Հոկտեմբեր 9, 2026
Այս օրերին քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներ քննարկման թեմա են դարձրել՝ արդյոք ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվոր Նասիմի Ռահիմ օղլու Մուսաևի գործողությունները Շաքի գյուղում դիվերսիա՞ են, թե՞ ոչ:
Ընդ որում, և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակների՝ նրա դիվերսանտ լինել-չլինելու պնդումներն այնքան էլ հիմնավոր չեն, եթե չասենք՝ անհաջող:
Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Գնահատական եմ տալիս, ասում եմ՝ հանցագործություն է արել, ընդ որում՝ մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։
Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արե՞լ է, թե՞ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել, բայց դիվերսիա՞ է արել, դիվերսա՞նտ է, այդ ո՞ր երկրում է լսված, որ զանգեն, ասեն՝ մի հատ դիվերսանտ ենք ուղարկել»:
Միաժամանակ, նա շեշտել է, թե ինքը գործը վարող քննիչը չէ, իսկ ադրբեջանցի զինվորի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտված չէ:
Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Փաշինյանը գնահատական տալիս կատարվածին, երբ նախաքննությունը շարունակվում է, և դեռ կան պարզաբանման ենթակա հանգամանքներ։ Եթե քննությունը չի ավարտվել, ապա կատարվածի ամբողջական պատկերը դեռ պետք է պարզվի։ Հետևաբար՝ քաղաքական հայտարարությունը չի կարող փոխարինել քննության արդյունքներին և իրավական գնահատականին։
Մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Նասիմի Մուսաևը դիվերսանտ չէ, քանի որ ձերբակալության ժամանակ չի դիմադրել։ Սա ևս բավարար հիմնավորում չէ։
Ի՞նչ է դիվերսիան, և և ինչո՞ւ չդիմադրելը վճռորոշ հանգամանք չէ:
Դիվերսիան կամ խափանարարությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։
Դասական ռազմական իմաստով դիվերսիան հակառակորդի թիկունքում իրականացվող գործողություն է, որն ուղղված է հակառակորդի ռազմական ներուժին, ենթակառուցվածքներին կամ այլ կարևոր օբյեկտներին վնաս հասցնելուն։ Դիվերսիոն գործողություն կարող է իրականացնել նաև մեկ անձ. պարտադիր չէ, որ գործի կազմակերպված խումբ։ Հետևաբար, ձերբակալության ժամանակ չդիմադրելը հիմք չէ անձին դիվերսանտ չհամարելու համար։ Չդիմադրելու հանգամանքը կարող է տարբեր բացատրություններ ունենալ։ Անձը կարող էր անակնկալի գալ, հայտնվել մի իրավիճակում, երբ դիմադրելու հնարավորություն չուներ, զենք կամ զինամթերք չունենալ, դիմադրությունն անիմաստ համարել կամ սեփական որոշմամբ հանձնվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Հնարավոր է նաև, որ նա դիվերսիոն առաջադրանք չի ունեցել։ Սակայն սրանք միայն հնարավոր վարկածներ են, և դրանցից որևէ մեկը չի կարելի հաստատված համարել առանց փաստերի։
Մյուս կողմից՝ զենքով ՀՀ սահմանը հատելը, սահմանային արգելապատնեշները հաղթահարելը կամ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելը դեռ ինքնին չի նշանակում, որ կատարվածը դիվերսիա է։ Դրա համար անհրաժեշտ է պարզել գործողությունների նպատակը, մտադրությունը և բնույթը։
Այսինքն՝ ադրբեջանցի զինծառայողի գործողությունները դիվերսիա՞ են, թե՞ ոչ՝ գնահատելու համար անհրաժեշտ է պատասխանել մի շարք հարցերի։
