X
    Categories: News

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցեց, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:


24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չտրամադրեց, սակայն չհերքեց տարածված խոսակցությունները.
«Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասաց Օհանջանյանը։


Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա։


Հարակից գյուղերից մեկի բնակիչը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։


24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանից։ Վերջինս նշեց, որ դեպքի մասին տեղյակ չէ, և ուղղորդեց դիմել իրավապահ մարմիններին։


Լեհվազ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի դեպքի մասին՝ առաջարկելով այն ճշտել իրավապահ մարմիններից։

—

Emma Nadirian:
Related Post