X
    Categories: News

«Մասնավոր հիմնարկներից պահանջում են հանել Արցախի դրոշը. ԱԳՆ կայքից Արցախի բաժ

Հոկտեմբեր 9, 2026

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։

«Էջը կա, բովանդակությունը՝ ոչ։ 

Վերջին գիրքս՝ Small States, Russia and the West (Routledge, 2025), և այլ ակադեմիական հետազոտություններ իրականացնելիս բազմաթիվ անգամ հղում եմ արել այս էջին և ուղիղ մեջբերումներ կատարել այնտեղ հրապարակված պաշտոնական ձևակերպումներից։

Իսկ հիմա այդ բովանդակությունը չկա։ Այն ոչ թե խնամքով արխիվավորել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով Հայաստանի Հանրապետության ժամանակակից քաղաքական պատմության արտաքին քաղաքականությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Ըստ էության, ջնջել են քաղաքական-ինստիտուցիոնալ հիշողության մաս։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ»,- գրել էր Էդուարդ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

  • Իրենք կարող են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց մեկնաբանությունը մեկն է՝ իրենք վախկոտ են․ Մետաքսե Հակոբյան
  • «Խնդիրը բնավ Արցախի ներկայացուցչության շենքի մեջ չէ. արցախցիներին «ցավեցնելու» գիծը վաղուց են անցել. կարող ենք հանդիպել նույնիսկ այգում». Մետաքսե Հակոբյան
  • «Պետք է լուծվի Արցախի ԱԺ նախագահի հարցը, որը կունենա քաղաքական հենարան, հակառակ դեպքում անհնարին է  լինելու օրակարգում պահել Արցախի հարցը». Մետաքսե Հակոբյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել էր այս խնդրին՝ հիշեցնելով, որ 10 տարի առաջ գրել էր՝ կանցնեն տարիներ, և բազմաթիվ նյութեր Ապրիլյանի մասին կանհետանան։

«Հիմա անհետանում է շատ ավելի մեծ հատված՝ Արցախի պատմությունը»։ Կից Սամվել Մարտիրոսյանը դրել էր նաև տարիներ առաջ իր արած հետազոտության արդյունքները։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ բոլորն էլ արդեն գիտեն այն նպատակը, ինչի համար Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր տեղերից ջնջում է Արցախի անունը։ Նրա կարծիքով՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում Ադրբեջանից տարբեր խողովակներով, նաև Ադրբեջանի նախագահի կողմից արվող հայտարարությունները, ակնհայտորեն նկատվում է, որ Ալիևը շտապում է։

«Այս ամենից տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունը խախտել է ձեռք բերված պայմանավորվածություններն այդ ժամանակահատվածի վերաբերյալ։  Այսինքն՝ այն, ինչը պետք է անեին այս ժամանակահատվածում՝ Արցախի հարցի փակում, բոլոր տեղերից Արցախի անվան ջնջելը, նաև կանխել միջազգային հարթակներում բոլոր գործընթացները, չեն հաջողել։ Այս անհաջողության մեջ դերակատարություն են ունեցել նաև մեր կողմից տարվող գործընթացները, որոնք իրականացնում ենք շատ սուղ միջոցներով ու պայմաններով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ մոտ 2 ամիս առաջ իշխանությունը հստակ պահանջներ ներկայացրեց Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ, պահանջեց Արցախի կառավարման մարմինների ոչնչացումը, ճնշումներ այս կառույցների ներկայացուցիչների նկատմամբ և այլն։ Այդ ամենի հստակ արձանագրումն այն է, որ առ այսօր Արցախի ԱԺ-ն չի ընտրում ԱԺ նախագահ։

«Ցավոք, այսօր մեր մեջ կան որոշ մարդիկ, որոնք ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն են և որոնք ամեն կերպ ամեն բան անում են, որպեսզի չկարողանանք ընտրել։ Դրանով իրենք օգնում են այս իշխանությանը, իսկ այս իշխանությունն Ադրբեջանի առջև իրենց պարտքն ու պահանջը կատարած կլինեն Արցախի մասով։ Բնականաբար, ԱԳՆ կայքից Արցախի բաժնի հեռացումը սպասելի էր, միանշանակ սա Բաքվի պահանջն է։ Ցավոք, ոչ միայն կայքերից, այլև տարբեր վայրերից են հեռացնում Արցախի դրոշը, նաև մասնավոր հիմնարկների դեմ են պահանջ դնում, որ հանեն Արցախի դրոշը»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախից որոշ մշակութային արժեքներ, որոնք հաջողվել է փրկել, այժմ դրանց պահպանման համար պայմաններ են պետք, գոնե շենք, որտեղ դրանք կդնեն, այսօր այդ հնարավորությունը չկա։ Հետևաբար, այդ արժեքները ոչնչացման եզրին են։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ պատգամավորների կամ այլ անձանց կողմից Արցախի մասին տեղեկատվության արխիվացման հնարավորություններին, Մետաքսե Հակոբյանը փոխանցեց, որ կան տարբեր կազմակերպություններ, նաև անհատներ, որոնք իրենց հնարավորությունների սահմանում փորձում են այդ գործընթացն իրականացնել։

«Ցավով, պետք է արձանագրեմ, որ դրա համակարգողը պետք է լիներ ներկայացուցչությունը կամ գոնե Արցախի կառավարությունից մնացած ներկայացուցիչները, սակայն դրան էլ պատճաշ ուշադրություն չի դարձվում։

Ինչ վերաբերում է Արցախի 30 տարիների պատմությանը, արխիվներին, ապա 2023 թվականի քաոսի ժամանակ, եթե արխիվի մի մասը որևէ մեկին հաջողվել է փրկել, այսօր դա համարում է իր սեփականությունը և պահում իր մոտ։ Կրկին որևէ լծակ չկա ամեն ինչ համակարգելու ու այդ փրկված արխիվն ընդհանրացնելու։ Մենք այսօր չգիտենք, թե Արցախի Հանրային հեռուստաընկերության արխիվն ինչ վիճակում է, որ մասը կա, որը՝ չէ։

Ամեն ինչ պարզ է՝ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ճզմելու, ոչնչացնելու Արցախի պատմությունը։ Ցավոք, նույնը նկատում ենք ընդդիմադիր որոշ ուժերի մոտ, որոնք խուսափում են Արցախի անունը տալ, որպեսզի հաճելի լինեն հասարակության այն հատվածին, որոնց Նիկոլը համոզել է, որ Արցախը Հայաստանի համար բեռ էր»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

—

Garo Vardanian:
Related Post