Ի՞նչ նպատակով է նա հայտնվել Հայաստանի տարածքում։ Ի՞նչ գործողություններ է կատարել և ի՞նչ մտադրություն է ունեցել։ Արդյո՞ք Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում կատարել է դիվերսիոն-հետախուզական առաջադրանք կամ տվյալներ հավաքել։ Արդյո՞ք կապ է ունեցել այլ անձանց հետ կամ գործել է արտաքին ուղղորդմամբ։ Ի՞նչ հանգամանքներում է հայտնաբերվել և ձերբակալվել, և ինչո՞ւ չի դիմադրել։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա քննությունը։ Եվ եթե ապացույցները վկայեն դիվերսիոն գործողության մասին, ՀՀ համապատասխան մարմինները չպետք է թաքցնեն այդ հանգամանքը։ Իսկ եթե իրականում՝ շեշտում եմ՝ իրականում, պարզվի, որ կատարվածը չի համապատասխանում դիվերսիայի հատկանիշներին, ապա չպետք է նաև հակառակ՝ չհիմնավորված պնդումներ անել։
Մեկ այլ խնդիր է Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանցի զինծառայողի արարքները ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների հետ նույն հարթության վրա դիտարկելու մոտեցումը: Եթե պարզվի, որ ադրբեջանցի զինծառայողի գործողությունները պայմանավորված են եղել ազգային ատելությամբ, այդ հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ արարքի իրավական գնահատման համար։ Սակայն ազգային ատելության շարժառիթը պետք է հաստատվի ապացույցներով, այլ ոչ թե ենթադրվի միայն անձանց ազգային պատկանելությունից ելնելով։
Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաև ռազմական հանցագործության հնարավորությանը։ Հռոմի ստատուտը սահմանում է պատերազմական հանցագործությունների տեսակները։ Դրանց թվում են, մասնավորապես, զինված հակամարտության պայմաններում պաշտպանվող անձանց նկատմամբ կատարված որոշ ծանր արարքներ, պատանդ վերցնելը և քաղաքացիական անձանց դեմ դիտավորյալ հարձակումները։
Սակայն Շաքիի դեպքը պատերազմական հանցագործություն որակելու համար բավարար չէ միայն արձանագրել, որ հայ կնոջ ուղղությամբ կրակել են կամ երեխաները պատանդ են պահվել։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք այդ արարքները կապված են եղել զինված հակամարտության հետ, և առկա՞ են համապատասխան հանցակազմի մյուս իրավական տարրերը։
Եթե այդ կապը կամ ռազմական հանցագործության մյուս պարտադիր տարրերը բացակայում են, դա դեռ չի նշանակում, որ անձի գործողությունները չեն կարող առաջացնել քրեական պատասխանատվություն այլ հիմքերով։ Կնոջ վրա կրակելը, երեխաներին պատանդ վերցնելը կամ այլ բռնի գործողություններ կարող են դիտարկվել որպես ծանր հանցագործություններ՝ կախված քննությամբ հաստատված փաստերից։ Ազգային ատելության շարժառիթն էլ առանձին ապացուցման ենթակա հանգամանք է։
Այս համատեքստում կարևոր է հիշել 2014 թվականի հունիսին այսօր օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած դեպքը, երբ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը հատել էին այն ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքը, օրեր շարունակ շրջել, նկարահանումներ իրականացրել:
Դիվերսիոն գործողությունների հետևանքով սպանվել էր 17-ամյա Սմբատ Ցականյանը, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, իսկ նրա կինը՝ Կարինե Դավթյանը, վիրավորվել էր։ Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: Դատավարության արդյունքում Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:
Նրանց մոտ, ըստ գործի վերաբերյալ հրապարակումների, հայտնաբերվել էին զենք, զինամթերք և հետախուզական նշանակության սարքեր։ Այս հանգամանքներն էական նշանակություն ունեին նրանց գործողությունների բնույթը գնահատելու հարցում։
Ավելին, երբ 2020 թվականի դեկտեմբերին նրանք վերադարձվել էին Ադրբեջան, որոշ ժամանակ անց Շահբազ Գուլիևը 2022 թ.-ին Xural TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենց Քարվաճառ է ուղարկել այն ժամանակվա փոխվարչապետ, «Փախստականների կոմիտեի» նախագահ Ալի Հասանովը:
