Հոկտեմբեր 6, 2026
Հոկտեմբերի 19-30-ը Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17:
Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ մասնակցության հրավեր է ուղարկվել կոնվենցիայի անդամ բոլոր երկրներին, որոնց թվում են նաև Ադրբեջանը և Թուրքիան: Արդյո՞ք այս երկրներից պատվիրակություններ կգան, այսինքն, հրավերներն ընդունվե՞լ են, Շրջակա միջավայրի նախարարությունում ասացին, որ այդ հարցին պետք է ԱԳՆ-ից պատասխանեն:
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում անցկացվել էր Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որին Հայաստանը հրավիրվել էր, բայց չէր մասնակցել:
Մի քանի օրից պարզ կդառնա՝ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը պատվիրակություն կուղարկեն Հայաստան, բայց COP 17-ին ընդառաջ՝ Բաքուն ակտիվացրել է կամ թարմացրել է պաշտոնական Երևանի դեմ բնապահպանական արշավը:
Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի՝ «Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ճեպազրույցի ժամանակ «Ռյուզգար» հասարակական միավորման նախագահ Իսլամ Մուստաֆաևը հայտարարել է, թե «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի», քանի որ, ըստ նրա, 1980 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, իբր, շարունակում է պոտենցիալ բնապահպանական ռիսկ ներկայացնել՝ սարքավորումների մաշվածության և շահագործման ժամկետի բազմակի երկարաձգման պատճառով։
«Նախնական նախագծային շահագործման ժամկետը լրանալուց հետո բլոկի շահագործումը սկզբում երկարաձգվել է մինչև 2026 թվականը, այնուհետև սկսվել է շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը՝ սարքավորումների արդիականացմամբ։
Լուրջ վթարի կամ պաշտպանիչ համակարգերի վնասման դեպքում առկա է ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր արտանետման վտանգ, այդ թվում՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման ռիսկ։ Պոտենցիալ վտանգ կա, որ այդ հետևանքներն ունենան անդրսահմանային բնույթ։ Ուստի ատոմակայանը միանշանակ պետք է փակվի։ Խոսքը միջուկային ռեակտորի մասին է։ Սա շատ վտանգավոր է և մեծ ռիսկերի հետ է կապված։ Մենք ցանկանում ենք, որ դրա փակման վերաբերյալ որոշումներն աջակցություն ստանան «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» մասնակից պետությունների կողմից՝ COP17-ի շրջանակում»,- շեշտել է Մուստաֆաևը:
Բայց գործը սրանով չի ավարտվել:
Բրիֆինգի ժամանակ Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի անդամներն անդրադարձել են Հայաստանի տարածքում հանքարդյունաբերության գործունեության հնարավոր հետևանքներին և տարածաշրջանի համար բնապահպանական այլ ռիսկերին։
Խոսքը, մասնավորապես, վերաբերել է Հայաստանում՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և Սյունիքի մարզում հանքարդյունաբերության գործունեությանը, որ իբր հանգեցնում է ստորգետնյա և անդրսահմանային ջրերի աղտոտման, ինչն էլ լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ: Անդրսահմանային ջրերի աղտոտման օրինակ որպես նշվել է Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը, այդտեղ առաջացած բնապահպանական խնդիրները: Այս թեման, իհարկե, նորություն չէ:
2021 թվականին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին սկսել էր սպառնալ նաև Ադրբեջանը՝ բնապահպանական աղետի մեղադրանքի քողի տակ: Այդ ժամանակ կոմբինատի շուրջ զարգացումներ էր սկսել նաև Նիկոլ Փաշինյանը:
Ինչևէ, Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունից հայտարարել էին, թե ՀՀ սահմանում գտնվող անդրսահմանային Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը մշտապես աղտոտվում է:
«Գետը, որը չափազանց աղտոտված է Կապանի և Քաջարանի լեռնահանքային արդյունաբերության թափոններից, բառացիորեն արդյունաբերական թափոնների կոլեկտորի դեր է խաղում»,- շեշտել էր Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Էմին Գարաբաղլըն՝ հավելելով, որ ջուրն ուղղակիորեն գետ է թափվում առանց մաքրման, իսկ աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, գետի ջուրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի։
Իսկ Ադրբեջանի մակերեսային ջրային ռեսուրսների մոտ 70%-ը ձևավորվում է հարևան երկրներում անդրսահմանային ջրերի հոսքի հաշվին:
Ողջի գետի աղտոտման խնդրին նույն ժամանակում անդրադարձել էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե գործ ունեն բնապահպանական աղետի հետ:
«ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության պատճառով Օխչուչայ (Ողջի,- Մ.Պ.) գետում արձանագրվել է ուժեղ քիմիական աղտոտում: Պատասխանատու ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը»,- շեշտել էր նա:
Ադրբեջանն այս հարցով նույնիսկ դիմել էր մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, նամակներ էին ուղարկվել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի եվրոպական գրասենյակի տնօրեն Բրունո Պոզզիին և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովային:
Ադրբեջանը դիմել էր նաև Գերմանիայի Բունդեսթագին և «Կանաչների» կուսակցությանը՝ ուշադրություն հրավիրելով Ողջի գետի աղտոտման խնդրի, ինչպես նաև այն հարցի վրա, թե «շրջակա միջավայրի և մարդկանց առողջությանն ինչ լուրջ վտանգ է սպառնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի հանքավայրը, որի հիմնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ հոլդինգն» է»:
Ադրբեջանական կողմը վերը նշված նամակում հարկ է համարել ընդգծել և որպես հիմնավոր ապացույց ներկայացնել, որ այս խնդիրը նաև բազմաթիվ հայկական բնապահպանական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:
Ադրբեջանը նաև Իրանին էր այս համատեքստում հիշատակել, թե ՀՀ-ից ջրային ռեսուրսների աղտոտմանը դեմ է նաև իրանական կողմը՝ նրանք Երևանին մեղադրել են Արաքս գետն աղտոտելու համար:
Իրանական կողմից, իհարկե, այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվել է, և հայկական կողմից մշտապես խոստացել են ամեն ինչ անել գետի աղտոտվածությունը վերացնելու համար: Փաշինյանի իշխանությունը ևս նման խոստում տվել է, և կողմերը պայմանավորվել էին համագործակցել այս հարցում:
Նշենք, որ Ողջին թափվում է Արաքս գետը և ազդում նաև դրա ջրային ռեսուրսների որակի վրա, իսկ Արաքսը Կուրի ամենամեծ աջ վտակն է:
Այլ հարց է, որ Իրանը հերքել էր, թե հենց Մեծամորի ԱԷԿ-ն է աղտոտում Արաքս գետը:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերևում հիշատակված բրիֆինգի ժամանակ մտահոգություն է հնչեցվել նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կապակցությամբ, և այլն:
Բնականաբար, ադրբեջանցի փորձագետները Հայաստանին մեղադրանքներ են ուղղել, այդ թվում՝ օկուպացված Արցախի տարածքում իբր հայկական կողմից անտառների ոչնչացման, ոռոգման ենթակառուցվածքների ոչնչացման, հանքավայրերի «ապօրինի» շահագործման հետ կապված, և ոչ միայն:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Փարվանա Վելիևան, օրինակ, ուշադրություն է հրավիրել, թե Հայաստանից ֆինանսական հոսքեր էին իրականացվում դեպի Ղարաբաղ, իսկ այնտեղի բնական ռեսուրսներն ու քարերն արտահանվում էին Հայաստան։
«Այսինքն, իրավաբանորեն չճանաչված տարածքում իրականացվում էր բնական ռեսուրսների շահագործում և դրանց տեղափոխում այլ տարածք», –շեշտել է նա և հավելել.
«2009-2017 թվականներին մետաղների ապօրինի արդյունահանման արդյունքում Շվեյցարիայում գրանցված Vallex Group և Base Metals ընկերությունները ստացել են 177 մլն ԱՄՆ դոլարի շահույթ։ Բնականաբար, դրա որոշակի մասնաբաժինը հասել է նաև Հայաստանի կառավարությանը, և այդ գործարարները մասնակցել են ապօրինի օկուպացիայի ֆինանսավորմանը»:
Ի դեպ, դեռ 2018 թվականին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերն անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:
Ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում էին հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:
«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով` անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում»,- հայտնել էին Ադրբեջանի դատախազությունից:
Աբսուրդն այն է, որ Ադրբեջանը մշակել է հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարերի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիր, որով նախատեսվում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործում. խոսքը Քելբաջարի (Քարվաճառ), Մարտակերտի և Զանգելանի (Կովսականի), շրջանների ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի մասին է։
«Մարտակերտի շրջանում աշխատանքներն արդեն սկսվել են։ Հուսով եմ, որ մոտ ապագայում աշխատանքները կսկսվեն Քելբաջարում և Զանգելանում, և այդպիսով կսկսվի արդեն հայտնաբերված հանքավայրերի յուրացումը։ Մենք պետք է ամբողջությամբ վերլուծենք առկա հանքավայրերը և ժամանակակից երկրաբանական մեթոդների միջոցով լիովին ճշգրտենք այնտեղ առկա պաշարները»,- վերջերս հայտարարել էր Ալիևը:
Հիշեցնենք, որ դեռ նախքան հայաթափումը, ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները պահանջում էիին մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում՝ իբր բնապահպանական նպատակներով: Սակայն հետո պարզվել էր, որ Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում փոփոխություն է կատարվել, որով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area):
Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարևանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Այսինքն, ադրբեջանական «բնապահպանների» ակցիան բացառապես քաղաքական և տնտեսական էր և միտված էր Արցախի հայաթափմանը, ինչը հետո տեսանք:
Իսկ Բաքուն հանքավայրեր է փնտրում նաև Նախիջևանում, ինչի ռազմավարական նպատակներին անդրադարձել ենք:
Ինչ է ստացվում. COP17-ից առաջ Բաքուն ակտիվացնում է Հայաստանի դեմ բնապահպանական օրակարգը՝ միաժամանակ շրջանառելով Մեծամորի ԱԷԿ-ի փակման, Հայաստանի հանքարդյունաբերության, անդրսահմանային ջրերի աղտոտման և նախկինում օկուպացված տարածքներում բնական ռեսուրսների շահագործման վերաբերյալ մեղադրանքներ։
Սակայն նույն Ադրբեջանը, ինչպես արդեն նշեցինք, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական ծրագրով նախատեսում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործում:
Այսինքն՝ Բաքուն Հայաստանի գործողությունները ներկայացնում է՝ որպես տարածաշրջանային բնապահպանական վտանգ, իսկ սեփական հանքարդյունաբերական ծրագրերը՝ որպես տնտեսական զարգացման քաղաքականություն։ Եվ հենց այս հակադրությունն է, որ COP17-ից առաջ Բաքվի ակտիվացրած «բնապահպանական» արշավը դարձնում է ոչ միայն էկոլոգիական, այլև ակնհայտ քաղաքական օրակարգի մաս։
—