանը, հիշելու ու խնկարկելու հերոսի հիշատակը։

6 տարի է՝ Իշխան Պետրոսյանի մասին որևէ մեկն անցյալով չի խոսում, նա իր թողած ավանդով, անցած ճանապարհով ներկա է բոլորի սրտերում։

Իշխան Պետրոսյանը հայրենիքի նվիրյալ էր, բնավորությամբ անհանգիստ, երբ խոսքը հատկապես վերաբերում էր իր հողի պաշտպանությանը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Իշխան Պետրոսյանն առաջիններից էր, որ մեկնեց Արցախ՝ կամավոր, այդ ժամանակ կապիտանը թոշակի էր անցել երկար տարիների զինվորական ծառայությունից հետո։

Կարդացեք նաև

  • Խփեցին քնած տղերքին… չարթնացան… հրաման կար, չթողեցին դպրոցներ. արթո՛ւն եղեք, ջնջում են հային
  • «Պլանավորված պատերազմ էր, նախապես ամեն ինչ գծվել էր, նույնիսկ պատերազմի ելքը. Մի օր բոլորը ճշմարտությունը կիմանան». Մարտին Եսայան
  • «Պարզվեց՝ ոչ թե «հաղթում ենք», այլ գաղթում ենք. Անհասկանալի է մնում Շուշիի անկումը, ախր կարող էինք նույնիսկ քարով պահել». Քաջիկ Հարությունյան

Իշխան Պետրոսյանի կինը՝ Արուս Հարությունյանը,  դժվար է համակերպվել ու համակերպվում այն իրականության հետ, որտեղ չկա կապիտանը՝ իր հումորով, ծիծաղով, միաժամանակ՝ խստապահանջությամբ, ով իր երկու դուստերի ու կնոջ համար նախևառաջ ընկեր էր։

«Դժվար է ամեն ինչ, սկզբում երբ դուրս էի գալիս, մտածում էի, որ ամեն տեղ կարող եմ հանդիպել Իշխանին…

Երեխաներիս դաստիարակության հարցում ինքս ավելի խիստ եմ եղել, Իշխանը բոլորիս հետ ընկեր էր։ Երբ տուն էր մտնում, մեր տանն արդեն ուրախություն էր, երբեք հացի մենակ չի նստել։

Մենակությունը մեզ համար չի եղել, որովհետև միշտ շրջապատված ենք եղել ընկերներով, հարազատներով, որովհետև Իշխանը լավ ընկեր էր, որդի, լավ հայր ու ամուսին։

Այն, ինչ հիմա կատարվում է մեր շուրջը, սա մեր հերոս տղաների և Իշխանի դրած հիմքերն է, թողած հայրենասիրությունը, որը մեզ դրդում է վրեժի։ Բազմիցս ասել եմ, մեր տղաները կռվել են ու կռվել են մինչև վերջ, իրենք թիկունքից են դավաճանվել։ Սա որևէ մեկը չի մարսելու, մենք մեր պայքարը մինչև վերջ տանելու ենք…»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արուս Հարությունյանը։

Փառավոր էր այն ուղին, որով անցավ կապիտան Իշխան Պետրոսյանը, ով մարտի դաշտում ընկերներին ոգևորում էր, ժամկետային զինծառայողներից մեկ քայլ առաջ կանգնում՝ թշնամու կրակն իր վրա ընդունելով՝ պաշտպանում նրանց, հետո էլ բարձրաձայն ասում. «Տղերք, հաղթանակից հետո բոլորս հոկտեմբերի 19-ին գնալու ենք դստերս հասանիքին»։

Կապիտանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն բացվեց Անահիտ Մութաֆյանի հեղինակած «Երդվում եմ» ֆիլմի ցուցադրմամբ, որն Իշխան Պետրոսյանի ու պատերազմում նահատակված մյուս տղաների հերոսական ուղու, մտորումների, Արցախի ամբողջական կորստի ու վերջում այն մեծ հույսի մասին էր, որ Արցախը հավերժ չի կարող լինել օկուպացված, և յուրաքանչյուրն ինքն իր մեջ պետք է երդվի Արցախը վերադարձնելու համար։

