Հոկտեմբեր 9, 2026
Հայ-իրանական հարաբերություններում կարծես իրադարձություններ են հասունանում, Իրանն ինտենսիվացրել է շփումները հայաստանյան իշխանությունների հետ:
Տարեսկզբից իրանական կողմի հաճախակի հայտարարությունների ֆոնին, թե հայ-իրանական ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է մշակվում ու գուցե այն ստորագրվի Փաշինյանի առաջիկա՝ Իրան կատարելիք այցի ընթացքում, ինտենսիվացել են հայ-իրանական շփումները սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան-Փեզեշքիան հանդիպումից հետո:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն այդ հանդիպմանը քննարկել էին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները և կարևորել տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը: Սրան հաջորդեց հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Իրան, որտեղ Միրզոյանը հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի, Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆի, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ օրակարգը, տնտեսական համագործակցությունը և ենթակառուցվածքային ծրագրերը: Այս երեք հանդիպումների ընթացքում իրանական կողմը Միրզոյանին էր փոխանցել բոլոր առանցքային ուղերձներն Արևմուտքի, ԹՐԻՓՓ-ի, ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխությունների ու ԱՄՆ-ի մասով:
Իրանից վերադառնալուն պես հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, շնորհակալություն է հայտնել գործընկերոջն Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ «Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասված էր հաղորդագրությունում: Սրան հաջորդեց հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ, և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված էր ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունում:
Իրանական կողմի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է՝ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև համակարգման ամրապնդման և շարունակական կապի պահպանման անհրաժեշտությունը՝ փոխադարձ վստահության ձևավորման և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով։
«Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է երկկողմ համագործակցությանն առնչվող հսկայական ներուժը՝ նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կան, և հույս հայտնել, որ երկու երկրների միջև կապերն առավել կընդլայնվեն բոլոր ոլորտներում:
Կարևորելով երկու երկրների ընդհանուր սահմանը և փոխադարձ ներգրավվածության ամրապնդման անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ Իրանն ու Հայաստանը պետք է կարողանան ակտիվորեն շփվել և համագործակցել տարբեր ոլորտներում:
Փեզեշքիանն առանձնակի կարևորել է կայուն և հարատև երկկողմ կապերի պահպանման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում»,- ասված է իրանական կողմի հաղորդագրությունում:
Այս ինտենսիվ դիվանագիտական մարաթոնը վկայում է այն մասին, որ Թեհրանը միտված է արագացնելու երկկողմ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումն ու ստորագրումը, ինչը, ըստ ամենայնի, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող Թեհրան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում։
Իրանական կողմի համար այս համաձայնագիրը ոչ միայն սովորական միջպետական պայմանագիր է, այլև յուրօրինակ աշխարհաքաղաքական երաշխիք և վստահության մակարդակի ամրագրում, որով Թեհրանը ձգտում է ապահովել իր անվտանգային և տնտեսական շահերի անխախտելիությունը Հայաստանում՝ անկախ տարածաշրջանային փոփոխվող կոնյունկտուրայից ու աշխարհաքաղաքական զարգացումներից:
Այս համատեքստում Իրանի՝ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու շտապողականությունն ունի խորքային պատճառներ։ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանում նոր ենթակառուցվածքային ու տարանցիկ նախագծերի ֆոնին, Թեհրանը փորձում է կանխարգելել սեփական ազդեցության թուլացումը։
Իրանի համար Հայաստանը մնում է դեպի ԵԱՏՄ և Սևծովյան ավազան դուրս գալու առանցքային պատուհան, և Թեհրանը ձգտում է իրավաբանորեն ամրագրված պարտավորություններով ու խոր տնտեսական կապերով ապահովել, որ Երևանի արևմտյան վեկտորը չհակասի իրանական կենսական շահերին ու սահմանային անվտանգության անխախտելիությանը։
Այսպիսով, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն այս օրերին գտնվում է կարևորագույն երկընտրանքների ու կոշտ հավասարակշռման փուլում: Առաջիկայում Նիկոլ Փաշինյանին սպասվում են կարևորագույն այցելություններ թե՛ Մոսկվա, թե՛ Թեհրան, որոնցից յուրաքանչյուրում Երևանից ակնկալում են ոչ թե հռչակագրային, այլ շատ կոնկրետ, գործնական քայլեր ու որոշումներ։
Մոսկվան Երևանից ակնկալում է արտաքին քաղաքական կողմնորոշման հստակեցում՝ ԵԱՏՄ կամ ԵՄ, իսկ Թեհրանը՝ երաշխիքներ ԹՐԻՓՓ-ի շուրջ և հայ-իրանական ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրում: Արևմուտքի հետ սերտացող հարաբերությունների և գործընկերների կողմից սպասվող հստակությունների այս բարդ խաչմերուկում Հայաստանի դիվանագիտության գլխավոր մարտահրավերը մնում է ռուսական և իրանական ուղղություններով առկա հարաբերությունների կառուցողական պահպանումն ու գործնական շահերի հավասարակշռումը:
Կհաջողվի՞ արդյոք Երևանին թուլացնել Մոսվայում ու Թեհրանում կուտակվող լարվածությունը, ցույց կտան առաջիկա ամիսները:
—