X
    Categories: News

168: Հայերը չեն համակերպվի Արցախը Հայաստանին միացնելու պահանջի մերժման հետ. ի

Հոկտեմբեր 4, 2026

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ պատգամավորների խորհուրդը որոշում ընդունեց դիմել ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ՝ Հայկական ԽՍՀ-ին միանալու համար: Այդ որոշմանը հաջորդեցին զանգվածային, խաղաղ հանրահավաքներն ու ցույցերը Երևանում, Ստեփանակերտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տարբեր մարզերում և խոշոր քաղաքներում: Տեղի ունեցող ցույցերն իրոք աննախադեպ էին իրենց մասշտաբներով: Իրավիճակը հատկապես սրվեց նույն թվականի փետրվարի 27-29-ին, երբ Սումգայիթում տեղի ունեցան հայերի դեմ զանգվածային, կազմակերպված բռնություններն ու սպանությունները, որին զոհ գնացին մեծ թվով հայեր:

Բնականաբար, տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվայի ուշադրության կենտրոնում էին, և հենց այդ ժամանակ Միխայիլ Գորբաչովը բացառեց, որ հանրապետությունների միջև կարող են փոփոխվել սահմանները: Արդեն իսկ մարտ ամսին Մոսկվան հայտարարեց, որ ԼՂԻՄ-ում պատրաստ է իրականացնել տնտեսական, ներդրումային և այլ օգնություն: Սակայն ճգնաժամը խորանում էր և պարզ էր, որ տարածաշրջանը, որը պատրաստվում էր մեծ պայթյունին, չէր կարող վրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից:

1988 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ ԿՀՎ տնօրենին ներկայացվում է զեկույց, թե ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանում և Արցախում, ի՞նչ է ցանկանում հայ ժողովուրդը, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ իրավիճակում Մոսկվան:

Կարդացեք նաև

  • Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն. Էդգար Ղազարյան
  • Ատոմային էներգետիկայի ապագան Հայաստանում. Երևանում կգերիշխի՞ պրագմատիկ մոտեցումը
  • Աղմկահարույց հրաժարականներ, պառակտում. ի՞նչ է կատարվել Նյու Յորքում Փաշինյանի փակ հանդիպմանը. Կարեն Ջինբաշյան

Զեկույցում վերլուծության են ենթարկվում 1988 թվականի փետրվար և մարտ ամիսների իրադարձությունները, ինչպես նաև կանխատեսվում է, թե հարցի լուծման և չլուծման դեպքում այդ ամենը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Միխայիլ Գորբաչովի քաղաքական ապագայի համար: Ստորև ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ.

«Կենտրոնական հետախուզության տնօրեն
Ազգային հետախուզական խորհուրդ

20 ապրիլի 1988 թ.

ՀՈՒՇԱԳԻՐ

Ում կողմից՝  Չարլզ Է. Ալեն, Նախազգուշացումների գծով ազգային հետախուզության պատասխանատու

Թեմա՝ 1988 թվականի մարտ ամսվա նախազգուշական զեկույցներ

 

Անդրկովկասում ազգային ինքնագիտակցության զարթոնքը կանխելու և իրավիճակը կրկին վերահսկողության տակ առնելու Մոսկվայի ջանքերի արդյունքները զգալի ազդեցություն ունեն Կենտկոմի՝ ազգամիջյան հարցերով սպասվող պլենումի նախապատրաստական աշխատանքների վրա։

Հետախուզական համայնքը վստահ է, որ Մոսկվան չի բավարարի Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Հայաստանին միացնելու պահանջները։ Փոխարենը, ըստ համայնքի կանխատեսումների, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մի շարք զիջումներ կանի մշակութային և կրթական ոլորտներում։ Այս քայլերը, թերևս, բավարար կլինեն ընթացիկ ճգնաժամը մեղմելու համար։ Չնայած նոր բռնությունների հավանականություն դեռ կա, անվտանգության ուժերն այժմ ավելի արդյունավետ են գործում ամբոխին հսկելու հարցում։

 

Այդուհանդերձ, ԽՍՀՄ հարցերով ազգային հետախուզության պատասխանատուն կարծում է, որ այս համեմատաբար լավատեսական կանխատեսումը կարող է սխալ լինել. ո՛չ մենք, ո՛չ էլ խորհրդային ղեկավարությունը չենք կարող վստահ լինել, որ հայերը կհամակերպվեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջի մերժման հետ։ Հետախուզության պատասխանատուն չի բացառում խոշոր ցույցերի նոր ալիքը, որը կարող է ավելի բորբոքել ադրբեջանցիների և հայերի միջև առկա շիկացած մթնոլորտը, հանգեցնել ազգամիջյան բռնությունների վերսկսմանը և արձագանք գտնել մյուս փոքրամասնությունների շրջանում։

 

Այս հուզումները, առնվազն որոշակի ոլորտներում, կդանդաղեցնեն իշխանությունների բարեփոխումների ծրագիրը, և Մոսկվան, հավանաբար, ավելի հստակ կսահմանի հրապարակայնության և ժողովրդավարացման սահմանները։ Եթե ճգնաժամը հարթելու ջանքերը հաջողվեն, Կուսակցության առաջնորդ Գորբաչովին հասցված քաղաքական վնասը սահմանափակ կլինի։ Այդուամենայնիվ, Գորբաչովն անձամբ մեծ ռիսկի է դիմել՝ այդքան բացահայտորեն ներգրավվելով լուծումների որոնման գործում։ Եթե վարչակարգի քայլերը չհաջողեն ճնշել այս անկարգությունները, Գորբաչովի բարեփոխումների ծրագիրը և նրա քաղաքական ապագան կարող են լուրջ վտանգի տակ հայտնվել»: (Տես՝ MONTHLY WARNING REPORTS FOR MARCH 1988):

 

1988 թվականի ապրիլին ԱՄՆ ԿՀՎ-ն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում էր ոչ թե որպես կարճաժամկետ տեղային խնդիր, այլ որպես ԽՍՀՄ-ի համար ավելի լայն քաղաքական և ազգամիջյան ճգնաժամի հնարավոր աղբյուր։

Զեկույցում Մոսկվայի կողմից Արցախը Հայաստանին միացնելու պահանջը մերժելու հավանականությունը դիտարկվում էր որպես նոր զանգվածային ցույցերի և բռնությունների վերսկսման գործոն։ Գաղտնի զեկույցը նաև փաստում է, որ արդեն այդ փուլում Վաշինգտոնը տեսնում էր Արցախյան շարժման հնարավոր ազդեցությունը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլև ԽՍՀՄ մյուս ազգային շարժումների վրա։

Զ. Շուշեցի




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post