Ֆիլմի հեղինակի խոսքով՝ պատերազմում ընկած տղաները չպետք է ներեն մարդկանց այսօրվա լռության, անկյալության, նաև այն ամենի համար, ինչը մինչև օրս Հայաստանում կատարվում է։

«Ֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացել է Արցախի ամբողջական կորստից հետո, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անցել էր 3 տարի, և այդ տարիների ընթացքում ամենօրյա շփումների մեջ էի Իշխան Պետրոսյանի ընտանիքի ու մյուս հերոս տղաների ընտանիքների հետ։ Մեջս շատ բան էր կուտակվել ու ինչ-որ ձևով պետք է դուրս գար, անկախ ինձանից եմ գրել սցենարը։ Սցենարը գրելուց հետո ընկերներս կարդացին, որից հետո որոշվեց ֆիլմ նկարահանել։

Այս ֆիլմում Իշխան Պետրոսյանին մարմնավորել էր Արմենը, իսկ ամենահուզիչն Իշխան Պետրոսյանի դստեր հարսանիքի պահն էր, որը պետք է տեղի ունենար 2020 թվականի հոկտեմբերի 19-ին…»,- 168.am-ին ասաց Անահիտ Մութաֆյանը։

Ֆիլմի հեղինակը վստահ է՝ որքան էլ իշխանությունը ձգտի փակել Արցախի թեման, չի հաջողելու, քանի որ իր ու իր նման հազավոր մարդկանց համար Արցախի թեման երբեք չի կարող փակվել, քանի որ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական։

«Քանի դեռ մենք, մեր երեխաները կանք, Արցախի թեման չի կարող փակվել, մենք մեծացել ենք այդ թեմայի քննարկումների ու պայքարի մեջ, այսօր էլ իմ եղբոր երեխաներն են Արցախով ապրում, սերնդեսերունդ սա այդպես գնալու է։

Թող իմ սերն Արցախի հանդեպ պատերազմ հրահրի, պատերազմը մենք չենք հրահրում, պատերազմ հրահրողն արդեն իսկ հրահրել է։

Այս ֆիլմի ցուցադրությունը ես չկարողացա կազմակերպել որևէ կինոթատրոնում, քանի որ պատճառաբանում էին, որ «Արցախն արդեն իսկ քաղաքական թեմա է, որևէ դահլիճ չեն կարող տրամադրել քաղաքական թեմայի համար»։ Ես էլ փոքր-փոքր ցուցադրություն եմ կազմակերպել։ Որքան էլ փորձեն խեղդել, ֆիզիկայից պետք է զսպանակի ուժը սովորեն, որքան զսպանակը սեղմում են, այնքան արագ է բաց թողնվում»,- նշեց Անահիտ Մութաֆյանը և հավելեց, որ առաջիկայում ֆիլմը կցուցադրվի Իրանի, Կանադայի, Բելգիայի հայկական համայնքներում։

2020 թվականի հոկտեմբերի 3-ին Իշխան Պետրոսյանն արդեն Ջրականի դիրքերում էր, նրա մարտական ընկերները հետո են պատմել, թե ինչպես է կապիտանը ինքնամոռաց առաջ նետվել՝ պաշտպանելու ոչ միայն իր ընկերներին, այլև Արցախի հողը. «Կռիվ տալ ոչ մի քայլ հետ» կարգախոսով։

Կռվի թեժ պահերին վերջին զանգն է կատարել՝ կնոջը հուսադրել է, թե ամեն ինչ լավ է, հետո կզանգահարի.

«Մենք չենք նահանջի, մինչև վերջ կպայքարենք»,- ասել է կապիտանը, բայց հետո այդպես էլ չի զանգահարել…

Իշխան Պետրոսյանը պայքարել է մինչև հոկտեբերի 9-ը, որից էլ բռնել է հավերժի ճամփան՝ փրկելով ընկերների կյանքը։

—

Toneyan Mark:
Related Post