X
    Categories: News

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ակնհայտ հակասահմանադրական է

Եկեղեցու հարցով Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովը հակասահմանադրական է, իսկ դրա հիմքում դրված զեկույցը փաստերի փոխարեն հիմնականում մամուլի հրապարակումներ է պարունակում։ Այս մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Արամ Վարդևանյանը։


Նրա խոսքով՝ Ազգային ժողովը սահմանադրական լիազորություն չունի միջամտելու Մայր Աթոռի գործունեությանը։ Վարդևանյանը նշել է, որ այն փաստարկը, թե խորհրդարանը կարող է նման հանձնաժողով ստեղծել պարզապես այն պատճառով, որ օրենքներն ընդունում է հենց Ազգային ժողովը, չի կարող հիմնավորում լինել։


«Եթե իրենց մեկնաբանությունն այն է, որ օրենք կա, իսկ հետևաբար Ազգային ժողովն է օրենք ընդունողը, այդ դեպքում, կներեք, Դատական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը Ազգային ժողովն է ընդունել։ Հիմա կարո՞ղ ենք, օրինակ, կոնկրետ դատական ակտերին գնահատական տվող քննիչ հանձնաժողով ստեղծել։ Ոչ, որովհետև դա կնշանակի միջամտել դատական իշխանության գործունեությանը»,– ասել է նա։


Վարդևանյանի գնահատմամբ՝ նույն տրամաբանությունը պետք է կիրառվի նաև եկեղեցու դեպքում։ Նա հանձնաժողովը անվանել է «ակնհայտ հակասահմանադրական» և նշել, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, իր կարծիքով, պարտավոր էր վերադարձնել հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ դիմումը։ «Ազգային ժողովի կանոնակարգը հստակ նախատեսում է, այնպես չէ, որ ցանկացած քննիչ հանձնաժողով կարող ես ստեղծել և վերջ։ Պետք է վերադարձներ, չի վերադարձրել, չի կատարել իր պարտականությունը»,– ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Վարդևանյանը նաև քննադատել է հանձնաժողովի շրջանակում ներկայացված զեկույցը՝ պնդելով, որ դրանում փաստերի փոխարեն օգտագործվել են մամուլի հրապարակումներ։


Նրա խոսքով՝ պատգամավորը պետք է խոսի իր իրավասության շրջանակում, մինչդեռ ՔՊ-ն, իր գնահատմամբ, փորձում է խորհրդարանի իրավասությունից դուրս գտնվող երևույթ քննարկման առարկա դարձնել։ «Մենք հիմա՝ ես այստեղ կանգնած եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր։ Ազգային ժողովի պատգամավորը ոչ թե պետք է խոսի սուբյեկտիվ իր ընկալումների մասին, այլ պետք է խոսի իր իրավասության շրջանակի մասին։ Հիմա պատկերացրեք՝ ՔՊ-ն դա է անում․ իր իրավասությունից դուրս գտնվող երևույթ է փորձում բարձրաձայնել։ Ավելին՝ մի երևույթ, որը հակասահմանադրական է, որը մեր ազգային ինքնության տեսանկյունից, մեղմ ասած, անընդունելի է»,– նշել է նա։


Անդրադառնալով համապատասխան զեկույցին՝ Վարդևանյանը ենթադրել է, որ դրա հեղինակը կարող է լինել ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը։ Միաժամանակ նա կասկածի տակ է դրել զեկույցում ներկայացված նյութերի ապացուցողական արժեքը։ «Այդ զեկույց կոչված, չակերտներում, փաստաթղթում բացառապես մամուլի հրապարակումներ են»,– ասել է նա՝ ընդգծելով, որ մամուլի հրապարակումը և փաստը նույնը չեն։ Վարդևանյանը որպես օրինակ նշել է իրավիճակ, երբ պատգամավորը կարող է որևէ լրատվամիջոցի հրապարակմանը հղում անել և դրա հիման վրա հայտարարել, թե փաստեր ունի։ Նրա խոսքով՝ այդ դեպքում առաջին հարցը պետք է լինի՝ արդյոք տվյալ նյութը ինքնին փաստ է, թե պարզապես մամուլի հրապարակում։


Նա նաև նշել է, որ նույն հրապարակումների հիման վրա կարելի է գտնել այլ նյութեր, որոնք կարող են տրամագծորեն տարբեր իրավական գնահատականներ պարունակել։  «Մի բան է փաստ, մի բան է մամուլի հրապարակում։ Եթե ուզում ենք այդ տրամաբանությունը վերցնել, այդպես շարժենք», – եզրափակել է Վարդևանյանը։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post