«Մենք Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհ ենք ընկել Ալի Հասանովի աշխատասենյակից։ Ձեռքներս զենք, նռնակ տվեցին ու ճանապարհեցին: Մինչ այդ` ես հրաշալի կյանք եմ ունեցել, խանի նման եմ ապրել: Ինձ զանգեցին, ասացին՝ «դու պետք ես պետությանը», ու ուղարկեցին: Ինձ մենակ էին ցանկանում ուղարկել: Ասացի՝ Դիլհամն այդ տեղերը լավ է ճանաչում: Այդ ժամանակ Դիլհամը բռնված էր. Շամքորում ոստիկանություն էր ընկել և բանտում էր: Նրան բերեցին՝ որպես ուղեկից: Հասան Հասանովն էլ մեզ հետ եկավ»,- ասել է նա:
Գուլիևը նաև պատմել էր, որ 1992 թվականից ի վեր իրենք պարբերաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտությամբ, դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Քարվաճառի դեպքի համատեքստում հատկանշական է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևողական պահանջը՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու կամ փոխանակելու վերաբերյալ, հարցը հասել էր մինչև ՌԴ ղեկավարություն, բայց ապարդյուն:
Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան կարևոր է նման իրավիճակներում պարզել ոչ միայն անձի անմիջական գործողությունները, այլև դրանց հնարավոր կազմակերպիչների, նպատակների և համատեքստի հարցերը։
Ի դեպ, ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումից շատ չանցած սկսվել էր «օգոստոսյան մինի պատերազմը», իրավիճակը լարված էր և՛ արցախյան թևում, և՛ տավուշյան:
Վերադառնալով Շաքիի դեպքին՝ չպետք է շտապել վերջնական գնահատական տալու հարցում՝ Նասիմի Մուսաևը դիվերսա՞նտ է, թե՞ ոչ։ Բայց նույնքան անընդունելի է նաև դիվերսիայի վարկածը բացառել միայն այն պատճառով, որ նա չի դիմադրել ձերբակալության ժամանակ։
Այս հարցում առանցքայինը քննության որակն ու արդյունքներն են։ Եթե առկա են դիվերսիոն-հետախուզական գործունեության մասին վկայող փաստեր, դրանք պետք է բացահայտվեն և իրավական գնահատական ստանան։ Եթե նման փաստեր չկան, ապա հանրային քննարկումը չպետք է փոխարինի ապացույցներին։
Հատկապես կարևոր է, որ Հայաստանը հաշվի առնի նաև Ադրբեջանի գործելակերպը։ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողներին, որոնք Բաքվի իշխանությունների կողմից ներկայացվել են որպես դիվերսանտներ կամ ահաբեկչական գործողությունների մասնակիցներ, առաջադրվել են ծանր մեղադրանքներ և նշանակվել երկարատև ազատազրկման պատիժներ։ Ադրբեջանական կողմը դիվերսանտ է ներկայացրել նաև անզեն հայ քաղաքացիական անձանց։ Հետևաբար, պետք է բացառվեն ինչպես չհիմնավորված մեղադրանքները, այնպես էլ հնարավոր դիվերսիոն գործողության հանգամանքները թերագնահատելը։ Պետք չէ շտապել ադրբեջանցի զինծառայողի գործողությունների գնահատման հարցում՝ ո՛չ նրան դիվերսանտ հայտարարելու, ո՛չ էլ այդ վարկածը բացառելու առումով։ Բայց առավել ևս պետք չէ շտապել փաստաբանի դեր ստանձնել՝ նրա գործողություններն արդարացնելու հարցում։
Հայաստանի անվտանգային շահը պահանջում է ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից բխող շտապ եզրակացություններ, այլ ամբողջական քննություն և հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել, ինչ նպատակով է Մուսաևը հատել սահմանը, ինչ հանգամանքներում է գործել, և արդյոք նրա գործողությունները որևէ կերպ կապված են եղել հնարավոր դիվերսիոն առաջադրանքի հետ։
Թե որքանով է Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում՝ Ալիևի հետ հյուրասիրության սեղանի շուրջ անկաշկանդ զրույցի ընթացքում, ապահովել կամ չապահովել Հայաստանի շահերը, դեռ կիմանանք։
—