Հոկտեմբեր 9, 2026
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։
Ըստ Ալիևի, «կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է նաև վստահության ամրապնդում և հակամարտության հումանիտար հետևանքների վերացում»։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել բոլոր հնարավորություններն անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար՝ ընդգծելով, որ նրանցից ոչ մեկը մոռացված չէ։ Ալիևի այս հայտարարություններն ինքնին նորություն չեն, բայց միանգամայն այլ իմաստ ու երանգ են ստանում դրանց ժամանակահատվածի ու Հայաստանից հնչող հայտարարությունների համատեքստում:
Ալիևը տասնամյակներ առաջվա անհետ կորածների և ադրբեջանցիների գերեզմանների վայրերի մասին պահանջը հնչեցնում է այն օրերին, երբ Հայաստանը բառացիորեն փոթորկվել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականի՝ Շաքի գյուղում կատարած դաժանությունից, որի արդյունքում խեղվել է ողջ ընտանիքի կյանք, հաշմանդամ է դարձել երիտաարդ կին:
Ահա այդ նույն օրերին, գոնե ձևական ափսոսանքի խոսք հնչեցնելու փոխարեն, Ալիևը պահանջում է իր «մեռելներին», որովհետև այստեղ՝ Հայաստանում, իր գործընկերը և նրան սատարող քաղաքական-քաղաքացիական ակտիվը զբաղված են ադրբեջանցի զինվորի անուղղակի արդարացմամբ, նրան Ադրբեջանին վերադարձնելու քարոզչական աշխատանքներով:
Ալիևը, ահա, աշխարհին ցույց է տալիս, որ մինչ Հայաստանի իշխանությունը բառի ամենախոր իմաստով մոռացել է Բաքվի բանտերում պահվող իր գերիների մասին և պատրաստ է վերադարձնել հանցագործ զինվորականին, ինքը չի մոռանում ղարաբաղյան նախորդ պատերազմներում զոհվածներին ու անհետ կորածներին:
Հայելային այս հակադրությունը ցույց է տալիս «խաղաղության» մասին Ադրբեջանում ու Հայաստանի իշխանության քարոզչամեքենայի կողմից մատուցվող պատումներում առկա հակադրությունը:
Ալիևը գործնականում ասում է՝ խաղաղություն չի լինի, մինչև Հայաստանը չվերադարձնի ընդհուպ մինչև վերջին դիակի ոսկորները: Հայաստանի իշխանությունն ուղիղ չի ասում, բայց հասկացնում է՝ պատրաստ է հրաժարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ու մյուս գերիներից՝ «խաղաղությունը փայփայելու» համար:
Նիկոլ Փաշինյանի՝ այս հարցում վերջերս հնչեցրած հիմնավորումն այն էր, որ չնայած Բաքվի բանտերում գտնվող երկու տասնյակից ավելի հայ գերիների համար խաղաղությունը շոշափելի չէ, բայց այն արդեն հաստատվել է միլիոնավոր մարդկանց համար: Դրա հիմքում էլ ընկած է այն հրեշավոր մոտեցումը, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել իր մի քանի տասնյակ քաղաքացիներից՝ հանուն միլիոնավոր մարդկանց համար «հաստատված խաղաղության»:
Մինչդեռ Ալիևը Բաքվից ասում է՝ խաղաղություն չի հաստատվի, մինչև անգամ վերջին մահացած ադրբեջանցու «հոգին չփառավորվի»:
Նիկոլ Փաշինյանը՝ դատելով իր վարքագծից, Ալիևին սպասեցնել չի տա և առաջիկայում կսկսի զբաղվել ադրբեջանցիների գերեզմանների որոնումներով: Բացառված չէ՝ անձամբ:
Հարություն Ավետիսյան
—