Հոկտեմբեր 11, 2026
«Ես համաձայն եմ այն թեզի հետ, որ Ռուսաստանն իր պատժամիջոցների արսենալի մի չնչին մասն է կիրառել: Փաստեր կան, և դրանց հետ պետք է հաշվի նստես: Տարակուսելի է, երբ մտնում ես բոքսի ռինգ՝ առանց հաշվի առնելու քո ու դիմացինիդ քաշային կարգերը: Նայենք թվերին: 2018թ. շուրջ 680 միլիոնի չափ արտահանում եղել է դեպի Եվրամիություն, 660 միլիոն՝ Ռուսաստան: Անգամ 2015թ. ԵԱՏՄ մտնելուց հետո շուրջ 50%-ով արտահանումը դեպի ԵՄ ավելացել է:
Հիմա դեպի Ռուսաստան արտահանման կշիռն անգամներով է աճել, ԵՄ-ի դեպքում թվերն ընկել են՝ 666 միլիոնի կարգի, իսկ դեպի Ռուսաստան արտահանման 660 միլիոնը դարձել է 2.9 միլիարդ դոլար, ներառյալ՝ վերաարտահանումը»,- «Դասեր» հաղորդաշարի եթերում ասաց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի բիզնես-մագիստրոս Վարդան Արամյանը:
Վերջինս նշեց՝ Ռուսաստանն ամբողջությամբ դեռ չի փակել արտահանումը:
«Տեքստիլի արտահանումը չի փակվել: Եթե դա փակվի, օրինակ, Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» լուրջ խնդիրներ է ունենալու, իսկ դա աշխատատեղ է: Այն դեպքում, երբ Ռուսաստան է գնում հայկական տեքստիլ արտադրանքի շուրջ 90%-ը: Մենք հաշվի չենք առնում, որ մեր այս ծաղկուն կյանքի «մեղավորը» ռուսներն են: Ինչպես ասացինք, 160 000 ռուս մնացել ու ապրում է այստեղ: Եթե լինեն միգրացիայի սահմանափակումներ, դա ևս լուրջ խնդիր է»,- ասաց Վարդան Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—