Հոկտեմբեր 7, 2026
Եվրամիության թափանցիկության ռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը փակված՝ 2025 ֆինանսական տարում շարունակել է մնալ միջազգային քաղաքական խորհրդատվական «Rasmussen Global» կազմակերպության հաճախորդների ցանկում։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Ուկրաինայի նախագահի նախկին ոչ հաստիքային խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։
Ըստ հրապարակված հաշվետվության՝ Եվրոպական հարևանության քաղաքականություն, Խաղաղության եվրոպական հիմնադրամ և ԵՄ առևտրային քաղաքականություն ծրագրերի շրջանակներում խորհրդատվության համար Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին «Rasmussen Global»-ին վճարել է 300,000-ից մինչև 399,999 եվրո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, նախորդ՝ 2024 թվականի տվյալներով, Երևանի և Բրյուսելի միջև կապերի սերտացման տրամաբանության մեջ նույնատիպ թեմաներով խորհրդատվական ծառայությունների դիմաց ընկերությունը որպես ՀՀ-ից ստացած եկամուտ նախանշել էր 400,000-499,999 եվրո գումարը։
ՀՀ կառավարության և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասնավոր համագործակցությունը սկսվել է 2023 թվականին։ 2023 թվականի մարտի 13-14-ին Անդերս Ֆոգ Ռասմուսենն աշխատանքային այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում դատապարտեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Ադրբեջանին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
2025 թվականի մարտին էլ տեղի է ունեցել Ռասմուսենի վերջին աշխատանքային այցը Հայաստան։ Այցի շրջանակներում նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։
—