X
    Categories: News

«Սա Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններից մեկն է, հիմա ներկայացնում է մյուս

Հոկտեմբեր 8, 2026

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը Բաքվի «Անհետ կորած անձանց վերաբերյալ երկխոսության» շրջանակում անցկացված 4-րդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի 9-րդ հոդվածը նվիրված է հակամարտության ընթացքում անհետ կորած կամ բռնի անհետացման ենթարկված անձանց հարցին։

Նա նշել էր, որ գերության, տեղահանության և մահերի վերաբերյալ գրառումները, վկաների ցուցմունքները և անհատական կամ զանգվածային թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը մեծ նշանակություն ունեն անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար։

Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «Հայաստանը պետք է տեղեկություններ տրամադրի անհետ կորածների, նրանց գերեզմանոցների վերաբերյալ»։

Հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցին անդրադարձավ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե անհետ կորածների հարցը որքան Ադրբեջանին է հետաքրքրում, այնքան էլ՝ Հայաստանին։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • «Լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, սրանք գյուղացու լեզուն չեն հասկանում. Այ մարդ, թող սիրեն իրար, գուրգուրեն, մենք չենք խանգարելու». Գևորգ Ավագյան
  • Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Փաշինյանի թիմի համար դասալիք է․ իրավապաշտպան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում հնչեցրել է անհետ կորածների, գերիների հարցը։ Հետևաբար՝ ՄԱԿ-ում խնդրի հնչեցումը և Ալիևի այս հայտարարությունը տեղի է ունենում պայմանավորված «խաղի» շրջանակներում։

Թե ինչո՞ւ, Լարիսա Ալավերդյանը մեկնաբանեց.

«Հայաստանը չի պահանջելու այդ նույն հետևողականությամբ, ինչպես դա անում է  Ադրբեջանը։ Նա հիմա բոլոր ամբիոններից ոչ միայն միջպետական, այլև առանձին պետություններում, ցանկացած կոնֆերանսի այդ հարցը բարձրացնելու է, իսկ Հայաստանն ահա այդ մեկ հայտարարությունով բավարարվելու է։ Մեր անհետ կորածների մեծ մասը 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ են անհետ կորել։ Համոզված եմ, սա Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններից մեկն է, որովհետև ՀՀ Սահմանադրության փոխելը վրա է հասել։ Ալիևը սա համարել է ավարտված փուլ և հիմա ներկայացնում է մյուս պահանջը»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ մեր զրուցակցի, վստահաբար Ալիևը հաջորդիվ մեկ այլ պահանջ է  ներկայացնելու Հայաստանին և չի բավարարվելու, այսպես կոչված, «անկլավներով»։ Ինչ վերաբերում է օրվա իշխանությունների բացատրություններին, որ այս կամ այն քայլը եթե չանեն, ապա Ադրբեջանը կգնա պատերազմի, ապա Լարիսա Ալավերդյանը հարց է հնչեցնում՝ իսկ մինչև հիմա պատերազմ չէ՞, հայկական, համաքրիստոնեական մշակույթի ոչնչացումը հիբրիդային պատերազմի ձև չէ՞։

«Հիմա Ալիևը ո՞ր անհետ կորածների մասին է խոսում՝ 2020 թվականի՞, թե՞ 1990-ականների։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ինչպես ասում են՝ «Հին դարմանն է աղում», և հավանաբար խոսքը վերաբերում է 90-ականներին։ Համոզված եմ, որ Ալիևը հետևողականորեն պահանջը դնելու է։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս իր ճեպազրույցում ասում էր, թե շատ դրական է, որ Ադրբեջանը նախապես հայտարարել է, որ 2 զինվոր են անհետացել ադրբեջանական զորամասից,  այս «իրազեկումը», ըստ նրա, խաղաղության համատեքստում է արվել։  Ռուբինյանը չարաչար սխալվում է, որովհետև Սերժ Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ երկու երկրների միջև կար հստակ պայմանավորվածություն, որ եթե որևէ զինվոր անցնում է սահմանը՝ Հայաստանի կամ Ադրբեջանի, ապա 3 օրվա ընթացքում պարզվում է՝ դիվերսիա՞ է, թե՞ ոչ, որից հետո պետք է վերադարձվեր հայկական կամ ադրբեջանական կողմին։ Շատ դեպքեր են եղել այդ տարիներին»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

2023 թվականի սեպտեմբերին Արցախում անհետ կորած անձանցից մեկի հարազատը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ պատկան մարմիններն իրենց հավաստիացնում են, որ մշտապես անհետ կորած անձանց տվյալները տալիս են Ադրբեջանին, սակայն Ադրբեջանը վստահեցնում է, որ այդ անձինք իր մոտ չեն։

«Մենք ինչ տվյալներ ունենք՝ փոխանցում ենք պատկան մարմիններին, չգիտեմ՝ ինչ են անում, ինչ չեն անում։ Իսկ եթե ուզում են խաղաղություն լինի, պետք է վերադարձնեն մեր բոլոր գերիներին»,- ընդգծեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

—

Khondkarian Raffi:
Related Post