Հոկտեմբեր 9, 2026
Այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը, որը պետք է քննի «եկեղեցում առաջացած ճգնաժամը», ինչպես նշում է իշխանությունը։
Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում.
«Հաստատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։
Այսպիսով՝ այս հակաեկեղեցական հանձնաժողովը նախագահելու է ՔՊ-ական Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներն են իշխանական 6 պատգամավորներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։
Հիշեցնենք, որ այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր նախորդ շաբաթ, դրա մասին ավելի վաղ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ կանեն, որպեսզի Վեհափառ հայրապետին հեռացնեն կաթողիկոսական գահից։
Նշենք, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե հայտարարել են, որ այս հանձնաժողովը հակասահմանադրական է, հետևաբար՝ իրենք որևէ մասնակցություն չեն կարող ունենալ գործընթացին, փոխարենը՝ կանգնելու են եկեղեցու կողքին։
—